ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Արևմուտքի հակադեպրեսիվ դեղատոմսը

Արևմուտքի հակադեպրեսիվ դեղատոմսը
02.12.2008 | 00:00

ՓԱՓՈՒԿ ՁԵՌՆՈՑՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 2-3-ը Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ 26 պետությունների արտգործնախարարների հանդիպումը։ Հավանական է, որ այդ գագաթաժողովը կանցնի բավականին բուռն, բայց նախկինից տարբեր պայմաններում։ Ոչ միայն այն պատճառով, որ հանդիպման ընթացքում կամփոփվեն անցած բարդ տարվա արդյունքները, այլև, փորձագետների գնահատմամբ, լայն բանավեճի առարկա կդառնա ՈՒկրաինային ու Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը։ Այդ հարցի դրական լուծման օգտին են հանդես գալիս ԱՄՆ-ը, Լեհաստանը, Բալթյան երկրները, իսկ Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Բելգիան, Նորվեգիան ու Լյուքսեմբուրգը համարում են, որ երկխոսության «ինտենսիվացումը» Կիևի ու Թբիլիսիի հետ ժամանակավրեպ քայլ է։ Այս հարցի շուրջ բանավեճերն արդեն սեփական կյանքով են ապրում։ Սակայն, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, կարելի է կանխատեսել, որ արևմտյան քաղաքական գործիչները կաշխատեն և՛ ձուկն ուտել, և՛ ձեռքերը չթրջել։
Բրյուսելյան հանդիպման նախօրեին այս կրակի վրա յուղ լցրին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարությունները։ Սկզբում պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ն ամեն գնով չի ձգտելու ՈՒկրաինային ու Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամակցության անհատական գործողությունների ծրագիր տրամադրելուն։ Այնուհետև նրա տեղակալ Դենիել Ֆրիդը հայտարարեց, որ Կիևն ու Թբիլիսին դեռ երկար տարիների ճանապարհ ունեն անցնելու, մինչև նման հրավեր ստանալը։ Որոշ շահագրգիռ շրջանակներ այս հայտարարություններից անմիջապես հետևություն արեցին, թե ԱՄՆ-ը համաձայնել է Վրաստանի ու ՈՒկրաինայի անդամակցության հարցն անժամկետ հետաձգելուն։ Հատկապես մեծ էնտուզիազմով արձագանքեց Մոսկվան, ուր արդեն ավանդույթ է դարձել, որ ռուսական ԶԼՄ-ները փորձում են տեղի ունեցող ամեն բան ներկայացնել իբրև «ռուսական դիվանագիտության հերթական հաղթանակ» և երկրի համաշխարհային կարգավիճակի հաստատում։ Ռուսաստանի նախագահն էլ հայտարարեց, որ ողջունում է ՈՒկրաինային ու Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագիր չտրամադրելու որոշումը, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքում ՌԴ ներկայացուցիչ Դմիտրի Ռագոզինն իրեն բնորոշ ծաղրական ոճով կարծիք հայտնեց, թե Արևմուտքը Կիևի ու Թբիլիսիի համար «հակադեպրեսիվ դեղատոմս դուրս կգրի»։
Առաջին հայացքից, իսկապես, թվում է, որ վաղեմի բանավեճն այս փուլում կարծես ավարտված է, և Կրեմլի մշտական խնդրանքները, սպառնալիքները, ինչպես նաև «էներգետիկ փաստարկները» ձմռան շեմին իրենց ազդեցությունն են ունեցել ինչպես եվրոպացիների, այնպես էլ նրանց անդրօվկիանոսյան գործընկերների վրա։ Սակայն այս նույն խորապատկերին առնվազն տարօրինակ է Թբիլիսիում ու Կիևում տիրող ուրախ տրամադրությունը, ուր քաղաքական էլիտաներն արդեն վաղուց ու հետևողականորեն իրենց և երկրի ապագան կապում են հենց ՆԱՏՕ-ի անդամակցության հետ։ Այսպես, Վրաստանի նախագահ ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ այս կապակցությամբ հայտարարեց. «Մեզ համար խնդիր չի դրված ստանալ ՆԱՏՕ-ի գործողությունների անհատական ծրագիր։ Մեր խնդիրն է ՆԱՏՕ ընդունվել, ինչին