Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Նոր գլոբալ խաղ է սպասվում տնտեսական դիմակի տակ

Նոր գլոբալ խաղ է սպասվում տնտեսական դիմակի տակ
11.07.2008 | 00:00

ԳԵՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԻՄԱՑ

«Ազատությունն ավելի լավ է, քան անազատությունը»
Դմիտրի Մեդվեդև, ՌԴ նախագահ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի «ասիական մեծ տուրնեի» և հատկապես Ադրբեջան կատարած այցի համար է ասված, թե դժվար է հասկանալ` որտեղ է սկսվում տնտեսությունը, որտեղ` քաղաքականությունը և որտեղ` ավանտյուրան: Եվ հենց դա է պատճառը, որ այս օրերին ամբողջ աշխարհի ուշադրությունը գրաված հարցերից մեկն էլ Մեդվեդևի Բաքու կատարած այցն է (առայժմ չխոսենք Թուրքմենստանի և Ղազախստանի մասին), ինչն արևմտյան փորձագետներին հասցրել է մի լավ հուսահատեցնել: Նրանք կարծում էին, որ «Ազատությունն ավելի լավ է, քան անազատությունը» գեղգեղող ՌԴ նորընտիր նախագահը եթե ամբողջովին չհաջողի, գոնե կփորձի ազատվել «պուտինա-գազպրոմյան վարքուբարքից»։ Առանց «գազային մահակի» և առանց «սպիտակարջային տրյուկների»…
Չստացվեց, փաստորեն: Եվ ոչ միայն չստացվեց, այլև բոլորովին նոր զարգացումներ ի հայտ եկան, որոնք մտահոգիչ են հատկապես Հայաստանի և մանավանդ ԼՂՀ-ի համար:
Բայց թողնենք քաղաքականությունը, չանդրադառնանք այն քաղցր-մեղցր «ռազմավարական սիրալիրություններին», որոնք երկուստեք միմյանց փոխանցեցին Ալիևն ու Մեդվեդևը, և անցնենք բուն թեմային: Մեր դեպքում` տնտեսությանը, թեպետ արդեն նշեցինք, որ այս պարագայում շատ դժվար է լինելու տարբերակել այն քաղաքականությունից…

ԽԵԼՈՔ ԵՆ, Ի՜ՆՉ ԽԵԼՈՔ ԵՆ ՌՈՒՍՆԵՐԸ
Ի դեպ, դեռ Մեդվեդևի` Բաքու կատարած այցից առաջ էր ադրբեջանական հայտնի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն նկատել, որ Մեդվեդևը Բաքու է այցելելու «ամբողջովին տնտեսական մորթի հագած», և որ հիմնական խնդիրը լինելու է «Լեռնային Ղարաբաղի գնով Ադրբեջանին իր ընտրած եվրոպական զարգացման ուղեծրից շեղելն ու գազային պայմանագիր ստորագրելը»: Գուլուզադեն չսխալվեց. Մեդվեդևի հետ Բաքու մեկնած «Գազպրոմի» ղեկավար Ալեքսանդր Միլլերը նախ հայտարարեց, թե ռուսական գազը եվրոպացիների համար այսուհետ 500 դոլար է արժենալու և հնարավոր է` շատ արագ մինչև 1000 դոլարի հասնի` 1000 խորանարդ մետրի դիմաց, ինչով, փաստորեն, գրգռեց ադրբեջանցիների «շահդենիզյան ախորժակը», իսկ դրանից անմիջապես հետո հայտարարեց բուն ասելիքը, որ երկար ժամանակ ծամծմում էին թե՛ ինքը, թե՛ Մեդվեդևը: «Եթե Բաքուն Կրեմլի հետ պայմանագիր ստորագրի արտահանման համար նախատեսված գազի ողջ ծավալի վաճառքի մասին, և եթե նրա օրինակին