ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Վերջին եվրոպացին, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, կմահանա 2500-ականներին»

«Վերջին եվրոպացին, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, կմահանա 2500-ականներին»
08.12.2017 | 04:30

«Իրատեսի» հյուրը Չեխիայում բնակվող նկարիչ, տեղի «Dennik» պարբերականի լրագրող, քաղաքական մեկնաբան ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ է:

«ՀՐԵԱՆԵՐԸ ԹԵԼԱԴՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿԱՄՔՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ, ԻՍԿ ԵՎՐՈՊԱՆ ՀԼՈՒ-ՀՆԱԶԱՆԴ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է»


-Պարոն Առաքելյան, լինելով Չեխիայի քաղաքացի՝ մտահոգված եք այդ երկրի ազգաբնակչության ներսում կատարվող և կատարվելիք դեմոգրաֆիական փոփոխություններով: ՈՒնե՞ք ճշգրիտ տվյալներ, որոնք առնչվում են այդ խնդրին, կներկայացնե՞ք դրանք:
-Ես մտահոգված եմ ոչ միայն Չեխիայի, այլև ամբողջ Եվրոպայի համար: Սլովակիայի «Zivot» ամսագրի խմբագիրն ինձ հարցրեց. «Դուք հայ եք և ապրում եք Եվրոպայում, ինչու՞ է Ձեզ այդքան անհանգստացնում Եվրոպայի վիճակը»: Ես ասացի. «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է (թեև ես Եվրոպան թշնամի չեմ համարում): Երբ քրիստոնյա աշխարհը գրավի իսլամը, և Ռուսաստանն էլ չլինի, թուրքերը նույն օրը կոչնչացնեն Հայաստանը»: Իմ ձեռքի տակ եղած տվյալները ՄԱԿ-ի, Եվրամիության և Չեխիայի վիճակագրական կենտրոններից են առնված, այսինքն՝ ճշգրիտ են: Եղած տվյալների հիման վրա ես կանխատեսում եմ, թե ինչ կլինի առաջիկայում: Համաձայն վիճակագրության՝ 1950-60-ական թվականներին Եվրոպայում բնակվում էր 4-6 մլն մուսուլման, այսինքն՝ 120 քաղաքացուց մեկն էր մուսուլման: Այժմ, համաձայն Եվրամիության վիճակագրության, Եվրոպայում բնակվում է 52 մլն պաշտոնապես գրանցված և մի 14-15 մլն էլ չգրանցված մուսուլման (իրականում պաշտոնապես չգրանցվածների թիվը շատ ավելին է): Ի՞նչ է ստացվում. մի քանի տասնամյակի ընթացքում փոխվել է ազգաբնակչության պատկերը՝ 120 եվրոպացուց 8-ն են այսօր մուսուլման: Եվ եթե այսպես շարունակվի, 2060-70-ական թվականներին Եվրոպայում բնակվելու է մոտ 120 մլն մուսուլման կամ դրանից էլ շատ: 2250-ական թվականներին Եվրոպայում կբնակվի մոտ 300 մլն մուսուլման՝ ըստ վիճակագրական կանխատեսումների: Իսկ վերջին եվրոպացին, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, կմահանա 2500-ականներին: Այսօր Եվրոպայում ապրող մոտ 500 մլն եվրոպացի բնակչությունից մնալու է ընդամենը 100-120 մլն: Սա նշանակում է, որ Եվրոպան կդառնա կորած քաղաքակրթություն, և եվրոպացիներն իրենց երկրներում կդառնան ազգային փոքրամասնություն: Այս վիճակն արդեն պետական մարմինների համար է հոգս դարձել Եվրոպայում: Պատճառը Բրյուսելի վարած ոչ ճիշտ քաղաքականությունն է, Եվրամիության, Եվրախորհրդարանի, Անգելա Մերկելի, Շուլցի սխալ քաղաքականությունը: Նրանք վարում են այնպիսի քաղաքականություն, որը նպաստավոր չէ եվրոպացի ժողովուրդների համար: Այդ քաղաքականությունը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ:
-Դուք ի՞նչ եք կարծում, ինչու՞ են եվրոպական այդ հզոր կառույցները, քաղաքական այդ լուրջ դեմքերը վարում նման հակաեվրոպական քաղաքականություն. կաշառվա՞ծ են, կարճատե՞ս են, ինքնաբա՞վ են, պոպուլի՞ստ են…
-Դա եվրոպական հիվանդության արդյունք է: Հիշենք եվրաուտոպիստներին՝ Սեն Սիմոնին, Թոմաս Մորին, Օուենին: Դա ոչ թե մտածված հակաեվրոպական քաղաքականություն է, այլ Եվրոպայի՝ ամերիկյան քաղաքականությանը ենթարկվելու արդյունք: Ամերիկան իր ձեռքում պահում է համաշխարհային կապիտալի ավելի քան 35 տոկոսը, որի զգալի մասը հրեաների ձեռքում է: Հրեաները թելադրում են իրենց կամքն ամբողջ աշխարհին, իսկ Եվրոպան հլու-հնազանդ ենթարկվում է: Նրանք միայն մի բան են կարևորում՝ մարդու իրավունքներ, դեմոկրատիա: Չեն էլ պատկերացնում, թե հետագայում ինչ է բերելու իրենց գլխին այդ քաղաքականությունը: Իհարկե, կա հարցի մեկ այլ կողմ. եվրոպացիները թույլ են տալիս իրենց երկիր մտնել այդքան օտարազգիների, որովհետև աշխատուժի կարիք ունեն: Եվրոպացի կանանց ծնելությունը 1-1,5 տոկոս հարաբերակցությամբ է, Իսպանիայում, Հունաստանում՝ ավելի ցածր է՝ 1-1,1 տոկոս: Այսպես շարունակվելու դեպքում աշխատուժի պակասը կխորանա, և ավելի մեծ կլինի դրսից աշխատուժ բերելու պահանջը: Բայց հենց այդ պահանջի բավարարումն էլ չարիք է դառնում Եվրոպայի համար:
-Ստացվում է, որ ֆիզիկապես սպառվելուց առաջ եվրոպացիները բարոյապես արդեն սպառվել են, չեն աշխատում, արարում՝ ի բարօրություն սեփական երկրի:
-Եվրոպացիները շատ բարեխիղճ աշխատում են: Բայց եթե 1950-60-ականներին տարեց եվրոպացիները ազգաբնակչության 16-17 տոկոսն էին, այժմ 24-26 տոկոս են: Այսինքն՝ աշխատող ուժ չկա, երիտասարդություն չկա: Այդ պատճառով էլ ընդունում են էմիգրանտներին: Եկողներն էլ հետագայում քաղաքական կարգավիճակ են պահանջելու, ստեղծելու են իրենց անկախ պետությունը և այդպիսով վերջ են տալու եվրոպական քաղաքակրթությանը:

«ԵՎՐՈՊԱՑԻ ՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՉՈՒՆԻ ԱՅՆՊԻՍԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ ԵՎ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐՊԻՍԻՆ ՈՒՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ»


-Անկեղծ ասած՝ ինձ այնքան էլ չի հետաքրքրում Եվրոպայի՝ մի քանի հարյուրամյակ հետո հնարավոր վախճանը, որովհետև իմ երկիրն ու ազգը հենց այսօր են կանգնած ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև: Մինչ Եվրոպան ու եվրոպացիները բնականոն ճանապարհով կանհետանան Երկիր մոլորակից, ըստ Ձեր բերած վիճակագրական տվյալների, հայերս կարող ենք անհետանալ ամենաանբնական ճանապարհով՝ մեզ պատմությունից հայտնի բարբարոսությանը զոհ դառնալով՝ նույն այդ Եվրոպայի ու Ամերիկայի աչքի առջև, ինչպես արդեն պատահել է 102 տարի առաջ: Արդյո՞ք Դուք՝ որպես հայ մարդ, ավելի մտահոգ չպիտի լինեք Ձեր ազգի ու երկրի խնդիրներով:
-Հայաստանը պետք է դիտարկենք երկու կողմից՝ մեր ղեկավարության վարած քաղաքականության և դրսի աշխարհի վերաբերմունքի: Եվրոպայի համար Հայաստանն ընդամենը խաղաքարտ է՝ Ռուսաստանին խեղճացնելու համար: Հայաստանը Եվրոպայի ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական շահերի մեջ գոյություն չունի՝ ի տարբերություն Ադրբեջանի և Վրաստանի: Ի միջի այլոց, հայ ժողովուրդն այս վերջին տարիներին շատ վատ կուրս է վերցրել. մեր հիմնական թշնամիներն են Թուրքիան և Ադրբեջանը, բայց այսօր հայերը քննադատում են և՛ ռուսներին, և՛ եվրոպացիներին, և՛ հրեաներին: Դա սխալ կուրս է, և պետք է դրանից հրաժարվել: Ինչ վերաբերում է ներքին վիճակին, հիշեցնեմ Գարեգին Նժդեհի խոսքը. «Ներքին թշնամին ավելի ահավոր է, քան արտաքին»: Հայաստանն այս վերջին 20 տարում չհասավ մի կարգին վիճակի, և տարեցտարի վիճակն ավելի է վատանում: Մի քանի օր առաջ Ղարաբաղում էի և տեսա, որ Ղարաբաղը դատարկվում է արդեն: Եթե եվրոպական և ամերիկյան տնտեսությունը հիմնված է մանր և միջին բիզնեսի վրա, ապա Հայաստանում, ինչպես և արևելյան երկրներում, այն գտնվում է մի 50 հոգու ձեռքում: Հայաստանը վերածվել է մոնոպոլիստական երկրի: Եվրոպական և ամերիկյան երկրներում ստրատեգիական արժեք ներկայացնող օբյեկտները վաճառքի ենթակա չեն, գտնվում են պետության ձեռքում: Հայաստանում նման օբյեկտները՝ պղինձը, մոլիբդենը, ոսկին, ատոմակայանը, կոնյակը, ծխախոտը և վառելիքը, գտնվում են մասնավոր անձանց ձեռքում: Եթե դրանք գտնվեին պետության ձեռքում, և դրանցից ստացված եկամուտը մտներ պետական բյուջե, Հայաստանը երկու-երեք տարում կարող էր փակել իր պարտքը և ավելի բարեկեցիկ վիճակի հասնել: Եվրոպացի ոչ մի քաղաքական գործիչ չունի այնպիսի առանձնատուն և հարստություն, որպիսիք ունեն Հայաստանի, Ադրբեջանի քաղաքական գործիչները: Սա է Հայաստանի, հայ ժողովրդի վիճակը: Տնտեսության զարգացման համար պետք է մրցակցություն լինի, իսկ Հայաստանը դա թույլ չի տալիս: Եվրոպայում հայերին համարում են ոչ հուսալի գործընկեր, այսինքն՝ «քցող» ազգ: Հայաստանում ներդրումներ արեցին մի շարք ընկերություններ՝ «ԱրմենՏել», «Օրանժ», «Վեստեռն Յունիոն» և այլն: Մի քանի տարի հետո նրանց խաբեցին, ձեռքներից բիզնեսը վերցրին ու հետ ուղարկեցին: Ոչ մի օտարերկրացի չի ուզում գալ Հայաստան, որովհետև այստեղ արդյունքի չեն հասնում: Իսկ եթե լիներ մրցակցություն, կլիներ գների իջեցում: Այսօր Հայաստանում գները համարյա երկու անգամ ավելի բարձր են, քան, օրինակ, Չեխիայում, որտեղ ես բնակվում եմ, և որտեղ աշխատավարձերը 8-10 անգամ ավելի բարձր են, քան Հայաստանում:
-Դուք ա՞յդ պատճառով եք գնացել Չեխիա:
-Գիտե՞ք, ես չեմ հարգում այն անձանց, որոնք, տնտեսական և քաղաքական հանգամանքներից ելնելով, թողնում են Հայաստանը և հեռանում: Սակայն ասում են, որ սերը ո՛չ սահման է ճանաչում, ո՛չ ազգություն: Իմ մտքով չէր անցնում, որ ես կհանդիպեմ չեխուհու: Հանդիպեցի, ամուսնացանք, միասին եկանք Հայաստան կոմունիստների ժամանակ, նա սովորեց հայերեն, բայց երբ եկան մութ ու ցուրտ տարիները, աշխատավարձը 20 դոլարի կարգի էր, ես կանգնեցի ընտրության առջև. կա՛մ պետք է բաժանվեինք, կա՛մ ես պետք է մեկնեի Չեխիա: Բայց ես չեմ մոռանում Հայաստանը, որոշակի օգնություն եմ տրամադրում, իմ հայրենի գյուղում հուշաղբյուր եմ կառուցել:

«ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՀԵՏ ԿՄՂԵՆ ԲՈԼՈՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ԴԱ ԵՂԱՎ 2-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ»


-ՈՒնե՞ք այլ ասելիք՝ կապված եվրոպական երկրներին առնչվող խնդիրների հետ:
-Կարծում եմ՝ մեր ապագա սերունդն առաջիկա 30-40 տարում կարող է տեսնել 3-րդ համաշխարհային պատերազմը, որը կլինի մուսուլմանների և քրիստոնյաների միջև: Ապագան՝ 30-40 տարվա կտրվածքով, շատ անկանխատեսելի է, Եվրոպային սպասում են մեծ փորձություններ: Բայց ես լավատես եմ. եվրոպացիները հետ կմղեն բոլորին, ինչպես դա եղավ 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Այն ժամանակ հրեաներին ոչնչացրին նրա համար, որ տնտեսությունն ամբողջովին նրանց ձեռքում էր: Հիմա ավելի մեծ վտանգ են նրանք ներկայացնում: Այս հարցերը չեն կարող չմտահոգել:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 20731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