էլ մենք ձգտում ենք։ Իսկ թե ինչպիսի մեխանիզմներով դա տեղի կունենա, արդեն կարևոր չէ»։ Իր հերթին ՈՒկրաինայի Գերագույն ռադայի եվրաինտեգրացիայի հարցերով կոմիտեի նախագահ ԲՈՐԻՍ ՏԱՐԱՍՅՈՒԿԸ մասնավորապես նշեց. «ՈՒզում եմ հատուկ ընդգծել, որ գործողությունների ծրագրի, այսինքն՝ անդամակցության հրավերի չտրամադրումն ՈՒկրաինային դեկտեմբերին կայանալիք գագաթաժողովում մեզանում չպետք է ընկալվի իբրև ողբերգություն։ ՈՒկրաինան արդեն երեք տարի գործնականում աշխատում է ՆԱՏՕ-ի հետ գործողությունների անհատական ծրագրի շրջանակներում»։ Այսպիսով, ստացվում է, որ ամեն ինչ բոլորովին էլ այնպես ուղղագիծ չէ, ինչպես պատկերացնում են Կրեմլում։ Անորոշությունն այս հարցում մեծացրեց ինչպես միշտ լավ տեղեկացված «Նյու Յորք Թայմսը»՝ տեղեկատվություն զետեղելով այն մասին, որ «ԱՄՆ-ը անսպասելի դիվանագիտական նախաձեռնություն է դրսևորում Եվրոպայում՝ կոչ անելով ՆԱՏՕ-ի գործընկերներին Վրաստանի և ՈՒկրաինայի անդամակցության հարցը լուծել տարբեր երկարատև ընթացակարգերը շրջանցելու ճանապարհով, որպեսզի չլինի պարտավորությունների իրագործման երկար ցանկ»։ Այս տեղեկատվության հրապարակումից հետո էլ ՈՒկրաինայում ԱՄՆ-ի դեսպան ՈՒիլյամ Թեյլորը հայտարարեց, որ Կիևը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցության ուղղակի հրավեր ստանալ։ Եվ դժվար է ասել՝ սա արդյոք Ռագոզինի ակնարկած հակադեպրեսիվ դեղահա՞բն է, թե՞ ամերիկացիների՝ «փափուկ ձեռնոցներով աշխատելու» նոր քաղաքականության առաջին դրսևորումը։
Այս կապակցությամբ բնութագրական է ԱՄՆ-ի նոր նախագահ Բարաք Օբամայի և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ինտերնետային կայքերում տեղադրված տեղեկատվությունը։ Թեկուզ և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական առաջնահերթություններում Վրաստանը հիշատակվում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում, միաժամանակ պարզ է, որ Օբամա-Բայդեն երկյակը պատրաստվում է պատասխանել ռուսական մարտահրավերներին նոր ռազմավարությամբ։ Այն տարբերվելու է Բուշի «անձնական շփումների» քաղաքականությունից և կողմնորոշված է լինելու ԱՄՆ-ի ազգային շահերի պաշտպանությանը՝ միաժամանակ բացառելով որևէ փոխզիջում Վաշինգտոնի համար սկզբունքային հարցերում։ Օբամայի թիմը, ընդգծելով հանդերձ, որ Ռուսաստանի մարտահրավերներին իրենք չեն պատասխանելու նոր սառը պատերազմով, փաստորեն նշում է, որ իրենց նոր ռազմավարությունն ընդգրկելու է շատ որոշակի մի շարք ոլորտներ։ Դա ժողովրդավարական գործընկեր երկրներին աջակցելն է, անկախության հարգումը Եվրոպայում և Ասիայում, ինչպես նաև երկրների միջև լարվածության թուլացումը մինչև դրա ռազմական կոնֆլիկտի վերածվելը։ Բացի այդ, նախատեսվում է ուժեղացնել տրանսատլանտյան դաշնակցությունը Ռուսաստանի նկատմամբ միասնական դիրքորոշում մշակելու առումով, օգնության ցուցաբերում ԱՄՆ-ի դաշնակիցներին ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Ամերիկյան նոր վարչակազմը նախատեսում է Ռուսաստանի կառավարության հետ ուղղակի կապերի պահպանում՝ ընդհանուր հետաքրքրությունների առումով (միջուկային զենքի չտարածում և կրճատում, առևտրի և ներդրումների ընդլայնում, «Թալիբանի» ու Ալ Ղաիդայի դեմ պայքար) և ամենահետաքրքիրը՝ ուղղակի կապեր Ռուսաստանի քաղաքացիների հետ ընդհանուր արժեքների զարգացման առումով։ Հիշեցնենք, որ նոր փոխնախագահ Բայդենը ՆԱՏՕ-ի ընդլայնման մեջ մեծ ներդրում ունեցող քաղաքական գործիչ է, մասնավորապես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները դաշինքի կազմ ընդգրկելու առումով։
