«Ժողովուրդները կենդանիների և նրանց խարակտերիստիկ բնազդների դիմակի տակ ցուցադրեցին մարդկանց բնավորությունները և տիպերը, դասակարգային հատկությունները, մարդկանց կրքերը, ձգտումները, թերությունները և հիմարությունները: Ձաղկեցին, ծաղրեցին, խարազանեցին բարոյական այդ պակասությունները, այլանդակությունները»,- գրում է Ավետիք Իսահակյանը Իվան Կռիլովի առակների հայերեն հրատարության առաջաբանում («Առակներ» Հատընտիր, 1944թ. «Հայպետհրատ»):
Թեև Կռիլովը ստեղծագործել է ավելի քան երկու հարյուր տարի առաջ, և առակի ժանրը պահանջված է եղել դեռևս Եզոպոսի ժամանակներից և դրանից առաջ, իր արտացոլումը, որպես խրատանի գտել Աստվածաշնչում, իսկ մեր իրականության մեջ կատարելության հասել Վարդան Այգեկցու և այլ հեղինակների շնորհիվ, այնուամենայնիվ, մարդ արարածը շարունակում է բուռն և ջանադրաբար դրսևորել իր պակասություններն ու թերությունները, նոր պայմաններում նորովի զարգացնելով դրանք՝ կուլ գնալ արատավոր կրքերին ու բարքերին՝ անտեսելով, որ քար նետողների համար գալիս է նաև այդ քարերը հավաքելու ժամանակը, դասեր չքաղելով փոխաբերական իմաստ պարունակող խրատներից, թե, ի վերջո, տվյալ առակն ի՞նչ ցուցաներ: Ագահություն և մեծամտություն, խարդախություն և խաբեություն, մատնություն և դավաճանություն, գետնաքարշություն և մորթապաշտություն, երեսպաշտություն և եսամոլություն, և այլն և այլն.
Ստոր և անարգելի երևույթների անվերջանալի շարան, որով վարակվում են գլխավորապես իրավունքը տնօրինող և պարտականությունն անտեսող անձինք, պաշտոնյաներ, իրավիճակի տերեր, որոնց գործունեությունն առավել քան տեսանելի, առավել քան ներգործուն է հասարակական կյանքի համար:
Մեր օրերը դրա վառ ապացույցն են՝ իրենց բացարձակ անթաքույց և բացահայտ արտահայտություններով՝ շահամոլության, ազգուրացության, տգիտության և այլ խայտառակությունների՝ հանդուգն և ինքնավստահ գոհունակությամբ օժտված, անպատժելիության և ամենազորության թվացյալ վահաններով զրահապատված արտոնյալների, որոնք որքան շեշտեցին իրենց ժողովրդականությունը, արդքան ավելի մարդախույզ, միգուցե նաև մարդատյաց դարձան: Կարդում եմ գրառումներ, հաճախ արդեն առանց զարմանքի, բայց նողկանքով լսում իմաստունի պատմուճան հագած անձանց զանազան բարբաջանքներ ու զառանցանքներ, որոնցից ոմանց կաշին դաբախանից գիտես, տեսնում պղծության կեղտից փայլփլող ինքնագոհ և անամոթ նորաթուխ դիմակավորների, ականատեսը լինում նրանց ցինիզմի, լկտի պահվածքի և ունկնդիրը՝ փողոցային բառամթերքի, որոնց համար ոտնակոխելի է ցանկացած սրբություն, միայն թե փորը կուշտ, տակը չոր լինի, իսկ աչքը, միևնույն է, սոված է մնալու, քանզի չէին տեսել պատից կախ՝ տեսան ճակտից կախ, և այդ համատարած աննախադեպ ավերումի ճարտարապետները զարմանալիորեն հանդուրժվեցին, հանդուրժվում են...
