Չի բացառվում, որ Ռուսաստանի «թեթև ձեռքով» մի քանի տարի հետո Թուրքիան Կովկասյան տարածաշրջանում լուրջ մրցակից դառնա ատոմային էներգիայի արտադրության ոլորտում։ Մեր այս ենթադրությունը բնավ էլ անհիմն չէ, այլ բխում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրերից։
Երբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն Անկարայում մի շարք տնտեսաքաղաքական բնույթի համաձայնագրեր էր վավերացնում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, ռուսական լրատվամիջոցներն ընդգծեցին, որ նման լայնածավալ համագործակցության մասին փաստաթղթեր կնքվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև 90 տարի առաջ` 1920 թվականին, իսկ ռուսական OPT-ն էլ նշեց, որ վավերացվում է ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Գուցե հենց սա առիթ տվեց թուրքական կողմին, որ միջազգային բարձր ամբիոններից խոսեն Ադրբեջանի օգտին Ղարաբաղի խնդրի շուտափույթ կարգավորման մասին, թեև նման հայտարարությամբ Թուրքիայի ղեկավարությունը մինչ այդ էլ պարբերաբար հանդես է եկել։ Ինչևէ։ Մինչ լրատվամիջոցները քննարկում են քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները, կարծում ենք, փոքր-ինչ աչքաթող է արվել ռուս-թուրքական նոր որակի հարաբերություններում տնտեսական համագործակցության հարցը։ Նույն ռուսական լրատվամիջոցներն այդ օրերին նշեցին, որ Ռուսաստանը Թուրքիայում ատոմակայան կառուցելու նպատակ ունի։ Ինչ խոսք, ռուսական կողմի այս որոշումը խիստ ցանկալի է Թուրքիայի համար, քանի որ դա հնարավորություն կտա նրան լուծելու ոչ միայն իր շուկայի էներգետիկ պահանջարկը, այլև նոր շուկաներ ձեռք բերելու։ Նկատենք, որ այս համաձայնությունը, եթե ձեռնտու է Թուրքիային, ապա Ռուսաստանի մոտեցումը մեզ համար, մեղմ ասած, անհասկանալի է։ Ինչ խոսք, որ Ռուսաստանն առաջին հերթին պետք է ելնի իր շահերից, և ոչ մի արտառոց բան չկա, երբ Մոսկվան իր հարաբերությունները սերտացնում է Անկարայի հետ։ Սակայն առնվազն զարմանալի է, թե ինչու է Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը Թուրքիայի հետ սկսում իրականացնել մի նախագիծ, որը ոչ միայն չի բխում իր գործընկեր Հայաստանի շահերից, այլև կարող է տնտեսապես դժվարություններ առաջացնել։ Գաղտնիք չէ, որ Հայաստանն իր բնական պաշարներում չունի ո՛չ սև, ո՛չ էլ կապույտ ոսկի, սակայն տարածաշրջանում ինչ-որ չափով մենաշնորհային դիրքերում է ատոմային էներգիայի արտադրության ոլորտում։ Այս մասին բազմիցս նշել են նաև միջազգային փորձագետները։ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները միշտ էլ բարձր են գնահատել Հայաստանի ատոմակայանի տեխնիկական վիճակը և աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության մակարդակը։ Տնտեսական շատ մեկնաբաններ և փորձագետներ բազմիցս ընդգծել են, որ այս ոլորտում Հայաստանի մենաշնորհային առավելությունը հնարավորություն է տալիս արտահանման շուկայում կարևոր տեղ գրավելու։
Իսկապես, նշվածը խիստ կարևոր նշանակություն ունի ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Հատկապես, երբ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը տարածաշրջանային խոշոր միջազգային ծրագրերի մեջ ընդգրկված չէ։ Այս պարագայում ատոմակայանի դերը տարածաշրջանում Հայաստանի համար շատ զգալի է։ Սակայն այն չի՞ նվազի, երբ շահագործման հանձնվի Թուրքիայում Ռուսաստանի կառուցած ատոմակայանը։ Կհաջողվի՞ Հայաստանին պահպանել տարածաշրջանում իր առաջնային դիրքերն այս ոլորտում։ Սա խիստ կարևոր և նուրբ հարց է։ «Հայաստանի դերն այս ոլորտում չի նվազի»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։- Գուցե պակասուրդի բալանսը մի փոքր փոխվի, սակայն Հայաստանի դերը չի նվազի, քանի որ տարածաշրջանում պակասուրդը շարունակում է պահպանվել»։ Այսինքն, պետք է ենթադրել, որ արտահանման հարցում Հայաստանը խնդիրներ չի ունենա։ Իսկ բացառվո՞ւմ է, որ Թուրքիան ավելի էժան գնով իր արտադրանքն առաջարկի շուկային։ Այդ դեպքում էլ նախարարը լավատես էր. «Մենք մեր պոտենցիալը չենք կորցնի»։ Աստված տա` այդպես էլ լինի, և մեր մտավախությունն անհիմն լինի։ Սակայն էս գլխից նշված խնդիրը պատկան կառույցների ուշադրության կենտրոնում պետք է լինի։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