Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

...

...
11.07.2008 | 00:00

«Այդ հիվանդն այսօր վերածվել է հրեշի»
«Երևի եկել է ժամանակը, երբ բոլորս այդ մարդու խոսքը չպետք է մեկնաբանենք, որովհետև այդ մարդն ապացուցել է, որ նա հոգեկան հիվանդ է: Իսկ հոգեկան հիվանդների խոսքը մեկնաբանելը բժիշկների գործն է»,- երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը` անդրադառնալով նախօրեին Ռոբերտ Քոչարյանի՝ «Մեդիամաքսին» տված հարցազրույցին, որտեղ վերջինս մարտի 1-ի իրադարձությունների մեջ մեղադրել է առաջին նախագահին: Ավելին, Սէֆիլյանը նշել է, որ հոգեկան հիվանդ լինելուց զատ. «Քոչարյանը նաև հրեշ է, ընդ որում, այժմ էլ վիրավոր հրեշ»: «Այդ հիվանդն այսօր վերածվել է հրեշի, որը վիրավոր վիճակում է: Այս իմաստով շատ վտանգավոր է, և մեզ լավ օրեր չեն սպասում, քանի որ հրեշը սատկելուց առաջ միշտ փորձում է նոր ավերածություններ գործել, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է շեղվենք մեր ընտրած ուղուց: Պետք է զգույշ լինել, և առաջիկայում պատրաստ լինել տհաճ զարգացումների, քանի որ վիրավոր հրեշը վտանգավոր երևույթ է, և մինչև սատկելը պատրաստ է ամեն ինչի»,-եզրահանգել է Սէֆիլյանը: Նրա համոզմամբ՝ այսօր իշխանական լծակները ոչ թե Քոչարյանի, այլ Սերժ Սարգսյանի ձեռքում են, այնինչ «Քոչարյանն ամեն ինչ փորձում է անել դրանք իր ձեռքում պահելու, իր իշխանությունը չզիջելու համար»: «Ըստ նրա հոգեխառնվածքի, եթե զիջում է իշխանական աթոռը, ապա դա նրա համար հավասարազոր է մահվան: Այդ մարդն իրեն չի պատկերացնում առանց իշխանության: Աթոռը որ տակից քաշում ես, Քոչարյանը մահանում է»,- նշել է նա։ Փաստելով, որ լավ ճանաչում է Ռոբերտ Քոչարյանին, Սէֆիլյանը կրկին հավաստիացրեց, թե ամեն ինչ նրանից կարելի է սպասել` լիովին հավատալով նրա այն խոսքին, որ եթե ինքը լիներ իշխանության գլուխ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն բանտում կլիներ, այլև ֆիզիկապես էլ գոյություն չէր ունենա:
Ռ. Խ.

Հին իներցիայով
Նախագահամերձ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը, ըստ էության, զբաղվելու է պետական ու իշխանական PR-ով և կոորդինացնելու է ոչ միայն լրատվական դաշտը, այլև գերատեսչությունների լրատվական ծառայությունների աշխատանքը՝ միայն թե նախկինից տրամագծորեն տարբեր ուղղվածությամբ։ Նույն աղբյուրները տեղեկացնում են, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ԶԼՄ-ների և լրատվական ծառայությունների ղեկավարներին մի քանի անգամ արդեն հրավիրել է խորհրդակցության՝ նրանց առջև խնդիր դնելով «ջոկողություն» չանել ընդդիմադիր ու իշխանամետ ուժերի միջև, քանզի դաշտն այսուհետ բաց է, և պետք է աշխատել «պարիտետը» խստագույնս պահպանելու սկզբունքով՝ գոլորշին բաց թողնելու համար։ «Երկնագույն երիզով սկուտեղի» վրա մատուցված այս ազատությունից մեր լրատվական «ջոջերի» մի ստվար մասն այնքան է անակնկալի եկել, որքան՝ անհովիվ մնացած հոտը։ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի և մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի «կացնային» հրահանգներին վարժված էլեկտրոնային լրատվամիջոցների ղեկավարներից շատերն այսօր էլ «հովվի» ուղղորդող «սրնգի» կարիքն ունեն, և պատահական չէ, որ հին իներցիայով դեռ շարունակում են զանգահարել նախագահական նստավայր՝ համապատասխան «ինստրուկտաժ» ստանալու ակնկալիքով։ Պարզվում է՝ ազատությունն էլ, հայտնի թանի նման, թթու է և ո՛չ բոլորի քիմքին ընկալելի։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Թափանցիկանում ենք
Նախագահամերձ աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտոնավարման հարյուր օրը լրանալու կապակցությամբ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հանդես գալ բավականին ներկայացուցչական ասուլիսով։ ՈՒ թեև ասուլիսի «ֆորմատը» վերջնականապես դեռ չի ճշգրտվել, սակայն կարելի է ենթադրել, որ կհրավիրվեն նաև արտասահմանյան հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ «երրորդ սերնդի» բարեփոխումների մասին աշխարհին տեղյակ պահելու առաքելությամբ։ Ի դեպ, նույն աղբյուրները տեղեկացնում են, որ հանրապետության նախագահը հրահանգել է նաև իր կաբինետի անդամ նախարարներին՝ նույնաբնույթ ասուլիսներով հանդես գալ պաշտոնավարման հարյուր օրերի ընթացքում արված-չարվածի մասին հանրությանն իրազեկ պահելու նպատակով։
Ս.Վ.

