2020 թ. նոյեմբերին ապրած յուրաքանչյուր նոր օրը մեր ազգային ցավի ու խայտառակության նոր բաժին է։ Դա Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ «ժողովրդական կառավարության» գլխավոր «նվաճումն» է։ Նա մինչև վերջ է հասցնում այն, ինչը նրա «ուսուցիչ» ու «կնքահայր» Տեր-Պետրոսյանին թույլ չտվեցին անել 1997-98 թթ.։ Երկու տականք գտել են իրար. ավելի երիտասարդը հայ ժողովրդի դեմ կատարում է մի հանցագործություն, որը 90-ականների վերջին խափանեցին մի խումբ անձինք՝ կարողանալով վնասազերծել համար մեկ դավաճանին։
Սկսում է ուրվագծվել Արցախի Հանրապետության, ուր մտցված են ռուս խաղաղապահներ, հյուսիսային մասի ապագան։ Ստիպված ենք կոշտ կերպով արձանագրելու. այն պայմաններում, որոնց դեպքում դա կատարվել է ու շարունակում է կատարվել, տվյալ զորակազմի պարտականությունների մեջ են մտնում ոչ միայն խաղաղապահությունը և Արցախի մնացորդներում հայերի պայմանական պաշտպանությունը Թուրքիայի և կովկասյան թաթարների ցեղասպանությունից, այլև Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի հաստատումը ԼՂՀ-ի սպանված անկախության վրա։ Եվ արդեն այժմ Արցախի կառուցվածքը դառնում է մինչև 2008 թ. օգոստոսը Հարավային Օսիայի իրադրության նմանակը։
Այժմ այնտեղ չի լինելու Հայաստանի այնպիսի ազդեցություն, ինչպիսին կար նախորդ տարիներին։ Հնարավոր է, որ Բաքվի ազդեցության ուժեղացում էլ չի նախատեսվում։ Երևանյան իշխանություններն Ալիևի վարչակարգին ընծայեցին ոչ միայն Արցախի շրջակա «անվտանգության գոտու» 5+2 շրջանները, այլև Շուշին, Շուշիի շրջանը, գործնականում ողջ Հադրութի շրջանը, զգալի հողեր Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններից։ Հավանաբար այդպիսին է ազգի դավաճան Փաշինյանի «լայն սիրտը». տվյալ դեպքում մենք պարտավոր չենք հավատալու օտարերկրյա այն առաջնորդներին, որոնք, չգիտես ինչու, շատ արագ սկսեցին «արդարացնել» այդ... Դա պարզապես ԱՄՆ-ի և Տեր-Պետրոսյանի դրածոն է, քանի որ մեր առջև այժմ Արցախի Հանրապետության փոխարեն օկուպացված անկենսունակ տարածքային գոյացություն է, որը համապատասխանում է «Գոբլի պլան-1»-ի և «Բրայզա-Հոգլանդի պլանի» ուրվագծերին։ Հույս ունեմ, որ անձամբ ես երբևէ իրական հնարավորություն կունենամ հարցնելու անձամբ ՌԴ նախագահին և Իրանի գերագույն առաջնորդին. թե ինչու էր դա պետք ԱՄՆ-ին ու Երևանում սիոնիստների դրածոներին, հասկանալի է։ Բայց դուք՝ Մոսկվա և Թեհրան, ինչու՞ որոշեցիք դրան աջակցել։
Տվյալ տարածքում (ՌԴ-ի օկուպացիայի գոտում) հնարավոր է, որ կովկասաթաթարական անձնագրեր չեն տալու և չեն ճանաչելու այդ հանրապետության օրենքները։ Արցախն սկսում է անինքնուրույն կյանքով ապրել Ռուսաստանի խնամակալության տակ։ Արդեն հիմա պարզ է, որ ռուս խաղաղապահները մտադիր չեն հեռանալու 5 տարի հետո։ Այդ է վկայում ռուսական զորակազմի բացազատման աստիճանը։ Համացանցում երևում է, որ ՌԴ-ն Արցախ է բերում հրթիռային համակարգեր ու տանկեր։ Մասնավորապես լավ նկատելի են «Գրադ» կայանքները։ Ակնկալվու՞մ է նրանց նպատակային կիրառությունը 1,6-40 կմ հեռավորության վրա։ Հիմա չենք կարող ասել։ Նայելու և խորհելու ենք, թե «խաղաղապահների» ինչին են պետք կենտրոնացման շրջանում բաց և քողարկված կենդանի ուժի, չզրահավորված տեխնիկայի և զրահամեքենաների, հրետանային և ականանետային մարտկոցների, հրամանատարական կետերի և այլ թիրախների խոցման, մարտական իրադրության տարբեր պայմաններում այլ խնդիրների լուծման համար նախատեսված կայանքները։ Իսկ ու՞մ վրա են մտադիր «Գրադներից» հրթիռային հարվածներ հասցնելու ռուս զինվորականները։ Առայժմ չկա այդ հարցի հստակ պատասխանը...
