ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայ դրամատերեր, ձեր ժողովրդի համար բարեգործություն մի՛ արեք

Հայ դրամատերեր, ձեր ժողովրդի  համար բարեգործություն մի՛ արեք
24.07.2012 | 03:12

Տարիներ շարունակ գրքեր ու հոդվածներ եմ գրել` վեր հանելով մեր բազմադարյա բարերարության ավանդույթները, ներկայացրել եմ բազմաթիվ բարեգործների ազգանվեր նպաստը, կատարել եմ ազգային բարերարության առանձնահատկությունների գիտական մշակումներ, և այդ ամենը մեկ նպատակով` ցանկանալով, որ մեր երիտասարդ պետությունում վերականգնվի 17-դարյա բարեսիրության մշակույթը: Բայց այս ամենը` ապարդյուն: Մանր-մունր հիասթափությունները վերածվեցին իսկական դառնության, երբ տեսա, թե ինչպես վարվեցին Ալեքսանդր Մանթաշյանցի հիշատակի հետ (տե՛ս «Իրատես de facto», 2012-ի մարտի 2-ի «Ովքե՞ր և ինչո՞ւ չեն սիրում Ալեքսանդր Մանթաշյանցին» հոդվածը): Եվս մեկ պատմություն, որ ստորև կշարադրեմ, վերջնականապես հանգեցրեց այն մտքին, որ երախտամոռությունը մեր ազգային հատկանիշներից է:
Դոնի ափին փռված հայաքաղաքի` Նոր Նախիջևանի, բոլոր ժամանակների ամենանշանավոր կապիտալիստը Հարություն Պողոսի Խալիբյանն էր (Артемий Павлович Халибов, 1790-1871): Այս մարդու պապը` Հարություն Իգնատոսի Սպանդովը (կոչվում էր նաև Խալիբյան կամ Խալիբսզ), եղել էր Ղրիմից առաջին ներգաղթողներից: Սրա որդի Պողոսը առևտրային գործերով գնացել էր Մոլդովա, ապա Պետերբուրգ, ուր և վախճանվել էր 1792-ին: Երկամյա Հարությունի խնամքն ստանձնեց նրա քրոջ ամուսինը` վաճառական Պ. Բաբասինյանը: Տղան ավարտեց Սերովբե Պատկանյանի մասնավոր դպրոցը և, դրսևորելով բացառիկ ընդունակություններ առևտրի ասպարեզում` նախ դարձավ փեսայի, ապա խոշոր վաճառական Օդաբաշյանի գործընկերը:
Այսպես սկսվեց Հ. Խալիբյանի վաճառականական ուղին, որը հանգեցրեց փայլուն արդյունքների: Այսպես, նա տիրում էր 400 դեսյատին հողատարածքի, որտեղ կային 1200 թթենի, 3600 մրգատու ծառ, 300 խաղողի որթ: Պահում էր 1500 ոչխար և 50 անգորական այծ: 1838 թ. Նոր Նախիջևանում պաշտոնապես առևտրով էր զբաղվում 99 հոգի, և միայն Հ. Խալիբյանն էր 2-րդ գիլդիայի վաճառական: 1842-ին նա բանակին մատակարարեց 3000 չետվերտ տարեկանի ալյուր ու 282 չետվերտ ձավար: Կանոնավոր կերպով զբաղվում էր նաև քարածխի առևտրով. 50-ական թթ. Լուգանսկից 5 տարի շարունակ անտրացիտ էր տեղափոխում ու վաճառում Աստրախանի նավահանգստին: ՈՒներ բրդալվացման 5 ձեռնարկություն, որտեղ աշխատում էին հազարավոր մարդիկ, իսկ բարձրորակ բուրդն առաքում էր Անգլիա ու Հոլանդիա: Կ. Պոլսում ուներ ձկան ու ձկնկիթի վաճառքի մշտական գրասենյակ: 1840-ականներից սկսած, ընկերակցելով մեկ այլ բարեհիշատակ վաճառականի` Մկրտիչ Գոգոյանի` Գոգոյան իգական վարժարանի ապագա հիմնադրի հետ, Խալիբյանը ոտք դրեց Աստրախանի ձկան, խավիարի ու ձկան սոսնձի առևտրի մեջ: Այդ գործունեությունը տևեց հինգ տարի` գործընկերներից յուրաքանչյուրին բերելով տարեկան 15 հազար ռուբլի զուտ եկամուտ: Ձկնեղենի առևտրից բացի նրանք Սիբիրից ներկրում էին կովի յուղ ու վաճառում օտարերկրացի առևտրականներին:
Խալիբյանն ու Գոգոյանը Պողոս Սուլթան-Շահի և մեծահարուստ հույն վաճառական Սկարամանգայի հետ պետությունից հինգ տարի ժամկետով վարձակալեցին Սև ծովի ձկնավաճառության մենաշնորհը: Միաժամանակ Դոնի ավազանի ածխահանքերից սկսեցին անտրացիտ մատակարարել Կասպից ծովի շոգենավերին, իսկ Սիմեոն Մալայանի ընկերակցությամբ` կովի յուղ և ալյուր Սևաստոպոլի կայազորին:
