ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իրադարձությունների ընթացքը, ի վերջո, կհանգեցնի՞ ԱԺ լուծարման և արտահերթ ընտրությունների

Իրադարձությունների ընթացքը, ի վերջո, կհանգեցնի՞ ԱԺ լուծարման և արտահերթ ընտրությունների
26.09.2008 | 00:00

ՏԵՍԱԿԵՏ
Ազգային ժողովի նախագահի փոփոխության գործընթացը ոչ անհիմն հույսեր արթնացրեց Հայաստանի քաղաքական դաշտի տարբեր սուբյեկտների շրջանակում, թե այս ամենը, ի վերջո, կարող է հանգեցնել խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների։ Տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը և Հայաստանի շուրջ ընթացող արտաքին քաղաքական զարգացումները ևս ցույց են տալիս, որ խորհրդարանի լուծարումն իշխանության համար արդյունավետ և ճկուն արտաքին քաղաքականություն իրականացնելու տեսանկյունից կարող է վերածվել անհրաժեշտության։
Սակայն այսօր փորձենք վերլուծել քաղաքական դաշտում ակտիվ մասնակցություն ունեցող սուբյեկտների հավանական դիրքորոշումն այդպիսի հնարավոր նախաձեռնության նկատմամբ։ Հարկ է արձանագրել, որ ակտիվ քաղաքական գործընթացների մասնակից կուսակցություններից ոչ բոլորն են հակված կարծելու, թե լուծարումը հավանական է, սակայն կցանկանային, որ դա տեղի ունենար։ Քաղաքական դաշտի մեկ այլ հատվածը, հակառակը, համարում է, որ լուծարումը միանգամայն հավանական է և այսօր դարձել է սոսկ ժամանակի խնդիր։ Մասնավորապես, վերջերս այդպիսի կարծիք հայտնեց ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը։ Առայսօր քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունեցող կուսակցություններից միայն ՀՅԴ-ն է, որ, ի դեմս ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանի, հիմնավորումներ չի տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար։
Սակայն եթե հանրապետության նախագահը սկզբունքորեն հակված լինի դիմելու այդ քայլին, ապա քաղաքական դաշտում դա լայն դիմադրության հազիվ թե հանդիպի։ Եթե դիտարկենք խորհրդարանական կուսակցությունների հնարավոր կեցվածքը, ապա որոշակի բացասական դիրքորոշում, հավանական է, արտահայտվի միայն ՀՀԿ պատգամավորների այն շրջանակից ու սակավաթիվ անկախներից, ովքեր ընտրվել են մեծամասնական ընտրակարգով։ Նրանց պարագան հասկանալի է։ 2007-ի գարնանը մեծամասնական ընտրություններում մեկ ընտրատարածքում հաղթանակ տանելու համար տարբեր գնահատականներով անհրաժեշտ է եղել ծախսել 300-400 հազար դոլար։ Բնականաբար, իրենց ուժերով մանդատի տեր դարձած պատգամավորները, անկախ նրանից, թե որ կուսակցության ցուցանակով են հանդես եկել, տրամաբանորեն կարող են համարել, որ արդեն մի անգամ վճարել են դրա համար և հինգ տարով ապահովել բաղձալի մանդատի առկայությունը գրպանում։ Այս շերտը հասկանալի պատճառով առանձնակի ոգևորություն չի ապրում լուծարման գաղափարից, որովհետև մանդատը պահելու համար հարկադրված կլինի մի անգամ էլ նույն ծախսը կատարել։
