Իզուր չէ, որ այս հոդվածի վերնագիր ընտրվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը: Այն տրամաբանական շարունակությունն է մեզ համար մեկ այլ կարևոր` «Լեզվի մասին» ՀՀ օրենքի: Հիմա կասեք կարևոր ու անկարևոր օրենքներ չեն լինում, բայց, համաձայնեք, որ Ձեզ համար էլ, որպես հայի, բոլոր օրենքներից մեկ քայլ առաջ է «Լեզվի մասին» օրենքը: Թե՞ այդպես չէ: Անկեղծ ասած, ես էլ սկսեցի կասկածել ասածիս անժխտելիությանը: Այն էլ լուրջ կասկածեցի: Թվում էր, թե դեռևս Սահմանադրությունից առաջ, 1993 թվականին ընդունված «Լեզվի մասին» օրենքով ավելի քան երբևէ պաշտպանված է հայերենը: Մեր լեզվի համար իրավական տեսակետից զարգացման ավելի նպաստավոր պատմական շրջան, քան այսօրվանն է, երբևէ չի եղել: Թվում էր...
Այսօր մեր մտահոգությունը կապված է հիմնականում «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի հետ:
Ըստ հոդվածի կառուցվածքի և լեզվի տրամաբանության` այստեղ առկա է 5 դրույթ։ Առաջին երկուսն են՝ «Գովազդը պետք է լինի օրինական, հավաստի և պատշաճ» և «Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է»։ Երրորդ դրույթն է՝ «Անհրաժեշտության դեպքում, որպես լրացում, գովազդատուի հայեցողությամբ գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաև այլ լեզուներով` համեմատաբար փոքր տառերով»։
Չորրորդ դրույթը («Սույն դրույթը չի տարածվում օտար լեզուներով տպագրվող թերթերի, հատուկ հրատարակությունների, ապրանքանիշերի և մակնիշերի վրա») վերապահում է նախորդ՝ երրորդ դրույթի համար, քանի որ սկսվում է «սույն» բառով։ «Սույն» նշանակում է «այս, հենց այս» և գործածվում է դիտարկվող բազմության այն անդամի վերաբերյալ, որը խոսողին (գրողին, կարդացողին) ամենից մոտիկն է։ Սույն դրույթը հոդվածի երկրորդ (ինչպես նաև առաջին) մասին չի կարող վերաբերել։ Եթե վերաբերեր, ապա երկրորդ մասը պետք է ձևակերպվեր, օրինակ` այսպես. «Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է, բացառությամբ հետևյալ դեպքերի» և այլն։
Երկրորդ մեկնաբանությունն այն է, որ «սույն»-ը վերաբերում է հոդվածի հենց երկրորդ մասին, ուստի բառային ապրանքային նշանները գովազդում կարող են առանց հայերեն տարբերակի գործածվել, եթե գրանցված են օտար լեզվով։ Այս մեկնաբանությունը հակասում է ոչ միայն «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին, այլև «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասին և ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածին։
ՀՀ լեզվաքաղաքականության կարևոր հիմնադրույթներից է այն, որ ՀՀ-ում տարածվող ցանկացած տեղեկույթ պետք է մատչելի լինի ՀՀ քաղաքացիներին, այսինքն` նախ և առաջ լինի ՀՀ պետական լեզվով։ Այլապես կխախտվի ՀՀ քաղաքացու` տեղեկատվության ազատության ու մատչելիության իրավունքը, քանի որ ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառելի է միայն պետական լեզվի իմացության պարտականությունը, իսկ այլ լեզուների իմացությունը ՀՀ քաղաքացու իրավունքն է, բայց ոչ երբեք պարտականությունը։
Երբ թույլ է տրվում իբրև գովազդ ներկայացնել օտարալեզու ապրանքային նշանը` առանց զուգահեռ հայերեն թարգմանության, ապա կոպտորեն խախտվում է ՀՀ քաղաքացու` տեղեկություն ստանալու իրավունքը։ Այս հանգամանքը շրջանցելու, անտեսելու կամ զանց առնելու նպատակով ապրանքանշանը հաճախ ներկայացվում է որպես պատկեր։ Այսպիսի մոտեցումով խախտվում է բառային և պատկերային ապրանքանիշերի տարբերակումը, և մերժվում է բառային նշանի գոյությունը։ Մինչդեռ բառային ապրանքային նշանը պատկերայինից, ձայնայինից և այլն տարբերակված է օրենքով։
Մի կողմից` տառը, գրանշանը նույնպես պատկեր են։ Մյուս կողմից` բառը նախ և առաջ հնչող (արտասանվող) լեզվական միավոր է և, որպես կանոն, ունենում է իմաստ (նշանակություն), անվանում է որևէ հասկացություն։ Բառը (բառակապակցությունը, նախադասությունը) ընկալվում և մտապահվում է ոչ միայն որպես պատկեր, այլև որպես գաղափար, միտք, տրամաբանություն։ Հենց այդ նպատակով էլ ապրանքային նշանները մեծ մասամբ լինում են բառային կամ խառը: Բայց սա նշանակում է, որ բառային ապրանքային նշանները (կամ խառը նշանների բառային մասը), համաձայն ՀՀ օրենսդրության, անհրաժեշտ է զուգահեռ ներկայացնել հայերեն թարգմանությամբ (անթարգմանելի լինելու դեպքում` տառադարձությամբ)։ Օրինակ` Նեսկաֆե, Վալիո, Բելաջիո, Նոկիա, Նիկո, Մերսեդես, Սադիա, Պելե, Սամսունգ, Նաֆ-Նաֆ, Ջի Հանց և այլն։