Հա՛մ նալին, հա՛մ մեխին
«ԵՄ անդամ պետությունների համար դժվար է լուրջ դերակատարություն ունենալ հակամարտության կարգավորման գործում, քանի որ նրանց մոտ համաձայնեցված կարծիք չկա՝ Լեռնային Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմո՞ւմ, թե՞ լինի անկախ պետություն: Ընդհանուր առմամբ, ԵՄ անդամ երկրները չեն սիրում անջատողական շարժումները և նախընտրում են խուսափել սահմանի փոփոխությունից: ԵՄ անդամ երկրները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն դա չի նշանակում, որ նրանք դեմ են Լեռնային Ղարաբաղի բնակչությանն իր ապագա կարգավիճակը որոշելու իրավունք տրամադրելուն»,- ադրբեջանական Day.az-ին տված հարցազրույցում ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Ընդգծելով, թե «Ադրբեջանը հնարավոր ամեն բան արեց՝ շրջանակային համաձայնագրի հիմնարար սկզբունքների մեջ գրավյալ յոթ շրջանների ազատման և տեղահանված բոլոր անձանց իրենց տները վերադարձնելու մասին կետեր մտցնելու ուղղությամբ», Ֆրեյզերը նշել է, որ կողմերի միջև հիմնական տարաձայնություններն առնչվում են ԼՂ-ի հնարավոր կարգավիճակին: «Հայաստանը պնդում է, որ ԼՂՀ-ի անկախության հնարավորությունն ամրագրվի հիմնարար սկզբունքների մեջ, իսկ Ադրբեջանը կտրականապես դեմ է դրան»,- հայտարարել է ՄՃԽ եվրոպական ծրագրերի տնօրենը, կարծիք հայտնելով, թե ԼՂՀ-ի հիմնախնդրի կարգավորման հարցը պետք է թողնել հետագային, երբ հայերի և ադրբեջանցիների միջև կվերականգնվի փոխադարձ վստահությունը:
Ռ. Խ.

Չեն սատարելու
Քանի որ ընդդիմությունն արդեն իսկ հայտարարել է, որ Արաբկիր համայնքի ընտրություններում պաշտպանելու է «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանին, ընդդիմությունից փորձեցինք ճշտել, թե թիվ 17 ընտրատարածքում ում է պաշտպանելու: «Քանի որ մենք պահանջում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ճիշտ չի լինի այդ ընտրություններում որևէ մեկին պաշտպանելը»,- ասաց Համազգային շարժման ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը:
Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Նույն ջուրն է, նույն ջրաղացը
Երևանի քաղաքապետարանը երեկ մերժել է «Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի» անդամ Արմեն Եղյանի հայտը՝ հուլիսի 17-ին Մանկական զբոսայգում հավաք անցկացնելու պահանջով։ Եղյանը լրագրողներին տեղեկացրել է, որ քաղաքապետարանի ներկայացուցիչ Կ. Բաղդասարյանն իրեն գրավոր «բացատրագիր» է տրամադրել՝ հայտնելով, որ հավաքի արգելումը պայմանավորված է ԱԱԾ-ից ու ոստիկանությունից ստացված պաշտոնական եզրակացություններով։ Ըստ այդմ, «միջոցառման կազմակերպիչները պատրաստվում են կատարել զանգվածային անկարգություններ, իշխանության ներկայացուցիչների հանդեպ սադրիչ և այլ հակաիրավական գործողություններ»։ Ինչպես ասում են՝ նույն ջուրն է, նույն ջրաղացը։
Ա. ԲԱՐՖՅԱՆ

