38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Վարդանանք»

«Վարդանանք»
25.11.2008 | 00:00

ԲԼԻՑՆԵՐ
«ԱՌԻԹԸ ԿԼԻՆԻ, ԵՍ ԻՄ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ԿՀԱՅՏՆԵՄ ԱՅԴ «ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ» ԱՌԻԹՈՎ»
ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ (ՀՀԿ)
-Պարոն Այվազյան, այնպիսի տպավորություն էր, թե ՀՀԿ-ն չէր մասնակցում օրերս ՌԴ-ում տեղի ունեցած «Եդինայա Ռոսիայի» համագումարին: Դուք պատվիրակության կազմում էիք, չէ՞:
-ՀՀԿ պատվիրակությունը կազմված էր երեք անդամից` ես էի, ՀՀԿ ֆրակցիայի քարտուղար Գագիկ Մելիքյանը, ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչը: Համագումարին մասնակցելու հրավեր էր ստացել նաև ԲՀԿ-ն. պարոն Գագիկ Ծառուկյանն էր, Արամ Սաֆարյանը: Ի դեպ, ես և Արամ Սաֆարյանն ընդգրկված էինք նաև ՀՀ ԱԺ նախագահի՝ ՌԴ պաշտոնական այցի խմբում:
-Կարծում եմ` տպավորված եք ԵՌ-ի համագումարից. մանավանդ պարոն Պուտինի ելույթից, այնպես չէ՞:
-Անշուշտ: Համագումարը երկու մասից էր բաղկացած. նախօրոք հյուրերի հետ եղավ քննարկում` «Կուսակցությունները և նրանց դերն աշխահաքաղաքական նոր պրոբլեմների ժամանակահատվածում» թեմայով, մեր պատվիրակությունը ևս ելույթով հանդես եկավ:
-Ո՞վ ելույթ ունեցավ:
-Ես։
-Հետաքրքիր է։ Իսկ շեշտադրումները որո՞նք էին:
-Շեշտադրումները հիմնականում առնչվում էին քաղաքական համագործակցության, տնտեսական ճգնաժամից դուրս գալու միասնական քայլերին:
-Չասացիք` ինչի՞ց եք ամենաշատը տպավորված:
-Ռուսաստանյան իշխող կուսակցության իրականացրած քայլերից: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, որն արդեն վերածվում է տնտեսականի, Ռուսաստանը կարծես թե կարողանում է դիմագրավել իր համար խիստ վճռորոշ` մի շարք առանցքային ուղղություններով: Եվ դա շնորհիվ ՌԴ վարչապետի, ինչպես նաև նախագահի կողմից իրականացվող քայլերի, ու, ինչպես վստահեցնում էր ՌԴ վարչապետ պարոն Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը կարողանալու է առանց մեծ կորուստների դուրս գալ համաշխարհային-տնտեսական այդ մեծ կոլապսից, և չի կրկնվելու 98-ի տնտեսական անկումը:
-Վատ չէ, վատ չէ. թեև Դուք սուբորդինացիան խախտեցիք, նշելով նախ` վարչապետին, ապա նախագահին: Բայց ես որևէ մեկնաբանություն չեմ անում դրանից։ Ահա և կոլապս ասացիք, հիշեցի, որ մեզ մոտ նման բան` տնտեսական-ֆինանսական ճգնաժամ, չկա: Դե, գոնե այդպես են հայտարարում իշխանավորները: Բայց, «մյուս կողմից» էլ, հենց այս պահին, իմ ներկայությամբ, Դուք հեռախոսով հրահանգեցիք` «փակել գործարանը»: Նախ` ա) դա Ձե՞ր գործարանն էր, որ այդպես հեշտ, հանգիստ, մեկ զանգով փակեցիք, բ) քանի՞ գործարան ունեք, գ) ինչո՞ւ փակեցիք:
