2010-ի հունվարի 20-ին թուրքական «Թարաֆ» թերթը հրապարակեց 2003-ին պլանավորած «Բալյոզ» («Կռան») ռազմական հեղաշրջման պլանի մանրամասների վերաբերյալ մի հոդված: 2002-2003 թթ. մշակված այս պլանը հավանության էր արժանացել աշխարհիկ ռեժիմի պահապան համարվող զինված ուժերի 162 սպաների, այդ թվում նաև` 29 գեներալների հանդիպման ժամանակ: Դրա համաձայն` նախատեսված էր երկրում հայտարարել արտակարգ դրություն և քաոսի ու բռնության մթնոլորտ ստեղծելու ճանապարհով հեղաշրջում կազմակերպելու համապատասխան հիմք ստեղծել: Զինվորականների դժգոհության պատճառը 2002-ի նոյեմբերին իշխանության եկած «Արդարություն ու զարգացում» իսլամիստական կուսակցությունն էր (ԱԶԿ):
Այդ կապակցությամբ փետրվարի 22-ին սկսվեց ձերբակալությունների առաջին ալիքը, ինչի արդյունքում ձերբակալվեց ներկա ու նախկին 49 բարձրաստիճան զինվորական (այդ թվում նաև` 21 գեներալ ու ծովակալ): Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազ Այքութ Ջենգիզ Էնգինի հրահանգով 49 բարձրաստիճան զինվորականներից 31-ի նկատմամբ կալանման որոշում է կայացվել:
Հարկ է նշել, որ ԹՀ պատմության մեջ առաջին անգամ են տեղի ունենում նման բարձր մակարդակի ձերբակալություններ, առաջին անգամ են ձերբակալվում գեներալներ, որոնք ընդամենը 7 տարի առաջ բացառիկ դիրքեր էին գրավում երկրի բարձրագույն ռազմական ղեկավարությունում: Այս իրադարձություններից անմիջապես հետո թուրքական բանակի ողջ բարձրագույն հրամկազմի մասնակցությամբ Գլխավոր շտաբում (ԳՇ) տեղի ունեցավ արտակարգ նիստ: Այդ պատմական նիստում նախագահում էր ԳՇ-ի պետ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղը, որն այդ նիստի պատճառով ստիպված եղավ հետաձգել Եգիպտոս կատարելիք այցը:
Փետրվարի 23-ին 17 հոգու մահվան պատճառ դարձած Բալըքեսիրի վիլայեթի Դուրսունբեյ շրջանի հանքահորի պայթյունի հետ կապված` թուրքական «STV Haber» հեռուստաընկերության «Վերջին իրավիճակ» հաղորդաշարի հեղինակ Ասըմ Յըլդըրըմը փետրվարի 25-ին ուղիղ եթերում ակնարկել է, որ հանքագազի պայթյունն իրականացրել են թուրքական զինված ուժերը: Հաղորդավարը հիշեցրել է, որ 2009-ի դեկտեմբերին Բուրսայի հանքահորերից մեկում տեղի ունեցած պայթյունից մեկ օր առաջ Ստամբուլի հանրապետական դատախազություն էին կանչվել գեներալներ Իբրահիմ Ֆըրթընան, Այթաչ Յալմանը, Օզդեն Օրնեքը: Այդ հայտարարությունից հետո նա ձերբակալվեց:
Այստեղ տեղին է նշել, որ երբ թուրքական «Թարաֆ» թերթը հրապարակեց «Բալյոզ» պլանի մասին, թուրքական «Today’s Zaman» թերթը հարց առաջադրեց, թե զինված ուժերը ոչ մի կապ չունեի՞ն 2003-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետ, որին զոհ գնաց 50-ից ավելի և վիրավորվեց ավելի քան 700 մարդ (հիշեցնենք, որ պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Ալ-Քաիդան»):
Փետրվարի 26-ին տեղի ունեցավ ձերբակալությունների երկրորդ ալիքը, որի ժամանակ Թուրքիայի 13 քաղաքներում իրականացված համաժամանակյա գործողությունների արդյունքում ձերբակալվեց 18 միջին կարգի զինվորական (1 պաշտոնաթող և 4 գործող սպա, 13 ենթասպա): Փետրվարի 28-ին ձերբակալվեց Քոնիայի ժանդարմերիայի հրամանատար, շտաբային գնդապետ Հուսեին Օզչոբանը:
