ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՀՅԴ-ն ունակ է դառնալու երրորդ բևեռի առանցքը կազմող հիմնական քաղաքական ուժը

ՀՅԴ-ն ունակ է դառնալու երրորդ բևեռի առանցքը կազմող հիմնական քաղաքական ուժը
31.10.2008 | 00:00

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՓԼՈՒԶՈՒՄԸ, ԿԱՄ` ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական զարգացումների առանցքում աստիճանաբար ուրվագծվում են Հայ հեղափոխական դաշնակցության ներսում տեղի ունեցող խմորումները և մասնավորապես այդ համատեքստում կառավարող կոալիցիայի փլուզման հնարավորությունը։
Արդեն ոչ մեկ անգամ ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկություն, որ ՀՅԴ շարքերում բարդ իրադրություն է, շարքային դաշնակցականների զգալի զանգվածը դժգոհ է կուսակցության ղեկավարության վարած քաղաքականությունից՝ հատկապես Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ ոչ բարենպաստ զարգացումների այս շրջանում, երբ դաշնակցությունը բավարար վճռականությամբ և համապատասխան կոշտ դիրքորոշմամբ հանդես չի գալիս կամ առնվազն չի փորձում փարատել իր համակիր զանգվածի և կուսակցական շարքերի մտահոգությունները։
Որքանո՞վ են ոչ պաշտոնական խողովակներով տարածվող այս լուրերը հիմնավոր, դժվար է ասել։ ՀՅԴ-ն, ինչպես նախկինում, մնում է հայ իրականության ամենափակ կառույցներից մեկը, երբ այն ամենը, ինչ կոչվում է արտաքին աշխարհ, շատ սուղ է տեղեկացված կուսակցության ներսում ընթացող զարգացումներից։ Բայց, այնուհանդերձ, եթե անգամ այդպիսի ոչ պաշտոնական տեղեկատվություն հայտնվում է մամուլի բացարձակապես տարբեր կողմնորոշում ունեցող միջոցներում, սա արդեն իսկ նշանակում է, որ ներկուսակցական խմորումներ, անկասկած, կան։ Անուղղակիորեն այդ են վկայում նաև դաշնակցության պաշտոնական ներկայացուցիչների տարբեր հայտարարությունները, որտեղ վերջին շրջանում ուրվագծվում է կառավարող կոալիցիայից դուրս գալու հնարավորությունը չբացառելը։ Ոչ անհայտ և բավական ազդեցիկ դաշնակցական գործիչ Կիրո Մանոյանն էլ վերջին ասուլիսում անթաքույց նշել էր, որ իրենք այսօր փորձում են կառավարող կոալիցիայի ներսում ունեցած լծակներն օգտագործելով կանխել աննպաստ զարգացումներն Արցախի հարցում՝ հայ-թուրքական հարաբերությունների հետագա ձևավորման առումով։ Բայց եթե այդ լծակները բավարար չլինեն, ՀՅԴ-ն կարող է և դուրս գալ կոալիցիայից, ինչը նշանակում է հայտնվել, փաստորեն, ընդդիմադիր դաշտում։
Պատահական չէ, թերևս, այն հանգամանքը, որ իշխանամետ մամուլում ևս վերջին շրջանում ավելացել են դաշնակցության հասցեին քննադատական բնույթի հրապարակումներն ու փոքրիկ «կծոցները»։ Այս ամենն ինչ-որ առումով ստեղծում է տպավորություն, թե իշխանությանն էլ այս պահին ձեռնտու կլիներ դաշնակցության՝ կառավարող կոալիցիայից դուրս գալն ու ընդդիմություն անցնելը։
