Լինենք անկեղծ. նոր վերանորոգված մարզահամերգային համալիրը, իսկապես, գեղատես է: «Կոնֆերենս» դահլիճը` նույնպես: Վաղուց էր Հայաստանին նման մի բան անհրաժեշտ: ՈՒ քանի որ էս մեծ աշխարհում առաջինը միշտ կուտ է գնում, Սերժ Սարգսյան-քաղաքական ուժեր ֆորմատը, տեխնիկական առումով, նույնպես կուտ գնաց:
Չէ, ոչ այն պատճառով, որ հինգ ժամ «մետլախի» վրա կանգնած լրագրողների 30 (երեսո՜ւն) տոկոսը հաջորդ օրը լուրջ հիվանդացավ: Ի դեպ, ինչպես տեղեկացրին հանդիպմանը մասնակցած քաղուժերը, թարսի պես «կոնֆերենս» դահլիճում այնքա՜ն շոգ էր այնքա՜ն շոգ, որ «խեղդվում էինք»: Սա նշանակում է, որ «դիսկրիմինացիան» լրագրողների հանդեպ ոչ միայն բովանդակային, այլև տեխնիկական բնույթ է կրել այդ օրը: Սակայն շարունակենք. հաջորդ «տեխնիկական կուտը» կապված էր միկրոֆոնների, ձայնային խնդիրների հետ: Այս երկուսի առնչությամբ լրագրողների կողքից այն կողմ չգնացող Մուրադ Մուրադյանը (ներդրողը) հավաստիացրեց, որ շատ շուտով նման խնդիրներ չեն լինի:
Փորձեցինք ճշտել՝ թա՞նկ հաճույք է գեղատես «կոնֆերենս» դահլիճում քննարկումներ անցկացնելը, և, ի դեպ, ի՞նչ է արժեցել հայ հարկատուների համար այս կոնկրետ քննարկումը, որի ընթացքում լրագրողները հիվանդացել, քաղաքական ուժերն էլ իրենց ցույց տվել-տուն են գնացել:
-Հինգ հարյուր հազար դրամ,- պատասխանեց պարոն Մուրադյանը:
-Նախագահակա՞նն է փոխանցել:
-Այո:
Այսպիսով. առաջիկա` 2009-ի նախագահականի բյուջեն 2 մլրդ 375 մլն 284 հազար 400 դրամ է: Եվ եթե ելնենք նրանից, որ սպասվում է այս կարգի թեմատիկ քննարկումների ամբողջ շարք (առաջիկա հանդիպումը նվիրված կլինի հայ-թուրքական հարաբերություններին), ու եթե վերը նշված բյուջեն բաժանենք հինգ հարյուր հազարի, կստանանք` 4 հազար 750 նման քննարկում:
Վատ չի:
Չնայած կլինեն արտագնա քննարկումներ ևս:
Իսկ դա արդեն կհաշվենք առանձին տողով:
Կ. ԴԱՎԹՅԱՆ