Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Նոր իրականություն՝ համաշխարհային գազային շուկայում

Նոր իրականություն՝ համաշխարհային գազային շուկայում
28.06.2024 | 10:26

Թեհրանն ու Մոսկվան համաձայնության են եկել Ռուսաստանից Իրան բնական գազի մատակարարման վերաբերյալ:

Հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակ է դրանով հետապնդում Իրանը՝ բնական գազի ապացուցված պաշարներով աշխարհի առաջին եռյակի մեջ մտնող պետությունը:

Եթե հակիճ, ապա.

1. Կողմերի միջև օրերս կնքված համաձայնագիրը ռուս-իրանական «էներգետիկ երկխոսության» խորացմանն ուղղված քայլ է, որին հետևելու են շատ ավելի լուրջ ու համակարգային որոշումներ: Դրանցից, թերևս, ամենահավանականը Իրանում գազային խաբի՝ հանգույցի ստեղծման ծրագրի իրականացումն է, որի ներքո Ռուսաստանն ու Իրանը, ինչպես նաև նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն հայտնած Քաթարն ու Թուրքմենստանը այլևս հանդես են գալու որպես միջազգային գազի շուկայում «նորաձևություն թելադրողներ»:

2. Իրանում գազային խաբի ձևավորումը նոր իրականություն է ստեղծելու համաշխարհային գազային շուկայում, քանի որ փաստացի միավորելու է բնական գազի պաշարներով աշխարհի ամենահարուստ երկրներին՝ Ռուսաստան (1-ն տեղ), Իրան (2-րդ տեղ), Քաթար (3-րդ տեղ), Թուրքմենստան (4-րդ տեղ): Երեքը միասին փաստացի տնօրինում են գազի համաշխարհային արդյունահանման 50%-ը: Մարտահրավեր է նետվում նախևառաջ ԱՄՆ-ին, որը, գազի ապացուցված պաշարներով աշխարհում 3-րդ տեղը զբաղեցնելով, վերջին տարիներին գնալով ավելացնում է LNG-ի՝ հեղուկացված գազի արտահանումը՝ օգտագործելով այն նաև որպես աշխարհաքաղաքական գործիք:

3. Որոշակի ռիսկեր են ստեղծվում ԵՄ էներգետիկ անվտանգության համար: Նախ՝ Քաթարը, որն ավանդաբար դիտվում է որպես ԵՄ գազի մատակարարման կարևոր դիվերսիֆիկացիոն ուղղություն, փաստացի գազային դաշինքի մեջ է մտնում Ռուսաստանի հետ: Մյուս կողմից, ավելի մշուշոտ են դառնում «Անդրկասպյան գազամուղի» կառուցման հեռանկարները՝ նախագիծ, որի միջոցով նախատեսվում է թուրքմենական բնական գազը Կասպիով հասցնել Ադրբեջան, այնուհետև «Հարավային գազային միջանցքով»՝ եվրոպական շուկա: Այսպիսով, հակառուսական դիվերսիֆիկացման համար ԵՄ-ին մնում է միայն անհամեմատ ավելի բարձր գնով ամերիկյան LNG ներկրել՝ դրանից բխող բոլոր տնտեսական ռիսկերով: Ընդգծեմ, որ ադրբեջանական գազը ևս չի կարող այլընտրանք ստեղծել՝ հաշվի առնելով առկա գազամուղի ցածր թողունակությունը՝ տարեկան մինչև 20 մլրդ խմ, այն էլ՝ 2027-ից հետո:

4. Ռուս-իրանական այս նախաձեռնությունը խնդիրներ է ստեղծում նաև Թուրքիայի համար: Նախ՝ հօդս են ցնդում վերջինիս նկրտումները՝ դառնալու միջազգային նշանակություն ունեցող առանցքային գազային խաբ: Ռուս-թուրքական գազային խաբի նախագիծն արդեն երկու տարի է, ինչ տեղից չի շարժվում, իսկ կողմերը սահմանափակվում են առայժմ գազի առևտրի էլեկտրոնային հարթակի հնարավորությունները քննարկելով: Դրան զուգահեռ խորացող ռուս-իրանական գազային համագործակցությունն ու քառակողմ ձևաչափով խաբի ձևավորման մասին հայտարարությունները էապես նվազեցնում են Թուրքիայի կարևորությունը եվրասիական նոր էներգետիկ ճարտարապետության մեջ: Հատկանշական, է, որ, ի տարբերություն թուրքական խաբի, իրանականի մասով արդեն առկա են աշխարհագրական լուծումներ: Խաբը պլանավորում են կառուցել Ծոցի ափին՝ Բուշեր նահանգում:

5. Իրանական խաբը, հաշվի առնելով դրա մասնակիցների կշիռը համաշխարհային շուկայում, փաստացի հանգեցնելու է «գազային ՕՊԵԿ»-ի ձևավորմանը, որը և սահմանելու է շուկայական հիմնական թրենդերը, գնային քաղաքականությունը, մեծ հաշվով՝ «էներգետիկ աշխարհաքաղաքականությունը»:

Հ.Գ.. Հատկանշական է, որ այս նախաձեռնությունը շրջանցում է Ադրբեջանը՝ ընդգծելով միջազգային նշանակության գազային գործոն դառնալու վերջինիս խիստ սահմանափակ ռեսուրսը:

Վահե Դավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 3681

Մեկնաբանություններ