ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Եթե գազամուղի խափանումներն ադրբեջանական դավադրություններ չեն, ապա շատ հաճախակի են` պատահականություն լինելու համար

Եթե գազամուղի խափանումներն ադրբեջանական դավադրություններ չեն, ապա շատ հաճախակի են` պատահականություն լինելու համար
30.01.2009 | 00:00

ՎՐԱՑԱԿԱՆ ԹՆՋՈՒԿ
Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական զարգացումները և առհասարակ տարածաշրջանային գործընթացները, վերլուծաբանների մեծամասնության կարծիքով, առաջիկայում բնորոշվելու են Ռուսաստան-Արևմուտք է՛լ ավելի խորացող հակադրությամբ։ Կան ոչ անհիմն կարծիքներ, որ Վաշինգտոնը ձեռնարկելու է բոլոր ջանքերը` Մոսկվային Հարավային Կովկասից վերջնականապես դուրս մղելու համար։ Մի խնդիր, որի լուծման ուղղությամբ ԱՄՆ-ին հաջողվեց զգալի առաջընթաց արձանագրել ռուս-վրացական պատերազմի արդյունքներով, երբ Ռուսաստանը, ճանաչելով Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, գործնականում զրկվեց Վրաստանի վրա ներազդելու իր հիմնական լծակներից, փաստացի թշնամական հարաբերություններ հաստատելով Թբիլիսիի հետ։ Այժմ, տարբեր փորձագետների կանխատեսումներով, հիմնական պայքարը կծավալվի Հայաստանի համար։
Սակայն պակաս կարևոր չէ, թե ինչպես, որ երկրների կամ ուժերի դրսևորումներն այդտեղ էական դեր կունենան։ Ռուսական փորձագիտական շրջանակների որոշ ներկայացուցիչներ, մասնավորապես ոչ անհայտ վերլուծաբան և քաղաքագետ Սերգեյ Մարկովը, հակված են կարծելու, որ Ռուսաստանը բավականաչափ լծակներ ունի Հարավային Կովկասի իր վերջին «ֆորպոստ» Հայաստանն իր ազդեցության ուղեծրում պահելու համար։ Եվ Վրաստանի տարածքով Ռուսաստան-Հայաստան կոմունիկացիոն կապը եթե վերջնականապես խաթարված չէ, ապա լրջորեն վտանգված է։ Ս. Մարկովի գնահատմամբ` Ռուսաստանը կարող է Հայաստանի վրա ներազդել Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով։ Արդեն կա ոչ անհիմն և բավականին տարածված տեսակետ, թե հայ-թուրքական հարաբերություններում վերջին «ջերմացումը», Թուրքիայի նախագահի առաջին ոչ պաշտոնական այցը Հայաստան Մոսկվա-Անկարա սերտացող շփումների արդյունք են, և Ռուսաստանը դրանով փորձում է հենարաններ ստեղծել վրացական ճանապարհի վերջնականապես փակվելու դեպքում Թուրքիայի սևծովյան նավահանգիստներով և հայ-թուրքական երկաթուղով ռազմական տրանզիտ ստանալու` Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի և սահմանապահ զորքերի սպասարկումն ապահովելու նպատակով։ Քանզի ակնհայտ է, որ Վրաստանը 2008-ի օգոստոսյան իրադարձություններից հետո իր տարածքով չի տրամադրի Մոսկվային ռազմական տրանզիտ, չնայած այդ պարտավորությունն ամրագրված է Վրաստանից ռուսական ռազմաբազաների դուրսբերման 2006-ի համաձայնագրով։