«Բալյոզ» պլանի շրջանակներում այս բազմաթիվ ձերբակալությունների ընտրված ժամկետը պայմանավորված է նրանով, որ ներկայումս Թուրքիայի գլխավոր դատախազությունը երկու հայց է պատրաստել ԱԶԿ-ի դեմ։ Դրանցից մեկը վերաբերում է ԱԶԿ-ի հակասահմանադրական գործունեությանը: 700 էջ կազմող այս մեղադրանքը հիմնականում վերաբերում է ԱԶԿ-ի վարած ներքին քաղաքականությանը. դատական անկախ մարմինների գործերին միջամտություն, զինվորականների հեռախոսային խոսակցությունների ապօրինի գաղտնալսումների իրագործում, լրատվամիջոցների վրա ճնշման գործադրում, Հաբուր գետի «խայտառակությունը» (2009-ի հոկտեմբերին PKK 34 անդամներ Իրաքից վերադարձան Թուրքիա, որոնց մեծ շուքով դիմավորեց քուրդ ազգաբնակչությունը): Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա այստեղ խոսքը «չափավոր իսլամի» մասին է։
Երկրորդ հայցը վերաբերում է ԱԶԿ-ի ֆինանսավորմանը` Գերմանիայում գործունեություն ծավալած «Դենիզ Ֆեների» («Փարոս») բարեգործական կազմակերպության միջոցներով: Մատնանշվում է, որ վերջինս 20 միլիարդ եվրո է փոխանցել թուրքական մի շարք քաղաքական կուսակցությունների ու անձանց: Հանրապետական գլխավոր դատախազ Աբդուռահման Յալչընքայան դեռևս 4 ամիս առաջ է սկսել այս գործի քննությունը: Թուրքիայի Սահմանադրության 69-րդ հոդվածի համաձայն` քաղաքական կուսակցություններին արգելվում է կոմերցիոն գործունեություն ծավալել, նրանց եկամուտներն ու ծախսերը պետք է համապատասխանեն վերջիններիս ծավալած գործունեությանն ու քաղաքական նպատակներին: Հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել կուսակցության փակմանը, որն այլևս չի կարող հանդես գալ այլ անվամբ: Այն քաղաքական կուսակցությունները, որոնք ֆինանսական օգնություն են ստանում օտար երկրներից, միջազգային կազմակերպություններից, ֆիզիկական ու իրավաբանական անձանցից, վերջնականապես լուծարվում են, իսկ դրանց վերնախավը 5 տարով զրկվում է քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքից, այդ թվում նաև` այլ կուսակցություններում ղեկավար պաշտոններ ստանձնելուց:
Պետք է նշել, որ 2008-ի հուլիսի 28-31-ին, երբ ՍԴ-ն քննարկում էր ԱԶԿ-ի փակման հարցը, վերջինս փրկվեց միայն մեկ ձայնով: Այն ժամանակ ԱԶԿ-ի փակման օգտին էին քվեարկել ՍԴ 11 հիմնական անդամներից միայն 6-ը, մինչդեռ որոշման ընդունման համար անհրաժեշտ էր 7 քվե (2/3-ը):
