ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայաստան - ՀԱՊԿ մելոդրաման. ում համար՝ «Վու՜յ, աման», ում համար՝ «Դլե յաման»

Հայաստան - ՀԱՊԿ մելոդրաման.  ում համար՝ «Վու՜յ, աման»,  ում համար՝ «Դլե յաման»
25.11.2023 | 08:26

Ափսոսանքի խոսքեր, խորհուրդներ, խանդի ու մաղձի քողարկված և բացահայտ տեսարաններ, հեգնանք, սպառնալիքների պատառիկներ:

Այո՛, Հայաստան - ՀԱՊԿ դրաման շարունակվում է:

Հայաստանը նեղացել, արհամարհում է կառույցին, ՀՀ պաշտպանության ու ԱԳ նախարարները չմասնակցեցին Մինսկում ՀԱՊԿ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հանդիպումներին, Բատյան «եղբայրաբար» «քարը փեշերից թափելու» խորհուրդներ է տալիս Հայաստանին, Պեսկովն ափսոսանք է հայտնում գագաթնաժողովին Հայաստանի բացակայության համար, ակնկալում, որ Երևանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ-ի շրջանակներում, դե իսկ Զախարովան էլ պնդում է, որ Մինսկում ՀԱՊԿ գագաթաժողովին չմասնակցելը «չի բխում հայ ժողովրդի շահերից և չի նպաստի բարեկամ երկրի անվտանգության և կայունության ամրապնդմանը»:

Ավելին՝ վստահ է, որ «ի տարբերություն ԵՄ առաքելության, ՀԱՊԿ առաքելության տեղակայումը էական գործոն կլիներ Հայաստանի անվտանգության ապահովման համար»:

Միաժամանակ տիկին Զախարովան հավաստիացնում է, որ Ֆրանսիան Երևանին վաճառել է ոչ իրացվելի, այսպես ասած՝ «իրենց վրա մնացած», իրական մարտական պայմաններում ցածր արդյունավետությամբ զինտեխնիկա:

Խոսքը վերաբերվում է ֆրանսիական «Bastion» զրահամեքենաներին և դրանք Հայաստան առաքման մասին:

«Բաստիոնի» Էֆֆեկտիվության մասով, եթե անգամ կարելի է համաձայնել, ապա անհնար է չհամաձայնել, որ զինտեխնիկայի մատակարարումը Հայաստան կամ այլ երկների հետ ռազմաքաղաքական համագործակցության հաստատումը ջղաձգում է վերջինիս:

Էլ չեմ ասում, որ նախընտրելի է ունենալ թեկուզ ոչ այնքան էֆեկտիվ զինտեխնիկա, քան ձեզ վճարել սպառազինության դիմաց, բայց առ այսօր այն չստանալ:

Այսպիսով՝ հատկապես Զախարովան, որքան էլ որ բորբոքված է, իսկ հիստերիկ նոպաներն անթաքույց՝ այդուհանդերձ խիստ մտահոգ է Հայաստանի համար:

Ինչ խոսք՝ ցավալի է:

Այդքան ասում են, հորդորում, սրտնեղում, օգնություն առաջարկում, ի սրտե ուզում են մեզ պաշտպանել, մեր անվտանգությունն ապահովել, տարածաշրջանում, ի վերջո, կայունություն հաստատել, բայց մենք անդրդվելի ենք…

Եվ դա էլ բավ չէ՝ մեր լավն ու վատը, հեռահար շահերն էլ պարզվում է չգիտենք ու չենք հասկանում:

Ավելին՝ չենք գնահատում նրանց անմնացորդ ջանքերն ու անշնորհակալի, ապերախտի կեցվածք ենք ընդունել:

Այն էլ հիմա, երբ հուրախություն բոլորիս, և ի գիտություն մեր թշնամիների՝ ՌԴ նախագահ Պուտինն ավետեց, որ «Ռուսական կողմը լիովին պատրաստ է ավարտին հասցնել ՀԱՊԿ անդամ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի մատակարարումները», իսկ այսօր էլ՝ արցախցիների հոգսերը նվազեցնելու համար 40 տոննա հումանիտար օգնություն ուղարկեց Հայաստան:

Տակավին «մալադեց» ՌԴ-ն:

Հա՛մ արցախահայերի դարդ ու ցավով է տապակվում, անմնացորդ օգնում, հա՛մ էլ ՀՕՊ միասնական համակարգն է վերջապես կյանքի կոչում:

Այ հիմա ՀՕՊ համակարգը հաստատ աշխատելու է:

Ինչևէ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որոնց պետք է միանա նաև Հայաստանը։

Այնպես որ՝ գագաթնաժողովին գնալ-չգնալը, ըստ էության, եղանակ չի փոխում:

Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, պարտավոր է ստորագրել այն փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրեր Մինսկում՝ ներկա գտնվելով:

Ստացվում է՝ նիստերին ու գագաթնաժողովներին չմասնակցելն ընդամենը հերթական դեմարշ է, որը ոչինչ մեզ չտվեց, բացի մեր հանդեպ լարվածության ավելացումից:

Եվ այդ լարվածությունն օրեցօր մեծանալով՝ արդեն իսկ վտանգավոր իրավիճակների է տանում, որը կարող է անդառնալի հետևանքներ «ապահովել» Հայաստանին:

Մանավանդ, երբ «աբիժնիկ»-բողոքավորի կեցվածք ընդունած, բայց և գավառական շուստրիությամբ տոգորված՝ մե՛կ հայտարարվում է ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության, մե՛կ դրա բացառման, մե՛կ էլ մանուպուլյատիվ բառախաղերով՝ «Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս գալիս» տավտոլոգիայի մասին:

ՈՒ չկա հստակ դիրքորոշում, առավել ևս՝ կոնկրետ որոշում. կա՛մ մնում ես կառույցում, կա՛մ դուրս գալու դիմում ես գրում, ոչ թե «մուկ ու կատու» խաղում:

Այնպես որ՝ կոմնորոշվի՛ր:

Որոշում կայացրու, քանի դեռ քո փոխարեն նրանք որոշում չեն կայացրել:

Վեկտոր փոխողը, դեմարշի գնացողը կտրուկ քայլի է դիմում, ոչ թե սեթևեթում ու ձևեր թափում, որ հետո էլ «տուպիկ կոխեն» խայտառակեն:

Նրանք դեռ հանդուրժում են նման «վիխոդկեքը», վարքագիծն ու վերաբերմունքը:

Նրանք դեռ «խաղում» են հետդ:

Հիշի՛ր նախադեպը, երբ քեզանից ոչ պակաս «դուխով», քո կողմից մերժված, բայց իրենց կողմից ընդունված նախագահը ևս վեկտոր էր փոխում, եվրաինտեգրման ճամփան էր բռնում, հինգ պակաս Եվրոպայի հետ ասոցացման պայմանագիր էր կնքում ու մեկ էլ հոպ՝ մի գիշեր լուսացնելով Մաքսային Միության «սեզամը բացվեց»:

Այնպես որ, առավել ևս դու՝ պատեհապաշտ, պոպուլիստ ապիկարդ, «յորղանդ ոտքիդ գյորա քաշիր», թե չէ առանց վերմակ կթողնեն:

Կովկասն իրենց «սատանի մայլեն» է, որտեղ դու ես «քյանդրբազ» խաղացողը, բայց նրանք են «դիրիժորը»:

Այնքան կպահեն, այնքան կճոճեն, որքան կուզեն, պետք լինի՝ լարից կգցեն:

Ինչևէ, անսկզբունքայնությունը, ավանտյուրիզմը, ապաշնորհությունը, դիլետանտությունն ու դեմագոգիան սահմաններ չունեն:

Դե մենք էլ ազգովի՝ համբերություն ունենք, խրատվել չունենք, ինչ էլ լինի՝ մարսել կարող ենք:

Համազգային խայտառակության, տնաքանդության ականատեսն ենք:

Պետությունը մսուր մանկապարտեզի է վերածվել, երկրի կառավարումը՝ «քուչի բեսեդկայի» մակարդակի հասցվել:

ՈՒ այսպես հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի պայծառ ապագա…

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3000

Մեկնաբանություններ