ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մենք հաղթել ենք անհամար զոհերի արյան գնով, և մե՛նք պետք է թելադրենք պարտվածին

Մենք հաղթել ենք անհամար զոհերի արյան գնով, և մե՛նք պետք է թելադրենք պարտվածին
08.11.2013 | 11:20

Սույն հոդվածը գրվել է դեռևս 1997 թ. և արժանացել հայ մեծ լեզվաբան, ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի դրվատանքին:
Նույն` 1997 թ. Երևանում հրավիրվել էր «Պարմանի» համահայկական ուսանողական երկրորդ վեհաժողովը, որի մասնակից մեր երիտասարդների նախաձեռնությամբ հոդվածը տարածվել էր հայկական գաղթօջախներում և տպագրվել սփյուռքահայ բազմաթիվ թերթերում ու հանդեսներում:
Կարծում ենք՝ հոդվածի լրացված ու նորացված տարբերակի վերահրապարակումը ներկայումս կարևոր է ու տեղին, քանզի հայրենական պետական այրերը, ինչպես նաև սփյուռքահայ շահագրգիռ կազմակերպությունները, որ մինչ օրս ուշադրության չէին արժանացրել պատմական այս իրողությունը` օտարին ներկայացնելու սույն հնարավորությունը, հուսանք որ այն ըստ պատշաճի կօգտագործվի:
Հարկ է արժանին հատուցել և ըստ պատշաճի օգտագործել թշնամուն դիմակայելու ցանկացած միջոց ու հնարավորություն:

Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո Լենինի և թուրքական կառավարության (1918 թ.), այնուհետև` Մուստաֆա Քեմալի (1920 թ.) փոխհամաձայնությամբ ստեղծվեց արհեստական մի պետություն, հետևաբար և ազգ, որոնց պայմանականորեն անվանեցին Ադրբեջան (Ատրպատականի արաբերեն արտաբերմամբ) և ադրբեջանցի:
Ադրբեջանը խորհրդային տիպի, այսինքն` սոցիալիստական մինի կայսրություն էր: Ադրբեջանը, պարսկերեն` Ատրպատականը, Իրանի ծայրագավառներից մեկի սոսկ վարչական անվանումն է, հետևաբար, ներկայիս «Ադրբեջան» անվանումն ակնհայտորեն շինծու է:
Ընդհանրապես, ադրբեջանցի կոչված ժողովուրդ, էթնիկական իմաստով, երկրագնդի վրա գոյություն չունի և չի էլ ունեցել: Անգամ եթե նկատի ունենանք զուտ պարսկական հանգամանքը, հունական այդ եզրը կապվում է Ալեքսանդր Մակեդոնացու զորավար Ատրոպետոսի անվան հետ, որն այնուհետև դառնալով Ալեքսանդրի կայսրության այդ հատվածի տիրակալը, իր անվամբ կոչեց այն: Իսկ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում դեգերող ցեղախումբը կամ ժողովուրդը դարասկզբին կոչվել է անդրկովկասյան թուրք կամ անդրկովկասյան թաթար` չշփոթելու համար թուրքերի կամ թաթարների հետ:
Այսպիսով, այդ ցեղը կամ ժողովուրդն ունի երեք զուգահեռ անվանում, որոնցից և ոչ մեկն իրեն չի պատկանում` ո՛չ թուրք, ո՛չ թաթար, ո՛չ, առավել ևս` ադրբեջանցի:
Սույն ժողովուրդը տարածաշրջան մուտք է գործել վերջին հարյուրամյակներին և, տեղի հետ ոչ մի կապ ու առնչություն չունենալով, ջանում է տեղաբնիկ ժողովուրդների էթնիկական, հոգևոր ու նյութական մշակույթը, տարածքը յուրացնել կեղծիքների և պատմական փաստերի աղաղակող աղավաղումների միջոցով: Չէ՞ nր ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքի զգալի մասը պատկանել է Կովկասյան Ալբանիային (Աղվանք): Վերջինիս կազմի մեջ մտնող մոտ երկու տասնյակ մեծ ու փոքր ժողովուրդների բեկորները (մի մասը՝ ՌԴ-ի Դաղստանի Ինքնավար Հանրապետության տարածքում) ներկայումս գոյատևում են որպես «լեռնային» կամ «ոչ լեռնային» ադրբեջանցի: Նրանց պապենական տարածքն ու մշակույթը բռնաբարված են ու անարգված «ադրբեջանցիների» կողմից:
