ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Սրբազան կովի կարգավիճակ ստացած տարածքային ամբողջականության սկզբունքը դադարել է գործելուց

Սրբազան կովի կարգավիճակ ստացած տարածքային ամբողջականության սկզբունքը դադարել է գործելուց
22.08.2008 | 00:00

ԿՀԱՄԱԿԵՐՊՎԵ՞Ն ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԵՎ ՀԱՏԿԱՊԵՍ ԵՎՐՈՊԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՀԱԿԻ» ՀԵՏ
Ռուս-վրացական «հնգօրյա պատերազմը», որն այսօր վերածվել է դիվանագիտական պատերազմի, կարծես անշրջելիորեն փոխում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը՝ անցկացնելով նոր փաստացի պետական սահմաններ։ Եվ թեկուզ համաշխարհային տերությունները շարունակում են բանավեճը չճանաչված պետությունների ապագայի շուրջը, վերջին իրադարձությունները գալիս են վկայելու, որ գրեթե սրբազան կովի կարգավիճակ ստացած տարածքային ամբողջականության սկզբունքը դադարել է գործելուց առնվազն Վրաստանի պարագայում։
Այս կապակցությամբ շատ բնորոշ են հենց վրացական քաղաքական գործիչների արտահայտությունները։ Այսպես, Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Դարչիաշվիլին, մեկնաբանելով առանց հակամարտող տարածաշրջանների ընդգրկման Վրաստանի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին, նշում է. «Այլ ճանապարհ չկա։ Ավելի լավ է ՆԱՏՕ մտնել առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, սակայն պահպանել անկախությունը և հիմքեր ստեղծել վերադարձնելու այդ տարածքներն ապագայում»։ Եվ թեկուզ մինչև ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցությունը Վրաստանը դեռ ճանապարհ ունի անցնելու, այնուհանդերձ, այդ գործընթացին արագացված տեմպ է հաղորդվում, ինչի մասին վկայում է Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների արտգործնախարարների վերջին նիստը։
Ինչպես և կանխատեսելի էր, օգոստոսի 19-ին տեղի ունեցած այդ միջոցառումը նախաձեռնվեց ԱՄՆ-ի պահանջով՝ Ռուսաստանին «խելքի բերելու» մտադրությամբ։ Սակայն նիստի ընթացքը բավական դժվարին էր։ Մի քանի ժամ ՆԱՏՕ-ի արտգործնախարարները չէին կարողանում համաձայնեցնել համատեղ հաղորդագրության տեքստը, որն արդյունքում ստացվեց բավական կանխատեսելի։ Դաշինքի 26 երկրները որոշեցին, որ Ռուսաստանի հետ կողք կողքի ապրելը, այնուհանդերձ, այլընտրանք չունի, սակայն այսուհետ Մոսկվայի հետ պետք է խոսել ոչ միայն կոռեկտ, այլև կոշտ։ Որոշվեց ստեղծել «ՆԱՏՕ-Վրաստան» հանձնաժողով, որն իրենից ներկայացնելու է փոխադարձ խորհրդատվությունների մեխանիզմ, ինչպիսին կա ՈՒկրաինայի դեպքում։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը հայտարարեց, որ նպատակահարմար չի համարում «Ռուսաստան-ՆԱՏՕ» համատեղ խորհրդի նիստերի հրավիրումը, քանի դեռ ռուսական զորքերը չեն հեռացել Վրաստանի հիմնական տարածքից, և մասնավորապես ընդգծեց. «Ընդհանուր առմամբ հիմա Մոսկվայի հետ անհնարին է գործերը վարել այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Մենք չենք փակում դռները, բայց նաև չենք կարող շարունակել հարաբերություններ կառուցել այնպես, իբր ոչինչ չի եղել։ Մանավանդ որ Ռուսաստանը հետ է կանգնում այն սկզբունքներից, որոնց հիմքի վրա մենք պայմանավորվել ենք կառուցել մեր փոխհարաբերությունները»։
