Երեկոն բավականին հետաքրքիր ստացվեց. նախ` «սևերն» ու «սպիտակները» առաջին անգամ դեմ դիմաց կանգնեցին, ապա փոխատեղվեցին: Նշանային համակարգն ու սիմվոլիզմն այնքան ահեղ էին, որ մի կյանքը չի բավականացնի ամբողջը վերծանելու համար:
Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան հայոց տաճարում: Հայոց մտքի-հոգու կաճառներից մեկում, սբ Ղազար կղզուն հարակից 40 մանկանց եկեղեցում (հիշենք` նույն օրը Հայաստանում հուղարկավորվում էին մանկատնից քշված 4 երեխաները):
Ապա օրվա իշխողը 40 մանկանց տաճարում իրեն հռչակեց Քրիստոսի «հետևորդ» (չէ, ես ամենևին չեմ ասում, որ նա, ինչպես Աստվածաշունչն է վերջին օրերի մասին ասում, եկել էր նստելու տաճարում): Քրիստոսի «հետևորդն» առանց երկնչելու ասաց, որ ինքը սեր է տարածում, բայց կարող է և շրջել սեղանները, եթե տեսնի` ինչ-որ բան այն չէ:
Պետք է ձգել պաուզան, արձանագրելու, թե ինչու նրա մոտ ամեն բան եկավ լույսի մեջ: Իտալիան ուրույն էներգետիկա ունեցող երկիր է` ոչ միայն առաքյալների ոտնահետքերը պահպանելու, Վատիկանի, էներգետիկ վիբրացիաների, այլև ճակատագիր բերելու առումով: Եվ ուրեմն, սույն պերսոնի ենթագիտակցությունն անմիջապես կապի մեջ մտավ իտալական աստրալի հետ, և նա իրեն առաքյալ հռչակեց` ամբողջովին ցուցանելով իր մեջ ծվարածի փոքրության բոլոր բանաձևումները:
Նախ` ադրբեջանցու հետ բեմադրած անհաջող կոմեդիայի պատճառով. ուրեմն, քիչ չէ Քրիստոսի «հետևորդն» էր եկեղեցում, մի հատ էլ ադրբեջանցուն էին «սովորեցրել»` ինչ պետք է անի, ինչպես, ումով անի (ի դեպ, դա Ֆրանսիայում ադրբեջանցուց գրիչ նվեր ստանալու տրագի-ֆարսի սերիալական շարունակությունն էր). և ուրեմն, խաղարկված ահավոր անհաջող շոուի հմայքն այն չէր, որ Քրիստոսի «հետևորդը» ցուցանեց իր «խաղաղությաւն տարածքի ոտքերը» կամ որ ընդօրինակեց Սերժ Սարգսյանին` հիշելով Մութալիբովին, այլ որ` նրա «քրիստոսական» ներկայությամբ, առաջին անգամ իր իսկ կողմից մերժվող հայոց պատմության մեջ` հայոց եկեղեցում թուրքը հնչեցրեց ֆրազը` «հայերը ցեղասպանություն են կատարել»… Կարելի էր այսքանով ավարտված համարել ողջը:
Սակայն տաճարում հայտնվածի «դուխովնի» ոգորումները, պարզվեց, անսահմանության տիրույթները հաղթահարելու անչափ մեծ ներուժով, լեգեոներականությամբ են օժտված:
Սեփական երկրում ասֆալտի հարակեցությամբ ապրող, «պինցետների» փիլիսոփայությանը շաղախված անձը հայոց տաճարից պատերազմ հայտարարեց Վատիկանին (ինքը կգնա, Սուրբ Ղազարում ծվարած հայ հոգևորականությունը, որն առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունի, կմնա դեմ հանդիման` Իտալիայի ու Վատիկանի հետ):
Եվ ուրեմն, աշխարհում չլսված-չտեսնված դիվանագիտական սայթաքում թույլ տվեց սույն «հետևորդը» օդի իշխանի իր տարածումներով` «Վատիկանի պադվալները» վկայակոչելով, որպես… անկեղծ ասենք, «հանցագործներ, օլիգարխներ» պահելու, սատարելու, օժանդակելու վայր:
ՈՒ սա ոչ թե վատ տոն է, այլ ուղղակի մեղադրանք` կաթոլիկ աշխարհին… Ձգենք պաուզան. ընդ որում, մարդը, ում հասցեին հնչում են մեղադրանքներ (ուղիղ ասենք` Միքայել Մինասյան), եղել է ու կա վատիկանյան լավագույն դեսպանը։ Չթվարկենք` Նարեկից մինչև Խաչքար, Հռոմի պապի ֆենոմենալ այցից մինչև վատիկանյան պատարագ. ընդհուպ մինչև աշխարհում տարածված տեսակետ. որ պապի` Հայաստան կատարած այցի ժամանակ քրիստոնեական-տիեզերական որոշ պարտավորություններ ապահասցեականացվել են առաքելական եկեղեցուն: ՈՒ պարկեշտորեն, երկրի ղեկավարին հարիր լրջությամբ, արժանապատվությամբ, այլ երկրում գտնվողի ծանրակշիռ պահվածքով իր այցի մեկնարկը տալու փոխարեն, իր ասֆալտապետության մեջ ներքաշեց կաթոլիկ աշխարհն ու եկեղեցին ևս, ինչի հետևանքները, կարծում ենք. չեն ուշանա:
Իսկ այդ ամենի «վրա» Եվրոպայի կենտրոնից հնչեց Զագրեբ այցելած, եվրոպական ընտանիքի մաս կազմող ուժի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունից հետո առաջին խոսքը միջազգային հարթակից` նաև ներքին լսարանին ուղղված. «Հիմա ես այստեղ եմ` բարձրաձայնելու այդ մտահոգությունները` պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում»:
Դու՛ ասացիր:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