Նույն մեթոդով արդեն 90 տարի Ադրբեջանի Հանրապետության գիտնականներն աճպարարության են ենթարկում Ղարաբաղի ու նրա տեղաբնիկ հայ բնակչության հնադարյան մշակույթը, կատարում «հայտնագործություններ»` ապավինելով արևմտյան բարյացակամությանը:
Ավելորդ չէ հիշել, nր այդ ժողովրդի, ավելի ճիշտ` անանուն ժողովրդի, լեզվով գրավոր առաջին հուշարձանը պատկանում է 17-րդ դարավերջին և 18-րդ դարասկզբին, իսկ սեփական գրեր ստեղծել են սոսկ 20-րդ դարի առաջին քառորդում:
Արդեն 20-րդ դարասկզբին Ղարաբաղ տեղանունը դարձավ քաղաքական շահարկումների առարկա, քանի nր այն պատահականորեն նմանվում էր թուրքերեն սև (կարա, ղարա) և այգի (բաղ) բառերին:
Պատմագիտական և աղբյուրագիտական բազմաթիվ նյութեր վկայում են, որ Ղարաբաղի տարածքն ունեցել է հայերեն երկու զուգահեռ անվանումներ, վարչատարածքային Արցախ և էթնիկական Ղարաբաղ: Անվանումների նման զուգորդումը միանգամայն բնական ու սովորական է համաշխարհային պրակտիկայում, և կարևորը էթնիկական Ղարաբաղ անվանումն է, որը համեմատական լեզվաբանության հիման վրա մաթեմատիկական ճշտությամբ մատնացույց է անում տարածաշրջանի տիրոջը` տեղաբնիկ ժողովրդին:
Այդ առումով «ադրբեջանցի» ժողովրդին կդիմեի այսպես. «Ով անանուն մեր հարևան, ասա անունդ, և ես կասեմ, թե որտեղ է քn հայրենիքը, կամ` ասա, թե ո՞րն է հայրենիքդ, կասեմ կամ կհորինեմ անունդ»:
Ղարաբաղ տեղանվան տարրերը առկա են ու բացահայտ հնդեվրոպական լեզուներում և հատկապես` հայերենում, որից ինքնըստինքյան հետևում է, nր տարածաշրջանի տեղաբնիկ տարրը պետք է հանդիսանա հնդեվրոպական և ոչ թե թուրքական էթնիկական միավոր:
Ղարաբաղ տեղանունն առաջին անգամ հիշատակվել է արաբ պատմիչի կողմից 1319 թվականին. նրան հետևել են պարսիկ աշխարհագրագետ Ղազվինը և հայ պատմիչ Թովմա Մեծոփեցին: Եվրոպացիների կողմից առաջին հիշատակությունը պատկանում է 19-րդ դարի ռուս (ազգությամբ ֆրանսիացի) ճանապարհորդ Շոպենին:
Իսկ ի՞նչ անվանում է ունեցել վերոհիշյալ տարածաշրջանը մինչև 14-րդ դարը, այսինքն` արաբական առաջին հիշատակությունը: Ինչպես կտեսնենք, հազարամյակների ընթացքում անվանափոխություն տեղի չի ունեցել: Պարզապես Ղարաբաղ տեղանունը հայոց լեզվի հետ միաժամանակ կրել է զարգացման անկասելի ու միանգամայն բնականոն փոփոխության հազարամյակների կնիքը: Բայց և պետք է ընդգծել, nր լեզվաբանությանը հայտնի են նմանատիպ բազմաթիվ փաստեր, երբ միմյանց հետ ոչ մի առնչություն չունեցող, տարբեր լեզվաընտանիքներին պատկանող լեզուների առանձին բառեր երբեմն ունենում են արտաքին պատահական նմանություն, թեև իմաստային կապ գոյություն չունի:
Ղարաբաղ տեղանունը հեշտությամբ ստուգաբանվում է հայերենով և հնդեվրոպական մի շարք լեզուներով` կապ չունենալով թյուրքական լեզվաընտանիքի որևէ լեզվի հետ:
Տերմինի բաղկացուցիչ մասերն են` ղարա և բաղ արմատները:
Սկսենք բաղ-ից:
Հիշեցնենք, որ հայոց լեզվի ղ հնչույթը համապատասխանում է հնդեվրոպական լ հնչույթին, թեև հայտնի է նաև, որ մինչմաշտոցյան շրջանում մեր լեզվում այդ ղ-ն ընդհանրապես բացակայել է:
Հայ ժողովուրդը, ինչպես և ցանկացած ժողովուրդ, բաղկացած է էթնիկական տարրերից, մեր պարագայում` հայասացիներից, արմեններից և այլն: Հայկական էթնիկական կարևոր այդ տարրերից բացի, մեկն էլ բալայի (բալայ, բաղայ) ցեղախումբն է: Վերջինիս ցեղանունը պատմական Հայաստանի Մեծ Հայքի տարածքի գրեթե բոլոր 15 աշխարհներում (նահանգներում) թողել է հարյուրավոր տեղանվանական հետքեր: Թվարկենք դրանցից մի քանիսը` Բալու, Բալահովիտ, Բաղեշ, Բաղաց Տուն, Բալալեյոն, Բալաց (նաև` Բաղաց) սար, Բալուլ, Բալուկ, Բալաքույրուկ և այլն: Ղարաբաղը կոչվել է նաև Բաղք, որպես 15 աշխարհներից մեկի զուգահեռ անվանումը: Այստեղ ք մասնիկը ցույց է տալիս որևէ ցեղախմբի կամ ժողովրդի հավաքականություն, ինչպես նաև նրա զբաղեցրած տարածքը (օրինակ` վիրք նշանակում է վրացիներ, իսկ Վիրք` Վրաստան և նույն ձևով աղվանք ու Աղվանք, ափխազք ու Ափխազք և այլն), իսկ գրաբարյան սեռական հոլովով` Բաղաց աշխարհ (համապատասխանաբար` Վիրաց կամ Վրաց երկիր, Աղվանից երկիր և այլն)` արմատական նույն եզրով:
Հիշարժան է, nր Բալու քաղաքի և Բալա ցեղանվան միջև ընդհանրությունն առաջին անգամ նկատեց Ջոն Գարստոնը դեռևս 1923 թվականին, իսկ 1947 թ. Գրիգոր Ղափանցյանն իր «Հայասան` հայերի բնօրրան» աշխատության մեջ հարևանցիորեն է անդրադառնում նույն խնդրին: Ցավոք, հայագիտությունն այլևս չանդրադարձավ դրան: Դեռ ավելին, nրnշ հայ գիտնականներ այն կարծիքին են, nր իրականությունից պետք է ջնջել օտարածին Ղարաբաղը և ոգեկոչել ու nրդեգրել միայն Արցախը:
Հայերենում բալ և բաղ արմատներով էթնոկազմական հազարավոր բառեր են պահպանվել, որոնք այգի հասկացության հետ չունեն որևէ առնչակցություն:
Իսկ Ղարաբաղ տեղանվան մյուս` ղարա (կարա) մասնիկը, որպես արմատական բառ, պահպանվել է հնդեվրոպական մի շարք` ալբաներեն, պարսկերեն, լատիշերեն, լիտվերեն, լատիներեն ու, վերջինիս միջոցով, ռոմանական որոշ լեզուներում:
Հին հունարենում ունեցել է գլուխ, գլխավոր, ղեկավար իմաստը, որը և տարածվել է սլավոնական որոշ լեզուներում, օրինակ` բուլղարերենում, սլովեներենում (դա ակնհայտ է անգամ սլովենական վաղ ֆեոդալական Կարատանյա կոչված պետության անվան մեջ (7-11-րդ դդ. սկիզբ), երբ թուրքերը դեռևս մուտք չէին գործել տարածաշրջան): Կարատանյա-ի մեջ կարա-ն հստակորեն «ցեղախումբ» և «ժողովուրդ» իմաստն ունի, իսկ տան(յա)-ն հնդեվրոպական վեդո, դոն, որից հուն. տանայիս` գետ, ջուր իմաստով է (նաև` Դոն գետի հնագույն անվանումը): Այսինքն` Կարատանյա-ն «գետերի ժողովուրդ» կամ «գետերի երկրի ժողովուրդ» իմաստն ունի, որից էլ հետևում է նրանց ինքնանվանումը` կարատանյացիներ կամ կարատանցիներ:
Այդ առումով կարա-ն հատկապես կարևոր է հին հայերենում` գրաբարում, հին ալբաներենում, հին պարսկերենում, որ սլովեներենին համահունչ` նշանակում է զորք, զորախումբ, բանակ, ցեղ, ցեղախումբ, ժողովուրդ կամ մարդկային որևէ հավաքականություն»` տարբեր բառակապակցություններում:
Հայերենում այն բազմիցս հանդես է գալիս 5-րդ դարի առաջին իսկ գրավոր աղբյուրներում, օրինակ` Ավետարանի առաջին թարգմանության մեջ, որտեղ Հովհաննես Մկրտչի մասին կա հետևյալ արտահայտությունը. «Ով զորավոր սուրբ Կարապետ…»: Կարապետ այստեղ նշանակում է ցեղապետ, իսկ կրոնական իմաստով` հովվապետ: Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել բառաբարդությամբ, օրինակ` նախակարապետ, կարապետել և այլն: Իսկ կարապետել նշանակում է ղեկավարել հոտը, ցեղը, ժողովուրդը կամ զորքը:
Հետևաբար, Ղարաբաղ նշանակում է. ղարա(կարա) - ցեղ կամ ժողովուրդ, իսկ բաղ «բալ»-այի` հայկական էթնոսին պատկանող միավոր, այսինքն` բալայիների ցեղ կամ ժողովուրդ: Ապա հետևում է առավել հակիրճ բառակազմական ձևը` Բաղք-Բաղերի «Բալ-այի-ների» երկիր կամ նրանցով զբաղեցրած տարածք:
Վերոհիշյալ բառարմատներով կազմված բառակապակցությունը, որ դարձել է տեղանուն, նոր չէ և աշխարհագրական սույն միջավայրում հանդես է եկել հազարամյակներ առաջ, երբ գոյություն չուներ ոչ թուրք, ոչ թաթար:
Էթնոկազմական գործընթացով պայմանավորված վերոնշյալ բացահայտումներն ակնհայտորեն ցուցադրում են նաև ղարաբաղցիների շրջանում լայնորեն տարածված ազգանունները` Բալայան, Բալյան (նաև Բաղյան), Կարաբալյան (նաև Կարաբաղյան), Ղարաբաղցյան, Կարայան, Կարյան և այլն:
Անանիա Շիրակացին 7-րդ դարում շարադրած «Աշխարհացույցի» («Աշխարհագրության») մեջ Ղարաբաղի տարածքը հիշատակում է որպես Բաղք, Բաղասական, Բալասական, Բաղաց աշխարհ: Մինչ այդ նույն տեղանվանական եզրերն օգտագործել է 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացին իր «Պատմություն հայոց»-ում: Ավելի վաղ` 2-րդ դարի հունահռոմեական աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսն իր «Աշխարհագրության» 5-րդ գրքում: «Ադրբեջանցիները» սույն հիշատակումներից առնվազն մեկ կամ մեկուկես հազարամյակ հետո պետք է հայտնվեին:
Ղարաբաղ-Արցախը, ինչպես նշվեց, հանդիսացել է Մեծ Հայքի ծայրագավառը` ծվարած բարձր լեռներում ու հարակից հովիտներում: Իր գոյության ողջ ընթացքում դեռևս ոչ ոքի չի հաջողվել ծնկի բերել ղարաբաղցիներին և կոտրել նրանց ազատասիրական ոգին: Մշտապես զենքը ձեռքին` նրանք պաշտպանել են իրենց կյանքն ու արժանապատվությունը:
Օտար նվաճողները, հաշտվելով սեփական պարտության հետ, Ղարաբաղին շնորհել են անկախ կամ կիսանկախ կարգավիճակ` հարկ հավաքելու, դրամ հատելու, զենք կրելու և qnրք ունենալու արտոնությամբ, որից զրկված էին Հայաստանի գրեթե մյուս բոլոր աշխարհներն ու գավառները:
Մինչև 19-րդ դարասկիզբը Ղարաբաղում պահպանվել էին հայկական 5 իշխանությունները` Գյուլիստանում, Խաչենում, Ջրաբերդում, Վարանդայում և Դիզակում, որոնք միասնաբար կոչվում էին Խամսայի մելիքություններ (արաբերեն բառացի` հինգ իշխանություն):
