ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Նոր տարին, քյուֆթան ու բժիշկը. Թեմիկ Խալափյան

Նոր տարին, քյուֆթան ու բժիշկը. Թեմիկ Խալափյան
04.01.2023 | 08:23

Դեռ այն տարիներն էին, երբ, այժմ արդեն ավանդական դարձած խոզի բուդի փոխարեն, Նոր տարվա սեղաններին դրվում կամ գլխավոր հյուրասիրությունը համարվում էր Քյավառի քյուֆթան։ Այդ տարիներից մեկն էր, հունվարի մեկին եղբորս տանն էի։ Հեռախոսի ձայնը լսելուց, որ մոտ էի կանգնած՝ վերցրի։ Խոսողը Լևոն Բուդաղյանն էր՝«Հայֆիլմ»-ի այն ժամանակվա գլխավոր խմբագիրը։

Նոր տարիս շնորհավորելուց հետո, թե.

-Ես դուրս եմ գալիս Հրանտին (Հրանտ Մաթևոսյանին նկատի ուներ) դիմավորեմ մեր տան խաչմերուկում, դու էլ Զորայրի հետ հենց հիմա եկեք, մեր տան խաչմերուկում ձեզ կսպասենք։ Լևոնենց տունը եղբորս տնից հեռու չէր, մի երկու հարյուր մետր այն կողմ էին ապրում։ Գնացինք։ Երկուսով կանգնած ծխում էին, Լևոնն իր չիբուխն էր ծխում, Հրանտը՝ ինչ-որ հայկական ծխախոտ։

Լևոնը՝ թե.

-Նոր տարին բժշկի տնից ենք սկսում, գնացինք։ Էդ բժիշկն էլ ժամացույցի գործարանի մոտերքում էր ապրում։ Բժիշկը՝ մի բարձրահասակ, գիրուկ ու բարետես երիտասարդ, միգուցե իրենց հասակակից մի տղամարդ էր։ Ներս մտանք, տեղավորվեցինք սեղանի շուրջ, տանտիկինն անցավ գործի՝ մեզ հյուրասիրելու։ Բերեց մեծ գնդերով քյուֆթան, ամեն մեկիս երեք հատ, դրեց սեղանին։

-Մենք նոր հյուրեր ունեինք, կուշտ-կուշտ ենք, իսկ դուք մի քաշվեք,-ասաց տանտիկինն ու մի կողմի վրա նստեց։ Մենք չորսով երկու հատ իրար մեջ կիսեցինք, իսկ բժիշկը, մի աչք ճպելում՝ երեք հատ կուլ տվեց։ Երևի, մինչև մեր գալը, մյուս հյուրերի հետ էլ մի երեք գունդ կուլ տված կլիներ։ Առանց չափազանցության, ամեն մի գունդը մեկ կիլոգրամի չափ կլիներ։ Դե, ընդունված չափ էր այն ժամանակների համար։ Դուրս եկանք բժշկի տնից, գնացին Լևոնենց տուն։ Այնտեղ էլ բժիշկը մի երեք գունդ կուլ տվեց։ Եղբորս տանն էլ նույնը՝ երեք գունդ։ Եղբորս տուն գալուց Լևոնի կինն էլ միացավ մեզ ու սեղանի շուրջ Լևոնին ուղղորդում էր՝ էս մի կեր, սրանից մի չարաշահի, էն բանին՝ քյուֆթային, ձեռք չտաս, բաստուրման ինչքան կերել ես՝ բավական է, ձեռք չտաս հանկարծ և այլն։

Երևի Լևոնն առողջական խնդիրներ ուներ։ Մեկ էլ բժիշկը, շատ լուրջ դեմք ընդունելով, մեզ՝ թե. -Կերեք չափավոր, քայլեք շատ ու առողջ կլինեք։ Լավ, ուրախ ժամանակ անցկացրինք, հնդուշկան, որ մայրս էր պատրաստել, թթի օղիով վայելեցինք։ Հետո չորսով դուրս եկան քայլելու, ըստ երևույթին, դեպի Հրանտենց տուն…

Դիտվել է՝ 19125

Մեկնաբանություններ