Հազիվ թե այս տարվա ապրիլին տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո որևէ մեկը կարող էր ենթադրել, որ Վրաստանի անդամակցության հարցը օրակարգային կդառնա ոչ թե այս տարվա դեկտեմբերին, այլ նույնիսկ օգոստոսին։ Ավելին, շատ քաղաքագետներ և մեկնաբաններ վստահ էին, որ Վրաստանին և ՈՒկրաինային առնչվող հարցի քննարկումն այս տարի առհասարակ տեղի չի ունենա և կհետաձգվի։ Սակայն Հարավային Օսիայի պատերազմը խառնեց բոլոր խաղաթղթերը, և նույնիսկ Ֆրանսիան ու Գերմանիան կարծես որոշել են, որ Ռուսաստանի կողմից նախաձեռնած ռազմական գործողությունները վնասակար էին, ու մտադիր են փոխել իրենց նախկին դիրքորոշումը։ Իսկ դրանից կարելի է անել հետևություն, որ ՆԱՏՕ-ի ընդարձակումը արևմտյան քաղաքագետներն արդեն դիտարկում են իբրև Ռուսաստանի հետագա հնարավոր գործողությունները կանխելու միակ միջոց։ Այս դիրքորոշման արտահայտությունը եղավ Քոնդոլիզա Ռայսի այն հայտարարությունը, թե «սառը պատերազմը» վերսկսելու Ռուսաստանի ցանկացած փորձ՝ Եվրոպայի միջով նոր բաժանարար գծերի անցկացման, ԽՍՀՄ-ի նախկին հանրապետությունների և իր նախկին դաշնակիցներին վախեցնելու միջոցով, արդյունք չի տա։ Իր հերթին ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Կարմեն Ռոմերոն կարծիք հայտնեց, որ Վրաստանը միանգամայն կարող է հույս ունենալ, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր կստանա, և Թբիլիսին ու Կիևը վաղ թե ուշ կհայտնվեն դաշինքի կազմում, եթե միայն շարունակեն այդպիսի ցանկություն դրսևորել։
Ինչպես և սպասելի էր, Ռուսաստանը ծայրահեղ դժգոհություն արտահայտեց ՆԱՏՕ-ի վերջին դիրքորոշումների կապակցությամբ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մասնավորապես նշեց. «Հյուսիսատլանտյան դաշինքը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն փաստացի վերցնում է իր պաշտպանության տակ, և Ռուսաստանն անհրաժեշտ հետևություններ կանի այսպիսի դիրքորոշումից։ «Ռուսաստան-ՆԱՏՕ» խորհուրդն էլ իր հերթին ստեղծվել է ոչ նրա համար, որ այնտեղ փորձեն դաստիարակել Ռուսաստանին։ Այն ստեղծված է Եվրոպայում և եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության ապահովման համար, և մենք, ինչպես նախկինում, համարում ենք, որ այդ խնդիրները չեն կորցրել իրենց հրատապությունը»։ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինն իր հերթին հարկ համարեց արձանագրել, որ Ռուսաստանի սահմանակից նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների անդամակցությունը ՆԱՏՕ-ին Մոսկվայի համար կտրականապես անընդունելի է։ Ըստ Ռագոզինի` «Անշուշտ, ՆԱՏՕ-ն ունի հարաբերություններ ՈՒկրաինայի և Վրաստանի հետ, բայց հարաբերություններ ունի նաև Ռուսաստանի հետ։ Եվ այդ մասին մոռանալ պետք չէ, բոլոր այդ հետաքրքրությունները պետք է հավասարակշռված դրսևորվեն։ Մեր հայացքները պետք է հաշվի առնվեն, և ոչ թե փորձ արվի ռազմական մեքենա ստեղծելու մեր սահմանների կողքին»։ Սակայն եթե Մոսկվան գնա Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ճանապարհով, ինչը միանգամայն հնարավոր է Ռուսաստանում այսօր ձևավորված հասարակական կարծիքի պայմաններում, Կրեմլի համար այլևս շատ դժվար կլինի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացին խոչընդոտելը։
