ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեր օրերի «Նոստրադամուսը»

Մեր օրերի «Նոստրադամուսը»
17.03.2023 | 09:15

Վարչապետ ունենք՝ աշխարհը չունի… ամեն ինչ կանխատեսող, նախապես զգուշացնող:
Լիրիկական զեղումներով, դերասանական վարպետությամբ՝ կոնսպիրոլոգիական տեսություններ, նիհիլիստական թեզեր ու հավանականության սցենարներ է առաջ քաշում, անմեղության կանխավարկածը պատեհ-անպատեհ մեջբերում, անհարկի համեմատություններ ու զուգահեռներ անցկացնում, մանիպուլյացիայի, ցինիզմի, պոպուլիզմի ու դեմագոգիայի բացառիկ տաղանդն ի ցույց դնում, լրագրողական հնարքներ բանեցնում, բայց և խոստովանում, որ կաշկանդված է:
Այսօր էլ պարզվեց, որ մեր երբեմնի «դուխով» առաջնորդը կաշկանդված է:
Օրինակ. կաշկանդված է ասել՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:
Կաշկանդված է ասել՝ «ինքնորոշման իրավունք»:
Ողջ իշխանություններով կաշկանդված են արդեն իսկ գործածել «Արցախի Հանրապետություն» բառերը, փոխարենը ցուցված է օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը:
Բա հիմա ինչպե՞ս չասես՝
- Ա՛յ «ընկեր», բա երեք տարի առաջ ի՞նչ էիր մտածում, կամ ինչո՞վ էիր մտածում, երբ Ստեփանակերտում ասում էիր՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»:
Բա այդ ժամանակ հեռատեսությունդ, քաղաքական հոտառությունդ որտե՞ղ էին:
Բա չէիր մտածու՞մ ասածիդ պատճառահետևանքների մասին:
Չէիր մտածու՞մ այսօր փաստի առաջ կանգնելուդ մասին:
Մտքովդ չէր անցնու՞մ՝ չմեծամտանայիր, նման բաներ չասեիր, որ այսօր էլ չկաշկանդվեիր:
Թե՞ այն ժամանակ ձայնդ տաք տեղից էր գալիս, կամ որ աստեղային ժամդ էր, գիտեիր՝ ինչ ասես մարսելու ես:
Դու իհարկե մարսեցիր, բայց մենք՝ ազգովի չմարսեցինք:
Հարց է, թե դեռ քանի՜ սերունդ, ի՞նչ է անելու՝ իրավիճակը շտկելու համար:
Այո՛, երեք տարի առաջ դու ոչ մի բանից կաշկանդված չէիր, իսկ հիմա ամեն ինչից պետք է կաշկանդվես:
Թե՛ քաղաքականապես, և թե` առավել ևս բարոյապես:
Երեք տարի առաջ կարող էիր ազատ ման գալ Երևանի փողոցներով, հեծանիվով գործի գնայիր, ճանապարհին էլ «ժողջանին» օդային պաչիկներ տալ, որովհետև՝ «ընկալելի», «սիրված» կերպար էիր, ժողովրդավարության «բաստիոնի» առաջնորդ էիր:
Հիմա է, որ «ախրանապետություն» է, մասնաշենքից մասնաշենք՝ բյուր ոստիկանների, թիկնապահների ու դիպուկահարների ուղեկցությամբ է, «մասկիրովկա» եղած, խանութում՝ առևտուր, փողոցներում՝ եգիպտացորեն ու կարկանդակ ուտելով է:
Հիմա է, որ բացահայտ «ձեռքերդ լվացել» ես Արցախից:
Արցախի անունից, Արցախի տեղը կապիտուլյացիոն փաստաթղթեր կարող ես ստորագրել, բայց երաշխավորը չես կարող լինել:
Իսկ այսօր մանևրել, թե Արցախը քեզ քվե չի տվել...
Հիմա է, որ քեզ ստիպված պետք է հիշեցնեն, որ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշումը կասկածի տակ չպետք է դնել:
Հիմա է, որ քաղում ենք հեղափոխության պտուղները:
Ասում եք՝ թավշյա, ոչ բռնի, անարյուն հեղափոխություն էր:
Ո՛չ, պարո՛ն վարչապետ, այս հեղափոխությունն «ամենարյունոտն» էր:
Այս հեղափոխությունն արժեցավ 4 000 և ավելի մարդկանց կյանք:
Իսկ այսօր ականատեսն ենք դառնում, թե ինչպես է այս հեղափոխությունն իր զավակներին «փուռը» տալիս:
Թե ինչպես է մսխում ժողովրդի տված մանդատն ու վստահությունը:
Պատերազմի ժամանակ բանակում «ծվարած» «5-րդ շարասյուններից» եք խոսում:
Բա հայտնաբերեիք, «մաքրեիք», լիկվիդացնեիք նրանց:
Մուրճ ու մանգաղ էիք թափ տալիս, դրանց բոլորին պատրաստ էիք «դոմփել»...
Կամ դուք չէի՞ք, որ օրը մեջ՝ ՊՆ նախարար, ԳՇ պետ, կորպուսների հրամանատարներ ու ԱԱԾ պետեր էիք փոխում:
Կամ՝ դուք ի՞նչ եք արել բանակի համար:
Պատերազմից հետո արդյոք հավուր պատշաճի կահավորե՞լ եք առաջնագիծն ու նոր բնագծերը, ամրաշինական աշխատանքներ կատարե՞լ եք, նոր սպառազինություն ձեռք բերե՞լ եք:
Վերազինե՞լ եք կորպուսները, բանակի մարտունակությունը վերականգնե՞լ եք:
Ո՛չ, այդ ամենի փոխարեն ընդամենը սիրողական մակարդակով խոսվել է Հնդկաստանից ինչ-որ զենքեր ձեռք բերելու մասին:
Իսկ այսօր անվարան խոսում եք պատերազմի խիստ հավանականության, իսկ ձեր ՊՆ նախարարը՝ «պետք լինի ամեն գնով թշնամուն դիմակայելու» մասին:
Ամեն գնո՞վ:
«Ամեն գին» ասվածը ձեր պարագայում բացառապես մարդկային կյանքերն են ու տարածքների կորուստները:
Սա հերթական անգամ՝ լուսավոր տղաներին «մսաղաց» տանելն է:
Ինչքա՞ն կարելի նման հայտարարություններով սնել սեփական ժողովրդին:
Մեկ ասում եք՝ մարտի 1-ը բացահայտված է, մեղավորները՝ հաստատված, բայց առ այսօր մի հոգի անգամ չկա պատասխանատվության ենթարկված:
Մեկ ասում եք՝ Օնիկ Գասպարյանն իմ մանկության ընկերն է, իրեն կատարյալ վստահում եք, մեկ ասում՝ դավաճանել է ու որ մինչև հիմա դեռ պատասխան է տալու Շուշիի կորստի ու նման վատ սցենարով պատերազմի վերջնավարտի համար:
Մեկ ասում եք՝ կոռուպցիան արմատախիլ է արված, բայց նույնիսկ այդ հարցում ձեր թիմակիցների ձեռք բերածների ֆոնին կաշկանդված եք:
Ասում եք՝ տունս ուզում եմ ծախել, բայց առնող չկա, և որ այդ հարցով հույսը դրել եք Աշոտիկի վրա:
Ինչեր ասես, որ կլսենք ձեզանից, բայց ոչ մի հարցին սպառիչ ու բովանդակային պատասխան չենք լսի:
«Շուլուխներ»՝ ինչքա՜ն ասես:
Հասկացել ենք, գիտենք, որ կատակասեր ղեկավար կազմ ունենալը, որոնք ազգին պարգևում են բարձր տրամադրություն՝ ամեն երկրին տրված չէ ունենալ:
Համենայն դեպս, ասուլիսում փաստեցիք, որ պատերազմը խիստ հավանական է, նույնիսկ՝ անխուսափելի:
Միաժամանակ հասարակությանը նախապատրաստեցիք պատերազմի։
Հստակ հասկացրիք, որ խաղաղության օրակարգը տապալված է, բանակցությունները փակուղում են, իսկ «խաղաղության պայմանագիր» ասվածը՝ անիրականանալի:
Դե իսկ՝ «մենք չենք գնում - ՀԱՊԿ-ն է գնում» անհեթեթ ձևակերպումն էլ՝ իր հերթին:
Արի ու մի ասա, թե սարեր-ձորեր ընկնելու տեղը ուղիղ ասեք, որ կայացրել եք՝ ՀԱՊԿ-ը լքելու մասին քաղաքական որոշում:
Իսկ մնացածն արդեն իսկ պարզ է.
մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, մի աննորմալ իրականության մեջ, որտեղ Արցախը ստիպված հորդորում ու պահանջում է Հայաստանի իշխանություններից՝ կասկածի տակ չդնել իրենց ինքնորոշման իրավունքը, չդավաճանել այն ամենին, ինչ ձեռք ենք բերել ու 30 տարուց ի վեր պաշտպանել ենք։
Որ չհանձնեն Արցախը Ադրբեջանին։
Մանավանդ, որ նույնիսկ նրանք են քաջ գիտակցում, որ Ադրբեջանը՝ ժամերի ընթացքում կհոշոտի 120 հազար հային:
Եվ որ այդքանով չի բավարարվելու:
Գալու է 3 միլիոնի հետևից...
Իսկ վերջում պարզապես կխնդրեմ, որ ձեզ վարչապետին վայել պահեք:
Ի վերջո, երկրի ղեկավար եք, առաջին դեմք եք:
Վարչապետն այս աստիճան հակասական կերպար չի կարող լինել:
ՈՒ բա՛վ է «շուլուխներ» անեք նման միջոցառումների ժամանակ:
Ինչևէ, մեզ բոլորիս համբերություն;

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3866

Մեկնաբանություններ