ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հարյուր երկու տարին քի՞չ է, թե՞ շատ

Հարյուր երկու տարին  քի՞չ է, թե՞ շատ
25.04.2017 | 12:40

Հարյուր երկու տարի է անցել ցեղասպանությունից, բայց դեռ չենք կարողանում մեր քաղաքական խնդիրներն այնպես լուծել, որ չվտանգվի ապրելու մեր աստվածային իրավունքը: Մեր գոյապայքարի մեջ մենք կամ օտար երկրներում ենք հանգրվանում, որտեղ մեր սերունդների գլխին դամոկլյան սրի պես կախված է ուծացումը` իր բազմադեմ հրեշով, մեր կյանքին և ունեցվածքին սպառնացող վտանգն է, կա՛մ հայրենիքում, որի սահմաններն անապահով են, որովհետև փոքր երկրի ողջ ունեցվածքը բաժան-բաժան են արել մի քանի «աչքաբաց տղաներ»: Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, իհարկե, պետք է հիշեինք և աշխարհին էլ ցույց տայինք, որ մենք կանք ու կլինենք, որովհետև Աստծո ստեղծած արարող տեսակ ենք: Նժդեհն ասում էր. «Աշխարհում երկու բան կա, որ չի հոգնում. ժամանակը` ավերելով, Հայը` կառուցելով»: Եվ այդ կառուցածի մեծ մասը` օտարության մեջ, օտարների համար է: Ոչինչ, թող կառուցենք աշխարհի համար էլ, միայն թե մեր տունն ու հայրենիքը կիսավեր չթողնենք, այլ պատերն ամրացնենք, դռների փականները նորոգենք և լուսամուտների ապակիները հարվածակայուն անենք, որ չկոտրեն մեզ հարևան դարձած բարբարոսները, որ մինչև վերջերս ապրում էին «յուրտերում»` վրաններում: Եվ իր շինարարի առաքելությամբ` բառիս իսկական իմաստով տնաշեն հայ վարպետները նրանց համար տներ կառուցեցին ու փորձեցին մարդեղացնել: Բայց, ցավոք, դա վեր էր մեր ուժերից։ Եթե Աստված չի կարողացել, մենք ի՞նչ կարող էինք անել…


Ապրիլյան կարճատև պատերազմը ցնցեց բոլոր հայերիս: Թեև չորս օրը չորս տարի չէ, բայց պատերազմը պատերազմ է. եղան զոհեր ու վիրավորներ, եղան ավերածություններ և տարածքային կորուստ՝ թեկուզ և ոչ մեծ. հայրենիքը հեկտարներով չի չափվում:
Այդ պատերազմից և հուլիսյան ըմբոստության օրերից ողջ հայությունը հոգեցունց էր դարձել: Մի՞թե պարտադիր պայման է հայերիս համար վտանգի առկայությունը, որպեսզի միավորվենք, Սասունցի Դավթի նման մեն մի հարվածի հույսին մնանք ու նոր միասնանանք և զինվորագրվենք:


Բա՛վ է հույզերով ղեկավարվենք շահի ու հաշվարկի այս անիրավ աշխարհում, չէ՞ որ Աստված գլուխը սրտից վեր է դրել, որ տեսնենք աչքերով, լսենք ականջներով, ապա մեր տեսածն ու լսածը հասցնենք մեր ուղեղին, վերլուծենք, գտնենք մի քանի անհայտներով հավասարման բոլոր անհայտները և հետո միայն հրաման տանք մեր լեզվին` խոսելու, ձեռքերին` գործելու, ոտքերին` գնալու կամ գալու: Իսկ մենք դեռ բանաստեղծի հույզ ու զգացմունքներով ենք աշխարհի չարն ու բարին գնահատում։