հետևեն Կենտրոնական Ասիայի պետությունները, ապա մենք անպայման կգնենք դա»,- հայտարարեց Միլլերը, ինչին հետևեց դրսի փորձագետների զայրույթն ու գիտակցումը, որ այդ դեպքում ՌԴ-ն շրջանցող, ԵՄ` ՌԴ-ից էներգետիկ կախվածությունը նվազեցնող «ՆԱԲՈՒԿՈ» ծրագիրը լրիվ կտապալվի (հիշեցնենք` սա գազատար է, որ պիտի անցնի Թուրքիա-Բուլղարիա-Ռումինիա-Հունգարիա-Ավստրիա-Գերմանիա երթուղով):
Խելոք են, շա՜տ խելոք են ռուսները. այս իմաստով հեգնել է Վաֆա Գուլուզադեն` Մեդվեդևին առաջարկելով առանձնապես չխաբվել Ալիևի քաղցր-մեղցր արևելյան հյուրասիրությամբ ու սիրալիրություններով: «Մեդվեդևն այստեղ իր ոչ մի նպատակին չի հասնի, և դա զարմանալի չէ, որովհետև Ալիևը շատ գրագետ է տանում խաղը, ոչ թե Հայաստանի նման իր երկիրը ֆորպոստի մակարդակի է իջեցնում…Եվ պետք չէ Ղարաբաղը մեջտեղ բերել, որովհետև դրանով Կրեմլն արդեն փորձել է ճնշել մեզ: Ճիշտ է` բոլորովին էլ վատ չէ ժամանակավորապես դրանից դիվիդենտներ շահել և Հայաստանին էլ ցույց տալ Կրեմլի իրական դեմքը, բայց դրանից այն կողմ` ոչինչ: ՌԴ-ն մեզ վրա ազդելու լծակ չունի. նա չի կարող վերսկսել պատերազմը, որովհետև Ադրբեջանը պաշտպանված է արևմտյան հետաքրքրություններով, և, անկեղծ ասած, մեզ չեն էլ թույլ տա պատերազմ, չի կարող մանավանդ ներկայիս հայտարարությունից հետո նորից «ռազմավարական դաշնակցի» դեմք ընդունել և շրջվել դեպի Հայաստան՝ նոր բան առաջարկելով, որովհետև վերջնականապես կկորցնի նաև նրան…Ի դեպ, հայկական իշխանություններն էլ այստեղ չեն կարող օգնել Կրեմլին. բավական է հայերի տեսակետից դավաճանական մի բան մանավանդ Ղարաբաղի հարցում, և «նախկին բազե» Սարգսյանի իշխանությունն օրերի հարց կլինի…Ի՞նչ է, դուք ուզում եք ասել, որ Ալիևը համաձայնել է Թուրքիային գազ չտալ, որի հետ արդեն իսկ պայմանագիր ունի և անցնել ռուսական կրնկի տա՞կ… Հետո՞ ինչ, որ իսկապես էլ մեր երկրների միջև առևտրային շրջանառությունը 2 միլիարդից ավելին է…Ի վերջո, ՆԱՏՕ-ի հանգամանքն էլ մի՛ մոռացեք…Կամ ուզում եք ասել` մոռացա՞նք, թե ոնց ձմռան կեսին, Վրաստանի հետ միասին, խոստանում էին մեզ ցրտում թողնել, ինչ է թե` ավելացնում են իրենց գազի գինը: Թող գործներին գնան. նորմալ հարաբերություններ ունենալ ՌԴ-ի հետ` չի նշանակում ապուշ լինել»,- հայտարարել է Գուլուզադեն` այսպիսով իր հերթին ապտակ հասցնելով մեր իշխանություններին, որոնք տեղի-անտեղի խոսում են ինչ-որ տնտեսական-քաղաքական ռազմավարական դաշնակցությունից ու 1 միլիարդի հասնող առևտրաշրջանառությունից…
