Չլինելով լայնածավալ դավադրությունների տեսության կողմնակից և, միաժամանակ, ծայրաստիճան հոռետեսորեն վերաբերվելով միջազգային խոշոր աշխարհաքաղաքական գործընթացներում «պատահական զուգադիպություններին», փորձենք հասկանալ մի շատ նրբին իրավիճակ, որ շատ անսպասելիորեն առաջացել է Մոսկվայի «առաջնային շահերի» շուրջ, նրա, այսպես կոչված, մերձավոր արտասահմանում։ Հակամարտությունների ամբողջ տարբերության և օբյեկտիվ նախադրյալների բևեռայնության պայմաններում այս սցենարները կարելի է միավորել մեկ ծածկանվան ներքո` «ռուսական խաղաղարարներ»։ Եվ այստեղ շատ կարևոր է ի հայտ բերել գործընթացների օրինաչափությունը։ Առավել ևս, որ Կրեմլին, որը բավականին երկար ու հետևողականորեն, անեծքի նման պնդում էր «Ռուսաստանի ռազմավարական շահերի» ոլորտների մասին, շատ հավանական է, որ հարկ լինի ոչ թե խոսքով, այլ գործով ապացուցել և՛ իր անփոխարինելիությունը, և՛ այն, որ իր պահանջները ոչ թե դեռահասին հատուկ հավակնություններ են, այլ կշռադատված պատասխանատվություն։
Ինչպես հայտնի է, արյունածոր Ղրղզստանը դիմել է Մոսկվային` խնդրելով ռուսական զորքեր մտցնել երկիր։ Եվ բառացիորեն այս օրերին (ինչպես թվում է, ժամանակի զուգադիպությունը խորհրդանշական է) ռուսական լրատվամիջոցներում մոտ ժամանակներս ռուս խաղաղապահների Ղարաբաղ մտնելու մասին հաղորդումների մի հսկա ալիք բարձրացավ։ (Ասվում է, որ առաջին խաղաղապահները Ղարաբաղում կհայտնվեն մոտավորապես օգոստոսի սկզբներին)։ Մեկ անգամ ևս նկատենք, որ Ղրղզստանում ու Ղարաբաղում իրավիճակները ոչ թե պարզապես շատ հեռու են իրարից, այլ նրանց հեռավորությունը տիեզերական չափերի է։ Այնուամենայնիվ, եթե և՛ մեկ, և՛ մյուս դեպքերում խոսվում է ռուսական զորքեր մտցնելու մասին, ապա, ինչպես թվում է, իրադարձությունների համեմատական վերլուծությամբ կարելի է «ցորենը թեփից զատել», փորձել մոդելավորել իրադարձությունների զարգացումը և, վերջին հաշվով, պարզել Ռուսաստանի միտումներն ու իսկական նպատակադրումները։
Եվ այսպես, «Նաշա վերսիա» թերթը, վկայակոչելով մի ինչ-որ «աղբյուր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում», հաղորդել է, որ ռուս զինվորականները կմտնեն Ղարաբաղ, իսկ թուրքականները, Կարսի պայմանագրի շրջանակներում, կտեղաբաշխվեն Նախիջևանում։ Այդ «աղբյուրը», մասնավորապես, հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը այս տարի արդեն երկու անգամ այցելել է Մոսկվա` «ռուսական զորքերը ԼՂԻՄ մտցնելու մանրամասները համաձայնեցնելու»։ Նրանց ասելով, Ադրբեջանի խորհրդարանի կողմից ռազմական դոկտրինի հապշտապ ընդունումը կապված է եղել հենց հակամարտության շրջանում ռուսական խաղաղարարների տեղաբաշխման մոտակա հեռանկարի հետ։ ՈՒ թեև այս հաղորդումները հիշեցնում են շատ առատ «տեղեկատվական կուտ», այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե ինչ հողում է այն սնունդ առել։ Նախ` դատելով այն բանից, որ այդ տեղեկության մեջ Լեռնային Ղարաբաղը հորջորջվում է «ԼՂԻՄ», ապա լուրը բացահայտորեն ունի ադրբեջանական արմատներ։ Եվ զարմանալի չէ, որ դրա հավաստիությունը հաստատել են «Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները»։ Բացի այդ, «Նաշա