«Մանրից» ծախում է
Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատի մարդ համարվող Միքայել Բաղդասարովը բավականին անսպասելի քայլերի է գնում՝ փաստացիորեն վաճառքի հանելով իր գրեթե ողջ բիզնես-կապիտալը, մինչդեռ պետք է որ հակառակը լիներ՝ գործող նախագահի բարեկամական հովանին հաշվի առնելով։ Հայտարարելով, թե այսուհետ կենտրոնանալու է բացառապես «Արմավիա» ընկերության վրա՝ դարձնելով այն խոշոր կամ միջին մեծության կամպանիա, Բաղդասարովն արդեն վաճառել է կամ առաջիկայում պատրաստվում է վաճառել շահութաբեր այնպիսի «օբյեկտներ», ինչպիսիք են «Դիլիջան Ֆրոլովան» և «Միկա-ցեմենտը»։ Ասում են՝ «օտարման» իր հերթին է սպասում նաև հայտնի գործարարին պատկանող «ամենաքաղցր պատառը»՝ «Դիլիջան-թրեյդինգը», որն զբաղվում է բենզինի ներկրմամբ և վաճառքով։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Բաղդասարովը պահելու է նաև սպորտ-համալիրն իր ֆուտբոլային թիմով և մեկ հանգստյան տուն՝ զուգահեռաբար շարունակելով «Բիտում» գործարանի շինարարությունը, որի ավարտից հետո այն ևս կհանվի վաճառքի։ Հիրավի, անքննելի են Բաղդասարովի «գործերը»։
Լ. Մ.

Դատավորնե'ր, հետևեք Աստվածաշնչին
Վճռաբեկ դատարանի 10-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանը շնորհավորել է համակարգի աշխատողներին` մասնավորապես նշելով. «Այսօր Հայաստանի հասարակության ամենամեծ դժգոհությունը դժգոհությունն է անարդարությունից, իսկ ամենամեծ պահանջն արդարությունն է: Այդ պահանջն առաջին հերթին պետք է բավարարվի դատարաններում: Իմ ցանկությունն է, որ դուք հետևեք աստվածաշնչյան պատգամներին»: Նախագահը մեջբերել է այդ պատգամները. «Մի շեղիր դատի ընթացքը, եթե նույնիսկ դատվողը քո ծանոթն է: Հեռու մնա ամեն տեսակ անիրավ գործերից: Մեղավորին կաշառվելով չարդարացնես: Կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է անգամ պայծառատեսների աչքերը և ավերում արդար գործերը»: Սերժ Սարգսյանը նաև շեշտել է. «Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր դատարաններն ու դատավորները ձեռք բերեն անկախություն: Անկախություն` ֆինանսապես, անկախություն` ազդեցիկ մարդկանցից, անկախություն` պաշտոնյաներից, բայց միևնույն ժամանակ խստիվ հետևելու եմ, որ այդ անկախությունն ի չարս չգործադրվի, որ դատավորներին ու դատարաններին չթվա, թե նրանք ընդհանրապես անկախ են, այդ թվում` նաև օրենքից»:
Ռ. Խ.

Հրանտ Խաչատրյանը դուրս եկավ ընտրապայքարից
Երեկ ՍԻՄ կուսակցության հիմնադիր նախագահ Հրանտ Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հուլիսի սկզբին շատերի նման ընդվզելով ՀՀ ԱԺ նախագահի փոխատեղման ՀՀԿ մի թևի պարզունակ սցենարի դեմ և նպատակ ունենալով ՀՀ իշխանությունների կողմից քաղաքացիների հրապարակային ակտիվության արհեստական սահմանափակումների պայմաններում դրա համար նոր ասպարեզ բացել, ես հայտարարեցի ՀՀ ԱԺ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով թիվ 17 ընտրատարածքում 2008 թ. օգոստոսի 24-ին նշանակված լրացուցիչ ընտրություններին մասնակցելու իմ մտադրության մասին»: Խաչատրյանը հայտարարության մեջ նաև ընդգծել է, որ այդ որոշումը եղել է հասարակությանն առաջարկված քաղաքական նախագիծ, ոչ թե պատգամավոր դառնալու անձնական մղում: Այսուհանդերձ, Խաչատրյանը եկել է հետևյալ եզրահանգման. «Հավասարազոր գնահատելով կողմ և դեմ փաստարկները և համադրելով առկա և սպասվող ռեսուրսների օգտագործման արդյունավետության հնարավոր տարբերակները, հայտարարում եմ` այսօրվանից դադարեցնում եմ իմ մասնակցությունը թիվ 17 ընտրատարածքում անցկացվող ընտրություններին»:
Ռ. Խ.