Ի դեպ, կարծես դիտմամբ, նույն բանն էր ռուսական «Ռեգնումում» պնդել իր անունը նշել չցանկացող մի փորձագետ, ով հայտարարել էր, թե Տրանսկասպյան գազատարը հակադրելով ՆԱԲՈՒԿՈ-ին, այդքան կտրուկ կերպով հակադրելով Ադրբեջանի նկատմամբ ունեցած «իր նոր վերաբերմունքը» Երևանին` Կրեմլը հնարավոր է միայն կորցնի Կովկասում լինելու իր վերջին հնարավորությունը, որ ստացել է Երևանի շնորհիվ: Այնպես որ, ինչպես ասում են, «Գույք` պարտքի դիմաց», «Գազ` գույքի դիմաց», «Գազ` զենքի դիմաց» ընտիր ծրագրերը պետք չէ հարստացնել ևս մեկով, այն է` «Գազ` Ղարաբաղի դիմաց»:
Մանավանդ որ հենց ինքն է խոստովանում իր գաղտնի փաստաթղթերից մեկում, որ Թուրքմենստանն ու Ղազախստանն էլ իրենք իրենց հերթին կարող են այլ ծրագրեր ունենալ ոչ միայն Արևմուտքի, այլև Չինաստանի ու Հնդկաստանի հետ:

ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԵՄ ԱՍԵԼ, Է՜…
Իսկ ի՞նչ գաղտնի փաստաթղթի մասին է խոսքը, կհարցնեք: Անկեղծ ասած, մենք իսկապես չգիտենք, թե որքանով է հատվածաբար մեր ձեռքն ընկած այս փաստաթուղթն իսկապես գաղտնի, բայց այն աղբյուրը, որ այն մեզ է հանձնել, համենայն դեպս, պնդում էր, թե անգամ ՌԴ-ում խմբեր կան, որ չգիտեն դրա մասին:
Ի դեպ, ոչ մեկի համար գաղտնիք չէ այն փաստը, որ թե՛ ԵՄ-ն, թե՛ ԱՄՆ-ն առնվազն մինչև 2050 թվականն ընկած ժամանակահատվածը կազմել են իրենց էներգետիկ անվտանգության ծրագրերը և, ամեն տարի առանձին շտկումներ մտցնելով դրանց մեջ, գնում են առաջ՝ փորձելով կյանքի կոչել դրանցում արտացոլված ամեն մի մանրուք: Միշտ չէ, իհարկե, որ այդ ծրագրերը բացառապես բարոյականության և ազնիվ քաղաքականության վրա են հիմնված լինում կամ ե՛ն, բայց ակնհայտ է, որ ոչ ոք դրանից «40 խորանարդ մետր գազ խոր փոսում թաղելու արժանի» բան չի սարքում: Հավանաբար, հենց այս ազնվությունը նկատի ունեին Արևմուտքում, երբ ասում էին, թե հույս ունեին` «Գազպրոմի», «Լուկօյլի», «Ալֆա բանկի», ռեգիոնների մի քանի ղեկավարների, էներգետիկայի նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու գործարարների հետ Բաքու այցելած Մեդվեդևն անկեղծ կխաղար…Արևմուտքին, ի դեպ, «անչափ հուզել է» նաև Ալիևի այն խորամանկությունը, թե Բաքուն Կասպյանի առնչությամբ խնդիր չունի ո՛չ ՌԴ-ի, ո՛չ էլ Ղազախստանի հետ։ Եվ եթե Կրեմլն ինքը հարցերը լուծի Իրանի և Թուրքմենստանի հետ, հարց չկա, Կասպյանի բարիքը կիսենք ախպերավարի… «Ալիևը լավ գիտի, որ Կրեմլը գոնե Իրանի հետ չի կարող այդ հարցը լուծել, ու տեսնում է նաև, որ ՄԱԿ-ի ԱԽ-երում Իրանի համար գլուխ տվող ՌԴ-ն, ինչպես Հայաստանի դեպքում, այնպես էլ Իրանի պարագայում, հիմա էլ նրան է «զոհ տալիս»` նախագահի օգնական Պրիխոդկոյի շուրթերով հայտարարելով, թե հենց Իրանի պատճառով չի կյանքի կոչվում դեռ Պուտինի ժամանակ մշակված «Մերձկասպյան ՕՊԵԿ»-ի ծրագիրը»,- նշում են արևմտյան փորձագետները` հիշատակելով, թե հենց հայաստանյան հիմարության արդյունքում Ռուսաստանին ինչպես հաջողվեց Իրան-Հայաստան գազատարի պարագայում հիմարացնել միաժամանակ երկու երկրներին… «Դե, հո անվերջ Իրանի հետ թշնամի չէ՞ինք մնալու. պատկերացրեք` կյանքներս ինչքան կհեշտանար, եթե այդ գազատարն իսկապես տրանզիտ լիներ»,- այն օրերին գրել էին Հարվարդի փորձագետները…