վերսիա»-ն, լինելով շատ աղմկոտ թերթոն, ինչպես պնդում են, ռուսական հատուկ ծառայությունների մատուցմամբ ու թույլտվությամբ, ժամանակին մի շարք հոդվածներ է հրապարակել հայկական իշխանությունների բարձրագույն էշելոններում ծաղկող կոռուպցիայի մասին։ (Տարօրինակ է, բայց հայկական լրատվամիջոցներում որպես աղբյուր մատնանշվում է «Վերսիա» թերթը, որը ռուսական իշխանական կառույցներին մոտ կանգնած բավական հեղինակավոր հրատարակություն է։ Այսինքն, այս թերթի համար աղմուկը սովորական ու եկամտաբեր գործ է։ Ավելին, շատ հավանական է, որ այն պայմաններում, երբ հարկավոր է ցույց տալ թեկուզ որևէ առաջընթաց, որը չկա, Ադրբեջանի կառավարական քարոզչությունն ասպարեզ է նետում նման լուրեր, «նպատակ ունենալով նմանակել գործընթացների դրական ընթացք»։ Առավել ևս, որ այդ կասկածելի պնդումները որոշակի արձագանք են գտել նաև մեր երկրում` ինչպես ընդդիմության ճամբարում, որը շարունակ պնդում է, թե «Ղարաբաղը հանձնում են», այնպես էլ Հայաստանում ռուսական դրածոների շրջանում, որը «կարող է հանգիստ քնել միայն ռուսական զորքերը Ղարաբաղ մտցնելու դեպքում»։ Սակայն այդ ուժերի հետ բանավեճ չենք սկսի, այլ կփորձենք պարզել, թե սկզբունքորեն որքանով է այդ պլանն իրագործելի, և արդյո՞ք «ռուսական զորքեր մտցնելը» ինչ-որ մեկի երևակայության արդյունք կամ, ավելի վատ, սադրանք չէ։ Նկատենք, որ նման «տեղեկություններ» մինչ այդ կանոնավորապես հայտնվում էին ադրբեջանական մամուլում։ 2008-ին, դարձյալ Մեդվեդևի Երևան կատարելիք այցի նախօրեին (հնարավոր է, որ դա տեղավորվում է ադրբեջանական ռազմավարների միասնական տրամաբանության մեջ), Բաքուն ամենաբարձր մակարդակով հայտարարեց, նկատի ունենալով ռուսներին, որ «Լեռնային Ղարաբաղի տարածքում որևէ պետության զինվորական ստորաբաժանում տեղակայելու մասին խոսք անգամ լինել չի կարող»։ Հիմա մենք տեսնում ենք թե՛ այլ արձագանք, թե՛ այլ մարտավարություն։ Մոսկվայի հետ Անկարայի մերձեցման համատեքստում «ռուսական արջը» Բաքվի համար դառնում է եթե ոչ ցանկալի, ապա քիչ թե շատ ձեռնասուն։ Եվ այստեղ մեզ, միանգամայն հասկանալիորեն, ծառայություն կմատուցի ղրղզական իրողությունների հետ հիպոթետիկ «ղարաբաղյան վարկածների» համադրումը։
Նկատենք, որ Կրեմլը, շատ դիտորդների համար անսպասելիորեն, սառնորեն արձագանքեց Բիշքեկի ժամանակավոր կառավարության կոչերին` ռուսական զորքեր մտցնելու երկիր։ Ավելին, թեև Ռուսաստանն իր հովանավորությամբ հրավիրել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հանդիպում, սակայն առայժմ դաշինքը որոշել է սոսկ «քննարկել բոլոր տարբերակները», «նախապատրաստել գործողությունների պլաններ» և ձեռնպահ է մնացել իր արագ արձագանքման ուժերը Ղրղզստան ուղարկելու որոշումից։ Ռուսական լրատվական գործակալությունների հաղորդման համաձայն, ՀԱՊԿ-ը, հնարավոր է, Ղրղզստանի ժամանակավոր կառավարությանը որպես օգնություն ուղարկի միայն ուղղաթիռներ, բեռնատարներ ու այլ տեխնիկա։ Այսինքն, համաձայնեք, այս մոտեցումը խիստ տարբերվում է թե՛ Կրեմլի տիրական հռետորաբանությունից, թե՛ իր սահմանների մոտ «վստահության մանդատի» նրա հավակնություններից, թե՛ փրկարար Մոսկվայի հանդեպ նախկին ԽՍՀՄ-ի որոշ վայ-քաղաքական գործիչների սրբազան հավատից։
