ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-49

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-49
10.07.2024 | 11:39

(սկիզբը` այստեղ)

Արևմուտքում էլ կան ՈՒկրաինայի առնչությամբ հետագա զարգացումների վերաբերյալ իրատես, սթափ դատող, ճիշտ վերլուծություններ կատարելու և ճիշտ գնահատականներ տալու, ճիշտ եզրակացություններ կատարելու ունակ քաղաքական, հանրային և այլ գործիչներ: Նրանցից մեկն իռլանդացի լրագրող Չեյ Բոուզն է: Վերջինս X սոցիալական ցանցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն թույլ չի տա ՈՒկրաինայում խաղաղության հասնել, քանի որ դա չի համապատասխանում դաշինքի շահերին:
«Միայն խաղաղությունն է ՆԱՏՕ- ին վախեցնում ավելի, քան պատերազմը։ Այդ իսկ պատճառով դաշինքը շարունակում է գոյություն ունենալ Խորհրդային Միության անհետացումից 33 տարի անց, ինչն էլ եղել է նրա ստեղծման ու գոյության պատճառը: Եվ ահա հենց այդ պատճառով ՈՒկրաինայում խաղաղությունից (դաշինքում.- ծանոթ.՝ խմբ.) խուսափելու են ամեն գնով»,- գրել է նա:
Իռլանդացի լրագրողի այս տեսակետը միանգամայն հիմնավոր է: Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը դեռ հուլիսի 5-ին ճեպազրույցի ժամանակ, РБК- ի տեղեկացմամբ, հայտնել է, որ հուլիսյան գագաթնաժողովը «հստակ ազդանշան կուղարկի Պուտինին այն մասին, որ եթե նա կարծում է, թե կարող է ավելի երկար դիմանալ, քան այն երկրների կոալիցիան, որոնք աջակցում են ՈՒկրաինային, չարաչար սխալվում է»:
Այսպիսով, ինչպես բխում է վերոնշյալից, եթե ՆԱՏՕ-ի ղեկավարներին ՈՒկրաինական հակամարտության առնչությամբ հարց տրվի՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն, նրանք ընտրելու են առաջինը և խաղաղությունից խուսափելու են ամեն գնով, եթե այդ գինը լինի նույնիսկ Երրորդ համաշխարհային պատերազմը և միլիարդավորների մահը:
Բայդենի, եվրոպական մի շարք երկրների ներկայիս ղեկավարների, ինչպես նաև հենց ՆԱՏՕ-ի այսօրվա ու վաղվա ղեկավարների պաշտոնավարության օրոք Հյուսիսատլանտյան դաշինքն ուկրաինական հակամարտության հարցում գնալու է վա-բանկ, գնալու է մինչև վերջ՝ կամ հաղթանակ՝ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելով, կամ ՈՉԻՆՉ…
Նրանք քանի դեռ դաշինքում և իրենց երկներում իշխանության ղեկին են, չեն դադարեցնելու, հակառակը՝ ավելացնելու են ՈՒկրաինային ռազմական օգնությունը, կռվելու են, ինչպես ասում են, մինչև վերջին ուկրաինացին, հնարավոր է, նույնիսկ դիմեն սադրանքի և ընդլայնեն ուկրաինական հակամարտության մասշտաբները՝ դրանում ընդգրկելով Բելառուսին, Լեհաստանին, Մերձբալթյան երկրներին, կամ էլ, թեկուզ առանց դրա, ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների զորքեր մտցնեն ՈՒկրաինա:
Հասկանում ենք՝ ոմանց, ովքեր բավականաչափ տեղեկացված չեն իրականությանը, այս ամենը կարող է թվալ ոչ տրամաբանական, կառաջանա անխուսափելի հարցը՝ բա իրե՞նք… Չէ՞ որ Երրորդ համաշխարհայինի դեպքում իրենք էլ կոչնչանան: Եվ կեզրակացնեն՝ հետևաբար չի կարող նման բան լինել, ամեն գնով խաղաղությունից չեն խուսափի, ինչպես գրել է իռլանդացի լրագրողը: Այսպես մտածողներն ուղղակի տեղյակ չեն նրան, ինչին տեղյակ են տողերիս հեղինակը և ուրիշներ:
Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՆԱՏՕ-ի երկրները գիտակցաբար դուրս են գալիս լարվածության նոր փուլ՝ հրահրելով ՈՒկրաինային շարունակել անիմաստ պատերազմը (անիմաստ ըստ Պեսկովի ներկայացրածի, կամ ՌԴ- ին հաղթելու առումով)։ Նրա խոսքով՝ դա անխուսափելիորեն կունենա իր հետևանքները և, ի վերջո, մեծ վնաս կհասցնի այն երկրների շահերին, որոնք գնացել են հակամարտության սրման ճանապարհով:
Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ սպառնալիք չի ներկայացնում Հյուսիսատլանտյան դաշինքի ոչ մի երկրի համար, սակայն անուշադրության չի մատնի իր շահերի նկատմամբ պոտենցիալ վտանգավոր գործողությունները: Ընդ որում, Պեսկովի հավաստմամբ, ՌԴ- ն բաց է մնում երկխոսության համար, բայց իրավահավասար հիմունքներով, իսկ Արևմուտքը պետք է հրաժարվի Եվրոպայի ռազմականացման ուղեգծից։
Բացառված չէ որ տարեվերջին կամ մյուս տարի ՆԱՏՕ-ն ստիպված լինի հրաժարվել իռլանդացի լրագրողի նշած քաղաքականությունից, նահանջել ՌԴ-ին ռազմավարական պարտության մատնելու հայտարարված նպատակից, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելու դեպքում: Ընդ որում, դեռ այնքան էլ պարզ չէ, թե Թրամփն ընտրվելուց հետո իրականում ինչ քաղաքականություն կվարի ուկրաինական հակամարտության, ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման և այլ խիստ կարևոր հարցերում, ինչի դիմաց ինչ կպահանջի ՌԴ-ից…
Ինչպես երեկ տեղեկացրեց ТАСС-ը, ՆԱՏՕ-ն մշակում է նորացված ռազմական պլաններ հաշվի առնելով ՈՒկրաինայում հակամարտության փորձը: Դրանք նախատեսում են, որ դաշինքին կպահանջվի 35- 50 լրացուցիչ բրիգադ՝ «Ռուսաստանի կողմից ենթադրյալ հնարավոր հարձակումը» հետ մղելու համար։ Այս մասին ավելի վաղ հայտնել է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով անանուն ռազմական աղբյուրին։
Վերջինի խոսքով՝ նման քանակի բրիգադների ձևավորումը, որոնցից յուրաքանչյուրը ներառում է 3-7 հազար զինծառայող, կարող է «լուրջ դժվարությունների» բախվել: Աղբյուրը հրաժարվել է լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու՝ վկայակոչելով դաշինքի նման ծրագրերի գաղտնի բնույթը:
ՆԱՏՕ-ում, իհարկե, շատ լավ գիտեն, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու նպատակ ու ծրագիր չունի, սակայն գնում են այդ քայլին՝ ունենալով այլ և նենգ նպատակներ, ինչպես նաև անտեսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զգուշացումը:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5548

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