ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»
27.06.2017 | 10:28

(սկիզբը՝ այստեղ)

«Պրահայի գարնան», Չեխոսլովակիայում «մարդկային դեմքով» սոցիալիզմ կառուցելու գաղափարն ու պլանները «ինտերնացիոնալ օգնությամբ» տապալելուց հետո, այժմ արդեն օրակարգում էր Լեհաստանի հարցը, որի «Солидарность» արհմիութենական կազմակերպության օրեցօր աճող հեղինակությունն ու ազդեցությունը հասել էին այնպիսի չափերի, որ ուղղակի սարսափեցնում էին Կրեմլին:
1979 թ. դեկտեմբերին սկսված ռազմական արկածախնդրությունը Աֆղանստանում բոլոր ողջախոհ մարդկանց համոզեց, որ այդպիսի որոշում կայացրած քաղբյուրոն անմեղսունակ մարազմատիկների կոլեկտիվ է, և բոլորովին պատահական չէր, որ բողոքի իր հզոր ձայնը բարձրացրեց դարաշրջանի մեծ մարդասերը՝ ակադեմիկոս Անդրեյ Սախարովը, պահանջելով անմիջապես դադարեցնել «ինտերնացիոնալ օգնությունը» և զորքերը դուրս բերել Աֆղանստանից: Ցավոք, դա արվեց շատ մեծ ուշացումով, երբ մոտ 15 000 զոհ և 50 000 վիրավոր ունեցանք, նյութական ու ֆինանսական հսկայական կորուստներ, ինչի պատճառով համարյա ձախողվեցին 1980 թ. Մոսկվայի օլիմպիական խաղերը (դրանք բոյկոտեցին ԱՄՆ-ը, Արևմտյան Գերմանիան, Ֆրանսիան, Ճապոնիան և ուրիշ երկրներ): Մրցումներն անցկացնելով կիսատ-պռատ, առանց առաջատար սպորտային երկրների մասնակցության, փաստորեն, հեղինակազրկեցին օլիմպիական խաղերը և արժեզրկեցին հաղթողների մեդալները:
Օլիմպիական խաղերից անմիջապես հետո կրեմլյան գիշատիչները (Մ. Սուսլով, Ա. Գրոմիկո, Յ. Անդրոպով, Դ. ՈՒստինով և Կ. Չեռնենկո) Բրեժնևին փոխանցեցին մի փաստաթուղթ, գրված ընդամենը մեկ էջի վրա: Դա փաստացի վերջնագիր էր Լեհաստանին` ռազմական «օգնություն» ցույց տալու պահանջով:


Ծանոթանալով այդ չարագուշակ թղթին, Բրեժնևն անսպասելիորեն ասաց.
-Առայժմ կհապաղենք (Повременим пока!):

Թե ինչով դա բացատրել, դժվար է ասել: Ավելի շուտ, նա ինչ-որ կերպ, գուցե և ինտուիցիայով, հասկանում էր, որ իր և երկրի ուսերին մի նոր բեռ բարձելը ուժերից վեր կլինի, ու գլխավոր քարտուղարը ցուցաբերեց փրկիչ զսպվածություն:
Եվ դա այն դեպքում, երբ նոր ներխուժման հարցը մազից էր կախված: Այդպիսին էր Լենին-Մունդռիկի ստեղծած բոլշևիկյան ռեժիմը. նույնիսկ հիվանդ առաջնորդի կամքից ավելի շատ բան էր կախված, քան ամբողջ ժողովրդից:


Դ. Վոլկոգոնովը, այդ ժամանակ լինելով գեներալ-լեյտենանտ, մեր բարձրագույն զինվորականների հետ մասնակցել է Լեհաստանը գլխավորող մարշալ Վոյցեխ Յարուզելսկու հետ վարվող բանակցություններին և հավաստում է, որ նա բացառիկ կարևոր դեր խաղաց ճակատագրական սխալը՝ Լեհաստան խորհրդային զորքերի ներխուժումը, արգելելու գործում: Գտնվելով լեհական պրոբլեմների զնդանի և ԽՍՀՄ-ի ծանր մուրճի արանքում, Յարուզելսկուն հաջողվեց համարյա անհնարը՝ համոզել խորհրդային ղեկավարներին ձեռք քաշել անկանխատեսելի հետևանքներով հղի այդ արկածախնդրությունից:
Դ. Վոլկոգոնովը նաև վկայում է, որ մարշալներ Ն. Օգարկովի և Վ. Կուլիկովի հետ Լեհաստանի շուրջ մասնավոր զրույցներում նրանք պատմել են, որ իրենք շատ ջանքեր են գործադրել քաղբյուրոյի մարազմատիկներին բացատրելու և համոզելու, որ երկու ճակատով պատերազմելը կարող է լրիվ կործանարար լինել երկրի համար, և պետք էր անել ամեն ինչ այդ ճակատագրական սխալը թույլ չտալու համար:


Ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել ԽՍՀՄ կոչվող երկրում. բոլոր երկրներում քաղաքական իշխանություններն են դիմագրավում զինվորականների ռազմատենչ ծրագրերին, իսկ այստեղ հակառակը՝ մարշալներն են զսպում քաղբյուրոյի մարազմատիկ ավանտյուրիստներին:
Բրեժնևի դարաշրջանը այլախոհների, իրավապաշտպանների, անհատի ազատության համար պայքարողների դեմ ԽՄԿԿ-ի և խորհրդային պետության ակտիվ պայքարի ժամանակներ էին: Պաշտոնական քարոզչական մեքենան գործում էր անխափան, օր ու գիշեր, իր զինանոցում ունենալով բոլոր անթույլատրելի զենքերն ու մեթոդները, մշտապես գոտկատեղից ներքև հարվածներ հասցնելով, աներևակայելի ստեր հորինելով ու տարածելով: Եվ խորհրդային մարդկանց մեծամասնությունը, այդ թվում` բավականին զարգացած ու կրթված մարդիկ, հավատում էին այդ կեղծ, բացարձակ զրպարտչական պաշտոնական քարոզչությանը, հատկապես մեծ ճշմարտախոսների, Նոբելյան դափնեկիրներ Անդրեյ Սախարովի և Ալեքսանդր Սոլժենիցինի մասին լկտի, վարկաբեկիչ ստերին: Այդպիսիք քիչ չէին նաև իմ ծանոթների թվում, ովքեր հավատում էին այդ ստահակների մոգոնած «հեքիաթներին» (պատահական չէր, որ КПСС-ը «վերծանվում» էր որպես Кампания против Сахарова и Солженицына):
Այլախոհների նկատմամբ դաժան հալածանքները, նրանց բանտարկելը, աքսորելը, հոգեբուժարաններում պարտադիր «բուժման» ենթարկելը սովորական բաներ էին ԽՍՀՄ-ում: Անհավատալի է, բայց փաստ, որ Խթը-ի շեֆ Յուրի Անդրոպովի նողկալի գործակալները հաջողեցրել էին փողոցում արհեստական հրմշտոց սարքելով՝ «ասեղով» կոնտակտ ունենալ XX դարի մեծագույն գրող, Նոբելյան դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինի հետ, և այդ անդրոպովյան վիժվածքները համոզված էին` մեծ գրողը, անմարդկային համակարգի անսասան հակառակորդն այլևս փրկության շանս չունի: Սոլժենիցինն ընկավ ծայրահեղ ծանր վիճակի մեջ. ամբողջ մարմինը պատվել էր ընկույզի մեծությամբ հեղուկ-բշտիկներով: Բարձրյալը, սակայն (արդեն որերորդ անգամ), նրան կյանք պարգևեց: Ե՞վ… Նա ապրեց ու տեսավ իր հաղթանակը ստի, կեղծիքի, չարիքի ու բռնության լենինյան-ստալինյան համակարգի և պետության դեմ, հանուն իր պաշտելի Ռուսաստանի ու ռուս ժողովրդի, ցուցաբերելով աներևակայելի քաջություն, ոգու արիություն և աննկուն կամք, ամբողջ աշխարհին ապացուցելով իր ճշմարիտ ու արդարացի լինելը:


Այլախոհությունն ունենում էր զանազան դրսևորումներ: Գրողների մի մասը ծածկանուններով պատմվածքներ, էսսեներ, բանաստեղծություններ, վիպակներ ու վեպեր էր հրատարակում դրսում և «սամիզդատ»-ով, մյուսները համարձակվում էին նույնը անել առանց թաքնվելու կամ ծածկանունների, ինչի համար անխուսափելիորեն ենթակա էին ՔՕ մտացածին հոդվածներով (պորտաբուծություն, հակախորհրդային, զրպարտչական գործունեություն և այլն) ազատազրկման կամ աքսորի դատապարտման, ինչպես, օրինակ, ապագա Նոբելյան դափնեկիր Իոսիֆ Բրոդսկին:


Յուրի Անդրոպովի ղեկավարած գերատեսչությունը չէր խնայում ոչ մեկին, երկիրը զրկվում էր իր տաղանդավոր մարդկանցից, որոնց միայն անունների թվարկումն իսկ ապշեցնում է. Ռոստրոպովիչ և Վիշնևսկայա, Յուրի Լյուբիմով և Անդրեյ Տարկովսկի, համաշխարհային բալետի գերաստղեր Ռուդոլֆ Նուրիև, Միխայիլ Բարիշնիկով, Ալեքսանդր Գոդունով, քանդակագործներ Էռնեստ Նեիզվեստնի, Արտո Չաքմաքչյան, նկարիչ Միխայիլ Շեմյակին, գրողներ Վիկտոր Նեկրասով, Վլադիմիր Վոյնովիչ, Սերգեյ Դովլաթով, դերասաններ Միխայիլ Կոզակով, Սավելի Կրամարով, Օլեգ Վիդով, դիրիժոր Յուրի Սիլանտև, կոլաժիստ Վահրիճ Բախչինյան և շատ ու շատ ուրիշներ: Նման գործունեության «թագն ու պսակը» դարձավ ռուս ժողովրդի երկու մեծագույն զավակների, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր Ալեքսանդր Սոլժենիցինի արտաքսումը երկրից և հանճարեղ ֆիզիկոս, մեծ մարդ ու քաղաքացի, խաղաղության Նոբելյան դափնեկիր Անդրեյ Սախարովի աքսորումը Գորկի (փակ քաղաք, ուր օտարերկրացիների մուտքն արգելված էր): Այս խայտառակության հեղինակ լենինյան քաղբյուրոն իր ամբողջ «թաշախուստով» հիշյալ երկուսից մեկնումեկի ճկույթի եղունգն իսկ չարժեր, բայց արի ու տես, որ այդ թափթփուկներն էին տնօրինում երկու հանճարների կյանքն ու ճակատագիրը:
(շարունակելի)

Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 21212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