Մանավանդ որ Տեր-Պետրոսյանի գլխավորած արմատական ընդդիմությունն իր վերջին գործողություններով ակնհայտորեն ցույց տվեց, որ մտադիր չէ ղարաբաղյան հիմնախնդրի սրացման այս փուլում ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալել այս հարցի շուրջ և դրանով իսկ իշխանություններին հնարավորություն տալ արտաքին աշխարհին իրավիճակը ներկայացնելու իբրև պայթյունավտանգ, եթե ղարաբաղյան հարցում Հայաստանին ու Ղարաբաղին աննպաստ որոշումներ պարտադրվեն։ Այսինքն, արմատական ընդդիմությունը, ընդմիջում վերցնելով, փաստորեն, արձանագրում է, որ ինքը սպասողական կեցվածք է որդեգրում, մինչև իշխանությունները համաձայնություն կտան որևէ պարտվողական փաստաթղթի, և դա առիթ կհանդիսանա նոր հասարակական դժգոհության, ինչն իր հերթին հնարավորություն կընձեռի ընդդիմությանն ակտիվացնել շարժումը հանուն իշխանափոխության։
Այլ կերպ ասած, իշխանությունն այսօր ավելի քան կարիք ունի Ղարաբաղի հարցում արմատական դիրքորոշումներ ունեցող ընդդիմության, որը միաժամանակ որոշակի կշիռ ունենա հասարակության մեջ և ռեսուրսներ՝ այլ քաղաքական ուժերի իր շուրջը համախմբելու համար։ Դաշնակցությունն ավելի քան համապատասխան է այդ դերակատարությունը ստանձնելու տեսանկյունից, բայց «չար լեզուները» պնդում են, որ կա «լոկալ» պրոբլեմ։ Խնդիրն այն է, որ 1998-ից ի վեր բոլոր կառավարություններում մասնակցություն ունենալով, իշխանության բարձր և միջին օղակներում իր ներկայացուցիչներին նշանակելով՝ նույնիսկ դաշնակցությունը վերածվել է որոշ իմաստով նոմենկլատուրային կուսակցության։ Այսինքն՝ կուսակցական ղեկավար կազմի մի նեղ խավ, պաշտոնական դիրքեր զբաղեցնելով, արդեն վաղուց, այդ թվում` անձնական բիզնես-կառուցվածքներով, ինտեգրացված է իշխանության դաշտում։ Հայկական ամենաազգայնական և միաժամանակ միակ իրական սոցիալիստական կուսակցությունը մարմնավորող առանձին չինովնիկներ արդեն այնքան են վարժվել բացառապես անձնական զուգարաններից օգտվելուն և արտասահմանյան մեքենաներով շրջելուն, որ այլևս ոչ մի կերպ իրենց չեն պատկերացնում ընդդիմադիր դաշտում և ընդդիմադիր դրսևորումների մեջ։ Ըստ շրջանառվող լուրերի, կուսակցության հենց այդ փոքր վերնախավն է, որ անցած տարիներին ՀՅԴ շարքերի կայուն դժգոհության պայմաններում ամեն ինչ արել է իշխանության համակարգում դաշնակցության գործունեությունը շարունակելու, այսինքն՝ իր անձնական դերն ու ունեցվածքը պահպանելու համար։ Եվ քանի որ ՀՅԴ վերնախավին ընդդիմադիր դառնալու իշխանությունների բոլոր ակնարկներն ու փորձերը հաջողության չեն հասել, բոլորովին չի բացառվում, որ իշխանական բավականին ազդեցիկ օղակներից է հրահրված ՀՅԴ շարքերում այսօր դրսևորվող հարաճուն դժգոհությունը, որովհետև ազգային ու պետական շահերի պաշտպանությունն այս փուլում դաշնակցությունից պահանջում է բոլորովին այլ գործունեություն ու կեցվածք։ Ի դեպ, նկատելի են որոշ նշաններ, որ կուսակցության ղեկավարությունը, ներքին դժգոհությամբ հանդերձ, սկսել է տեղի տալ շարքերում տիրող տրամադրություններին։ Հակառակ դեպքում բարձրաստիճան դաշնակցականների բերանից շատ անհավանական էր լսել կառավարող կոալիցիայի կազմից դուրս գալու թեկուզ տեսական հնարավորության մասին որևէ հայտարարություն։
