Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ԻՆՔՆԱՆԿԱՐ` ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԺԱՆՐՈՒՄ

ԻՆՔՆԱՆԿԱՐ` ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԺԱՆՐՈՒՄ
15.03.2011 | 00:00

Ազգովին սիրում ու մեծարում ենք նրան: Սիրում ենք ոչ միայն մենք: Նաև` օտարները: Ի մասնավորի` ռուսները: Իրենց (բոլորիս) Տարկովսկու հանրահայտ հերոսն է, խորհրդային կինոյի ապրող-չխամրող խորհրդանիշերից մեկը: Մեկը, ով անսպասելիորեն պիտի ճեղքեր իր ես-ը օղակող կինոկերպարի երփնազան լուսապսակը, և բեմն ու իրականությունը շղարշող բաժանարարը պիտի գծվեր բոլորովին այլ հարթության վրա, այլ ձևի ու բովանդակության տիրույթներում: Լսում-դիտում-կարդում էինք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, հետագայում անկախ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, յուրայինի չափ հարազատ, ծանոթ, մտերիմ արտիստին ու ակամա կասկածում, թե իսկապես նա է այդչափ հարազատը, ծանոթն ու մտերիմը:
Հետագայում վարժվեցինք նրա ես-ի բազմաշերտ դրսևորումները դյուրությամբ ընկալելուն, և առանձնապես չզարմացանք, երբ ասելիքի, խոհի անհատակ պաշարներն իր մեջ ամբարած արվեստագետը, մտավորականը, հասարակական-քաղաքական գործիչն անակնկալների իր զարմանահրաշ արկղիկից դուրս բերեց և մեզ հրամցրեց գրական ժանրի իր երկնումները:
Սոս Սարգսյանի մարդկային նկարագրի հմայքը ևս ունի բազմաբևեռ դրսևորումներ: Վերջերս նրա հետ շփման հնարավորություն ստացած հանդիսատեսը մեկ-երկու օրվա տարբերությամբ երկու տարբեր դահլիճներում («Թեքեյան» մշակութային կենտրոն, Երևանի «Մոսկվայի տուն») տեսավ-վայելեց միևնույն մարդու երկու տեսակները` գրող և փիլիսոփա-վերլուծաբան Սոս Սարգսյանին:
«Թեքեյան» մշակութային կենտրոնում մեծարվեց գրող-հրապարակախոս Սոս Սարգսյանը: Հանդիպման առիթը նրա գրական երկերի ժողովածու «Կանչի», «Ընդհատում», «Լակոտը» վիպակների, ինչպես և Մարիամ Հովհաննիսյանի` Սոս Սարգսյանի կենսամատենագիտությունը ներկայացնող աշխատության շնորհանդեսն էր: Թեև մի աննշան թյուրիմացության պատճառով անձամբ չմասնակցեցի այդ հանդիպմանը, սակայն ամիսներ առաջ իր ձեռամբ ու մակագրությամբ ինձ նվիրած գրքերին, «Կանչին» և «Ընդհատումին» մանրամասնորեն ծանոթացած լինելով և լրագրող գործընկերներիս պատրաստած նյութերին հետևելով` կարողացա ի մի բերել այդ օրվա տրամադրությունն ու գույները, համադրել դրանք գրքերից ստացած տպավորությանս հետ: Չեմ հաղթահարում «Կանչից» մի քանի քաղվածք մեջբերելու գայթակղությունը: Գլոբալիզացիայի վտանգը շոշափող և դրա սնանկությունը գիտակցող արվեստագետը գրում է. «Բայց չի կարող պատահել (որքան էլ գիտությունը, տեխնիկան առաջ գնան), չի կարող պատահել, որ Հոմերոսն ու Նարեկացին իզուր ապրած լինեն: Չի կարող պատահել, որ մարդն անցյալը լրիվ մոռանա, համարի փուչ, համարի մոլորություն, համարի իզուր: Չի կարող էդպես պատահել»:
Թուրքիայի եվրոպական նկրտումների վերլուծություն-գնահատականը հենց Եվրոպային ուղղված սթափեցնող սառը ցնցուղ է. «Թուրքիան եթե մտնի Եվրամիություն, տրոյական ձի է դառնալու Եվրոպայի համար»: Մնում է ավելացնել. «Բարի վայելում, Եվրոպա»:
Ազգի ցավն ու ուրախությունը սեփականի պես ապրելով` տալիս է ամփոփագիր-գնահատականը. «Որտեղ կռվեցին` չպարտվեցին… Սասուն, Զեյթուն, Վան, Մուսալեռ, ՈՒրֆա, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա, Սարդարապատ… Որտեղ որոշեցին բոլորը միասին կործանվել` ապրեցին, որտեղ որոշեցին բոլորը միասին փրկվել` կործանվեցին»։
Օրեր առաջ ունկնդրում էի մի ռադիոռեպորտաժ, որի ընթացքում Սոս Սարգսյանը հորդորում էր բոլոր հայորդիներին «կանչել» Թումանյանին, անսալ նրա իմաստուն ձայնին: Թերևս, «Կանչ»-ը Թումանյանին մերձենալու և մեզ մերձեցնելու նորօրյա փորձ է, որից պիտի դաս քաղենք ամենքս:
ՈՒ մինչ ջանում եմ ամբողջացնել չվայելածս հանդիպման համապատկերը, ներսումս գլուխ են բարձրացնում դրան հաջորդած մյուսի մանրամասները, որոնց հանրագումարն ուրվագծում է Սոս Սարգսյանի ինքնանկարը` մենախոսության ժանրում (թեև տեղ-տեղ այն վերածվում էր ձևական երկխոսության):
Երևանի «Մոսկվայի տան» դահլիճում «Ճանապարհ դեպի ինձ» խորագրի ներքո ձեռնարկված հերթական հանդիպումն է, հերոսը` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր Սոս Սարգսյանը: Խոսում է ռուսերեն. արդեն անբնական է: Բայց սկսում ես հետևել խոսքի ընթացքին, և հասկանում, որ ինքնըստինքյան վերանում են բոլոր անջրպետները, որ դու տեսնում-լսում ես քո սիրելի Սոս Սարգսյանին` Նահապետ, Ձորի Միրո, ընկեր լեյտենանտ, Ջոն արքա, Մացակ Ավագյան, պատգամավոր, հռետոր, արձակագիր և չգիտես, թե էլի որ Սոս Սարգսյանին: Իսկ խոսքն իմաստուն է, ինչպես միշտ: Անկախ նրանից` կինո՞ն է քննարկման թեման, թատրո՞նը, գրականությո՞ւնը, հայրենիքի բա՞խտը, արտաքին հարաբերություննե՞րը, Սոս Սարգսյանը խորաթափանց ու խորագետ վերլուծաբան է ու նաև` անվրեպ քննադատ:
Ինքնանկարն ամբողջանում է հանդիսատեսի աչքի առաջ: Սոս Սարգսյանն այս էլ որերորդ անգամ պատմում է Անդրեյ Տարկովսկու հետ իր բարեկամության մասին, վերհիշում մթության մեջ խարխափող Երևանում ծնունդ առած Համազգային թատրոնի կենսապատումը` սկսած Հայաստանի ժուռնալիստների միության դահլիճում խաղացած ներկայացումներից մինչև այսօր, անհանգստանում, թե կարող է խոսքն անհետաքրքիր լինել («Երբ դերասանը բեմում է, պիտի հետաքրքիր լինի»): ՈՒ առանձնապես մեծ ջանք չի գործադրում իր ունկնդրին հետաքրքրելու համար. հետաքրքրությունը ծնվում է ինքնին` պահի, թեմայի, անձի բերումով: Անդրադառնում է հազար ու մի տհաճ-հաճելի խնդիրների` հպարտությամբ իրեն համակած Արցախի մեծ հաղթանակին, հոգին խոցող տարատեսակ պարտություններին, կոռուպցիային, որ ավելի սարսափելի է, քան թուրքը, սոցիալական դժվարություններին, գյուղատնտեսության հետընթացին, արտաքին հարաբերություններին:
Քննադատության թիրախ է դառնում դարավոր բարեկամ Ռուսաստանը. «Մենք և Ռուսաստանը ավելի քան 200 տարի է, ինչ միասին ենք: Մենք անբաժան ենք իրարից, ինչպես սիամական երկվորյակները: Պարզապես չի կարելի կծել: Իսկ Ռուսաստանը կծում է: Նրանք չեն հասկանում, որ այն ամենը, ինչ կատարվում է Ռուսաստանում, անդրադառնում է մեզ վրա: Մեզ համար դա շատ էական է»: Ապա հեռակա դասեր է տալիս ռուս ազգայնամոլներին, որոնց խելքի բերելու առաքելությունը ռուս ինտելիգենցիայի ուսերին է դրված, և նրանց բանականության կոչելը առաջին հերթին պետք է հենց իրենց` ռուսներին:
Լսում եմ, ու մտաբերում Սոս Սարգսյանի համերկրացու, արձակագիր, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանի «Կանթեղ» փաստագրական վեպի հերոս Պյոտր Մեդվեդևին, որ արցախյան ազատամարտի անհույս օրերին, դարավոր բարեկամության ուխտին հավատարիմ, սատարել ու փրկել է իրենց հայրենիքը պաշտպանելու ելած շատ հայորդիների: Այս օրինակով հուսադրվում եմ ու հետևում Սոս Սարգսյանի խոհաշարին. «Ինձ թվում է, որ Քրիստոսը հայտնվել է երկրորդ անգամ, նայել աշխարհին, ձեռքը թափ տվել, թքել-հեռացել: ՈՒ այլևս չի գա: Որովհետև անհասկանալի է, թե ուր է գնում մարդկությունը: Որքա՞ն կարելի է պատերազմել, արյուն հեղել, դաժան լինել»:
«Գնահատվելու» հերթը հասնում է վայ-հարևաններին. քոչվորները չեն փոխում իրենց պատկերացումները չարի, բռնության մասին: Մեզ բախտ է վիճակվել ապրելու այդպիսի շրջապատում, ոչինչ չի մնում անելու, քան հարմարվել ու ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում:
Իսկ ինչո՞վ է զբաղված Եվրոպան: Ամենուր ձգտում է «ներդնել» դեմոկրատիան, ինչպես ժամանակին «ներդրվեց» սոցիալիզմը: Պատգամ. «Չի՛ կարելի ոչինչ ներդնել»: Ինչպես և չի կարելի ընդունել այսօրվա երգերը (ո՛չ մեղեդի ունեն, ո՛չ խոսք), չի կարելի անտեսել գիրքը, չի կարելի մոռանալ, որ դասականը միշտ արդիական է ու դրանով էլ` հանճարեղ:
Էլի մի տագնապ. աշխարհում թատրոնի ճգնաժամ է:
Ձգվում է վերհուշի երկար թելը. դպրոցից ու դասից խուսափող, ծույլ տղան դառնում է Ստեփանավանի թատրոնի դերասան, ապա, իր տեսած երազին հավատալով, տեղափոխվում Երևան, կյանքը հանդիպեցնում է թանկ ու անմոռանալի մարդկանց հետ` Վարդան Աճեմյան, Վաղարշ Վաղարշյան, Հրաչյա Ներսիսյան, Խորեն Աբրահամյան, Բաբկեն Ներսիսյան, Հենրիկ Մալյան…
«Ես բազմաթիվ անգամներ հեռացել եմ թատրոնից, ու բազմաթիվ անգամներ էլ ինձ վռնդել են թատրոնից: Բայց ճակատագիրը տնօրինել է այնպես, որ կրկին վերադառնամ այնտեղ»:
Խոսքը նման է խոստովանության, անկեղծ է, անմիջական. «Այս աշխարհում ինձ համար շատ հետաքրքիր է ապրել, շատ հետաքրքիր է հայ լինել: Ինչո՞ւ: Որովհետև ես չեմ ճանաչում մեկ ուրիշ ազգ, որն անցած լինի այն մացառոտ ճանապարհը, որով անցել է մեր ժողովուրդը: Դա շատ հետաքրքիր է, շատ ողբերգական` լի անհաշիվ սխալներով, պարտություններով, ընկրկումներով: Մի առիթով Մարիետա Շահինյանն ասաց. «Այսօրվա հույները հին հույները չեն, այսօրվա հռոմեացիները հին հռոմեացիները չեն, այսօրվա ասորիները հին ասորիները չեն: Բայց որքան էլ տարօրինակ թվա, այսօրվա հայերը նույն հայերն են, որ եղել են հնում»: Սա հրաշալի է: Սա ինձ շատ է դուր գալիս: Իսկ դուր է գալիս, որովհետև մեզ համար ամեն բան առջևում է: Անկեղծ ասած` ես ցանկանում եմ երկար ապրել: Ինձ համար շատ հետաքրքիր է: Ես այնքա՜ն համոզված եմ, որ սկսվում է մեր հաջողությունների, հաղթանակների շրջանը: ՈՒզում եմ տեսնել դրանք»:
Թող հանուն բոլորիս անկատար չմնան Վարպետի այս և մնացյալ ցանկությունները:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3738

Մեկնաբանություններ