Իսկ ո՞րն է այս անսպասելի խուսանավումների պատճառը։ Ինչպես թվում է, դրանք գտնվում են և՛ արտաքին քաղաքական, և՛ ներքին ռուսական դժվարությունների հարթության վրա։ Այսպես, Օբամայի վարչակազմը շատ զգուշորեն է վերաբերվել ռուսական զորքերը Ղրղզստան մտցնելու տարբերակին և հայտարարել է, որ հանդես է գալիս այնպիսի միջոցներ ձեռնարկելու օգտին, որոնք «կհամակարգվեն ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի կողմից»։ Հատկապես հատկանշական են բրիտանական «Ֆայնենշլ թայմս» թերթի մեկնաբանությունները, որը գրում է, թե ղրղզական իրադարձություններին Մոսկվայի զինված միջամտությունը «Վրաստանի հետ 2008-ի պատերազմի ֆոնին» անվիճելիորեն կբախվի Արևմուտքի հակազդեցությանը, և որ եթե Ղրղզստանում հայտնվեն «ռուս խաղաղարարներ», ապա դա կդառնա Մոսկվայի նվաճողական քաղաքականության ապացույցը։ Ավելին, քանի դեռ Կրեմլը տատանվում է, Սպիտակ տունը հայտարարում է, թե պատրաստ է օգնություն ցուցաբերել կարգավորման գործին, այդ թվում` ռազմական, և որ «տարանցման կենտրոնը», ինչպես հիմա անվանում են «Մանաս» բազան, կօգնի մարդասիրական օգնություն հասցնել անկարգությունների շրջան։ Բացի այդ, մի շարք փորձագետներ նշում են, որ, հաշվի առնելով ուզբեկական ռեսուրսները, շարժառիթներն ու հնարավորությունները, Մոսկվան արդարացիորեն վստահ է, որ ռուսական խաղաղարարների ուղարկումը Հարավային Ղրղզստան ուղղակի ռազմական ընդհարում կառաջացնի «զայրացած ու նյարդայնացած ՈՒզբեկստանի» հետ։ Ավելին, ՈՒզբեկստանը, եթե ռուսները «խրախուսեն ղրղզներին», կարող է ընդհատել Ռուսաստան հոսող կենտրոնասիական գազի, փաստորեն, բոլոր մատակարարումները, չհասցնելով ոչ մի հարված։ Համապատասխանաբար, Ռուսաստանը փորձում է վարպետորեն կիսատ-պռատ դիրք գրավել, լավ լինել թե՛ Տաշքենդի, թե՛ Բիշքեկի համար և, Աստված մի արասցե, պատերազմի մեջ չմտնել։
Պակաս լուրջ չեն ներքին շարժառիթները։ Շատ հավանական է, որ Ռուսաստանը հաղթեր այդ հնարավոր գործողությունում, բայց հաղթանակը հեշտ չէր տրվի և թանկ կնստեր, իսկ փորձագետների խոսքերով, Ռուսաստանին, որը փորձում է հաշվի նստել բյուջեի պակասուրդի հետ, ամենևին էլ պետք չէ թանկարժեք ռազմական միջամտությունը։ Բացի այդ, ռուսական զինված ուժերը մեծ մասամբ բաղկացած են մշտական և ոչ թե ռազմարշավային զորամասերից, ինչպես ԱՄՆ-ում է։ Եվ, ելնելով նրանց այդ «դանդաղաշարժությունից», Մոսկվան նախընտրում է իր զորքերը պահել երկրի ներսում այն դեպքի համար, եթե դրանք պետք գան Հյուսիսային Կովկասում։ Իսկ ինչ վերաբերում է ավելի արմատական ու մշտական տեղաբաշխմանը, ապա մենք արդեն առիթ ունեցել ենք հաղորդելու զինված ուժերի բարեփոխման և այն մասին, որ ՌԴ զինծառայողներն արտասահմանում անցնում են պայմանագրային հերթափոխային ծառայության առանց ընտանիքների։ Կենտրոնական Ասիայում արդեն փակվում են ռուսական բազաների բոլոր օժանդակ ենթակառուցվածքները։ Իսկ վերջերս հաղորդում երևաց այն մասին, որ Հայաստանում էլ կփակվեն Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող դպրոցները, և արդեն փակվել է Գյումրիում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի զինծառայողների երեխաների դպրոցը, նույն ճակատագիրն է սպասում նաև Երևանի Քանաքեռ թաղամասում գտնվող դպրոցին։ Այնուամենայնիվ, իրավիճակը շատ լուրջ է ռուսական բանակի թե՛ թվակազմի, թե՛ որակի հարցում։ Այսպես, Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան օրերս հայտարարեց, որ զորակոչային տարիքի երիտասարդների մեկ երրորդը բանակային ծառայության պատրաստ չէ առողջության պատճառով, իսկ «երբեմն նրանց պարզապես հարկ է լինում «բտել»` ապահովելով նորմալ լիարժեք սնունդ»։ «Վերջին երկու տասնամյակում զինվորական ծառայության համար պիտանի երիտասարդների թիվը գրեթե մեկ երրորդով կրճատվել է, ընդ որում, 30 տոկոսի առողջությունը և մակարդակը չեն համապատասխանում բանակային ծառայության պահանջներին»,- հայտարարել է նա։ Համաձայնեք, որ նման իրավիճակում սեփական երկրի սահմաններից դուրս «եղբայրական օգնության» հարցը խիստ խնդրահարույց է դառնում։
Այսինքն, այս բոլոր գործոնները, թվում է, արդեն լցրել են կայսերական հավակնությունների թասը, և դրանք նույնպես կարող են զգալիորեն դառնալ իրական պատնեշ Ղարաբաղում Ռուսաստանի «խաղաղարար առաքելության» համար։ Ավելին, եթե աշխարհը սարսռեց Ղրղզստանի հարավում հեղված արյունից և պատրաստ է աչք փակելու շատ բանի վրա, եթե այնտեղ իրենք իշխանություններն են օգնության համար դիմում Կրեմլին, ապա Ղարաբաղում տրամագծորեն հակառակ պատկերն է, իսկ ԼՂՀ-ի բանակը լիովին ապահովում է խաղաղության համար այնքան կարևոր կայունությունը։ (Կկարողանա՞ն, արդյոք, այդ բանն անել ռուսները։ Հարցը սոսկ հռետորական չէ)։ Բացի այդ, ակնհայտ է, որ ռուսական զորքերի մուտքը ԼՂՀ անհնար է առանց միջազգային կառույցների համաձայնության։ Իսկ դա առայժմ, չնայած բոլոր տեսություններին ու կանխատեսումներին, չկա, և, դատելով ղրղզական իրադարձություններից ու աշխարհի արձագանքներից, սպասել էլ պետք չէ։
Ընդ որում, պետք է ուշադրություն դարձնել ևս մեկ, բավական կարևոր հանգամանքի վրա։ Առավել ևս, որ հնարավոր է այն Ռուսաստանի համար գերիշխող դառնա վերջնական որոշումներ կայացնելիս, թեև Ղրղզստանում Կրեմլի շահերը չեն հիմնվում ո՛չ ռազմավարության, ո՛չ տնտեսական իրատեսության վրա. այն ամենը, ինչ այնտեղ կատարվում է, և այն, թե ինչպես են ռուսներն արձագանքում դրան, ուղղակիորեն ազդում են այլ վայրերում ռուսական շահերի վրա։ Դրանք հենվում են վստահության ու վախի որոշակի մակարդակի պահպանման անհրաժեշտության վրա. վստահության, որ ռուսներն օրհասական պահին կպաշտպանեն, և վախի, թե ի՞նչ կանի Ռուսաստանը, եթե նախկին արբանյակները չմտնեն ազդեցության ռուսական ոլորտ։ Եվ եթե Մոսկվան, վերջին հաշվով, խուսափի մարտից, ապա ռուսական դաշինքի կառույցը, որը ստեղծվել է այնքան երկար ու այնքան դժվարությամբ, վաղ թե ուշ փուլ կգա։ Իսկ մենք, վերջին հաշվով, ունենք հետևյալը` չնայած նախկին ԽՍՀՄ-ի երկրներում վարած քաղաքականությանը և աշխարհում իր կշռի մեծացման գործում վերջին շրջանում Ռուսաստանի ձեռք բերած նվաճումներին, ակնհայտ է և այն, որ Մոսկվայի հայտարարած ռազմավարությունը պահանջում է այնպիսի գործիքներ և ռեսուրսներ, որոնք Ռուսաստանն այլևս չունի։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