ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բևեռացման միտում

Բևեռացման միտում
20.06.2008 | 00:00

Վերջին ամիսների ներքաղաքական զարգացումների արդյունքում Հայաստանի ներքին դաշտում ձևավորվեցին երկու հիմնական խնդիրներ. իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների կարգավորում և իշխանության ներսում հնարավոր փոփոխություններ։ Մարտի իրադարձություններից անցել է ավելի քան երեքուկես ամիս, և ցավով կարելի է արձանագրել, որ իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների հարթությունում դրական առումով որևէ խորքային տեղաշարժ տեղի չունեցավ։
Վերջին երկու ամիսներին այս առումով մի փոքր բեկում նկատվում էր. տարբեր ձևակերպումներով կալանքից և դատավճիռներից հետո դատարանների դահլիճներից այնուհանդերձ ազատ արձակվեցին մի շարք ընդդիմադիրներ։ Ընդդիմության թևում դիրքորոշման մեղմացման միակ միտումը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հայտարարությունն էր, թե նոր նախագահը, այնուհանդերձ, օբյեկտիվ քաղաքական գործոն է, որի հետ պետք է հաշվի նստել։ Եվ ընդամենն այսքանը։
Մնացած խնդիրներում ոչ մի հանդիպակաց քայլ չի արվել։ Ընդդիմությունը շարունակում է հանդես գալ բավականին կտրուկ և ներկա փուլում թերևս անիրագործելի պահանջներով։ Ասենք, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ կամ էլ ազատ արձակել անխտիր բոլոր ձերբակալվածներին` անկախ ձերբակալության շարժառիթներից։ Ընդ որում, նախօրոք ակնհայտ է, որ տվյալ փուլում իշխանությունն այդ կարգի պահանջները չի կատարելու։ Ավելին, իշխանության թևում կարծես թե առկա է դիրքորոշման կոշտացման միտում. իշխանություններն ընդդիմության պահանջներին հակադարձում են նրանով, որ մարտի իրադարձությունների քրեական գործերի քննությունը շարունակվելու է իր ընթացքով, և բոլոր կալանավորվածները պատասխանատվության կենթարկվեն իրենց կատարած օրինախախտմանը համարժեք։
Նույն համատեքստում կարելի է դիտարկել հունիսի 20-ին ընդդիմության հանրահավաքի անցկացման գրեթե մերժումը, որովհետև նախօրոք պարզ էր` ընդդիմությունը չի համաձայնի քաղաքի այնպիսի մեկուսի վայրում, ինչպիսին «Հրազդան» մարզադաշտի շրջակայքն է, հանրահավաք անցկացնել։ Ընդդիմության պնդումները, թե միջոցառումը ցանկացած դեպքում կանցկացվի բնականաբար քաղաքի կենտրոնում, կարող են դրդել իշխանություններին` կիրառել դրա արգելանքի կոշտ գործողություններ, ինչը ոչ միայն լարվածության նոր ալիք կառաջացնի, այլև անցանկալի բախումների դեպքում էլի մի քանի ամսով կստեղծի երկխոսության համար գրեթե անհնարին մթնոլորտ։ Ի դեպ, ինչպես լինում է հաճախ, խորքային հակադրությունը շարունակելու ընդդիմության մարտավարությունը հանգեցնում է իշխանության ներսում առանձին խմբավորումների դիրքորոշումների կոշտացման։ Այսինքն, ձևավորվում են իշխանական խմբեր, որոնք հանդես են գալիս ոչ միայն փոխզիջումները բացառելու, այլև անհրաժեշտության դեպքում կոշտ գործողություններով ընդդիմությանը երկարատև լռության մատնելու մոտեցման օգտին։ Մասնավորապես, հենց այս համատեքստում է դիտարկվում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի սպասվող հրաժարականը, քանի որ վերջինիս եղբայրը, պատգամավորական մանդատը վայր դնելով թիվ 17 մեծամասնական ընտրատարածքում, տեղ ազատեց եղբոր ընտրվելու համար։ Այս իրադարձության կապակցությամբ քաղաքական շրջանակներում շրջանառվում են մի քանի վարկածներ։
Ամենատարածված և առաջին վարկածը հետևյալն է. Հովիկ Աբրահամյանի` Ազգային ժողով տեղափոխվելու ցանկությունը պայմանավորված է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական արձակուրդն ավարտելու և քաղաքական դաշտ վերադառնալու ցանկությամբ։ Ըստ այդմ, Հ. Աբրահամյանը, հեռանալով նախագահի աշխատակազմից և պատգամավոր ընտրվելով, պետք է սկսի Ազգային ժողովում նոր մեծամասնություն ձևավորելու գործընթաց, և այդ մեծամասնության հիմքը պիտի կազմեն ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները, ինչպես նաև ՀՀԿ խմբակցությունից առնետավազքի պատրաստ պատգամավորներն ու սակավաթիվ անկախները։ Ընդ որում, նոր մեծամասնության ձևավորումը լինելու է