Ընդդիմադիր փորձագետները նշում են, որ ձերբակալությունների ու «մաքրումների» ճանապարհով ԱԶԿ-ն ձգտում է ահաբեկել աշխարհիկ ճամբարի իր ընդդիմադիրներին, չեզոքացնել ռազմական կառույցներն ու Թուրքիայի դատական համակարգի կարևոր ներկայացուցիչներին, որոնք համարվում են աշխարհիկ ռեժիմի պաշտպանների վերջին պատվարը, կանխել իշխող կուսակցության նկատմամբ դատական արգելք դնելու հերթական փորձի նախապատրաստումը, բանակը վերջնականապես հեռացնել երկրի քաղաքական կյանքից:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները` ժողովրդա-հանրապետականն (ԺՀԿ) ու ազգայնական շարժումը (ԱՇԿ), իրենց լիդերներ Դենիզ Բայքալի ու Դևլեթ Բահչելիի շուրթերով հայտարարում են, որ Էրդողանը «վհուկների որս» է սկսել «միֆական դավադիրներին» բացահայտելու, «քաղաքացիական հեղաշրջում» իրականացնելու և «ֆաշիստական ռեժիմ» հաստատելու, ինչպես նաև հասարակության ուշադրությունը տնտեսական կենսական խնդիրներից շեղելու նպատակով: Չնայած դրան` արևմտյան փորձագետները նշում են, որ Թուրքիայի տնտեսությունն աստիճանաբար կայունություն է ձեռք բերում, և երկիրը նվազագույն կորուստներով է դուրս գալիս համաշխարհային ֆինանսական ճգնաժամից, ինչում, անկասկած, իր մեծ դերն ունի ԱԶԿ-ն:
Ընդդիմադիր կուսակցությունների վերնախավը ստեղծված իրավիճակից միակ ելքը համարում է համընդհանուր վաղաժամ խորհրդարանական ընտրությունները: Եվ եթե դրանք կայանան, ապա, հաշվի առնելով թուրքական հասարակական կարծիքը, պետք է նշել, որ այս անգամ էլ կհաղթի Էրդողանի կուսակցությունը, իսկ ԺՀԿ-ն առավել քիչ մանդատներ կստանա խորհրդարանում: Այս առիթով Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ իրենք դեմ են արտահերթ ընտրություններին, և դրանք կկայանան Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում` 2011-ին:
Փետրվարի 25-ին «Չանքայա» նախագահական նստավայրում տեղի ունեցավ Գյուլի, Էրդողանի ու Բաշբուղի հանդիպումը: Գրեթե երեք ժամ տևած եռակողմ այս հանդիպման ժամանակ քննարկվել է վերջին շրջանում Թուրքիայում զինվորականների ձերբակալությունների հարցը և նշվել, որ ամեն ինչ իրականացվելու է սահմանադրական կարգի ու օրենքների համաձայն: Հանդիպումից քիչ անց Գյուլը հայտարարեց, որ բավարարված է հանդիպման արդյունքներով. «Մենք փոխադարձ վստահության զգացումով, բաց ենթատեքստով զրուցել ենք բոլոր հարցերի շուրջ: Եկեք չկրակենք միմյանց ոտքերին»:
Այս «եռակողմ գագաթաժողովը» կարելի է հաջողված համարել, քանի որ դրանից ժամեր անց դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին թուրքական բանակի երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ` ռազմական ակադեմիայի և ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, բանակի պաշտոնաթող գեներալ Իբրահիմ Ֆըրթընան, ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, պաշտոնաթող ծովակալ Օզդեն Օրնեքը, ցամաքային զորքերի նախկին շտաբի պետ, բանակի գեներալ Էրգին Սայգունը: Բացի այդ, այս հանդիպումից հետո տեղի ունեցած «Բալյոզ» պլանի գործով ձերբակալությունների երկրորդ ալիքի արդյունքում ձերբակալվածների թվում հայտնվեցին միայն միջին կարգի (ոչ բարձրաստիճան) զինվորականներ:
Փետրվարի 28-ին վարչապետի ապարատի նոր շենքում տեղի ունեցավ Էրդողանի ու Բաշբուղի հանդիպումը: Այն պետք է կայանար մարտի 4-ին, բայց քանի որ Բաշբուղը մարտի 3-4-ի ձմեռային զորավարժությունների ժամանակ գտնվելու էր Սարիղամիշում, ուստի հանդիպումը նախատեսվածից շուտ կայացավ: Մատնանշվում է, որ մեկ ժամ քսան րոպե տևած այս հանդիպումը կազմակերպել է Պենտագոնը:
Հարկ է նշել, որ ներկայումս զինվորական վերնախավում բացակայում է միաբանությունը, ինչը նվազեցնում է ռազմական հեղաշրջման հավանականությունը: Հայտնի է, որ «Բալյոզ» պլանի հետ կապված` ԹՀ ԳՇ նախկին պետ Հիլմի Օզքյոքը դեմ էր պետական հեղաշրջմանը, ինչի համար էլ հեղաշրջման իրականացումից հետո նախատեսվում էր Օզքյոքի հրաժարականը: Բացի այդ, իր կառավարման տարիներին ԱԶԿ-ն բազմաթիվ «հարվածներ» է հասցրել զինվորական վերնախավին, իշխանամետ լրատվամիջոցները մշտապես «կրակի» տակ են պահել ու սասանել նրա հեղինակությունը: Դրա համար էլ չպետք է պատահական համարել այն, որ փետրվարի 19-ին անհայտ անձինք ԱԶԿ կենտրոնական գրասենյակի առջև թողել են ատրճանակի 4 փամփուշտ պարունակող մի ծրար ու հեռացել: 2010-ի հունվարի 6-ին նմանատիպ ծրար (8 փամփուշտով) ստացել էր 2009-ի դեկտեմբերին փոխվարչապետ Բյուլենթ Արընչի դեմ մահափորձի գործը վարող, հատուկ լիազորություններ ունեցող դատախազ Մուսթաֆա Բելգիլին:
Քանի որ ներկայումս Թուրքիայում առավել հավանական է «դատական», քան զինվորական հեղաշրջումը, այդ պատճառով էլ ԱԶԿ-ն շտապում է բարեփոխել 1982-ի նոյեմբերի 7-ի ռազմական խունտայի ընդունած Սահմանադրությունը և ընդունել նորը, որը կհամապատասխանի ԵՄ պահանջներին ու չափանիշներին: Թուրք գործարարները նույնպես կողմ են երկրում կայունության պահպանմանն ու նոր սահմանադրության շուտափույթ քննարկմանը:
Բանն այն է, որ սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա այն դեպքում, եթե Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) ձախողի փոփոխված սահմանադրության օրինագիծը և չընդունի համապատասխան որոշում: Այդ որոշման ընդունման համար անհրաժեշտ է ԹԱՄԺ 550 խորհրդարանականների (ներկայիս տեսքով 542) երկու երրորդի աջակցությունը (367 քվե), մինչդեռ ԱԶԿ-ն ԹԱՄԺ-ում ներկայացված է 337 պատգամավորով: Եվ քանի որ նրանցից մեկը ԹԱՄԺ նախագահ Մեհմեթ Ալի Շահինն է, որը քվեարկության իրավունք չունի, ապա ԱԶԿ-ն խորհրդարանում դեֆակտո ունի 336 ներկայացուցիչ: Ստացվում է, որ առանց քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» (20 մանդատ) և ընդդիմադիր կուսակցությունների (ԺՀԿ` 97 մանդատ, ԱՇԿ` 69 մանդատ) աջակցության օրինագիծը դատապարտված է ձախողման: Միևնույն ժամանակ ԱԶԿ մանդատների թվաքանակն ապահովում է սահմանադրական փոփոխությունների օրինագիծը հանրաքվեի ներկայացնելը: Դրա պատճառն այն է, որ եթե օրինագիծը ԹԱՄԺ-ում չի ստանում 330-366 քվե, ապա մերժվում է և չի դրվում հանրաքվեի:
Ինչ վերաբերում է թուրքական հասարակական կարծիքին, ապա հարկ է նշել, որ այն դեմ է ռազմական հեղաշրջմանը: Փետրվարի 28-ին հազարավոր թուրքեր բողոքի ցույցով դուրս էին եկել Ստամբուլի փողոցներ ու իրենց «ոչ»-ն էին ասում ռազմական հեղաշրջմանը: Թուրքական զինվորական վերնախավը քաջ գիտակցում է այս հանգամանքը:
Սահմանադրական ու դատական բարեփոխումների վերաբերյալ հասարակական կարծիքը ճշտելու համար 2010-ի փետրվարին ԱԶԿ-ի պատվերով սոցհարցման ենթարկվածների 70 տոկոսը կողմ է արտահայտվել Սահմանադրության փոփոխման օգտին, իսկ 65 տոկոսը կողմ է հանրաքվեի միջոցով դատական համակարգում բարեփոխումների իրականացմանը:
Թուրքիայի ներքաղաքական իրադարձություններին մեծ ուշադրությամբ հետևում են ԱՄՆ-ն ու ԵՄ-ը: Եվրամիությունն աջակցում է Էրդողանին, քանի որ նպատակ է հետապնդում ԵՄ անդամակցության թեկնածու երկրում զարկ տալու ժողովրդավարությանը, ինչն անդամակցության նախապայմաններից մեկն է: Բացի այդ, հաշվի առնելով էներգակիրների հարցում Թուրքիայի ունեցած տարանցիկ մեծ դերը, ԵՄ-ը մեծապես շահագրգռված է Թուրքիայում կայունության պահպանմամբ:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա 2010-ի փետրվարի 23-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին նշել է. «Այդ գործընթացները նորույթ չեն թուրքական պատմության մեջ և ԱՄՆ-ին հատուկ անհանգստություն չեն պատճառում»: Փետրվարի 26-ին Քահրամանմարաշում ելույթ ունենալիս Ստամբուլից ընտրված կին խորհրդարանական, խորհրդարանի փոխխոսնակ Մերալ Աքշեները, որը ներկայացնում է ԱՇԿ-ն և ժամանակին Թուրքիայի 54-րդ կառավարությունում զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը, նշել է, որ ԱՄՆ-ից «կանաչ լույսի» բացակայության պայմաններում Թուրքիայում անհնար կլինի ռազմական հեղաշրջման իրականացումը: Իր հերթին նախագահ Գյուլը նշել է, որ մի շարք օտար ուժերի ձեռնտու է Թուրքիայում ռազմական հեղաշրջման իրականացումը: Նախագահի խոսքերը, թերևս, ուղղված են ամերիկյան ԿՀՎ-ին ու իսրայելական Մոսադին:
Հարկ է նշել, որ, հաշվի առնելով սեփական իշխանության տարիներին ԱԶԿ-ի վարած արտաքին քաղաքականությունը (2003-ին Իրաք ներխուժելուց Թուրքիայի հրաժարվելը, Ռուսաստանի հետ մերձեցումը և այդ կապակցությամբ 2008-ի օգոստոսյան «հնգօրյա» պատերազմի ժամանակ Թուրքիայի ռուսամետ դիրքորոշումը, Իրանի հանդեպ ներկայումս գրաված դիրքորոշումը, Աֆղանստանի հարցում որոշակի «կամակորությունները», իսլամամետ քաղաքականությունն ու արաբական երկրների հետ մերձեցումը, Իսրայելի հետ ներկայիս հարաբերությունների կտրուկ վատթարացումը), կարելի է կարծել, որ Էրդողանի կառավարության տապալումը ձեռնտու կլինի ԱՄՆ-ի որոշ շրջանակներին ու Իսրայելին, քանի որ քեմալականները կամ ազգայնականներն առավել լոյալ են տրամադրված նրանց նկատմամբ: Այդ պատճառով էլ Էրդողանը հասկանում է, որ սեփական մտահղացումներն իրականացնելու համար միայնակ չի կարող դիմանալ ԿՀՎ-ի ու Մոսադի ճնշմանը, ուստի ջերմ հարաբերություններ է հաստատում Ռուսաստանի հետ: Եվ եթե ԱԶԿ-ն իշխանությունից հեռացվի, ապա կարելի է տևական ժամանակ ընդհանրապես մոռանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու սահմանի բացման մասին, քանի որ քեմալականներն ու հատկապես ազգայնականները շատ կոշտ դիրքորոշում ունեն Հայաստանի նկատմամբ:
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