Բայց մենք նորից փաստաթուղթը մոռացանք: Հայտնի չէ` հատկապես որ շրջանակները կամ ովքեր են 1 տարի առաջ նստել կլոր սեղանի շուրջ և փորձել թղթին հանձնել աշխարհի «վառելիքաէներգետիկ դրության իրական պատկերը, զարգացման հնարավորությունները` մինչև 2060 թվական, և դրանում ՌԴ-ի դերակատարումը», բայց փաստ է, որ այն արվել է:
Ըստ այդ փաստաթղթում առկա գնահատականների` այսօր ՌԴ-ին է պատկանում գազի համաշխարհային պաշարների մոտ 26,6 տոկոսը, տարբեր գնահատականներով` նավթի մոտ 13, քարածխի 20 տոկոսը, իսկ արդյունահանվող քանակի այն մասը, որ արտահանվում է, 90 տոկոսով տրվում է Եվրոպային: Վերջինս, ի դեպ, ըստ ռուսների` լուրջ խնդիր ունի. որոշ հաշվարկների համաձայն` արդեն 2030-ին նավթի ներկրման ծավալներն այստեղ 76-ից կաճեն-կհասնեն 90, գազինը` 40-ից 70, քարածխինը` 50-ից 70 տոկոսի: Ահավոր չափերի կհասնի նաև ԱՄՆ-ի պահանջարկը: Իսկ եթե նաև հիշենք, որ գոնե մի քանի տարի անց նրան այդ առումով չեն զիջի Չինաստանն ու Հնդկաստանը, «կարելի է հաշվի առնել, թե ինչ քաոսի մեջ պիտի հայտնվի ողջ մոլորակը»: Դե, իսկ եթե հաշվի առնվի և այն, որ Մերձավոր Արևելքի երկրներում էլ կենտրոնացած է նավթի համաշխարհային պաշարների մոտ 61, գազի 40,1 տոկոսը, ակնհայտ են դառնում նաև հարցի քաղաքական վեկտորն ու դրա արժեքը: Եվ ահա ռուսները նստել-հաշվել են իրավիճակը մինչև հեռավոր 2067թվականը, «տեսել են», որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում առայժմ նավթն ամենապահանջվածը կլինի և, դրանից ելնելով, զարգացումների 2 հնարավոր սցենար են գծել: Առաջինը նավթից գազ աստիճանական անցում է ենթադրում ճիշտ այնպես, ինչպես ժամանակին նավթը «տեղից շարժեց» քարածխին: «Շարժ կնկատվի նաև դեպի ատոմային էներգետիկա և էներգիայի այլընտրանքային ուղիներ…Եվ չնայած այդ ամենին, նավթը կպահպանի իր ռազմավարական ապրանք լինելու արտոնությունն առնվազն մինչև 21-րդ դարի կեսերը»: Երկրորդ սցենարի համաձայն` եթե առաջիկա տարիներին իսկապես էլ այլընտրանքային էներգետիկան այնպիսի հզոր թափ առնի, որ անգամ բենզինի փոխարեն սկսենք ջրածին օգտագործել, նավթի կրճատումը և մոլորակի «հանդարտեցումը» կսկսվի միայն 2025-ին, ինչը, սակայն, ռուսների կարծիքով, առավել քիչ հավանական տարբերակ է: Նրանց համոզմամբ` առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում ևս ՀՆԱ-ի աճն ուղիղ գծով կախված կլինի էներգակիրների սպառման չափից…