Կան ոչ անհիմն կարծիքներ, թե մեծամասնականների դիմադրությունը կմեծանա, եթե փորձ արվի փոխել մեծամասնական-համամասնական տեղերի ներկա 90-41 հարաբերակցությունը։ Անցած տարիներին այդ հարաբերակցությունն աստիճանական փոփոխություն է ապրել հօգուտ համամասնականի։ Սակայն այսօր խորհրդարանում ընդգրկված առնվազն երեք կուսակցություն՝ ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», համարում է, որ մեծամասնական ընտրակարգն առհասարակ պետք է վերացվի, և խորհրդարանական ընտրություններն անցկացվեն բացառապես համամասնական ցուցակներով։ Ընդ որում, արդեն իսկ շրջանառվում են խոսակցություններ, որ այս նստաշրջանի ընթացքում Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություն իրականացնելու օրենսդրական նախաձեռնություն դրսևորելու են հիշյալ ուժերը։ Այս մոտեցումը կարող են պաշտպանել նաև ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի մաս կազմող այն պատգամավորները, որոնք, այսպես թե այնպես, չունեն մեծ ֆինանսներ և խորհրդարանի լուծարման դեպքում նոր ԱԺ-ում կարող են հայտնվել միայն կուսակցական ցուցակում ընդգրկված լինելու ճանապարհով։ Սակայն մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների բացարձակ մեծամասնությունը կտրուկ դեմ հանդես կգա և՛ հարաբերակցության փոփոխության նախաձեռնությանը, և՛ Ազգային ժողովի լուծարմանը, եթե իրենց շահերը հաշվի չառնվեն։ Սակայն տրամաբանորեն սա միակ շրջանակը կամ հատվածն է, որը կարող է կտրուկ մոտեցում ցուցաբերել, եթե նախագահը նման որոշում կայացնի։
Միաժամանակ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն դեմ չեն լինի լուծարման գաղափարին, եթե ստանան երաշխիքներ, որ մինչև նոր խորհրդարանի ձևավորումն իրենց դիրքերը գործադիր իշխանության համակարգում կպահպանվեն, քանի որ լծակների պահպանումն այս ուժերին անհրաժեշտ է արտահերթ ընտրություններում հաջողություն ապահովելու համար։ «Ժառանգությունը» դեմ հանդես չի գա այդպիսի հնարավոր նախաձեռնությանը, որովհետև, ինչպես ՕԵԿ-ը, նվազագույն ներկայություն ունի խորհրդարանում, ինչպես նաև կա համոզմունք, թե նոր ընտրությունների դեպքում այդ ներկայությունը կլինի ավելի ծանրակշիռ։
Արտախորհրդարանական ուժերից ոչ մեկը սկզբունքորեն խնդիր չունի հակադրվելու լուծարման գաղափարին, եթե պետության ղեկավարի կողմից նման նախաձեռնություն դրսևորվի։ Արմատական ընդդիմությունը, որը համախմբված է Հայ ազգային կոնգրեսի շուրջ, մարտական է տրամադրված և ավելի քան համոզված է, որ արտահերթ ընտրությունների դեպքում ոչ միայն ներկայացված կլինի խորհրդարանում, այլև կարող է պայքարել մեծամասնություն ունենալու համար։ Չափավոր ընդդիմադիր կեցվածքով հանդես եկող կուսակցություններն էլ՝ սկսած ՀՌԱԿ-ից, վերջացրած ԱԻՄ-ով, միայն կողջունեն լուծարման գաղափարը, քանի որ հաջորդ ընտրություններին հինգ տարի սպասելու փոխարեն նորից քաղաքական հայտ ներկայացնելու և միգուցե այդ հայտը գործնական արդյունքի վերածելու հնարավորություն կստանան։ Այսպիսով, հասարակության թեկուզև փոքրամասնություն կազմող, բայց քաղաքականապես ակտիվ հատվածը բացարձակ մեծամասնությամբ չի հակադրվի խորհրդարանը լուծարելու գաղափարին կամ հավանական մտադրությանը։
Իսկ հասարակության մեծամասնությունը կազմող հատվածի կամ, ինչպես կուլիսներում մեր քաղաքական գործիչներն են բնորոշում, հասարակ ժողովրդի համար սկզբունքորեն միևնույն է։ Համենայն դեպս, աշխատավոր զանգվածները հաստատ փողոց դուրս չեն գա՝ այս Ազգային ժողովը կրծքով պաշտպանելու, որովհետև ընտրություններից հետո անցած ժամանակահատվածում կարողացան համոզվել նրա բացարձակ անգործունակության մեջ։ Ըստ այդմ, մնում է միայն, որ այդ որոշումը հասունանա իշխանության ամենաբարձր օղակում։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 5030

Մեկնաբանություններ