Այսինքն՝ Արցախում ռուս զինվորականները խրամատավորվելու և իրենց դիրքերն ուժեղացնելու են լրջորեն. ամեն ինչ չի սահմանափակվի միայն հետևակով, ինչպես դա եղել է Հարավային Օսիայում։ Բացի դրանից, Արցախի ռազմական ծանր տեխնիկան մնում է տեղում։ Մնացած զենքը, ամենայն հավանականությամբ, պահվելու է ռազմական պահեստներում։ Հաղորդումներ կան Արցախ ուղարկելու նպատակով Ռուսաստանում ինչ-որ ռազմականացված մասնավոր ընկերության (ՌՄԸ) համար պայմանագրային ծառայողների հավաքագրման մասին։ Այդ տվյալներն առայժմ չեն հաստատվում լուրջ աղբյուրների կողմից։ Ենթադրվում է, որ լրացուցիչ կորպուս է կազմավորվելու, որի պարտականությունների մեջ է մտնելու պատերազմը շարունակել ցանկացող անվերահսկելի զինված ջոկատների զինաթափումը։ Եթե դա ճիշտ է, ապա, ըստ էության, այդ պայմանագրային ծառայողները պետք է ուժեղացնեն ռուսական զորակազմը։
Արժե առանձին դիտարկել ԼՂՀ վարչակազմի ձևավորման հարցը։ Ռուսական մի շարք աղբյուրներում արդեն գրում են նաև՝ «ինքնավարություն», կարծես թե արդեն որոշում կա Արցախի հանրապետության մնացորդներն ինքնավարության կարգավիճակով ՌԴ-ի կազմ մտցնելու մասին։ Ստեղծվում են կառավարման ռուսական կառույցների նմանակներ։ Արդեն Ստեփանակերտ են ժամանել ՌԴ ԱԻՆ-ի ստորաբաժանումներ։ Ընդ որում գրվում է, թե իբր Ռուսաստանը չի նախատեսում Արցախի կառավարման լիակատար «գրավում»։ Իբր խոսքը հետպատերազմյան վերականգնմանն օգնելու մասին է։ Այսինքն դավաճան Արայիկ Հարությունյանը լիովին ձեռնտու է Ռուսաստանին ու կովկասյան թաթարներին։ Թե ինչքան լուրջ են որպես հաղթող Արցախ վերադառնալու շուրջ Մոսկվայի ծրագրերը (առաջին անգամ դա եղել է 1805 թ. մայիսի 26-ին, ռուս-պարսկական պատերազմի ժամանակ), վերջնականապես պարզ կլինի մի քանի տարի հետո։ Արցախի կարգավիճակի փոփոխման առաջին նշանը կարող է լինել, օրինակ, արցախցիների ձեռքին ռուսական անձնագրերի աստիճանական հայտնվելը։ Ավելի խորանալն իմաստ չունի՝ հաշվի առնելով, որ թուրքերն ու կովկասյան թաթարները պահանջում են ռուսների հեռացում և Արցախի վերջնական օկուպացիա։ Այդպիսին է Փաշինյանի և «քայլարածների» կեղծ հեղափոխության «արդյունքը»։
Բայց դա ամբողջը չէ։ Նոյեմբերի 19-ին մի շարք ԶԼՄ-ներ (անգամ ռուսական) հաղորդեցին, որ Ալիևը Պուտինին փաստի առաջ է կանգնեցրել. «Լեռնային Ղարաբաղում թուրքական զորքեր են լինելու»։ Գրել են, որ ՌԴ նախագահի հետ զրույցում Ալիևը բացեիբաց հայտարարել է, որ թուրքական զորքերը լինելու են նախկին Արցախի Հանրապետության թուրքական օկուպացիայի գոտում։ Այսպիսով, Ալիևը Պուտինին ուղղակիորեն կանգնեցրել է ԼՂՀ տարածք թուրքական բանակ մտցնելու փաստի առաջ՝ հաշվի առնելով, որ այդ թեման նույնիսկ չի քննարկվել։ Այսինքն՝ դա Ալիևի անձնական նախաձեռնությունն է։ Վերատեղաբշխման մասին համապատասխան կարգադրությունն արդեն ուժի մեջ է մտել։ Էրդողանն իր հերթին հրամանագիր է ստորագրել Բաքվի հանրապետություն ոչ միայն մի քանի հազար թուրք զինվորական, այլև զրահատեխնիկա և զանազան սպառազինություն ուղարկելու մասին, ինչը նույնպես ցույց է տալիս, որ անտեսվում են այդպիսի գործողությունների բացակայության մասին Ռուսաստանի նախագահի հայտարարությունները։