Վիրտուալ զգուշություն
Պարզվում է՝ ընդդիմության բավիղներում երկարատև դեգերումներից հետո իշխանություն վերադարձած ՕԵԿ-ը լրագրողների հետ որոշել է շփվել միայն և միայն էլեկտրոնային փոստի միջոցով։ Ինչո՞ւ է ՕԵԿ-ը լրագրողների հետ շփումների նման ոճ ընտրել։ Մի՞թե չորրորդ իշխանության ներկայացուցիչներից զգուշանալու խնդիր ունի։
-«Օրինաց երկիր» քաղաքական ուժն իր քաղաքական գործունեությունը հրապարակային դաշտում մշտապես իրականացրել է բաց և թափանցիկ՝ համագործակցելով չորրորդ իշխանության բոլոր ներկայացուցիչների հետ։ Հրապարակային դաշտում մեր որդեգրած ոճը երբևէ չի փոփոխվել, ինչին բազմիցս են անդրադարձել ԶԼՄ-ները։ Մենք ընդհանրապես ողջունել և կողմ ենք եղել օբյեկտիվ տեղեկատվությանը, չորրորդ իշխանության ներկայացուցիչներից երբևէ զգուշանալու խնդիր չենք ունեցել։ Սակայն նկատի ունենալով այն իրողությունը, որ հաճախ որոշ լրագրողներ հմտորեն փոխում են ասված մտքերը, այսինքն, փոխելով նույնիսկ կետադրությունը, գրեթե ամբողջովին, բովանդակային առումով փոխվում է տրված պատասխանը, ուստի որոշակի դեպքերում և բոլոր լրագրողների հարցերին մենք պատասխանում ենք գրավոր, որպեսզի չասես մի բան, գրեն բոլորովին այլ բան և դարձնեն էժանագին շահարկման առարկա,- «Իրավունք de facto»-ին տված էլեկտրոնային հարցազրույցում այսպես ասաց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ։
Ռ. Խ.

Հ. Գ. -Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք de facto»-ի հուլիսի 15-ի համարում։

Ոսկե մեդալի է արժանացել 76 շրջանավարտ
Հանրապետության դպրոցների 2007-2008 ուսումնական տարվա շրջանավարտներից ոսկե մեդալի հավակնող աշակերտներից մեդալի է արժանացել 76 հոգի։ Մեդալակիրներից 21-ը Երևանից է, 20-ը՝ Սյունիքից, 7-ը՝ Տավուշից, 6-ը՝ Կոտայքից, 5-ական՝ Շիրակից և Արագածոտնից, 4-ը՝ Գեղարքունիքից։ Լոռու մարզում մեդալակիրները 3-ն են, իսկ Արմավիրի և Արարատի հանրակրթական դպրոցների շրջանավարտներից մեդալի են արժանացել համապատասխանաբար 2 և 1 հոգի։ Մեդալի համար նրանք քննություն են հանձնել «Հայոց լեզու, գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից՝ ստանալով «գերազանց» գնահատականներ։ Նշենք, որ ոսկե մեդալի համար ՀՀ կրթության և գիտության նախարարություն նախապես հայտ էր ներկայացրել 142 աշակերտ։
Լ. Գ.

«Մեր տունը՝ ձեզ համալսարան»
Թումանյանի թանգարանի տնօրինությունը ստանձնելով՝ Նարինե Թուխիկյանը սկզբունքորեն վերանայեց թանգարանի գործունեության ուղղությունները՝ փորձելով թումանյանական անափ ու անեզր աշխարհը մերձեցնել ժամանակակից հասարակությանը, ժողովրդին առհասարակ, որը մանկական սնարից մինչև խոր ծերություն Ամենայն հայոց պոետի հետ է։ Թումանյանի նորովի բացահայտումը որպես գաղափարագեղագիտական հենք խարսխվում է բանաստեղծի անընդգրկելի գրադարանին, որը, ինչպես հայտնի է, Թիֆլիսում ուներ 10 հազար կտոր գիրք ու համարվում էր հարստությամբ երրորդը Լև Տոլստոյի և Գյոթեի գրադարաններից հետո։ Այսօր գրադարանում հաշվառված է 8 հազար կտոր գիրք։ «Թումանյանը սիրում էր զավակներին ասել. «Մեր տունը՝ ձեզ համալսարան»։ Նկատի ունենալով, անշուշտ, գրադարանի ծով հարստությունը։ Այսօր այս յուրօրինակ համալսարանն ենք վերականգնել, ուր մանուկներն ու պատանիները հմուտ մասնագետների զրույցն են լսում աստղագիտության, քիմիայի, բնական մյուս գիտությունների, նաև երաժշտության, առասպելների և այլնի շուրջ։ Այսինքն, այն ամենի մասին, ինչը հետաքրքրել է բանաստեղծին և կազմել նրա գրադարանի միջուկը։ Սա ամբողջական մի փուլ է, որ սկիզբ է առել մայիսից և կավարտվի տարեվերջին։ Ի դեպ, ունկնդիրները դասընթացի ավարտից հետո հավաստագրեր կստանան»,- ասում է Նարինե Թուխիկյանը։
Վ. Ա.

Դիտվել է՝ 4811

Մեկնաբանություններ