միայն փաստացի, առանց կոալիցիոն համաձայնագիրը լուծարելու, քանի որ այն կենսականորեն նույնքան անհրաժեշտ է Ռ. Քոչարյանին։ Նոր փաստացի մեծամասնության պայմաններում, ըստ այս վարկածի ջատագովների, նախ անվստահություն է հայտնվում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, և նրա փոխարեն այդ պաշտոնում ընտրվում է Հովիկ Աբրահամյանը։ Այնուհետև նույն փաստացի մեծամասնությունն անվստահություն է հայտնում Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությանը և, ըստ Սահմանադրության, ՀՀ նախագահին է ներկայացնում վարչապետի նոր թեկնածուի` ի դեմս Ռ. Քոչարյանի։ Խորհրդարանական մեծամասնության նկատմամբ վերահսկողությունը կորցրած Սերժ Սարգսյանը վերածվում է անգլիական թագուհու, իսկ Քոչարյանը վերադառնում է իշխանություն և իր ձեռքը վերցնում բոլոր հիմնական լծակները։
Գրեթե դետեկտիվ ժանրով մտածված այս սցենարը միգուցե ամբողջության մեջ այնքան էլ անտրամաբանական չէ, բայց ունի շատ խոցելի կողմեր։ Առաջինը, Սերժ Սարգսյանը հազիվ թե ձեռքերը ծալած նստի և սպասի, թե ինչպես իրեն կզրկեն խորհրդարանական մեծամասնության նկատմամբ ունեցած վերահսկողությունից։ Եթե այսպիսի սցենար իրագործելու փորձ արվի, դրան հաստատապես չեն աջակցի «Ժառանգություն», գուցե և «Օրինաց երկիր» խմբակցությունները, որովհետև Արթուր Բաղդասարյանն ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանի, ոչ թե Ռ. Քոչարյանի հետ պայմանավորվածության շնորհիվ։ ՀՀԿ խմբակցությունը փաստացի մասնատելու սցենարը թերևս իրատեսական չէ, որովհետև Հ. Աբրահամյանը հազիվ թե այդքան ազդեցություն ունենա կուսակցության ներսում։ Եվ վերջում արձանագրենք, որ եթե անգամ այս սցենարը հաջողություն ունենա, Սերժ Սարգսյանն ունի բավարար սահմանադրական լիազորություններ, այսպես կոչված «նոր մեծամասնության» առաջադրած վարչապետի նշանակումը ձգձգելու։ Այդ ընթացքում հին կառավարությունը ներկա վարչապետի գլխավորությամբ կշարունակի աշխատել մինչև լրանա խորհրդարանի լուծարման համար նախատեսված սահմանադրական նորմը կիրառելու ժամկետը։ Որից հետո նախագահը կլուծարի խորհրդարանը և կնշանակի նոր ընտրություններ` աննախադեպ ոգևորություն առաջացնելով արմատական ընդդիմության դաշտում։
Հարկ է նշել, սակայն, որ Հ. Աբրահամյանի պատգամավոր դառնալու վարկածները կառուցված չեն բացառապես նոր նախագահի հետ ինչ-որ հակասությունների հիման վրա։ Ըստ շրջանառվող երկրորդ վարկածի, Հ. Աբրահամյանը, պատգամավոր ընտրվելով, միաժամանակ կդառնա ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, իսկ այսօր այդ պաշտոնը զբաղեցնող Կարեն Կարապետյանը, պատգամավորական մանդատը վայր դնելով, կնշանակվի նախագահի աշխատակազմի ղեկավար։ Թե Սերժ Սարգսյանին ինչու է անհրաժեշտ նման փոխատեղումը, այսօր դժվար է ասել, բայց սա ևս բոլորովին բացառված տարբերակ չէ։ Եվ վերջապես, շրջանառվող ամենաանհավանական վարկածն այն է, թե իբր Սերժ Սարգսյանը դժգոհ է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանից և այդ պատճառով էլ որոշել է այդ պաշտոնում նստեցնել Հ. Աբրահամյանին։ Սա խիստ անհավանական տարբերակ է, որովհետև Սերժ Սարգսյան-Տիգրան Թորոսյան հակասությունների մասին երբևէ չի խոսվել և նույնիսկ որևէ ակնարկ չի եղել։ Բացի այդ, Ս. Սարգսյանը չի կարող նկատի չունենալ, որ Հ. Աբրահամյանը չի կարող բավարար չափով իրականացնել ԱԺ նախագահի ներկայացուցչական գործառույթները հատկապես եվրոպական կառույցներում, ինչը որոշ չափով իրականացնում է Տ. Թորոսյանը։
Բոլոր դեպքերում, վերոհիշյալ զարգացումները պետք է մտորելու առիթ տան արմատական ընդդիմությանը, որ երկրում առկա ճգնաժամը ակնհայտորեն միայն իշխանությանն առնչվող խնդիր չէ, և դրա լուծումը հնարավոր է միայն հասարակության առավել ակտիվ շերտերի, նույն արմատական ընդդիմության մասնակցությամբ։ Քաղաքականությունը միշտ էլ ենթադրում է երկկողմանի տրամաբանական զիջումներ, երբ իշխանությունը և ընդդիմությունը, յուրաքանչյուրն իր մասով, գիտակցում են ինչպես այդ փոխզիջման սահմանը, այնպես էլ դրա հրատապ անհրաժեշտությունը։

Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 7385

Մեկնաբանություններ