Միաժամանակ փաստ է, որ արևմտյան բազմաթիվ դիտորդներ նպատակահարմար չեն համարում Արևմուտքի՝ Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականության խորացումը, կարծիք հայտնելով, թե Ռուսաստանը կարևորագույն դերակատարություն ունի աշխարհում, և եթե հարաբերությունները հասնեն սառը պատերազմի իրավիճակի, ապա դա շատ թանկ կնստի Արևմուտքի վրա։ Չիկագոյի համալսարանի՝ ռուսական պատմության մասնագետ Ռոնալդ Սունին այս կապակցությամբ մասնավորապես նշել է. «Մենք կարծես ինչ-որ շատ լուրջ բանի նախաշեմին ենք։ Առաջին հայացքից թվում էր, թե ռուս-վրացական կոնֆլիկտի ծավալները մեծ չեն։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ խնդիրը միայն Հարավային Օսիան չէ, և այս հակամարտությունը կարող է հանգեցնել երկու գերտերությունների բախմանը՝ միջազգային անվտանգության համար վնասակար բոլոր հետևանքներով»։ Միևնույն ժամանակ Արևմուտքում չեն մոռանում, որ Ռուսաստանը շարունակում է հանդիսանալ էներգակիրներ տրամադրող հիմնական երկիրը ՆԱՏՕ-ի եվրոպական պետությունների, հատկապես Ֆրանսիայի և Գերմանիայի համար։ Այս փաստարկը, անշուշտ, նշանակություն է ունեցել, երբ ՆԱՏՕ-ի խորհուրդը խուսափեց Ռուսաստանի նկատմամբ կոշտ հայտարարություններ ընդունելուց։ Ամերիկյան քաղաքագետ Մարշալ Գոլդմանն այս կապակցությամբ մասնավորապես հայտարարեց. «Մենք այնքան էլ շատ լծակներ չունենք իր տնտեսական պոտենցիալը վերականգնած Ռուսաստանին ճնշելու համար։ Ռուսաստանն այսօր դրական առևտրային բալանս ունի՝ գումարած նավթի և գազի խոշոր պաշարները։ Նրա դիրքորոշման վրա ազդելն այդքան էլ հեշտ չի լինելու»։
Իրադարձությունների զարգացման տրամաբանությունը հուշում է, որ իբրև լրջագույն փաստարկ Կրեմլը շարունակում է օգտագործել հենց տնտեսական գործոնները։ Այսօր նավթային եկամուտների մեջ լողացող Մոսկվան հաջողությամբ ամրապնդում է իր դիրքերը գլոբալ տնտեսական ասպարեզում։ Վլադիմիր Պուտինի նախագահության վերջին ժամկետում Ռուսաստանը միլիարդատերերի քանակով զբաղեցրեց աշխարհում առաջին տեղը և սկսեց ձևավորել նոր ռազմավարություն, որն օլիգարխներն անվանում են Կրեմլի պլան։ Ըստ այդ պլանի, Պուտինը ռուսական բիզնեսի տիտաններին առաջարկել է ծավալել բազմավեկտոր գործունեություն, իսկ Դմիտրի Մեդվեդևը, իր հերթին, ուղղորդում է նրանց այն ուղղությամբ, որ մի ոտքով կանգնած լինեն ռուսական հողին, բայց մյուսով ընդարձակեն իրենց ազդեցությունն ամբողջ աշխարհում՝ դրանով ընդարձակելով նաև Ռուսաստանի հզորությունը։ Իսկ այս համատեքստում պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանի բարձրագույն օլիգարխիան իրենից ներկայացնում է բարձրագույն չինովնիկների կաստա՝ սերտաճած