Սա բավականին խոցելի տեսություն է, նախ, այն առումով, որ Մոսկվայի միջնորդությունը հայ-թուրքական հարաբերություններում, դառը պատմական փորձից ելնելով, հայերի համար երբեք լավ չի վերջացել։ Հայ հասարակությունը պատրաստ չէ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել Անկարայի ցանկացած սցենարով, իսկ այլ սցենար Թուրքիան ուղղակի չի ընդունում։ Հետևաբար, քիչ հավանական է կամ գրեթե անհնարին, որ ռուսական միջնորդությունը հանգեցնի հայ-թուրքական սահմանի բացման, երկաթուղու գործարկման և համապատասխանաբար, Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացման գոնե եվրոպական ուղղությամբ։ Իսկ միայն ռուսական ռազմական տրանզիտի ապահովումը Թուրքիայի տարածքով Հայաստանի համար սկզբունքային ձեռքբերում չէ, դա ձեռքբերում է Ռուսաստանի համար, այն էլ` կասկածելի։ Որովհետև որքան էլ Թուրքիան այսօր հակաամերիկյան կեցվածք ընդունի, Վաշինգտոնի ազդեցությունն իր «ռազմավարական դաշնակցի» վրա շատ ավելի մեծ է, քան թվում է առաջին հայացքից։ Անկարայի հակաամերիկյան դրսևորումներն ավելի շատ ԱՄՆ-ի աչքում Թուրքիայի նախկին արժեքը և դերը վերականգնելու նպատակ ունեն, քան իրականում Վաշինգտոնին հակադրվելու։
Մյուս կողմից, ի՞նչ կարող է անել ԱՄՆ-ը Հայաստանը ռուսական ազդեցության դաշտից դուրս բերելու համար։ 2008-ի օգոստոսից հետո իրավիճակն, այս առումով, էապես փոխվել է, և Վաշինգտոնի լծակներն ակնհայտորեն ավելացել են։ Որովհետև, եթե Վրաստանի ղեկավարությունը մինչ օգոստոսյան իրադարձություններն աշխատում էր գոնե ինչ-որ, թեկուզ հարաբերական հավասարակշռություն պահել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, ապա օգոստոսից հետո գործում է բացառապես արևմտյան, հատկապես ամերիկյան ուղեծրում։ Իսկ սա նշանակում է, որ ԱՄՆ-ը բավարար լծակներ ունի Վրաստանի միջոցով Հայաստանի նկատմամբ կոմունիկացիոն ճնշում կիրառելու և, այդպիսով, երկրի արտաքին քաղաքականության մեջ իրեն ցանկալի սրբագրումներ մտցնելու համար։
Մասնավորապես փաստ է, որ Հայաստանը Վրաստանից կախված է հիմնականում երկու առումով։ Դա ռուսական գազի և երկաթուղային տրանզիտն է։ Գազի թեման վերջերս անչափ կարևոր բաղադրիչի է վերածվել միջազգային քաղաքականության մեջ։ Ռուսաստանից Վրաստանի տարածքով դեպի Հայաստան անցնող, դեռ խորհրդային տարիներին կառուցված գազամուղով է Հայաստանը գազ ստանում։ Ընդ որում, հետաքրքիր է, որ գազամուղի խափանումները «վթարային» պատճառներով ռուս-վրացական պատերազմից հետո ինչ-որ հաճախացել են։ Ճիշտ է, 1990-ականների առաջին կեսի նման ամենօրյա պայթեցումներ տեղի չեն ունենում, ինչն այն ժամանակ համարում էին, թե պայմանավորված է Մառնեուլի ադրբեջանական բնակչության գործողություններով, քանի որ ղարաբաղյան պատերազմը չէր ավարտվել։ Բայց պատերազմից հետո Վրաստանում աստիճանական և հարաբերական կարգ ու կանոն հաստատվեց։ Վարդերի հեղափոխությունից հետո նույնիսկ առկա է իշխանության կենտրոնացում և նրա վերահսկողության ուժեղացում, այսպես կոչված, «ազգային ծայրամասերում»։ Հետևաբար, եթե գազամուղի խափանումներն ադրբեջանական դավադրություններ չեն, ապա շատ հաճախակի են` պատահականություն լինելու համար։ Համենայն դեպս, տպավորություն է