Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ախթալա-Պղնձահանքը միջնադարում բազմամարդ բնակավայր էր

Ախթալա-Պղնձահանքը միջնադարում բազմամարդ բնակավայր էր
22.01.2024 | 09:29

Լոռու մարզում գտնվող այս փոքրիկ քաղաքն իրավամբ կարելի է համարել Հայաստանի հյուսիսային դարպասները, քանզի Ախթալան ամենահյուսիսային քաղաքային բնակավայրն է: Ախթալայում ընդամենը 2300 մարդ է ապրում, բայց քաղաքն աշխարհին շատ բաներով է հայտնի: Ախթալայում է գտնվում Կովկասի ամենահին գործարանը` լեռնահարստացման կոմբինատը, որ ստեղծվել է 1763 թ.: Ախթալայի պղնձի արտադրությունը հազարամյակների պատմություն ունի: Այդ է վկայում նաև քաղաքի միջնադարյան անունը` Պղնձահանք: Համաձայն մի ավանդույթի` մ.թ.ա. II դարում Ախթալա է այցելում հայոց Արտաշես Ա Աշխարհակալ արքան և մտնում է պղնձի քուրաներ, որպեսզի տեսնի աշխատող վարպետների գործը: Վարպետներից մեկը, տեսնելով արքայի ձեռքի գեղեցիկ մատանին, քուրայից պղնձի հալած շիթ է բարձրացնում, օդում կլոր շրջան գծում և ստանում արքայի մատանու նման մի մատանի: Հիացած թագավորն իր մատանին նվիրում է հմուտ վարպետին:

Դեռևս XIX դարի վերջին Ախթալայում պեղումներ կատարեց ֆրանսիացի լեռնային ինժեներ Ժակ դը Մորգանը, որ այստեղ պեղեց շուրջ 210 քարարկղային դամբարաններ և նրանցում հայտնաբերեց պղնձեդարյան քաղաքակրթության նմուշներ` զենքեր, զարդեր, կենցաղային իրեր: Առհասարակ, Ախթալայի տարածքում մարդը բնակվել է հազարամյակներ առաջ: Դրա վկայությունն են Ախթալայի տարածքում հայտնաբերված և Լոռու մարզում միակ ժայռապատկերները, որոնք թվագրվում են մ.թ.ա. մոտ III հազարամյակով:

Ախթալայի պղնձով են պատրաստված Ամերիկայի Ազատության արձանը, որ ֆրանսիացիները նվիրեցին ամերիկյան ժողովրդին, Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի ճակատի չորս ձիերի քանդակը. այն առաջին դարում հայոց Տրդատ Ա թագավորն է նվիրել Հռոմի Ներոն կայսրին:

Բացի այդ, այսօր ախթալացիները հավատում են, որ իրենց համաքաղաքացին է եղել Ֆրանսիայի մարշալ և նախագահ դը Գոլը, քանզի 1880-ականներին նման ազգանունով հանքային ինժեներ է աշխատել Ախթալայում:

Տեղացիները համոզված են, որ նա էլ եղել է Ֆրանսիայի ապագա նախագահի հայրը: Ախթալան նաև Հայաստանի ամենաբազմամարդ բնակավայրն է. այստեղ ժամանակին 18 ազգերի ներկայացուցիչներ են բնակվել:

Ախթալա-Պղնձահանքը միջնադարում բազմամարդ բնակավայր էր. դրա վկայությունն են քաղաքի տարածքում պահպանված չորս ամրոցները: XV դարում տարածքում հայտնի էր նաև Վարդաշեն գյուղը:

Տեքստը` https://armtrailstour.am/news/akhthala-կայքից:

Lուսանկարները` Ախթալայի համայնքապետարանի արխիվից։

Տ. Հեթում ՀԵԹՈՒՄԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4188

Մեկնաբանություններ