Է՜Խ ԿԱՍՊՅԱՆ, ԿԱՍՊՅԱՆ, ԿԱՄ ՆՈՐԻՑ ՂԱՐԱԲԱՂ
Հիմա գանք հիմնականում մեզ հետաքրքրող Կասպյան տարածաշրջանին: Ռուսական ներկայացմամբ` այստեղ առաջիկա տարիներին նավթի արդյունահանումը հաստատ կաճի: Մինչև 2015-ը Ադրբեջանն իր ձեռքը կվերցնի էստաֆետը` Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերով և Շահ-Դենիզ բնական գազի արդյունահանման կենտրոնով, այնուհետ այն կփոխանցի ղազախական Կաշագանին: Ինչ վերաբերում է բնական գազին, ապա 2017-ին դրա հիմնական առաքիչները կլինեն Թուրքմենստանն ու Ղազախստանը, իսկ ահա Ադրբեջանը, մանավանդ եթե չկարողանա այս տարիների ընթացքում ճիշտ օգտվել իր պաշարներից, ուղղակի պատմության գիրկը կանցնի…(լավն են, էլի, ռուսները. փաստորեն, Մեդվեդևը, կարելի է ասել` պատմական «վերջին նմուշների հետ էր հաղորդակցվում Բաքվում»…):
Բայց դա ռուսներին առայժմ չի ուրախացնում, որովհետև սխալներ շատ են արել այս տարածաշրջանում, և դրա հիմնական դարպաս հանդիսացող Հարավային Կովկասում ամեն բան վերջին տարիներին հիմնականում ծավալվել է Արևմուտքի օգտին: Գործում է Բաքու-Ջեյհանը` շրջանցելով ՌԴ-ն, Բաքու-Թբիլիսի-Էրզրումը, ամենայն հավանականությամբ 2015-ին կսկսվի ՆԱԲՈՒԿՈ-ն, թե ՌԴ-ն դրա դիմացը չառնի, միաժամանակ` Թուրքմենստանն ու Ղազախստանն ինքնուրույն ծրագրեր կմշակեն նավթի և գազի` դեպի Չինաստան տեղափոխման համար, և ՌԴ-ն ամեն բան կկորցնի: «Այդ դեպքում ոչ միայն գլուխ չի գա ցանկալի Մերձկասպյան գազատարի կառուցման խնդիրը, այլև արդեն իսկ գործող Բաքու-Նովոռոսիյսկ խողովակը հնարավոր է անգործության մատնվի արդեն մի քանի տարի հետո»: Այդ դեպքում հարկ կլինի այժմվանից «սեղմել քաղաքական ոտնակները»` «անկեղծանում է» փաստաթուղթը, ի դեպ, մեր գազամուղն էլ «հորով-մորով» անելու գործընթացը «դրա մեջ տեղավորելով»: Սույն «շարքից» է ենթադրվում նաև անընդհատ Վրաստանը թեժ պահելու խնդիրը, Լեռնային Ղարաբաղի հարցը, Ադրբեջանի սիրաշահումը` «ո՞ւր պիտի գնան հայերը» համոզմունքով:
Բայց չկարծեք ռուսներն ամեն բան այդքան հեշտ են տեսնում: Ոչ, նրանք լուրջ մտավախություն ունեն Եվրոպայի, բայց հատկապես ամերիկացիների և Թուրքիայի պահվածքի հետ կապված: Կարծում են, որ այս երկուսը մի լավ «տեղը կդնեն» Ադրբեջանին` նրան հիշեցնելով հին սխալները, կբացեն Հայաստանի հետ սահմանը, կհասնեն նրան, որ ռուսական զորքերը Հայաստանից ևս դուրս գան, Ղարաբաղի հարցում Հայաստանը կզինեն «անհրաժեշտ գիտելիքներով և ռուսական սադրանքները վերլուծելու կարողությամբ», որ ԱՄՆ-ը կարագացնի «կառավարելի եռամաս