07.06.2024|
06:57
Եթե պատերազմը չլիներ, դու իմ հարսը կլինեիր՝ իմ քաղցր, անուշ, սիրելի հարսը։ Ես քեզ մայր կլինեի, աղջկաս նման կսիրեի, ո՜նց կսիրեի, գլխիս վրա դրած ման կտայի... Դու իմ տունը կլցնեիր աղջկական քնքշությամբ, սիրով, քաղցր խոսքերով, որ թաքուն՝ իմ աչքից հեռու, հնչում են ձեր ննջարանի փակ դռան հետևում, իսկ հետո չարաճճի փայլով ծիկրակում քո խոնարհված, ամաչկոտ կոպերի տակից, դու իմ տունը կլցնեիր դեռ երեկվա արգելված պտուղը գիշերները որպես կյանքի օրենք ճաշակող ու քո «մեղքը» բոլորի աչքերում կարդացող աղջկա ամոթխածությամբ, որ դժվարությամբ տեղի տալով՝ պիտի կորեր կամաց-կամաց կլորիկացող քո փորիկի մեջ։ Եթե պատերազմը չլիներ...