Մենք չենք պահանջում թարգմանությունը կատարել հենց ապրանքային նշանի վրա։ Մեր առաջարկով չի խախտվում ապրանքային նշանի ամբողջականությունն ու անխոցելիությունը։ Պարզապես ապրանքային նշանի լեզվական մասը նշանից դուրս զուգորդվում է հայերենով։ Եվ վերջապես, կանգ չի առել, չէ՞, Վենետո, Բագոզա, Սիմենս, Դիադորա, Զվեզդա ապրանքանիշեր ներկայացնող տնտեսավարող սուբյեկտների բիզնեսի առաջխաղացումը:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ պարբերության տեսանկյունից օրինական են դառնում հետևյալ կարգի գովազդները՝ Ameria, DHL, OGGI, JA HELLO, BOSS, ZEPTER, ZEGNA, STEFANEL, ORANGE, GRAND CANDY, BEKO, MANGO, TERRANOVA, VIVA-CELL, ADIDAS, AG, HSBC, Kilikia bear, Русский стандарт և այլն` բացահայտ հակասելով ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին, ոտնահարելով ՀՀ քաղաքացու իրավունքները, վիրավորելով հայ մարդու արժանապատվությունը։
Լեզվի պետական տեսչությունն ամեն օր առնչվում է այն իրողության հետ, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննող դատավորներն անգամ նույնատիպ հրապարակային գրվածքների պարագայում կայացնում են իրարամերժ որոշումներ. դրանք մերթ համարվում են ցուցանակ, մերթ` գովազդ, հաճախ էլ` ապրանքանշան:
Մենք պնդում ենք մեր դիրքորոշումը. այսօր անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարելու «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում: Հեռու չգնանք, ինչո՞ւ Վրաստանի Հանրապետությունում կարող են օտարալեզու ապրանքանիշերի տառադարձման պահանջ դնել, իսկ մեր երկրում` ոչ: Կամ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Լեզվի մասին» օրենքում 2007 թվականին կարող էին ամրագրել հետևյալ դրույթը. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ծառայություններ և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, կենտրոնների, սրահների, առևտրական կետերի, կրպակների հրապարակային գրվածքը (գովազդ, ազդ, ազդագիր, ցուցապաստառ, պիտակ), բացի անձնանուն նշանակող բառից, չպետք է պարունակի օտարալեզու բառեր և արտահայտություններ»:
Մենք առաջարկում ենք նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին` որպես պետական լեզվական քաղաքականություն իրականացնողների, գրավոր խոսք, բառ, տառ պարունակող ցուցանակը, գովազդը ներկայացնել լեզվական փորձաքննության ՀՀ լեզվի պետական տեսչություն: Միայն ՀՀ լեզվի պետական տեսչության` լեզվական պահանջների համապատասխանության մասին գրավոր եզրակացությունից հետո թույլատրել տեղադրելու դրանք:
Առաջարկում ենք պարտավորեցնել Հայաստանի Հանրապետությունում ցուցանակ, գովազդ, ազդ (հայտարարություն), ազդագիր, ցուցապաստառ, պիտակ պատվիրող, պատրաստող և տեղադրող բոլոր կազմակերպություններին` հրապարակային գրվածքի լեզվական ձևավորման վերաբերյալ ներկայացնել ՀՀ լեզվի պետական տեսչության եզրակացությունը: Այսօր վերոնշյալ գործով զբաղվում են ոչ միայն պետական, այլև բազմաթիվ մասնավոր կառույցներ, որոնք հրապարակային գրվածքները լեզվական տեսակետից ձևավորում են այնպես, ինչպես ուզում են կամ կարողանում են` անուղղակիորեն դուրս մղելով պետական մարմնին: Ավելի արդյունավետ կլինի հենց սկզբից պայքարել լեզվական խառնաշփոթի դեմ, քան արձանագրել արդեն փաստված խախտումները:
Այս ամենն առավել կարևորվում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի ընդունման 17-ամյակի օրերին: Արդեն 17 տարի օրենքով է պաշտպանված հայերենը. մեր հնամյա լեզուն պաշտպանող նորօրյա պատանի օրենք: Կանգնենք ազգովին նրա կողքին, որ ժողովրդին համախմբելու իր բացառիկ դերը կատարի մեր պետության և ազգային անվտանգության ամենակարևոր կռվաններից մեկը` պետական լեզուն:
Մարինե ՀՈՎՅԱՆ
Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