ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Իսկ Դուք ծանո՞թ եք ՀՀ ներքաղաքական կյանքի նրբություններին, պարո՛ն դեսպան

Իսկ Դուք ծանո՞թ եք ՀՀ ներքաղաքական կյանքի նրբություններին, պարո՛ն դեսպան
11.05.2013 | 14:10

Շաբաթվա ուշագրավ հայտարարությունը ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնինն է՝ հայաստանյան վերջին ընտրությունների և ընդդիմության առնչությամբ: Հետաքրքիրն այն է, որ պարոն Հեֆերնը կենտրոնացել է ընդդիմության վրա, և նրա գնահատականներն էլ վերաբերում են հենց ընդդիմությանը:
«Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն կլինի այն դեպքում, եթե ընդդիմությունն ավելի շատ աշխատի և տեր կանգնի իր քվեներին, ինչպես նաև հետևողականորեն քննվեն արձանագրված ընտրախախտումների դեպքերը: Ընդդիմադիր կուսակցություններից այս գործընթացը պահանջում է լինել ագրեսիվ, հաստատակամ: Նրանք պետք է ցույց տան, որ շատ են աշխատում հայ ժողովրդի քվեն ստանալու համար: Սա նշանակում է, որ ընդդիմությունը նույնպես ունի պատասխանատվության իր բաժինը»,- նշել է դեսպանը: Այնուհետև նա մանրամասնել է, թե որն է իր պատկերացրած ագրեսիվությունը:
«Կարծում եմ, որ նրանք խաղաղ կերպով, ակտիվորեն պետք է իրենց գործն անեն, կազմակերպեն մարդկանց, ստանան նրանց քվեները և հաղթեն ընտրություններում»,- ասել է Ջոն Հեֆերնը:
Դժվար է ասել, թե ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը որքանով է իրազեկ հայաստանյան ներքաղաքական կյանքի նրբություններին, որ հետևողականություն է պահանջում ընդդիմադիր կուսակցություններից: Հետաքրքիր է, օրինակ, դեսպանը տեղյա՞կ է, որ Հայաստանում իշխանության և ընդդիմության կողքին կարող են լինել նաև «այլընտրանքներ» և «ոչ իշխանական ուժեր», տեղյա՞կ է, որ տարիներ շարունակ ընդդիմադիր ուժերը կարող են բանակցել միմյանց հետ և վճռական պահին չմիավորվելու համար մեղադրել միմյանց՝ ամբիցիաներ ցուցաբերելու համար: Ամերիկացի դեսպանին չի՞ զարմացնում այն հանգամանքը, որ քաղաքական ուժերը կարող են խայտառակ որակել ընտրությունները և միաժամանակ չհրաժարվել իրենց հասանելիք մանդատներից, բողոքել ընտրությունների արդյունքներից, բայց հետևողականություն չցուցաբերել ընտրակեղծարարներին պատժելու հարցում:
Ջոն Հեֆերնի հայրենի երկրում, որն ունի ժողովրդավարության հարուստ ավանադույթներ, իրոք այդպես է. ընդդիմադիր ուժերն աշխատում են, իրենց գործն անում և ստանում ընտրողների քվեները: Եվ իր երկրի փորձն աչքի առաջ ունեցող դեսպանին հավանաբար դժվար է ընկալելի դարձնելը, որ Հայաստանում ընդդիմադիր ուժերն իրենց հույսը դնում են ոչ թե ակտիվ, քաղաքացիական դիրքորոշում ունեցող ընտրողների վրա, այլ՝ ներիշխանական հակասությունների, իշխանական մի կուսակցությանը մյուսից պոկելու հնարքների, ներքաղաքական ինտրիգների վրա, իսկ հետո մեղադրում են հասարակությանը՝ իր քվեն վաճառելու համար:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