Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածելու գաղափարը

Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածելու գաղափարը
03.04.2009 | 00:00

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ
Այսօր, երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ավելի լուրջ ներկայություն է ապահովել իր համար մեր երկրում, մի տեսակ մոռացության են մատնվել կառավարության` ընդամենը մի քանի ամիս առաջ աշխույժ քննարկման առարկա դարձրած բազմաթիվ նախաձեռնությունները, այդ թվում` ֆինանսական կենտրոն ձևավորելու մտադրությունը: Մինչդեռ եթե իրատեսորեն վերլուծենք իրավիճակը, ապա համաշխարհային տնտեսության վերելքի փուլում նման ծրագրերի իրագործումն ավելի դժվար է, քան ճգնաժամի պայմաններում, երբ զգալիորեն թուլացել են աշխարհի խոշորագույն կենտրոնների դիրքերը: Ավելին, մեր տարածաշրջանում իրեն զգացնել է տալիս նման կենտրոնի բացակայությունը:
Այսպիսով, Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածելու գաղափարն իրականում ցնորք չէ և կարող է դառնալ իրականություն: Սակայն զարգացած բանկային համակարգի առկայությունը (եթե այն իրապես կայացած լինի և չսահմանափակվի արտաքին էֆեկտներով) ինքնին բավարար չէ նման հավակնոտ ծրագրի իրագործման համար: Ի թիվս կարևորագույն այլ բաղադրիչների, նախ անհրաժեշտ է վերլուծել երկրում ֆինանսական շուկայի իրական հիմքերի ձևավորման հնարավորությունները: Իսկ ֆինանսական շուկան, իր հերթին, մրցունակ ֆինանսական համակարգի կայացման անկյունաքարն է: Գաղտնիք չէ, որ ֆինանսական շուկան կոչված է ապահովելու ներքին ներդրումների արդյունավետությունը և ներազդելու արտաքին ներդրումների համար գրավիչ միջավայրի կազմավորման վրա: Շուկայական տնտեսության ֆինանսական պաշարների վերաբաշխման համակարգի դեր խաղացող արդյունավետ ֆինանսական շուկայի ձևավորումը կարելի է համարել Հայաստանում տնտեսական բարեփոխումների հիմքը: Դրա կայացումը կարող է նպաստել ռիսկերի նվազեցմանը` անհրաժեշտ մոնիտորինգի և գնահատման արդյունավետ համակարգի ձևավորման միջոցով, ինչպես նաև ֆինանսավորման ներգրավման արժեքի նվազեցման միջոցով եկամտաբերության մեծացման շնորհիվ: Կարևոր է նկատել, որ հիշյալ հարցերի մասնակի լուծումները չեն կարող ապահովել արդյունավետություն, դրանք կարող են և պետք է հանգուցալուծվեն համակարգային մոտեցումներով:
Այս առումով հատկանշական է, որ ֆինանսական շուկայի ձևավորման անհրաժեշտությունն ուղղակի նախապայման է օտարերկրյա ներդրումների ներգրավման և ներքին խնայողությունների ավելացման ու ներքին ներդրումների աճի համար: Բացի հավակնոտ ծրագիր դասվելուց, ֆինանսական համակարգի կայացումը կարող է զգալի դեր խաղալ տնտեսական անվտանգության խնդիրները հաջողությամբ լուծելու գործում:
Ինչպես Սինգապուրի, այնպես էլ Ասիայի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների փորձը վկայում է, որ չնայած բազմաթիվ առանձնահատկություններին, ինչպես անցումային տնտեսություններում ընդհանրապես, այնպես էլ դրանց ֆինանսական համակարգերում մասնավորապես, տեղ են գտել ավելի շատ ընդհանրություններ, ուստի զարգացման արգելքների հաղթահարման գործում հաջող փորձի ուսումնասիրությունն ու կիրառումն ուղղակի հրամայական են: Անկախության հռչակումից ավելի քան մեկուկես տասնամյակ անց միայն առաջին քայլերն են արվում ապահովագրական