ստեղծվում, թե Վրաստանն այս առումով արդեն իսկ ճնշում է գործադրում Հայաստանի վրա, ինչը միգուցե համաձայնեցված է Վաշինգտոնի հետ։ Բայց սա, ինչպես ասում են, դժբախտության կեսն է։ Ի վերջո, արդեն կա իրանական գազամուղը. Թբիլիսիի կողմից ռուսական խողովակի շրջափակման դեպքում, Երևանը կարող է գազ ստանալ Թեհրանից, ինչը ձեռնտու է նույն Թբիլիսիին։ Որովհետև եթե ժամանակի ընթացքում հայկական գազային շուկան ռուսականից դառնա իրանական, Վրաստանը ևս կարող է օգտվել և գազ ստանալ Իրանից Հայաստանի միջոցով, ինչով, թեկուզ զուտ կոմերցիոն նկատառումներով, շահագրգռված է նաև Թեհրանը, քանզի ձեռք է բերում սպառման նոր շուկաներ։
Սակայն ավելի վատ կլինի, եթե ռուս-ամերիկյան հակադրությունը խորանա այնքան և վերածվի այնպիսի բացահայտ դրսևորումների, որ Վաշինգտոնը ստիպի Թբիլիսիին կոմունիկացիոն պրեսինգ սկսել Երևանի նկատմամբ։ Բավական է հիշել, թե ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ժամանակ, երբ մեկ-երկու երկաթուղային կամուրջներ պայթեցվեցին, ինչ վիճակում հայտնվեց Հայաստանի տնտեսությունը։ Թերևս պետք չէ չափազանց իմաստուն լինել հասկանալու համար, որ հայ-վրացական երկաթուղու խափանումները ռուս-ամերիկյան խորացող հակասությունների ֆոնի վրա նույնպես բացառված չեն։ Եվ այդ դեպքում Հայաստանը կկանգնի լուրջ երկընտրանքի առջև` կա՛մ համարժեք գործողություններ ձեռնարկել Թբիլիսիի նկատմամբ, ասենք, էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման տեսքով, կա՛մ լրջորեն սկսել վերանայել իր արտաքին կողմնորոշումներն ու աշխարհաքաղաքական նախապատվությունները։
Իհարկե, գոյություն ունի նաև զուտ հայ-վրացական հարաբերությունների հարթությունը, երբ, անկախ գերտերությունների միջև պայքարից կամ այն հանգամանքից, թե երկու հարևաններից ով ինչպիսի ազդեցության ուղեծրում է գտնվում, Վրաստանն ու Հայաստանը միշտ էլ փորձել են որոշակի հանդուրժողականություն և լոյալություն պահպանել միմյանց նկատմամբ։ Սակայն նման մարտավարությունը կիրառելի է մինչև որոշակի աստիճան, երբ դեռ կարող ես դիմագրավել քո նկատմամբ կիրառվող արտաքին ճնշմանը։ Ռուս-վրացական պատերազմի ժամանակ Հայաստանը ցույց տվեց, որ բավականաչափ ինքնուրույն է իր որոշումներում և կարողացավ զերծ մնալ հանուն Մոսկվայի շահերի Թբիլիսիի հետ թշնամանալուց, ինչը բավականին լուրջ դժգոհություն էր հարուցել նույն Մոսկվայում։ Սակայն հարց է, թե արդյոք Վրաստանը նույնքան ինքնուրո՞ւյն է` անհրաժեշտ պահին ամերիկյան համարժեք ճնշմանը դիմանալու համար։ Երբ որևէ խնդիր լուծելու համար սեղանին դրված խաղագումարը չափազանց մեծ է, խոշոր տերությունները փոքրերի կեցվածքի, ցանկությունների կամ պահանջների հետ այնքան էլ հաշվի չեն նստում։ Եվ առաջիկա տարածաշրջանային զարգացումներում այս ամենը Հայաստանի իշխանությունները պետք է նկատի ունենան` ամերիկյան նոր վարչակազմի հետ նոր հարաբերություններ կառուցելիս։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3186

Մեկնաբանություններ