-Խնդիրն այն է, որ գործարանը, որի շուրջ նոր խոսում էի, որպես այդպիսին, կախված է հանքարդյունաբերության որոշակի ճյուղերից: Ես փայատեր եմ երկու գործարանում: Ինչ վերաբերում է գործարանը փակելու պատճառներին, ապա դրանք, անշուշտ, տնտեսական են. այո, տնտեսական ճգնաժամը հասնում է Հայաստան, և մեր արտադրած ապրանքն այլևս դրսում չի վաճառվում:
-Երկու գործարանն էլ փակեցի՞ք:
-Չէ, երկուսը չէ, մեկը: Մյուսն էլ երևի շուտով կփակենք:
-Բա չե՞ք աղքատանա:
-Որ չփակես, շատ ավելի շուտ կաղքատանաս: Եթե ամսական հինգից-վեց միլիոն միայն վնաս ես կրում, ի՞նչ իմաստ ունի նման դեպքում գործարան աշխատեցնելը:
-Բոլոր գործարար պատգամավորնե՞րն են այս վիճակում:
-Չեմ կարծում:
-Բա Դուք գործարար լինելու իրավունք ունե՞ք:
-Դուք թերևս գիտեք, որ ես գործարարությամբ չեմ զբաղվում: Ես ղեկավար խորհրդի անդամ եմ: Հա, ի դեպ, գործարան «փակողը» ես չեմ. խորհուրդն է որոշում փակել-չփակելու հարցը:
-Բա նոր` հենց իմ կենդանի ներկայությամբ, չասի՞ք` «փակեք-փակեք, այ մարդ, էդ գործարանը»:
-Ինձնից ընդամենը խորհուրդ էին հարցնում: Իրենք ներկայացրին վիճակը, որ` էսպես-էսպես, Ձեր կարծիքն ինչպե՞ս է, ի՞նչ անենք, ես էլ խորհուրդ տվեցի` փակել:
-Եվ վերջին հարցը. «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանի միջադեպի հետ կապված շրջանառվում էր նաև Ձեր անունը։ Նախ` պատրաստվո՞ւմ եք այցելել Էդիկին:
-Ո՛չ, բացարձակապես` ոչ:
-Ափսոս: Ձեզ համար միևնո՞ւյն է, որ լրագրողի նկատմամբ նման բիրտ-անթույլատրելի մոտեցումներ են դրսևորվում մեզանում:
-Չեմ ընդունում որևէ հակաօրինական գործողություն:
-Եվ, այնուհանդերձ, Ձեր անունը շրջանառվում է նրա հրապարակումներում, նյութերում, և կարծես. «բավականին բաներ» են բացահայտվում դրանցում:
-Դե, գիտե՞ք ինչ կա, իմ անունը բոլոր նյութերում է շրջանառվում: Ինչ կապված է Էդիկ Բարսեղյանի..
-Բաղդասարյանի. Էդիկ Բարսեղյանը դեռ բացահայտումներ չի արել:
-Էդիկ Բաղդասարյանը «բացահայտում-բացահայտում» է, ու ես չեմ հասկանում՝ ինչ է այդպես բացահայտում. առիթը կլինի, ես իմ տեսակետները կհայտնեմ այդ «բացահայտումների» առիթով:
-Իսկ գուցե հիմա՞ փորձեք:
-Ոչ, այլ առիթով:
«ԵՐԲԵՔ ՄԻ ՄՏԱԾԵՔ, ՈՐ ԼԻՆԵԼՈՎ ՏՆՏԵՍԱԳԵՏ, ԱՅՆՊԻՍԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ, ԻՆՉՊԻՍԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆ Է, ԵՍ «ՊԱԿԱՍ» ԱՍԵԼԻՔ ԿՈՒՆԵՆԱՅԻ»
ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ (ԲՀԿ)
-Պարոն Բոստանջյան, «Ազատություն» ռադիոկայանը հաղորդել էր, որ ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ քաղաքական ուժեր-Սերժ Սարգսյան հանդիպմանը մասնակցելու եք Դուք, քանի որ պարոն Ծառուկյանը Մոսկվայում է և մասնակցում է «Եդինայա Ռոսիայի» համագումարին: Մենք Ձեզ որոնեցինք-որոնեցինք, չգտանք այդ հանդիպմանը, չնայած մեզ տրվել էր «որոնման» տասը րոպե ընդամենը: Եկե՞լ էիք:
-Ես չեմ մասնակցել հանդիպմանը. վատառողջ էի. ժողովրդականորեն ձևակերպած` անկողնային հիվանդ էի, ու չկարողացա գնալ իսկապես կարևոր ու հետաքրքիր այդ հանդիպմանը:
-Ի՞նչ էր պատահել:
-Գոտկատեղում ուժեղ ցավեր ունեի:
-Հիմա լա՞վ եք:
-Լավ եմ, շնորհակալություն:
-Չե՞ք ափսոսում, որ բաց թողեցիք նման կարևոր քննարկում:
-Ամեն դեպքում մամուլից և հեռուստատեսությունից հասկացա ընթացքը, հարցերի շրջանակը, և մտածում եմ, որ ոչինչ` մի անգամ էլ հնարավոր է և այդպես լինի:
-Գիտե՞ք, պարոն Բոստանջյան, լրագրողներս այդ օրը մոտ հինգ ժամ ունեցանք քննարկելու բոլոր կարգի հարցերը. շատերս զարմանում էինք, թե ինչու հատկապես ընտրությունը Ձեզ վրա է կանգնել: Սա այն առումով, որ Ձեզ ավելի շատ գիտենք որպես փայլուն տնտեսագետի, և կարծում էինք, որ ճիշտ է, Արամ Սաֆարյանը ևս Մոսկվայում է, բայց կարող էին և Ավետ Ադոնցին` արտաքին քաղաքականության ԲՀԿ-ի հաջորդ «մետրին» ուղարկել քննարկման:
-Պիտի խնդրեմ ինձ ճանաչել ոչ թե որպես տնտեսագետի, այլ որպես քաղաքական գործչի: Անկախ բոլոր հանգամանքներից, պետք է ասել, որ ղարաբաղյան հիմնախնդիրն այնքան կենսական է մեզանում, որ գրեթե բոլորս ենք ակամա դարձել «մետրեր», ինչպես Դուք եք ասում: Եվ երբեք մի մտածեք, որ լինելով տնտեսագետ, այնպիսի հարցի շուրջ, ինչպիսին ղարաբաղյան հիմնախնդիրն է, ես «պակաս» ասելիք կունենայի:
-Այդ դեպքում ի՞նչ կասեիք հանդիպման ժամանակ:
-ՈՒրեմն` համաձայնությունս կհայտնեի հանրապետության նախագահի հռչակած այն սկզբունքներին (չնայած պետք է ասել, որ դրանք ոչ այնքան սկզբունքներ, որքան պայմաններ են), ըստ որոնց` պետք է ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքը կիրառվի, պետք է Ղարաբաղը ցամաքային սահման ունենա Հայաստանի հետ, և որ նույնքան կարևոր է` Ղարաբաղը պետք է ունենա անվտանգության հստակ երաշխիքներ:
-Որևէ այլ մտահոգություններ չունեի՞ք:
-Ես հասկանում եմ, որ խնդիրն այնքան էլ հեշտ լուծելիներից չէ, և այն միայն երկու կողմ չէ, որ ունի. գլոբալ խաղի իմաստով այնքան շահագրգիռ կողմեր են ներգրավված գործընթացում` տեսանելի և անտես մակարդակներով, որ մտահոգություններ չունենալն աբսուրդի ոլորտից կլինի: Բոլոր դեպքերում, ուժային կենտրոններն ու հարակից շահագրգիռները դեռ տևական ժամանակ կդժվարարան որևէ որոշում կայացնել, իսկ սա մի կողմից` մտահոգվելու, մյուս կողմից` մանևրների դաշտ է ապահովում, և այս պայմաններում նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած լուծումն այն լավագույնն է, ինչը հնարավորություն կտա ունենալ հայանպաստ լուծում:
-Իզուր էլ հիվանդացել էիք, պարոն Բոստանջյան. տեսնո՞ւմ եք` ինչ մտքեր կորան այդ հանդիպման ընթացքում:
-Դե` հիմա:
-Էլ չհիվանդանաք, պարոն Բոստանջյան:
-Ոնց կասեք:
Ոտքի վրա զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 3569

Մեկնաբանություններ