Ինչևէ: Ցավալիորեն, առակներ բեմականցվում են ամեն օր, մեր աչքի առջև, և այդ ներկայացումների վերջին արարն այդպես էլ մնում է անտեսանելի՝ երանելի անբանության և ինքնախաբեության թմբիրի մեջ թաղված հանդիսատեսի համար, որը ննջում և չտեսնելու է տալիս օտար հեղինակների չարամիտ պիեսի հետևանքները, իր գլխին կախված սպառնալիքները՝ նշանակված խամաճիկային դերակատարներն ապաշնորհ ու անտաղանդ են, ոչ մի աղերս չունեն բեմական արվեստի հետ, գլխավոր ռեժիսորի թելադրած՝ կամակատարի համառ հետևողականությամբ կործանում են հազարամյա ավանդական թատրոնը, և հեռու չէ այն օրը, երբ կփլուզվի դարեր շարունակ արյամբ ու քրտինքով կառուցված շենքի առաստաղը և գետնի տակ կանցնի հատակը՝ իր հետ տանելով քնկոտ ու ծույլ հանդիսականին...
Իսկ հարկ եղած դեպքում, դիմակավորների մեջ արթնանում է ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ հոգեբանությանը գերվածի անձնական ինքնապաշտպանության խեղված բնազդը՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է տրամաբանությամբ: Յո՛ երթաս, իմ հազարամյա և բազմաչարչար Հայրենիք, իմ խաբված ու դյուրահավատ Ժողովուրդ: Խելացի, բանիմաց, մասնագիտական բոլոր դիտողություններն ու առաջարկությունները խեղդվում ու բռնաբարվում են խանձարուրում՝ ամբոխվարության կեղծ ու ճղճիմ հակադարձումներից, հիշեցնելով կռիլովյան հայտնի առակի խորհուրդը: ՈՒզում ես մթան մեջ առկայծող կանթեղի նման փայփայել այն Հույսը, որ Գլխովդ շատ ամպեր կանցնեն, բայց Սարը կմնա անսասան, եթե ձեռքերդ ծալած, լեզուդ պապանձված, միտքդ՝ մարած չնստես, հանց օտարների ողորմածությունը մուրացող ինքնակործան թամաշայի անբան մասնակից ու հանդիսատես: Աչքի առաջ ունեցիր և ականջներիդ մեծ օղ արա, որ հանդուրժողականությունդ անարդարությունների և մեծ ու փոքր կեղեքումների հանդեպ հանգեցնելու է ապագա սերունդներիդ ստրկությանը նեռին...
Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ
Փողոցներով փղին էին ման ածում,
Հավանորեն ցուցադրում-
Հայտնի է, որ նորություն է փիղը մեզ մոտ,-
Ահա եկել ու նայում են անգործ մարդիկ:
Որտեղից ուր մի չար քոթոթ վազեց հերսոտ,
Տեսավ փղին, հաչեց սաստիկ:
Դես ընկավ, դեն, վեր-վեր ցատկեց ու ճղճղաց,
Եվ ուզում էր կռիվ անի բացե ի բաց:
«Էհ, խայտառակ մի՛ անի քեզ,-
Ասաց մի շուն,- դու ի՞նչ ես որ փղին հաղթես-
Տե՛ս, թե ոնց ես դու խռպոտում, բայց իր ճամփան
Անց է կենում նա անխափան,
Քո հաչոցն էլ չի՛ նկատում»:
«Վա՛հ, տնաշեն,- քոթոթն ասաց,-
Ես էլ էդքան չարչարվում եմ, ինձ կտրատում,
Որ հենց էսպես-կռիվ չարած
Անուն հանեմ՝ իբրև հայտնի մի կռվարար,
Թող շներն էլ պատմեն իրար-
Այ, քեզ շնիկ, տեսեք հապա ինչ քաջ է նա,
Որ հաչում է փղի վրա»:
Փոխադրությունը՝ Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆԻ
Հ.Գ.
Կու՛ժ, քե՛զ եմ ասում, կուլա՛, կճո՛ւճ, կարա՛ս՝ հասկացեք վերջապես:
Հ.Գ.
Հե՜յ, ո՞վ կա այդտեղ...