տրոհման քաղաքականությունը» Իրաքում` վերահսկելով հիմնական նավթային հարստություններն իր ձեռքում պահել երազող Քրդստանին, և ահա այս ամենի դեռ կեսը չանցած` Բաքուն անմիջապես Կենտրոնական Ասիայի մյուս երկրների հետ միասին կկանգնի խնդրի առջև: Հենց այդ պահին, ռուսների կարծիքով, ամերիկացիները Բաքվին նվեր կանեն` ամենայն հավականությամբ Քիրկուկ-Ջեյհանը նավթամուղ առաջարկելով: Ավելին` ԱՄՆ-ը կօգտվի Հայաստանում տիրող սարսափելի հակառուսական տրամադրություններից, և ո՞վ գիտե` ինչ կարող է լինել: «Ի վերջո, ի տարբերություն Վրաստանի, մենք Հայաստանի հետ ընդհանուր սահման էլ չունենք»,- գրված է հիշյալ փաստաթղթում, որտեղ նորմալ, խաղաղ մոլորակ, տարածաշրջան, կյանք երազող մարդու տեսանկյունից մի ահավոր «նյուանս» էլ կա: «Իսկ ի՞նչ կլինի այն դեպքում, եթե հանկարծ ու ԱՄՆ-ը տարվի Իրանի հանդեպ առավել «նուրբ տնտեսական սանկցիաներով» և վերջում էլ որոշի, որ «դեմոկրատացնում է» երկիրը. ինչպե՞ս դա խափանել…Իրանից շատ բան է կախված…մանավանդ եթե ԼՂ կոնֆլիկտը մի հրաշքով լուծվի, այդ երկրի միջոցով և Հայաստանի միջով Արևմուտքը ներկա է լինում արևմուտքում` Թուրքիա, արևելքում` Պակիստան, Հնդկաստան, Չինաստան, հյուսիսում` Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա»,- գրված է փաստաթղթում և ամփոփված` «Իրանը ԱՄՆ-ի և առհասարակ Արևմուտքի գլխավոր բանալին է` առանց Ռուսաստանի իր էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար»: Պատկերացրիք, չէ՞…

ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԱՆԿԵՂԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ…
Ի դեպ, քննարկելով զարգացումներն ու «գույքագրելով ունեցվածքը»` փաստաթղթում ամրագրվում է, որ այս պահին ՌԴ-ում բաց են ավելի քան 3000 հանքավայրեր, որոնց մոտավորապես կեսն արդյունահանվում է, որ պաշարների կեսը կենտրոնացած է Սիբիրում և ՈՒրալի տարածաշրջանում, և որ համաձայն որոշ գնահատումների` եթե 2015-ին ՌԴ-ում նավթի արդյունահանումը գերազանցի 530 մլն տոննան, ապա արտահանումը` 310 միլիոնը: Հիմնական նավթային բազան կշարունակի մնալ Արևմտյան Սիբիրը, բայց կամաց-կամաց նոր կենտրոններ էլ կլինեն, օրինակ` Յակուտիայում, որտեղ արդեն 2015-ին մինչև 50 մլն տոննա նավթ կարդյունահանվի, նաև` Բարենցի ծովում և Կասպյանի ռուսական հատվածում: Ըստ այդմ` տրանսպորտահաղորդակցային հզորությունները ևս կաճեն. գոնե ԱՊՀ-ում սպասվում է, որ մինչև այդ թվականը դրանք կավելանան մոտավորապես 1,5 անգամ, ինչը հնարավորություն կտա իրականացնել ռուսական ռազմավարական ծրագիրը. մինչև 70 մլն տոննա նավթ առաքել արևմտյան և հյուսիս-արևմտյան հատվածով, մոտ 130 մլն տոննա էլ` սևծովյան-կասպյան շրջանով: Ընդ որում, ամեն պահի հարկ է նորից հետախուզել երկիրը, գտնել նոր պաշարներ, հաշվարկել, թե ինչպես ծախսածը լրացնել նաև այլընտրանքային միջոցներով;
