Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Թող պատերազմը դուրս գա մեր միջից

Թող պատերազմը դուրս գա մեր միջից
07.06.2024 | 06:57

Եթե պատերազմը չլիներ, դու իմ հարսը կլինեիր՝ իմ քաղցր, անուշ, սիրելի հարսը։ Ես քեզ մայր կլինեի, աղջկաս նման կսիրեի, ո՜նց կսիրեի, գլխիս վրա դրած ման կտայի... Դու իմ տունը կլցնեիր աղջկական քնքշությամբ, սիրով, քաղցր խոսքերով, որ թաքուն՝ իմ աչքից հեռու, հնչում են ձեր ննջարանի փակ դռան հետևում, իսկ հետո չարաճճի փայլով ծիկրակում քո խոնարհված, ամաչկոտ կոպերի տակից, դու իմ տունը կլցնեիր դեռ երեկվա արգելված պտուղը գիշերները որպես կյանքի օրենք ճաշակող ու քո «մեղքը» բոլորի աչքերում կարդացող աղջկա ամոթխածությամբ, որ դժվարությամբ տեղի տալով՝ պիտի կորեր կամաց-կամաց կլորիկացող քո փորիկի մեջ։ Եթե պատերազմը չլիներ...

Եթե պատերազմը չլիներ, դու իմ թոռների մայրը կլինեիր՝ էդքա՜ն երկար սպասած իմ թոռների։ Գիտե՞ս՝ ոնց կսիրեի թոռներիս, խելքս կգնար նրանց համար։ Ես չէի թողնի, որ դու գիշերը նստեց նրանց կողքին, չէ՛, ե՛ս կնստեի, իսկ դու կքնեիր։ Նրանց ամեն մի ճիչն իմ համար Սայաթ Նովայի մի տաղ կլիներ, ամեն մի շունչը գարուն կբերեր իմ տուն, նրանց քմահաճ արցունքներից հետո ծիածան կկապեր իմ խոհանոցում, իսկ թարսուշիտակ ասած առաջին բառերը կդառնային Մատյան երջանկության։ Ա՜խ, ո՜նց կսիրեի... Եթե պատերազմը չլիներ...

Հայկս մի օր դպրոցից տուն եկավ ու ոգևորված պատմեց, թե ոնց էիր դու հանկարծ ձեր զրույցն ընդհատել, հետո՝ գլուխդ սիրուն թեքել ու ժպտացել իրան։ Ու ես հասկացա որ տղաս մեծացել ա։ Ես հասկացա, որ Հայկս քո մեջ կին ա տեսել ու սիրահարվել ա իր մանկության ընկերուհուն, որ շուտով մի սիրունիկ աղջիկ իմ տանն ինձ մամա կասի, ու ես կհալվեմ, կտարրալուծվեմ երջանկության մեջ։ Գիտե՞ս ինչքան եմ երազել աղջիկ երեխա ունենալ։ Երազանքս կատարվելու վրա էր։ Ա՜խ, եթե պատերազմը չլիներ...

Բայց պատերազմը եղավ։ Պատերազմը եղավ, ու մենք դարձանք պատերազմ։ Մենք մի զարհուրելի փոխակերպում ապրեցինք՝ մեռանք ու հարություն առանք պատերազմական լպրծուն շոշափուկներով։ Պատերազմը մտավ մեր մեջ, ինչպես ձմռան օրը ցուրտն ա մտնում մարմնիդ մեջ, ու ինչքան էլ տաք բան ես գցում վրադ, դողը չի թողնում։

Որովհետև պատերազմում պարտվելը դժբախտություն չի, դժբախտությունը պատերազմի՛ն պարտվելն ա։ Դժբախտությունն էն ա, երբ պատերազմը քո տերն ա դառնում, ու դու խոնարհվում ես պատերազմի առաջ, երբ դու ամեն տեղ պատերազմ ես փնտրում՝ տանը, փողոցում, եկեղեցում, գերեզմանոցում, անգամ ինքդ քո մեջ... Ա՜խ, եթե պատերազմը չլիներ...

«Սերմնացանները չդարձան տուն»... Ու որոմ աճեց որբացած արտում։ Սերմնացանները չդարձան տուն… Նրանց չծնված երեխաները տան ճամփան գտան ու վերադարձան ու գիշերներով շրջում են արտում՝ տխուր ու տրտում։ Ու քամու բերած սերմերից ծնված ամեն մի նոր ծիլ մահ ա ավետում՝ պատերազմական ցնորքը սրտում… Սերմնացանները չդարձան տուն... Թող ների ինձ Գեղամ Սարյանը, որ այլանդակել եմ իր տողերը։ Ե՛ս չեմ այլանդակել, պատերազմն ա այլանդակել՝ պատերազմը, որ մտել ա մեր մեջ ու դուրս չի գալիս...

Հագի՛ քո էն մոդային ճղճղված ջինսերը, էն սիրուն, զմրուխտի գույնի շապիկդ, որ Հայկս շատ էր սիրում, աչքերիդ ծերերին մատիտով փոքր պոչիկներ նկարի, որ տղերքին խելքահան են անում, ու կոպերիդ ծիածանի փոշի շաղ տուր, շուրթերդ վարդագույն ներկի՝ փթթած վարդի նման, կախի՛ Հայկիս նվիրած արծաթե երկար ականջօղերը, վրադ ցանի ամենաթանկ օծանելիքը, դեմքիդ ժպիտ նկարի ու դուրս արի փողոց։ Դուրս արի ու քայլի։ Թող բոլոր տղերքի ուշքը գնա, թող հմայված ընկնեն հետևիցդ, սեր խոստովանեն քեզ, հրաշքներ գործեն հանուն քեզ։ Ընտրի ամենալավին, ամենաարժանավորին, ընտանիք կազմի ու թոռներ բեր իմ համար։ Հա՛, իմ՛ համար։ Նրանք իմ հարազատ հարսիկի, իմ դստրիկի երեխաները կլինեն ու կլինեն իմ թոռները։ Ես հոգի կտամ, կմեռնեմ նրանց համար։ Ու թող նրանք երբեք պատերազմ չորոնեն՝ ո՛չ դրսում, ո՛չ ներսում, ո՛չ ներքևում, ո՛չ վերևում։

Թող պատերազմը դուրս գա մեր միջից։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9302

Մեկնաբանություններ