Խալիբյանը ոչ միայն ամենաունևոր, այլև առավել հեղինակություն վայելող անձնավորությունն էր, նա բոլորից շատ` հինգ անգամ (1833-1853 թթ., ընդմիջումներով), ընտրվեց քաղաքագլուխ:
Այո, նրա հեղինակությունը թեև նշանակալից էր, սակայն անառարկելի, անվիճելի չէր: Եվ այստեղ մենք առնչվում ենք այն բարքերին, մարդկային փոխհարաբերություններին, որոնք տիրում էին հայաքաղաքում:
Դա պատճառ դարձավ, որ Նոր Նախիջևանը կիսվի երկու մասի` խալիբյանականների ու մեկ այլ նշանավոր վաճառականի` Կարապետ Հայրապետյանի կողմնակիցների:
Ներսես Աշտարակեցու կարգադրությամբ Խալիբյանը հանդիսանում էր քաղաքում եկեղեցական գործերի գործակալը, իմա` Սբ. Էջմիածնի ներկայացուցիչը: Եվ ահա Կ. Հայրապետյանը նրան մեղադրանք ներկայացրեց առ այն, որ, իբր, եկեղեցիներին պարտք էր մնացել 123551 ռ. 92 կոպեկ ու յուրացրել էր բնակչության հանգանակած 50 հազար ռուբլին: Խալիբյանը հերքում էր բոլոր մեղադրանքները: Բայց խոսակցությունները չէին դադարում, վեճերը գնալով թեժանում էին: Գուցե պարադոքսային թվա, բայց այս իրադրությունից ծնվեց մի նախաձեռնություն, որը փառքով պսակեց հենց Խալիբյանի անունը:
Վեճը հարթելու, բնակչությանը հանդարտեցնելու նպատակով 1858 թ. Ղրիմից Նոր Նախիջևան ժամանեց թեմական առաջնորդ Գաբրիել արք. Այվազյանը և հունիսի 22-ին երկու կողմերի ներկայությամբ ժողով գումարեց (որին վիրավորված Խալիբյանը չմասնակցեց): Ներկա էին քաղաքի 42 երևելիները` քաղաքագլուխ Սիմոն Ալաջալյանի ղեկավարությամբ: Բազմաժամ քննարկումներից հետո խնդիրը հանգուցալուծվեց ու կայացվեց սողոմոնյան որոշում. բոլոր մեղադրանքները հանվեցին, իսկ Խալիբյանը խոստացավ... 50 հազար ռուբլի տրամադրել Ղրիմում հայոց ուսումնարան հիմնելու և 20 սանի անվճար ուսում տալու համար: Չորս օր անց` հունիսի 26-ին, նա հատկացրեց գումարն ու ստորագրեց պաշտոնական վավերագիրը:
Նույն թվականի հոկտեմբերի 12-ին Թեոդոսիայում, Զյուպիեթյան եղբայրներից վարձակալած տանը բացվեց ուսումնարանը (առաջին տեսուչ` Սարգիս Տիգրանյան): Մեկ տարի անց տեղափոխվեց Ալթունճյան եղբայրների տուն, մինչև կկառուցվեր առանձին շենք: 1861 թ. սեպտեմբերի 10-ին վարժարան այցելեց Ղրիմում գտնվող Ալեքսանդր II ցարը: Ներկա էին ինչպես երկրամասի առաջին դեմքերը, այնպես էլ ղրիմահայության ականավոր ներկայացուցիչները, այդ թվում` հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, նրա եղբայր Գաբրիել արք. Այվազյանը և բարերարը: Շրջելով ուսումնարանով, ծանոթանալով դասավանդման գործընթացին, ցարը սեղմեց Խալիբյանի ձեռքը և ասաց. «Շնորհակալություն բարի գործի համար»:
ՈՒսումնարանի նոր, սեփական շենքը բացվեց 1862 թ. սեպտեմբերի 8-ին: Դա կլասիցիզմի ոճով կառուցված եռահարկ գեղեցիկ շինություն էր (ճարտարապետ` Ալեքսանդր Սերգիսյան), ուներ բազմաթիվ դասասենյակներ, ննջարաններ, ճաշարան, ընթերցասրահ, դահլիճ և նախատեսված էր 150-200 աշակերտների համար, ընդ որում` թե՛ Արևելյան, թե՛ Արևմտյան Հայաստաններից:
Մենք այստեղ չենք անդրադառնա ուսումնարանի երկարամյա ազգանպաստությանը (դա առանձին խոսակցության նյութ է), հավելենք միայն, որ շենքը կանգուն մնաց ընդհուպ մինչև 1943 թ., երբ գերմանական օդուժի կողմից ռմբահարվեց:
Հարություն Խալիբյանը վախճանվեց 1871 թ. ապրիլի 24-ին և թաղվեց Նոր Նախիջևանի Սբ. Նիկողայոս եկեղեցու շրջափակում` կնոջ ու վաղամեռիկ որդու կողքին:
Այժմ անցնենք ժամանակների միջով ու հասնենք մեր օրեր:
2004 թվականն էր: Դոնի Ռոստովի սեփական տներից մեկում քնած ամուսիններն արթնացան տարօրինակ, խուլ ձայներից: Առավոտյան նրանք տեսան, որ ննջարանի պատը ճաք է տվել: Հաջորդ գիշեր ձայներն ուժեղացան` լսվեցին տնքոցներ, հառաչանքներ, ոտնաձայներ: Տան պատերի ճեղքվածքներն էլ ավելի լայնացան: Ամուսինն սկսեց գիշերել ճաշասենյակում: Տան ճեղքվածքներն այնպիսի սպառնալից տեսք ընդունեցին, որ ակնհայտ դարձավ` տունը փլուզման եզրին էր:
Մասնագետներ հրավիրեցին, որոնք եզրակացրին` ճեղքվածքների պատճառը հիմքում էր: Տախտակե հատակը քանդեցին, հողը մաքրեցին ու... երևաց հիմնաքարը` սև գրանիտից տապանաքար` հայերեն արձանագրություններով, իսկ կողամասում` ռուսերեն Խալիբով ազգանունը, Պավլովիչ հայրանունը և ծննդյան տարեթիվը` 22 փետրվարի 1790 թվական...
Տանտիրուհին գնաց հուշարձանների պահպանության մարզային ընկերություն ու պատմեց եղելությունը: Պատմեց նաև «Վեչերնի Ռոստով» թերթին:
Սենսացիոն հայտնագործությունը (սենսացիոն հատկապես ռոստովաբնակ հայերի համար) ստիպեց պրպտումներ կատարել, և պարզվեց հետևյալը: 1920-ականներին` անաստվածության, կրոնի ոչնչացման տարիներին, երբ Խորհրդային Միությունում համատարած ավերվում էին եկեղեցիներն ու բռնաճնշումների ենթարկվում հոգևորականները, վերացվում է նաև Սբ. Նիկողայոս հայոց եկեղեցին ու նրա շրջափակում գտնվող գերեզմանատունը: 1927 թ. երկու ռուս բոլշևիկներ Խալիբյանի տոննանոց տապանաքարը քարշ են տալիս, դնում հիմքի մեջ ու վրան տուն կառուցում:
Հայկական արմատներով մի մեծահարուստ մարդ, ինչ-ինչ մղումներից դրդված, ցանկություն է հայտնում տապանաքարը հանելու և որպես հուշարձան տեղադրելու հայոց գերեզմանատանը: Սակայն պարզվում է, որ քարը հանելու համար հարկ կլիներ տունն ամբողջովին քանդել: ՈՒ չի անում:
Հայտնի է, որ Դոնի Ռոստովի ու շրջակա գյուղերի հայությունն ունի բավականին բարեկեցիկ տնտեսական վիճակ: Հայերը կարող էին հանգանակություն կազմակերպել, տունը քանդել, տապանաքարը հանել, նոր տուն կառուցել կամ տանտերերի համար նոր բնակարան գնել: Բայց չեն անում, իսկ տապանաքարն առայսօր իր տեղում է: Եվ այդ չանելը ինձ հանգեցնում է հետևյալ եզրակացության:
Ես, որ տարիներ շարունակ գրքերով ու հոդվածներով պատմում էի հայ բարեգործների մասին և այսօրվա դրամատերերին կոչ անում շարունակել դարավոր փառապանծ ավանդույթները, այժմ ստիպված եմ ասել. «Հայ դրամատերեր, ձեր ժողովրդի համար բարեգործություն մի՛ արեք: Հայտնի չէ, թե ժամանակներն ինչ ընթացք կունենան, բարի գործ կանեք, բայց ձեր տապանաքարը կարող է հայտնվել ինչ-որ մեկի տան հիմքում: ՈՒ ձեր հոգին, Հարություն Խալիբյանի խռովված հոգու նման, պատեպատ կզարկվի խավարի իշխանությունում, հառաչանք կարձակի` խնդրելով իրեն դուրս բերել մոռացության դժոխքից, բայց ձեզ լսող չի լինի: Ոչ դուք, ոչ ձեր բարի գործը ոչ ոքի պետք չեն լինի»:
Ակամա ևս մեկ եզրահանգում` հայի հինն է լավ:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Լուսանկարում` Հովհ. Այվազովսկի,
Հարություն Խալիբյանի դիմանկարը, 1863 թ.

Դիտվել է՝ 5882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