Ի դեպ, ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍՆ էլ բրյուսելյան գագաթաժողովի նախօրեին հասկացրեց, որ ՈՒկրաինայի ու Վրաստանի անդամակցության հարցն ամբողջությամբ օրակարգից դուրս չի եկել։ «Կա Բրիտանիայի կողմից առաջ քաշված գաղափար, որպեսզի մենք դիտարկենք բուխարեստյան հռչակագրի իրագործման այլ ուղիներ»,- հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղարը, հիշեցնելով, որ Լեհաստանն ու Չեխիան ՆԱՏՕ-ի անդամ են դարձել՝ շրջանցելով թեկնածու դառնալու փուլը և, ըստ այդմ. «Այս պահին չկա անհրաժեշտություն բանավիճելու անհատական գործողությունների ծրագրի տրամադրման կամ չտրամադրման շուրջ։ Խնդիրն այն է, թե ինչպես կատարել բուխարեստյան գագաթաժողովի որոշումը, և այդ առումով մեր քաղաքականությունը փոփոխություն չի կրել»։ Թեպետ ամերիկյան դիվանագետը չի հստակեցրել, թե համագործակցության ընդլայնման ինչպիսի ձևեր կարող է առաջարկել Վաշինգտոնը Կիևին ու Թբիլիսիին, բայց դա չի բացառում, որ Բրյուսելում կայացվեն լրացուցիչ որոշումներ, հատկապես Վրաստանի զինված ուժերի բարեփոխման գործում ՆԱՏՕ-ի դերի մեծացման վերաբերյալ։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ ԿՈՒՐԴ ՎՈԼԿԵՐՆ այս կապակցությամբ նշել է. «Մենք բոլորս վաղուց ենք պայմանավորվել, որ ժամանակի ընթացքում նրանք կդառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Այժմ մենք առաջարկում ենք մի կողմ դնել բանավեճերն ու կենտրոնանալ անհրաժեշտ ռեֆորմների իրականացման ուղղությամբ»։ Միաժամանակ ամերիկյան կողմն առաջարկել է ձևափոխել ՆԱՏՕ-Վրաստան և ՆԱՏՕ-ՈՒկրաինա հանձնաժողովները, ընդգրկելով դրանք այնպիսի կառուցվածքների մեջ, որտեղ հնարավոր է արագացնել այս երկրների հետ երկխոսությունը։
Այս ամենը ցույց է տալիս, որ արդեն ստեղծվում են օբյեկտիվ նախադրյալներ ՆԱՏՕ-ին անդամակցելու այլ մեխանիզմների կիրառման ուղղությամբ, որոնք այդքան ակնհայտ չեն, բայց ավելի արդյունավետ են։ Այդ նախաձեռնությունների շարքին կարելի է դասել ՈՒկրաինայի իշխանությունների նախաձեռնությունը՝ Սևաստոպոլն ազատ տնտեսական գոտում ընդգրկելու վերաբերյալ։ Այդպիսի կարգավիճակի սահմանումը թույլ կտա տարբեր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների նավերին հանգիստ այցելել այդ նավահանգիստ առանց նախնական թույլտվության՝ պաշարները համալրելու, վերանորոգման, անձնակազմին մի քանի օրով հանգիստ տալու և ցանկացած այլ պատճառաբանությամբ։ Եվ թեկուզ ռուսական զինվորականներն արդեն շատ սուր ու բացասական են արձագանքել ու հայտարարել, որ այդ նախագիծը ռուսական նավատորմը հերոս քաղաքից ամեն գնով դուրս մղելու նպատակ է հետապնդում, ակնհայտ է, որ այսպիսի նախաձեռնությունների ներառումն ընդհանուր շղթայում, ողջ հետխորհրդային տարածքում Արևմուտքի համար քաղաքական մանևրի լավ հնարավորություն կստեղծի արդեն քանի տարի զարգացող նոր «Մեծ խաղի» շրջանակում։ Այսպիսով, ստացվում է, որ այդ խաղի նոր փուլը սկսելուց առաջ ԱՄՆ-ը և նրա եվրոպական դաշնակիցները միաժամանակ նախապատրաստում են հզոր քարոզչական ակցիա, որը նպատակ ունի բթացնելու Ռուսաստանի զգոնությունը և ավելի հարմարավետ պայմաններով, խուսափելով հակադրությունից ու փոխադարձ մեղադրանքներից, շարունակել անել այն գործը, որը, միևնույն է, պետք է արվի։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3704

Մեկնաբանություններ