ընկերությունների, պետական և մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների, ավանդներն ապահովագրելու կազմակերպությունների, փոխադարձ վարկավորման հիմնադրամների ու վարկային միությունների, ֆինանսական ընկերությունների, ներդրումային ընկերությունների ձևավորման ուղղությամբ: Իսկ վենչուրային հիմնադրամների, ֆինանսական խմբերի և ոչ բանկային ֆինանսական կառույցների մասին նոր-նոր են սկսում բարձրաձայնել: Ավելի հազվադեպ հաշվի են առնվում հաշվարկավճարային տեխնոլոգիաները և կապիտալի շուկայի գործիքները, իսկ հիպոթեքն ու այլ գործիքների մասին մեր պատկերացումներն ուղղակի հեռու են միջազգային չափորոշիչներից: Իսկ որ պակաս կարևոր չէ, ապահովագրական համակարգը, որն անմիջական ազդեցություն ունի ֆինանսական համակարգի նշված և այլ բաղադրիչների վրա, գտնվում է սաղմնային և խիստ խոցելի վիճակում: Այս մասին դիտարկումներն, իհարկե, առանձին վերլուծության առարկա են:
Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, բանկային համակարգի ներքին վարկային ներդրումների ծավալը գերազանցում է ՀՆԱ-ի ծավալները ավելի քան 100 %-ով, հասնելով Շվեյցարիայում՝ 184 %-ի, ԱՄՆ-ում՝ 170 %-ի, Ռուսաստանում` 30 %-ի, իսկ Հայաստանում այն չի մոտենում անգամ 10 %-ի: Նման մեծ տարբերություններ կան նաև մեր երկրի և զարգացած երկրների կենսաթոշակային հիմնադրամների ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցության, ապահովագրական ոլորտի, ոչ բանկային ֆինանսական հաստատությունների և այլ ցուցանիշների համեմատություններում: Ընդհանուր առմամբ, ֆինանսական շուկայի, բանկային և ոչ բանկային հաստատությունների, արժեթղթերի շուկայի և համակարգի մյուս հատվածների գործիքների զարգացման ցածր մակարդակը էապես սահմանափակում է տնտեսության իրական հատվածի վարկային և ներդրումային հնարավորությունները, որն էլ բացասական ազդեցություն է ունենում ֆինանսական շուկայի ձևավորման վրա: Խնայողությունների պակասուրդն արդյունք է տնտեսության համար պահանջվող խնայողությունների ցածր մակարդակի, որը չի նպաստում ներդրումների ծավալների ավելացմանը, իսկ բանկային համակարգի միջոցով համախմբված ներդրումների ծավալը գտնվում է չափազանց ցածր մակարդակի վրա, որն արդյունք է բանկային համակարգի նկատմամբ բնակչության վստահության անկման: Որպես հետևանք, խնայողություններն ուղղվում են արտարժույթի, անշարժ գույքի և ոչ իրացվելի այլ ձևերի ձեռքբերմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս` հանգեցնելով ֆինանսական միջոցների անարդյունավետ վերաբաշխման և երկրից կապիտալի արտահոսքի:
Առանձնապես մեծ լավատեսություն չեն հաղորդում նաև Հայաստանի արժեթղթերի շուկան ընդամենը երեք հարյուր տասը հազար արժեզրկվող ԱՄՆ դոլարով OMX-ին վաճառելու և դրա միջոցով ֆինանսական շուկան կայացնելու փորձերը: Ի վերջո, այն չի կարող մեկուսի ձևավորվել` առանց ֆինանսական համակարգի մյուս բաղադրիչների գործուն մասնակցության:
Միաժամանակ, կարևոր է արձանագրել, որ Հայաստանի ֆինանսական համակարգի համեմատաբար առավել կայացած հատվածը բանկային համակարգն է: Երկրի ներդրումային միջավայրի բարենպաստ պայմանները, ինչպես նաև տնտեսության զարգացման տեմպերը պայմանավորված են բանկային համակարգի զարգացման մակարդակով, դրամական հոսքերն ու խնայողություններն արդյունավետորեն տնտեսության իրական հատվածում վարկային ներդրումների փոխակերպելու, փողի զանգվածն ավելացնելու հնարավորություններով: Այսպիսով, բանկային համակարգի զարգացումն առանցքային նշանակություն է ձեռք բերում ֆինանսական ողջ համակարգի կայացման և տնտեսության իրական հատվածը սպասարկելու գործում: Վերջինս մեծապես ազդում է հայրենական ապրանքների մրցունակության բարձրացման և դրանց հաջող իրացման վրա ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում:
Անկախության հռչակումից ի վեր մշակվել և ընդունվել են բազմաթիվ օրենքներ, որոնք, ըստ էության, հաշվի են առել ոչ միայն հանրապետության տնտեսության որոշակի առանձնահատկությունները, այլև առաջատար երկրների օրենսդրական բարեփոխումների ուսանելի փորձը` արդյունքում ձևավորելով համապատասխան հիմքեր բանկային համակարգի զարգացումը պատշաճ մակարդակի և լավագույն չափորոշիչների հասցնելու համար: Ինչ վերաբերում է վճարահաշվարկային համակարգին, ապա այն ևս արդիականացված է և ապահովված համապատասխան ցանցային լուծումներով: Վերջին տարիներին առաջընթաց են արձանագրել նաև անկանխիկ դրամաշրջանառությունն ու հաշվարկները` շնորհիվ քարտային համակարգի ներդրման:
Բանկային բարեփոխումները, ի տարբերություն տնտեսական բարեփոխումների, ավելի արագ են արդյունքներ տալիս, մասնավորապես, բարձրացնելով հայկական բանկերի վճարունակության և իրացվելիության ընդհանուր մակարդակը. ձեռք է բերվել սպասարկման գործառնական-տեխնոլոգիական համեմատաբար բարձր մակարդակ, ներդրվել են բանկային որոշ առաջադիմական արդյունքներ և այլն:
1996 թ. ՀՀ կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենքի ընդունումը, իր հերթին, կանոնակարգման նոր մակարդակի հասցրեց ԿԲ-ի գործառույթները` ամրագրելով նրա անկախությունը, և հնարավորություն ընձեռեց հետագայում բարելավել ինչպես արտարժույթի կարգավորումն ու ստուգումը, կապիտալի շարժի ու ընթացիկ հաշվի ազատական կանոնակարգերը, այնպես էլ հսկողությունը, լիցենզավորումն ու բանկային գործունեության կարգավորման համակարգերի խստությունը: Կարևորվում են նաև բանկային գաղտնիքի, ակտիվների դասակարգման և դրանց հնարավոր կորուստների դեպքում պահուստներ ստեղծելու, արտարժույթի հսկման և կարգավորման, հաշվառման, հաշվետվության և հսկողության ստանդարտներին առնչվող օրենքներն ու վարչական որոշումները: Ֆինանսաբանկային համակարգի բարելավման առումով օրենքներում ամրագրվել են բանկային գործունեության հարկման վերաբերյալ այնպիսի կարևոր մոտեցումներ, ինչպես, օրինակ, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում շահույթի հարկվող բազան փոքրացնող և համախառն եկամտից հանվող ծախսումների կազմի մեջ են մտցված ակտիվների հնարավոր կորուստների դեպքում պահուստային հատկացումները, որը բնորոշ չէ այլ երկրների բանկային օրենսդրության համար: Մյուս կողմից` թույլատրվում է համակարգչային սարքավորման արագացված մաշվածքածածկում, իսկ «Ավելացած արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում դրված է բանկերին իբրև սեփականություն անցած նախկինում գրավադրված անշարժ գույքի իրացման շրջանառության հարկման աննախադեպ արտոնյալ մեխանիզմ. թույլատրվում է եկամտի հարկվող բազայի փոքրացում՝ համախառն եկամտից ակտիվների և չստացված տոկոսային եկամուտների կորուստները հանելու միջոցով, այդ թվում՝ դրանք զիջելու դեպքում, արտարժույթի և արտարժույթով ակտիվների, ինչպես նաև հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքները եկամուտներում չեն արտացոլվում, արժեթղթերի անվանական արժեքի և տեղաբաշխման արժեքի միջև դրական տարբերությունը նույնպես չի արտացոլվում եկամուտներում, ավանդների տոկոսային եկամուտների նկատմամբ կիրառվում է արտոնյալ հարկում: Այս առումով ֆինանսական և բանկային համակարգի կայացմանը նպաստում է նաև պետական արժեթղթերով գործարքներից ստացված եկամուտները հարկելուց ազատումը:
Ներկայումս իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, չնայած ակնհայտ բազմաթիվ թերություններին, այնուհանդերձ, ի վիճակի է նպաստելու արտաքին ֆինանսական հոսքերը յուրացնելուն և արդյունավետ տեղաբաշխմանը: Այսօր հանրապետության ֆինանսական համակարգը բավական լուրջ կախվածության մեջ է թե՛ արտաքին պարտավորություններից, թե՛ արտաքին կապիտալից` միաժամանակ կատարելով միջնորդի դասական գործառույթը ֆինանսական միջոցներ տրամադրող օղակների և դրանց նկատմամբ պահանջարկ դրսևորած կառույցների միջև:
Թեև նկատվում են որոշ առաջխաղացումներ, այնուամենայնիվ, հանրապետության բանկային համակարգն ամբողջությամբ վերցրած դեռևս արդյունավետ համարել չի կարելի, որն իր հերթին հանգեցնում է նրան, որ բաժնետերերի և սեփականատերերի համար բանկային հատվածը դառնում է անհրապույր, որը բացասաբար է անդրադառնում բաժնետերերից լրացուցիչ կապիտալներ ներգրավելու գործընթացի վրա և ընկերությունների բաժնետերերին ստիպում է դիմել այնպիսի քայլերի, որոնք ոչ թե նվազեցնում, այլ ավելացնում են ֆինանսական ռիսկերը, ներառյալ ինսայդերական ռիսկերը, որոնք բանկային հատվածում հանգեցրել են բազմաթիվ սնանկացումների: Պետության մշակած և իրականացվող դրամավարկային խիստ քաղաքականության և սղաճի կայուն ցածր մակարդակի արդյունքում էականորեն նվազել են տոկոսադրույքները: Մյուս կողմից, այս ամենը միանշանակորեն համաշխարհային ֆինսանսական համակարգերում նկատվող արդի միտումների անմիջական արտացոլում է։ Պետական (գանձապետական) կարճաժամկետ փոխառությունների միջին եկամտաբերության շեշտակի նվազում նկատվում է ինչպես անցումային այլ տնտեսություններում, այնպես էլ զարգացած արդյունաբերական երկրներում: Սակայն նույնիսկ տոկոսային դրույքաչափերի ներկայիս մակարդակը չի կարող նպաստել տնտեսության իրական հատվածին ֆինանսական և բանկային համակարգի առավել արդյունավետ սպասարկմանը, մասնավորապես, արտադրական երկարաժամկետ նախագծերի վարկավորման մասով։ Ավելին, վարվող դրամավարկային քաղաքականությունը չի նպաստում ֆինանսական շուկայի համապարփակ զարգացմանը, իսկ վերջին տարիներին արձանագրվող սղաճի և գնաճի ցածր մակարդակը (իսկ 2005-ին արձանագրվել է անգամ գնանկում) պարզապես վնասաբեր է տնտեսության և նրա առանձին ճյուղերի մրցունակության համար` միաժամանակ լուրջ վնաս հասցնելով երկրի արտահանման կարողության զարգացմանը։
Սթափ գնահատելով իրավիճակը և հաշվի առնելով համաշխարհային շուկայում վարկային ճգնաժամի տարբեր դրսևորումներն ու ֆինանսական համակարգերի հետագա հավանական վատթարացման միտումները` առանձնապես իրական հիմքեր չեն մնում Հայաստանի ֆինանսական համակարգի էական առաջընթացի հավակնությունների, առավել ևս` երկիրը տարածաշրջանային կենտրոնի վերածելու առնչությամբ:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 5345

Մեկնաբանություններ