Ինչ վերաբերում է գազի պաշարներին, ապա 2015-ին դրա արդյունահանումը ՌԴ-ում կարող է հասնել մինչև 740 միլիարդ խորանարդ մետր, որից կարտահանվի 209 միլիարդը: Փորձագետները կարծում են, որ լավ կլինի մինչ այդ ձեռք չտալ արևելյան Սիբիրի և առհասարակ Հեռավոր Արևելքի պաշարներին` փորձելով ամեն գնով ռուսների կողմը գրավել Թուրքմենստանը, Ադրբեջանը, Ղազախստանը: «Իսկ ի՞նչ կարող ես անել. ամեն բան գին ունի»,- այսպես են մտածում մեր ռազմավարական դաշնակիցները` «համաշխարհային արենայում նաև քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու համար պատրաստ լինելով վճարել դա»:
Չնայած մինչև վերջ անկեղծ լինելու համար հարկ է նշել, որ փաստաթղթում բարեխղճաբար ներկայացված է նաև մեկ այլ տեսակետ (պայմանականորեն այն կոչենք «հայանպաստ»), ըստ որի` որոշ փորձագետներ կարծում են, որ չարժե «Գազպրոմը» հրեշի վերածել և մանավանդ Կովկասում սկսել ավանտյուրիստական մի խաղ, որից հետո գուցե շատ դժվար կլինի դուրս պրծնել: Ըստ այդ փորձագետների` հարկավոր է ուղղակի «Գազպրոմին» ստիպել, որ սա «ստավկա չդնի կասպյան գազի գնման վրա և դրա փոխարեն ներդրումներ անի` հենց ՌԴ-ում նոր հետախուզումներ սկսելու և նոր հանքավայրեր շահագործելու համար»: Ինչ վերաբերում է բուն Հայաստանին, ապա այս փաստաթուղթը մեզ փոխանցած անձի ներկայացմամբ` խնդիրն այսպես է դրվում. «Մենք դեռ ամբողջովին չգիտենք` արդյո՞ք կործանվող Հայաստանը մինչև վերջ ձեռնտու է Ռուսաստանին…և եթե պիտի սիրաշահենք մաքսիմում մինչև 2015թ. պաշարներ ունեցող Ադրբեջանին, որքա՞ն և ի՞նչ ուժգնությամբ պիտի գազի ոտնակը սեղմենք»:
Ի դեպ, հենց փորձագետների այս խումբն է, որ արգելակիչ գործոնների շարքում փաստաթղթում նշում է նաև պուտինյան այն սկզբունքը, ըստ որի անհրաժեշտ է ամեն գնով թույլ չտալ օտարերկրյա կազմակերպություններին, որ սրանք մոտենան հանքերի շահագործմանը: Հակառակը` «մենք ահռելի կորուստներ ենք ունենում ռուսական հին սարքավորումների պատճառով, և կարելի է գոնե մի փոքր հանքավայր «զոհել» հենց միայն այդ խնդիրը լուծելու համար»,- համոզված են նրանք:
Այնպես որ, սիրելիներս, մեր տարածաշրջանում նոր գլոբալ խաղ է սպասվում տնտեսական դիմակի տակ: Մեծ խաղ: Եվ թե սրան որքան են պատրաստ վիճարկելի լեգիտիմությամբ մեր իշխանությունները, հայտնի բան է: Մենք նույնիսկ հարցն այսպես կդնեինք` նրանք ուղղակի պատրաստ չեն, և վերջ: Ահա:

Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 6757

Մեկնաբանություններ