Ղարաբաղը հնուց ի վեր եղել է հայ ազատագրական շարժման միջնաբերդը: Այդ շարժումները գաղափարախոսական և ռազմավարական առումով սկսվել են հենց Ղարաբաղից:
Մեկ անգամ ևս բռնակցելու մարմաջով համակված մեր ժողովրդի «ինտերնացիոնալիստ բարեկամները» նպատակաուղղված են գործել` չեզոքացնելու ղարաբաղցիների և ողջ հայ ժողովրդի ազատասիրական ոգին, զենքով կռվելու և պայքարելու կորովը:
Կարգախոս չէ, թեև կրկնում ենք՝ ղարաբաղցուն ոչ nք չի հաղթել, անգամ 1920-1921 թթ. մինչև ատամները զինված 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, մուսավաթական ավազակախմբերի հետ համատեղ, որոնց թվակազմը Ղարաբաղի այն ժամանակվա բնակչության համեմատ զգալի թիվ էր կազմում, չհաղթեցին: Այն ծանր կացության մեջ ղարաբաղցիները զենքը վայր դրեցին` ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար միայն:
Ղարաբաղի բնակչության 95-97 տոկոսը մշտապես կազմել են հայերը, իսկ նրա վարչական կենտրոն Շուշին մինչև Առաջին աշխարհամարտը հանդիսացել է Անդրկովկասի միատարր հայաբնակ ամենախոշոր քաղաքը:
Ղարաբաղի տարածքում պահպանվել են մի քանի հազար պատմամշակութային հուշարձաններ, այնինչ «ադրբեջանական» հուշարձաններն ընդամենը մի քանի միավոր են կազմում և պատկանում են վերջին 100-150 տարիներին:
Քաջարի ղարաբաղցիները տվել են համամարդկային ընդգրկմամբ բազմաթիվ մեծություններ` գիտնականներ, արվեստագետներ: Սակայն նրանց շարքում մեծ թիվ են զինվորականները և ռազմական գործիչները: Հայտնի է, որ Նապոլեոնի մերձավոր ու քաջարի համհարզ Մամլյուկ Ռոստանը (Ռոստոմ) և ֆելդմարշալ Մյուրատը ղարաբաղցի հայեր են:
Ղարաբաղը տվել է նաև խորհրդային երեք մարշալ` Հովհաննես (Իվան) Բաղրամյան, Արմենակ Խուդյակով-Խանփերյանց, Համազասպ Բաբաջանյան, մի քանի տասնյակ գեներալներ ու հերոսներ, մոտ 45 հազար զինվոր, ովքեր ֆաշիզմի դեմ մղված համամարդկային պայքարում պատկառելի ներդրում ունեցան:
Ներկայիս «ադրբեջանցի» կոչված ժողովուրդը երբևէ պետականություն չի ունեցել և ծնունդն է ու հետևանքը «Չարյաց կայսրության»` Խորհրդային Միության:
Հաղթողի իրավունքով և պատմական արդարության դրոշի ներքո Ղարաբաղը վաղուց ի վեր ինքնիշխան է: Ինչո՞ւ նա պետք է հանդես գա հայցողի դերում: Անցյալում մեկ անգամ արդեն` մոտ 100 տարի առաջ, ռազմի դաշտում հաղթելով, պարտվել ենք դիվանագիտորեն և տարածքներ զիջել պարտվածին: Մեր պատմության աննախադեպ սույն դրվագը չպետք է կրկնվի: Մի՞թե 130-ամյա վաղեմությամբ Բեռլինյան վեհաժողովից դաս չենք առել:
Համաշխարհային հանրությանը ճշմարտությունը, և այն էլ մեր ճշմարտությունը, ներկայացնելը սարսափելի դժվար խնդիր է` ի դեմս շահագրգիռ կեղծիքի: Սակայն հզորագույն կեղծիքների դեմ կռվելը, այն էլ գավառական գերանդիներով, մեղմ ասած, անլուրջ զբաղմունք է:
Վերջապես օգտագործենք և՛ վերոնշյալ ճշմարտությունը, և՛ հաղթանակի գերհզոր գործոնը:
Մենք հաղթել ենք անհամար զոհերի արյան գնով, և մե՛նք պետք է թելադրենք պարտվածին։


Արթուր ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 13407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