Ռազմական վերլուծաբանները կարծում են, որ ադրբեջանական կողմը լիովին կարող է ՌԴ-ին տարբեր պայմաններ ներկայացնել՝ ցանկացած պահին հարձակողական գործողություն սկսելով ԼՂՀ-ի ողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու նպատակով, իսկ դա կհանգեցնի համաձայնագրի խզման։ Միևնույն ժամանակ Ռուսաստանն էլ «ապշերոնյան խանության» ղեկավարներին «տեղը դնելու» հնարավորություն ունի։ Բայց Պուտինը պատրա՞ստ է խոստովանելու, որ իր երկու այտերին ապտակել են երկու պանթուրքիստներ, և Թուրքիային ու կովկասյան թաթարներին ցույց տալու, որ ինքը՝ Պուտինը, իրականում «վատ քրիստոնյա» է և պատրաստ է գոնե քաղաքական վրեժ լուծելու երկու արկածախնդիրներից՝ Էրդողանից և Ալիևից։
Ներկայումս շփման գծում ներկա են ռուս խաղաղապահները, որոնց խնդիրն է՝ հետևել Հայաստանի և կովկասյան թաթարների միջև հրադադարի համաձայնագրի կատարմանը։ Ես մինչև հիմա տարակուսանքի մեջ եմ. ինչու՞ Հայաստանը, որը պաշտոնապես չի էլ պատերազմել։ Եվ եթե կռվել էլ է, ապա տարօրինակ ձևով. հարյուրավորները, եթե ոչ հազարավորները, այդպես էլ զինկոմիսարիատներ չեն կանչվել։ Եղել են նաև դեպքեր, երբ կամավորները հասել են Արցախ, բայց... տուն են ուղարկվել։ Նոյեմբերի 19-ի իր մամուլի կոնֆերանսում շատ բան է բացահայտել Հայաստանի ՊՆ ԳՇ-ի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ Մեջբերենք միայն ամենահետաքրքիր մասը. «Պատերազմի երրորդ օրը վարչապետ Փաշինյանը հրամայեց դադարեցնել զորամասերի համալրումը։ Եվ դա անհնար է հերքել, որովհետև նրանք, ովքեր պատասխանատու են և հիանալի գիտակցում էին, որ դրա համար իրենք կարող են ենթարկվել պատասխանատվության, ձայնագրել են այդ հրամանը, և ձայնագրությունն առկա է»։ Դա ծանրագույն պետական դավաճանություն է. գեներալ Հակոբյանին չհավատալու հիմքեր չկան, մանավանդ որ առկա է ձայնագրությունը։ Ահա և «Հայտարարում եմ Հայրենական պատերազմ»-ը, ահա և «զորահավաքը», ահա և «Թասիբ չունե՞ք»-ը և Փաշինյանի մնացած ողջ սուտը։
Ռուսաստանի ՊՆ տեղեկագիրը նույն օրը պնդում էր, թե իբր շարունակվում է «Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության խնդիրների կատարումը»։ Այդ դեպքում ինչու՞ է ռուս խաղաղապահների պատասխանատվության հյուսիսային գոտուց սկսվել հայերի, ընդ որում, նախկին փախստականների, տարհանումը 7 գյուղից։ Այդ դեպքում ու՞մ են պետք իրադրության շուրջօրյա դիտարկումը և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը, այն էլ՝ 23 դիտակետում, եթե հայերին տարհանում են։ ՈՒ տագնապը բոլորովին չի վերացնում այն, որ «պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ցուցումով չճանաչված Լեռնային Ղարաբաղում բացվել է ականազերծման, հաշտեցման, տրանսպորտային ապահովման, բժշկական և առևտրա-կենցաղային ապահովման ևս 5 հումանիտար կենտրոն»։
ՈՒ՞մ է դա պետք, Հայաստանի և Ռուսաստանի իշխանություններ։ Չէ՞ որ դուք չեք կարող չիմանալ Ալիևի խոստման և Արցախ թուրքական զորքեր ուղարկելու մասին։ Այո, օկուպացված, բայց մե՛ր Արցախ։ Մեր հողի վրա օկուպանտները միշտ լինելու են օկուպանտներ, չեն դառնալու տերեր։ Անգամ Արևմուտքին ծառայող սիրիական աղբյուրները նոյեմբերի 19-ին գրել են. «Թուրքիան պնդում է, որ սիրիացի ահաբեկիչները մնան Ադրբեջանում»։ Խոսքը սիրիացի 6 հազար ջիհադական ահաբեկիչների մասին է՝ տեղեկացնում է ոչկառավարական «Մարդու իրավունքների գծով սիրիական դիտարանը» (SOHR), որը կապված է ԱՄՆ-ի, Իսրայելի և Անգլիայի «Սպիտակ սաղավարտներ» անվամբ հայտնի սկանդալային գործակալության հետ։ Արդեն հայտնի է, որ Բաքուն «քաղաքացիություն» է տալիս այդ ահաբեկիչներին ու կացարաններ տրամադրում։ Հեղինակը չի զարմանա, եթե շուտով աշխարհն իմանա, որ ահաբեկիչներին բնակեցնում են հենց այնտեղ, որտեղից արտաքսել են արցախցի հայերին։ ՈՒ թե ինչով են զբաղված լինելու ահաբեկիչներն արդեն մի ամիս հետո, կասկածել կարող է միայն «քայլարածների» խելքը թռցրած կողմնակիցը. Շուշիի գոտում արդեն 12 մարդ է առևանգված։
