ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Բավական է «էքսնախագահի խաղիկները խաղալ»

Բավական է «էքսնախագահի խաղիկները խաղալ»
05.08.2008 | 00:00

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ...
Վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել կառավարությունում` քննարկելու ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող փոխադրումների, այլ խոսքերով` քաղաքային տրանսպորտի համար հաստատված սակագների հնարավոր փոփոխությունների խնդիրը:
Առաջին հայացքից թվում է` ի՞նչ կա որ, շատ էլ ճիշտ բան է որոշել վարչապետը: Ի վերջո, մանավանդ հեղուկ վառելիքի գների վերջին թանկացումից, իսկ ավելի կոնկրետ` կառավարության սուբսիդավորման դադարեցումից հետո մեր հասարակությունն իր ամեն օրն ապրում է քաղաքային տրանսպորտի սակագների թանկացման վտանգի «ներքո», ինչը, ի դեպ, կարող է «ոչ պակաս թանկ արժենալ» իշխանությունների համար` վերածվելով սոցիալական բունտի:
Ասել, թե վարչապետը սա չի գիտակցում, նշանակում է` հիմար լինել: Բայց պնդել, թե հիշյալ խորհրդակցության ժամանակ հարցը լուծվեց, նշանակում է` ավելի քան հիմար լինել, որովհետև ընդամենը մի քանի օր առաջ կառավարությունում տեղի ունեցած հերթական երկրորդ խորհրդակցությունն էլ հարցն օդում առկախեց…
Բայց հասկանանք, թե իրականում ինչ էր քննարկվել կառավարությունում մինչ այդ, և ինչ են վարորդներն իշխանություններից պահանջել: Ըստ էության, նրանք պնդում են, թե շահութաբերության տեսանկյունից իրենց այլևս չի բավարարում 100 դրամ ուղեվարձը, և որ անհրաժեշտ է վերանայել սակագները: Դե, վարչապետն էլ առաջարկել է, որ վարորդները լավ մտածեն, քանի որ «գների բարձրացման դեպքում կորցնելու են իրենց մրցունակությունը, և արդյունքում մեր քաղաքացիները նախապատվությունը տալու են ավելի էժան փոխադրամիջոցներին»: Մենք, իհարկե, չգիտենք, թե ավելի էժան փոխադրամիջոց ասելով վարչապետն ինչ նկատի ունի` Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով առհասարակ մեր կյանքից անհետացած տրամվա՞յը, ոչ ամեն տեղ հասնող տրոլեյբո՞ւսը, թե՞ տարբեր երկրների կողմից մեզ նվիրված հատուկենտ ավտոբուսները, որոնք, թվում է` երբեք այլևս չեն վերադառնա մեր կյանք` բոլորիս թողնելով հիմնականում «բուրավետ ու շարժվող նստատեղերով մարշրուտկեքում շախմատի ձիու պես կռացած երթևեկելու» հույսին, և որոնց ուղեվարձը, միևնույն է, նույն 100 դրամն արժե…
Բայց ո՞վ է հիմա ավտոբուսների մասին մտածում: Ա՛յ, տաքսիներն ուրիշ բան, մանավանդ, եթե կապի և տրանսպորտի նախկին նախարարն էր այդ ավտոմեքենաները ներմուծում: Մարդուն «վռազ օգնելու» կարիք կար, չէ՞, ի վերջո: Համ էլ` ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը` երես. բա ո՞նց վճարեր «դեռևս փող չաշխատող», բայց «աննախադեպ հյուր երգչուհի» դստեր հոլովակների համար, որոնցից միայն մեկը 1 մլն դոլար արժե…
«Ես կարծում եմ, որ, այո, մարդիկ պիտի կարողանան ճիշտ կողմնորոշվել, այնպիսի ներդրումներ անեն, որ բիզնեսը շահութաբեր լինի, կարողանան ճիշտ կանխատեսել ուղևորափոխադրումների ծավալները» և, դրանից բացի, հաշվի առնեն կառավարության քաղաքականությունն այս հարցում` պնդել է վարչապետը, նշելով, թե մոտակա 5 տարիների ռազմավարության համաձայն` իրենք նախապատվությունը, այնուամենայնիվ, տալու են ավտոբուսներին, թեթևացնելու են քաղաքի կենտրոնը, քաղաքացիներին ավելի հարմարավետ ծառայություններ են մատուցելու: Այնուհետ խոսքը փոխանցվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին, ով քարը քարի վրա չի թողել և կոնկրետ թվերով ապացուցել է, որ վարորդները, սրտաճմլիկ պատմություններ պատմելով իրենց աշխատանքի անշահավետության մասին, ստում են առնվազն 2 հարցում: Նախ` ծավալները ներկայացնում են միայն մեքենաների նստատեղերի քանակով, իսկ բոլորը գիտեն, որ նրանք մի այդքան էլ կանգնած են տեղափոխում, և երկրորդ` ամենաուռճացված հաշվարկներով անգամ պարզ է դառնում, որ նույնիսկ ներկայիս թանկացման պայմաններում 58 դրամ սակագինն էլ է եկամտաբեր վարորդների համար. թող իզուր տեղն ավելորդ չխոսեն: Իսկ նրանք, ովքեր հարկ են համարել խոսել «հո սաղից փող չե՞նք գանձում» թեմայով, կանգնել են բավական տհաճ վիճակի առաջ, որովհետև երբ կապի և տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը ներկայացրել է արտոնություններ ունեցող քաղաքացիների թիվը, ֆինանսիստ վարչապետը տեղում հաշվել է, որ «էդ մարդիկ, ուրեմն, տրանսպորտ են նստում առավոտ գիշերով ու մինչև ուշ գիշեր այլևս չեն իջնում». անընդհատ էդպես ձրի երթևեկում են:
Բայց, դե, հարցը մի ձևով պետք է լուծվեր, չէ՞. վարչապետը, ուրեմն, առաջարկել է «մեկ շաբաթվա ընթացքում կատարել ուղևորափոխադրումների ճշգրիտ թվաքանակի ժամանակաչափում` սեզոնայնության գործակիցը հաշվի առնելով, ինչից հետո նոր կայացնել որոշում»: Առաջարկն ընդունվել է, և հիմա մենք ձեզ հետ միասին 5 օր հետո պարզելու ենք, թե ինչ որոշում է կայացվելու ամենաբարձր մակարդակով: Մինչ այդ, սակայն, ինքներս մեզ համար գանք հետևյալ երեք եզրահանգման (առնվազն), որոնցից երկուսը տրամաբանական են, իսկ երրորդը վարորդների հետ կայացած բազմաթիվ զրույցներով է հիմնավորված:
ա) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն 10 տարի մենք բոլորս երթևեկում ենք 100 դրամով, և հիմք ընդունելով պետական պաշտոնյայի կողմից պաշտոնապես հայտարարված այն հայտարարությունը, թե անգամ հեղուկ գազի ներկայիս թանկացման պայմաններում «մարշրուտկու գիծ» ունենալը շահութաբեր է 58 դրամ սակագնի պայմաններում, նշանակում է ժամանակին խիստ հիմնավոր էին նաև մեր այն պնդումները, որ այս բիզնեսը միշտ էլ ամենաշահութաբերներից մեկն է եղել (այլ խոսքերով` մի քանի տարի առաջ մեզ ուղղակի թալանել են կառավարության օգնությամբ և վերջ) և այնքան շահութաբեր, որ նույնիսկ Գալուստ Սահակյանն ու Վազգեն Խաչիկյանն էին կարող դրանով «գայթակղվել»…
բ) Կառավարությունը մշտապես իմացել է այստեղ տիրող ստվերի և խայտառակ իրավիճակի մասին, բայց լռել է թե յուրայիններին «յուղոտ պատառ» հրամցնելու անհրաժեշտությամբ և թե հարկ եղած պահին այն որպես կոմպրոմատ գործածելու հեռանկարով…
գ) Բոլոր վարորդները միահամուռ պնդում են, որ գծատերերը (որոնք, ինչպես հասկացաք, չեն կարող պատահական մարդիկ լինել) մշտապես և տարեցտարի ավելացրել են վարորդներից գանձվող գումարների չափն այն աստիճան, որ արդեն այս տարի 100 դրամով աշխատելն իսկապես էլ այլևս ձեռնտու չէ վարորդի համար, նաև խոստովանում են, որ երբ «աղեքից» խղճահարություն ու գութ են խնդրում, վերջիններս նրանց «գործուղում են կառավարության մոտ լաց լինելու» կամ նույնիսկ` սպառնալու և շանտաժներ անելու: Իբր` չենք աշխատի, նոր կտեսնեք:
Համենայն դեպս, նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդիրը հենց այս տեսանկյունից ներկայացրեց անցած շաբաթ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, երբ պարզեց, որ վարորդների ներկայացուցիչները… բացակայում են, չեն եկել, այսինքն, իրենց իսկ հարցի քննարկմանը: «Թող չգան, թող ընդհանրապես չաշխատեն. ավտոբուսները կաշխատեն և կաշխատեն օգուտով»,- զայրացած վրա բերեց վարչապետը…
Եվ ճիշտ արեց, կարծում ենք: Ի վերջո, բավական է «էքսնախագահի խաղիկները խաղալ»` ներկայիս փոխվարչապետի «գործուն միջամտությամբ ու հովանավորությամբ»: Ընդ որում, ամենահետաքրքիրն այս պատմության մեջ այն է, որ մեր վարորդները չեն էլ հասկանում ուրիշի խաղերում իրենց օգտագործված լինելու ամոթալի իրողությունը: Լավ, ենթադրենք` կառավարությունը համաձայնեց ու բարձրացրեց սակագինը, ի՞նչ երաշխիք ունեք, որ գոնե այս անգամ գծատերերն «էդ «արանքը» ձեզ են թողնելու», չէ՞ որ նրանք մշտապես փորներն են հաստացրել, իսկ ձեզ փշրանքներ շպրտել արյուն-քրտինքի դիմաց` հարցնում եմ վարորդ Ռուբիկին: «Բայց էդ էլ ես ճիշտ ասում, հա, չէի մտածել»,- ահա և պատասխանը, ինչից եզրակացություններ անելու իրավունքը թողնում ենք ընթերցողին….
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 9108

Մեկնաբանություններ