Ճիշտ է, «չար լեզուները» պնդում են, որ ՀՅԴ ղեկավարության մեջ տեղ գտած որոշակի տրամադրությունները հետևանք են դաշնակցության և գործող նախագահի միջև սկիզբ առած լուրջ հակասությունների։ ՀՅԴ ղեկավար կազմի առանձին ներկայացուցիչներ մերձավոր շրջանակում ավելի հաճախակի են կարծիք հայտնում, թե Սերժ Սարգսյանի քաղաքականությունն ու գործելաոճն իրենց համար հասկանալի և ընկալելի չէ։ Միաժամանակ հղումներ են արվում, որ Ռոբերտ Քոչարյանն իր գործելաոճով ու քաղաքական կեցվածքով անհամեմատ ավելի կանխատեսելի էր, ու սկզբունքորեն վատ չէր լինի, եթե վերականգնի իր դերակատարությունը կառավարման համակարգում, ինչու չէ, նույնիսկ վարչապետի կարգավիճակով։ Այսինքն՝ չի բացառվում, որ ՀՅԴ ղեկավարության մեջ գործող նախագահից սկիզբ առած դժգոհությունը պայմանավորված լինի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազդեցությամբ, որը նա ունի դաշնակցության որոշ շրջանակների վրա։
Չմոռանանք, որ հենց Քոչարյանի հետ էր կապվում Հայաստանի քաղաքական դաշտում արմատական ընդդիմությանն ու իշխանություններին իբրև հակակշիռ երրորդ բևեռի ձևավորման նախաձեռնությունը։ Բազմիցս հաստատված տեղեկության համաձայն, հենց Քոչարյանն էր մի քանի քաղաքական ուժերի (ԱԻՄ, ՔԴՄ, ՀԱԱԿ, ՀԴԿ և այլք) քաղաքական շփումների հիմնական նախաձեռնողը։ Այս կուսակցությունների միջև «նոր հարաբերությունների» սկզբնավորմանը զուգահեռ հրապարակ նետվեցին և սկսեցին շրջանառվել լուրեր առ այն, որ նախկին նախագահն ինտենսիվ քայլեր է ձեռնարկում իր քաղաքական վերադարձն ապահովելու համար հենարանների ձևավորման ուղղությամբ, պատրաստ է այդ նպատակով շրջանառության մեջ դնելու խոշոր ֆինանսական միջոցներ, ապահովելու իշխանական համակարգում և ՏԻՄ մարմիններում իրեն հավատարիմ մարդկանց աջակցությունը երրորդ բևեռ ձևավորելու պատրաստ քաղաքական ուժերի համախմբման համար։ Ինչպես ցույց տվեց ժամանակը, այս նախագծից բան դուրս չեկավ, որովհետև վերոնշյալ կուսակցությունների կառուցվածքային բազան չափազանց թույլ էր իրական քաղաքական հենարանի վերածվելու համար։ Մինչդեռ դաշնակցությունն իր շուրջ 7 հազար անդամներով, ողջ հանրապետության տարածքով մեկ բավական արդյունավետ գործող կառուցվածքներով, վաղուց ի վեր ձևավորված կանոնադրությամբ ու ավանդույթներով և, վերջապես, վերջին ԱԺ և նախագահական ընտրությունների արդյունքում ստացած եթե ոչ շատ ծանրակշիռ, ապա, համենայն դեպս, էական քվեով, միանգամայն ունակ է դառնալու երրորդ բևեռի առանցքը կազմող հիմնական քաղաքական ուժը, որի շուրջն արդեն կարելի է համախմբել մանր-մունր այլ կուսակցությունների։ Ո՞ր ճանապարհը կընտրի ՀՅԴ-ն, դժվար է ասել։ Եվ, անշուշտ, չի կարելի բացառել, որ իշխանության ներսում հերթական «բազարից» հետո ամեն ինչ կմնա նույնը, նույն կոալիցիան՝ նույն կազմով, եթե դաշնակցության ղեկավարությանը հաջողվի խեղդել շարքերում դրսևորվող «հեղափոխական միտումները»։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 4618

Մեկնաբանություններ