Միայն թուրքերի կողմից Արցախի Հանրապետության օկուպացումից և Իրանի տարածքի վրա ահաբեկիչների հարձակումից հետո մեր հարավային հարևանի «աչքերը բացվեցին»։ Վերջերս Իրանի խորհրդարանի պատգամավորներից մեկը ելույթ է ունեցել Արցախի դեմ կովկասյան թաթարների պատերազմին Թուրքիայի միջամտության առթիվ։ Ահա այդ ելույթի այն հատվածը, որը «Ֆեյսբուքում» տեղադրել է Իրանի քաղաքացի Փոոյա Հոսեյնին. «Մենք չենք ճանաչում այն միջանցքը, որը ծառայելու է Թուրքիային։ Անմիջականորեն միջամտելով երկու անկախ պետությունների գործերին՝ Թուրքիան այդ ամբողջ ընթացքում ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Իսրայելի համար ճանապարհ էր բացում դեպի Կասպից ծով։ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանը պետք է հանդես գա տարածաշրջանում Թուրքիայի միջամտության դեմ և պաշտոնապես հայտարարի, որ Իրանը չի ճանաչում տարածաշրջանում սահմանների աշխարհագրական փոփոխությունը և այն միջանցքը, որը Թուրքիան այնպես ուզում է ստանալ։ Իրանի ժողովու՛րդ, մեր հյուսիսարևմտյան սահմանում կան խնդիրներ, որոնք, ուշադրություն չդարձնելու դեպքում, կարող են վերաճել աշխարհաքաղաքական աղետի»։
Լավ է, որ իրանական խորհրդարանում կա գոնե մեկ պատգամավոր, որն արթնացել է և սկսել տեսնել։ Մենք տեսնում ենք, որ նրա ելույթն արտացոլում է Իրանի հասարակության հայրենասեր մասի անհանգստությունն իր երկրի ապագայի նկատմամբ, ոչ ավելի։ Հավելեմ, որ առնվազն 1996 թվականից անձամբ ես Իրանի դիվանագետների ու փորձագետների հետ շփվելիս բազմիցս ընդգծել եմ, որ նրանց պետությանը ծայրահեղ ձեռնտու է, որ Իրանը սահմանակցի անկախ Արցախի Հանրապետության հետ։ Իսկ այժմ՝ վերջ. Ալիևը կնոջ հետ գնացել է մինչև Խոդա Օփարինի կամուրջը և բազմանշանակ հայտարարել, որ դա «հավերժ բարեկամության սահմանն է», միաժամանակ այն նույն տարածքից, որտեղ նա ստում էր Իրանի հետ «հավերժ բարեկամության» մասին, սուննի ահաբեկիչ պանթուրքիստներն արդեն փորձում էին ներխուժել իրանական տարածք։
Համոզված եմ՝ եթե Հայաստանում լիներ այլ իշխանություն, ոչ թե սա, որն այդպես հպարտ է իր «թավշյա ասֆալտով», Իրանն այլ կերպ կպահեր իրեն։ Բայց կա այն, ինչ կա։ Կովկասյան թաթարների խամաճիկ պետգոյացությունն արդեն 500 մլրդ դոլարի պահանջ է ներկայացրել Հայաստանին «Ղարաբաղի օկուպացման» համար ու հնչեցրել նաև «փոխզիջումը», թե՝ դուք փող չունեք, «հպարտ քայլարածներ», ուստի տարածքներով տվեք, սկզբում՝ Զանգեզուրը... Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին... Թե՞ այս անգամ էլ 5 հազարից ոչ պակաս երիտասարդ կյանքեր կսպանեք... Ձեր խմբակցության պատգամավորուհի Նազարյանն արդեն խոստովանել է, որ կանխամտածված կերպով է Շուշին հանձնվել՝ խաղարկելով «պարտություն»... Հայաստանն ու Արցախն առանձնակի օգուտ չունեն այն հայտարարությունից, որը հնչեցվել է Իրանի խորհրդարանում։ Բայց, ինչպես ասում է հայ ժողովուրդը, «կենացները քաղցրանում են»։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