խոշոր գազային, նավթային և այլ ընկերությունների հետ։ Դա դրսևորվում է ինչպես համատեղ բաժնետիրական կապիտալի առկայությամբ, այնպես էլ ոչ ֆորմալ ազդեցությամբ, ինչի արդյունքում էլ ռուսական վերնախավում ձևավորվում են շատ ինքնատիպ և հավակնոտ մոտեցումներ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ։ Նույնիսկ ռուսական ամենալիբերալ քաղաքական գործիչներից Իրինա Խակամադան այս կապակցությամբ նշում է. «Մի կողմից օլիգարխներին պետք են շուկաներ, բայց մյուս կողմից էլ նրանք համարում են, որ այդ շուկաները ոչ մի տեղ էլ չեն կորչի։ Ռուսաստանն այսօր կոնյունկտուրային վերելքի մեջ է, և Եվրոպան երբեք չի գնա Մոսկվայի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման»։
Դժվար է ասել՝ կհամակերպվե՞ն Արևմուտքը և հատկապես Եվրոպան Ռուսաստանի «տնտեսական մահակի» հետ, թե՞ Մոսկվան, այնուամենայնիվ, սխալվում է, կարծելով, որ իր գազից, նավթից, անտառափայտից և այլ հումքից Արևմուտքի կախվածությունն այդքան մեծ է։ Սակայն պետք է ուշադրություն դարձնել նաև այն փաստի վրա, որ եթե բոլորովին վերջերս մայրցամաքային Եվրոպայի առանցքը ներկայացնող Ֆրանսիան և Գերմանիան դեմ հանդես եկան Վրաստանին և ՈՒկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցության հրավեր տրամադրելուն, ապա այսօր հենց այդ երկու երկրների դիրքորոշումներում է փոփոխության միտում արձանագրվում։ Ավելին, ոչ անհայտ ամերիկյան քաղաքական գործիչ Զբիգնև Բժեզինսկու կարծիքով` հաջորդ «տաք կետը» կարող է դառնալ հենց ՈՒկրաինան. «Առայժմ վաղ է խոսել այն մասին, թե կոնկրետ ինչպիսի քայլերի պետք է դիմի Արևմուտքը Մոսկվայի դեմ։ Բայց Ռուսաստանին պետք է բացատրել, որ ինքը ռիսկի է դիմում և կարող է ենթարկվել միջազգային մեկուսացման։ Դա սկզբունքորեն պետք է խիստ մտահոգի նոր ռուսական գործարար էլիտային. օլիգարխներն արևմտյան բանկերում հարյուրավոր միլիարդներով դոլարներ են պահում։ Նրանք շատ բան կկորցնեն հակադրության խորացման դեպքում, մանավանդ որ դա որոշակի փուլում կարող է վերածվել Արևմուտքում ռուսական հաշիվների սառեցման»։
Հանրագումարում կարող ենք նշել, որ մինչև վերջերս ֆանտաստիկ էր թվում այն գաղափարը, թե հնարավոր կլինի փակել նատօյական օղակը Ռուսաստանի համար ամենախոցելի՝ կովկասյան տարածաշրջանում։ Սակայն վերջին իրադարձությունների արդյունքում այս խնդիրը նոր հրատապություն է ձեռք բերել, և չի բացառվում, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի՝ Վրաստանից անջատվելու տարբերակով այն դառնա միանգամայն իրագործելի։ Եվ այդ պարագայում շատ մեծ է հավանականությունը, որ Կովկասում իր ազդեցության լծակների մի մասից զրկված Ռուսաստանը կփորձի այդ լծակների կորուստը փոխհատուցել Հայաստանի և ԼՂՀ-ի միջոցով իրադարձությունների վրա ներգործելու ճանապարհով։ Իսկ սա, մեր կարծիքով, շատ լուրջ խնդիր է և պետք է առավել քան հիմնավոր քննարկման արժանանա ինչպես Հայաստանի քաղաքական վերնախավի, այնպես էլ հասարակության լայն շրջանակներում։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5771

Մեկնաբանություններ