Ապականվել է աշխարհը փողի ու զենքի անբարո կենակցումից։ Մենք իրավունք չունենք այդ խաղերին անգամ թամաշա անելու: Մերը մեր տունը, մեր հայրենիքը պաշտպանելն ու պահպանելն է, քանի որ մեր իսկ անհետևողականության պատճառով մեր տան մեջ ու մեր տան կողքին տեղ տվեցինք մարդկային բոլոր արատների մարմնացում մի ցեղի, որից, այս էլ քանի դար, սարսում է մարդկությունը: Բայց զարմանալի է, որ մե՛րթ ազատատենչ ու արդարացի թվացող, մե՛րթ ռազմատենչ ու անհանդուրժող այս մարդկությունը արմատախիլ չի անում բարբարոսի արմատը: Չի անում, որ հետո, երբ անհրաժեշտ լինի իր հարևանին վնասելու կամ հարվածելու, հարմար պահին քսի տա այդ բորենուն նրա վրա: Մենք էլ քաղաքակիրթ կոչվող այդ աշխարհի հարևաններից մեկն ենք եղել, ու հաճախ բորենու հոշոտմանն են մեզ տվել՝ իրար հետ հաշիվներ մաքրելիս։
Մեզ հիմա էլ են բորենիների երախը հրում: Մեր դաշնակիցն էլ, պարզվեց, մեր թշնամու բարեկամն է: Մենք պիտի վերջապես հասկանանք` մեր բարեկամը մե՛նք ենք՝ հայերս: Չկա՛ բարեկամ հզոր պետություն, բոլորն ուզում են, որ հարևանը լինի թույլ, տկար, և խժդժություն լինի այդ երկրում: Դա ապացուցել է մարդկության պատմությունը: Ի՞նչ անենք, թողնենք, որ դաշնակիցը մեր թշնամուն զենք վաճառի, իսկ մենք դրա վրա ա՞չք փակենք՝ ասելով, թե պետք չէ նեղացնել մեր դաշնակցին, թե չէ նա էլ մեզնից կնեղանա:
Իսկ մեզ կարելի՞ է նեղացնել։


Աշխարհը դարձյալ վերաբաժանում են հզորներն իրար միջև. այս բաժանումը և՛ նման է նախորդներին, և՛ ավելի դաժան է ու անզիջում. բաժանում են այլոց տարածքները, յուրացնում են ողջ նյութական և դրամական հարստությունը, իսկ հոգևոր հարստությունը ոչնչացնում են:
Սիրելի՛ հայեր, Հայաստանում ու Հայաստանից դուրս ապրող, մենք կանգնած ենք դաժան փորձության առաջ, որը կարող է փորձանքի վերածվել, եթե մեր համազգային հարստությունը տուն չբերենք:


Մեծահարուստ մեր եղբայրներ և քույրեր, մեր ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի. «Դեղին ոսկին սև օրվա համար է»: Չթողնենք սև օրվան այդ «դեղինը», որովհետև սև օրեր շատ ենք տեսել ու հաճախ ոսկին ձեռքներիս կա՛մ հաց չենք ճարել, կա՛մ այդ դեղինը մեր ձեռքից խլել են: Հիմա էլ վտանգված է մեր համազգային հարստությունը, որ օտար երկրներում է. դա էլ կարող ենք կորցնել, ինչպես եղել է ոչ հեռու անցյալում, երբ հայ վաճառականների ու արդյունաբերողների հարստությունը, հայոց պետականություն չունենալու պատճառով, մնացել է նրանց ապրած երկրին ու ժողովրդին կամ, խարդավանքով ու կոտորածների զոհ դառնալով, կորցրել ենք ազգային ողջ հարստությունը: Այսօր այդ «դեղինին» փոխարինում է «կանաչը»:


Մենք ազգովին շատ սև օրեր ենք ունեցել, բայց ապրել ենք աստվածային մի շնորհով` ստեղծել ենք ընտանիք, կրթել ենք մեր զավակներին, կառուցել ու շենացրել ենք մեր տունը, հաճախ՝ օտարի երկիրը` ի գին մեր մի պատառ ապահով հացի ու խաղաղ կյանքի և զավակների անվտանգության: Բայց աշխարհն ապրում է չարի օրենքներով. ամենուրեք մահ է ու կոտորած, դավ է ու թալան։ Օտար երկիրն այլևս չի կարող, նաև չի ուզում օտարին ապահովություն տալ իր երկրում: Եվրոպայում այսքան փախստականների կուտակումներից, տեղացիների բարքերի հետ նրանց անհամատեղելիությունից, բռնարարքներից մի օր հրաբխի նման ժայթքելու է երկրի իշխանությունների դեմ բնիկ ժողովուրդների դժգոհությունը, որովհետև իր հայրենիք-պետությունը իր հարկերով շենացրած ու հզորացրած քաղաքացին այսօր ճնշված և ընկճված է ո՛չ միայն տնտեսապես, որովհետև ոչ միայն չեն բարձրացվում իրենց աշխատավարձն ու կենսաթոշակը, այլև իրավունք չունեն բողոքելու, այսպես կոչված, պետության և առհասարակ համաեվրոպական «մարդասիրական» ծրագրերի դեմ:
Իհարկե, այդ փախստականները զոհ են դարձել հենց նույն «մարդասիրության և «դեմոկրատիայի», նրանք կորցրել են տուն, աշխատանք, հարազատներ, ավերվել է նրանց հայրենիքը, հետևաբար, նրանք էլ իրավացի են իրենց պահանջներով. վերադարձրե՛ք մեզ մեր երկիրը՝ նախկին շեն ու ապահով պայմաններով, և մենք կվերադառնանք հայրենիք։
Մեր հայրենակիցներից շատերը, ցեղասպանությունից մազապուրծ, մեկ դար առաջ ապաստան էին գտել օտար երկրներում. շնորհակալությո՛ւն այդ երկրներին: Սակայն վերջին տարիներին, երբ մեզ բախտ վիճակվեց վերականգնելու մեր անկախ պետականությունը, թվում էր, թե մեկ մարդու նման պիտի հասկանայինք ու գնահատեինք պետություն ունենալու ճակատագրական կարևորությունն ու առավելությունը: Բայց անկախ պետականության տարիներին, չեմ ասում` կայացման տարիներին, կարծես ամեն ինչ արեցինք, որ մեր պետությունը չկայանա, քաղաքական և տնտեսավարական լուրջ բացթողումներ թույլ տվեցինք, որոնց դառը հետևանքը եղավ այն, որ եղածը ավերեցինք, իսկ նորը չստեղծեցինք երկրի հզորացման համար:


Փոխվել են ժամանակները: Այսօր օտար երկրներում ոչ մի օտար ապահով չի ապրում, մանավանդ` մեծահարուստները, մանավանդ` նրանք, ովքեր այդ երկրում են հարստացել և դարձել են այդ երկրի հարկատուն, կցորդը, պատանդը, պոտենցիալ զոհը։ Հիշենք Լևոն Հայրապետյանին, այդ ազնիվ հայորդուն, որ օտարի երկրում աշխատած միլիոններից ուզեց իր ժողովրդին բաժին հանել, սակայն այդ հարստության իրական տերերը թույլ չտվեցին։ Միլիարդներն անգամ նրան չօգնեցին։


Համոզված եմ` Լևոն Հայրապետյանը զղջացել է, որ ուշացրել է իր վաստակած հարստությունը հայրենիք բերելու գործը։
Օտար երկրում հայի վաստակած հազարավոր դոլարները գուցե և ժամանակավոր ապահովություն են բերում նրան, բայց դա վստահելի ապահովություն չէ, քանի որ այն երկիրը, որտեղ ապրում է հայը, ունի և կունենա իր քաղաքական ու տնտեսական առաջնահերթությունները: Հայրենադարձ սիրիահայերից հաճախ եմ լսել. «Օտար երկրներ դրամ շատ ունինք, բայց ապահովություն չիկա»: Պատմությունը բազմիցս է վկայել, որ առաջին թիրախը դառնում են այդ երկրի օտարազգի մեծահարուստները։ Մենք` հայերս, մեր անհաշիվ հարստությամբ քանի-քանի երկիր ու քաղաք ենք շենացրել ու շարունակում ենք անխոհեմաբար ծառայել օտարներին, մինչդեռ ժամանակն է մեր հայրենիք-պետությունը հզորացնելու։
Իսկ մենք այսօր էլ աններելիորեն հապաղում ենք։
Մինչև ե՞րբ։ Մենք այլևս խորհելու ժամանակ չունենք:
Գործել է պետք:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Հ. Գ. Ռոտշիլդներն ու Ռոկֆելլերները, Նոբելները և ուրիշներ, որոնց անուններն անգամ թվարկելիս պիտի զգաստանանք, այսօր կան և ստեղծել են համաշխարհային ֆինանսական տիրապետություն, մինչդեռ Մանթաշյանցի, Լիանոսյանի և նավթահանքերի մյուս անվանի հայ տերերի հարստությունը բռնագրավվեց, նրանք մահապուրծ փախան 1918 թ. Բաքվի կոտորածներից, և հիմա նրանց ժառանգները եվրոպաներում ապրում են համեստ, տնտեսական և ֆինանսական աշխարհից հեռու կյանքով և, ամուսնանալով օտարների հետ, անգամ իրենց հարազատ լեզուն են մոռանում։ Մի առիթով գրել եմ, որ Բաքվի նավթարդյունաբերության հայ մեծահարուստների ժառանգներին պետք է հիշեցնել, որ Եվրադատարանի միջոցով Բաքվից հետ պահանջեն իրենց պապերի նավթահորերը, վստահ եմ, որ նրանց հարստությունը հաստատող փաստաթղթերը պահպանվել են։ Ա՛յ, սա կլինի Բաքվի և Ռոտշիլդ-Ռոկֆելլերների խաղաքարտերը խառնելու լավ առիթ։ Դատական քաշքշուկն անգամ Ալիևին Արցախի ու Հայաստանի սահմանից հեռու կպահի մի երկար ժամանակ, մինչև որ Ալիևների կլանը վերջնականապես կսնանկանա և քաղաքական դաշտից դուրս կմղվի։
Կարո՞ղ ենք դա անել, թե՞ մեր միամիտ հայ «տղերքը» շարունակելու են անիմաստ ու աննպատակ հարստանալ օտար երկրներում։ Կարո՛ղ ենք:

Դիտվել է՝ 22462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