ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բա հետո՞, բա վերջը՞...

Բա հետո՞, բա վերջը՞...
24.06.2008 | 00:00

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն` 2008 թ. հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական աճը կազմել է 9,8 տոկոս: Այլ խոսքերով, որքան էլ զարմանալի թվա, վերջին ընտրությունները «փոքր-ինչ» ազդեցություն են ունեցել մեր տնտեսական իրողությունների վրա, որովհետև տարիներ շարունակ արձանագրվող երկնիշ տնտեսական աճի ցուցանիշը, այնուամենայնիվ, միանիշ է դարձել, ինչպես տեսնում եք, սղաճի չափերն են ավելացել` կրկին աճելու միտումով, և դեռ պարզ չէ, թե այս պարագայում տարին ինչ ցուցանիշերով կփակենք:
Ի դեպ, թե ինչու վերևում նշեցինք` «որքան էլ զարմանալի թվա», բացատրենք: Բանն այն է, որ 98-ից այս կողմ մեր հրաշալի երկիրը ոչնչից իրականում չի ազդվում (իհարկե, եթե խոսքը պետական մակարդակով մոնոպոլիստների շահերի պաշտպանության և առկա գնաճը միջազգային շուկաների իրողություններով բացատրելու մասին չէ): Հոկտեմբերի 27 է լինում, բայց երկնիշ տնտեսական աճ ենք արձանագրում, շրջափակման մեջ ենք ապրում, բայց տարածաշրջանային կենտրոն դառնալու մասին ենք խոսում: Կարճ ասած` տնտեսություն ունենք` աշխարհը չունի, ՀՆԱ ունենք, աճում է` էլ դու սուս: Ի դեպ, քանի որ խոսեցինք ՀՆԱ-ի մասին, միանգամից նշենք, որ չնայած աճի տեմպերի «փոքրիկ դանդաղմանը», այն հիմա էլ է աճել` արդեն իսկ կազմելով 982 մլրդ դրամ: Իսկ եթե վերլուծելու լինենք դրա կառուցվածքը, ապա անզեն աչքով էլ կտեսնենք, որ իրականում նույն արատավոր տենդենցն է շարունակվում. ամենաբարձր աճը շարունակում է ապահովել շինարարությունը` կազմելով մոտ 14,9 տոկոս:
Հիմա. եթե մեր ղեկավարությունն ու մասնավորապես` «գլոբալ մտածելակերպից լոկալ մտածողության անցած, այսինքն` վերջապես հայկական լեռնաշխարհ վերադարձած» մեր կառավարությունը նորմալ է համարում այն հանգամանքը, որ հիմնականում հարկերից խուսափելու ճանապարհով մի քանի օլիգարխներ, նախկին ու ներկա ղեկավարներ քաղաքն անապատի են վերածում` չափից դուրս խիստ կառուցապատման արդյունքում ահավոր անճաշակ շենքեր սարքելով, որից սովորական քաղաքացին ոչինչ չի ստանում, բայց ստացվում է` ՀՆԱ-ով «նրա հաշվին էլ է «մի կտոր հավ» գրանցվում», իրենց խնդիրն է: Թող շարունակեն Երևանից կուշտ ու տռուզ ջիփերով հասնել Դիլիջան, խոսել ինչ-որ բարձր աճերի, նպատակների, գլոբալ-տարածաշրջանային-հավակնոտ ծրագրերի ու էլի չգիտես, թե ինչի մասին: Միևնույն է, արդյունքում սովորական քաղաքացին և մենք բոլորս տեսնում ենք, որ անգամ վիճակագրական ծառայության հավատ չներշնչող տվյալներով` մեր արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալն անկում է ապրել ուղիղ 1,4 տոկոսով: Իսկ եթե դրանից էլ հանենք էլեկտրաէներգիային բաժին ընկնող հատվածը, իսկ այն աճել է 2,3 տոկոսով և հիմնականում «ուղղվել» դեպի ծառայությունների ոլորտ, արտադրության անկումը մի այդքան էլ այստեղ է անհրաժեշտ ավելացնել: Ի միջի այլոց, եթե հաշվի առնենք նաև սեզոնայնության խնդիրը, այսինքն` այն հանգամանքը, որ ուզենք, թե չուզենք, հիմա պիտի գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճ էլ ունենանք, որովհետև պտուղ-բանջարեղենը հասել է, (իսկ այն, ի դեպ, հունվար-մայիս ամիսներին ընդամենը աճել է 1,9 տոկոսով), ստացվում է, որ երկրում իսկապես բավական տխուր վիճակ է, որովհետև շինարարությունից հետո ծառայությունների ոլորտում արձանագրված աճի ցուցանիշը երկրորդն է` 10,6 տոկոս, առևտուրը` երրորդը, որն աճել է 29,6 տոկոսով: Ի դեպ, զավեշտալին այն է, որ հիմնականում ներկրումներից ձևավորվող այս «տողը» մերոնք շարունակում են կոչել «արտաքին առևտրաշրջանառություն» բարձր ու հպարտ անվամբ, նշելով, թե այն կազմել է ուղիղ 1 մլրդ 982 մլն դոլար, որում 4,3 տոկոսով աճ է արձանագրել նաև մանրածախ առևտրաշրջանառությունը…
Անկեղծ ասած, բոլոր այս թվերը միայն սարսափ կարող են ներշնչել նորմալ մարդկանց, որվհետև ստացվում է, որ մեր տնտեսությունն ու ՀՆԱ-ն ուղիղ 50,94 կամ 51 տոկոսով կախված են օլիգարխիկ շինարարությունից, հասարակ քաղաքացիներին հիմնականում ոչ հասու ծառայություններից և ամբողջովին մենաշնորհայնացված ներկրումներից, որտեղ էլ ուղղվում են մեր քաղաքացիներին դրսից ուղարկվող տրանսֆերտները: Սարսափելի է այն փաստը, որ միայն այս ամիսների ընթացքում ներմուծումը կազմել է 1 մլրդ 560 մլն դոլար` աճելով 40,8 տոկոսով, որի բացասական հաշվեկշիռը գերազանցել է 1 մլրդ դոլարը` կազմելով 1 մլրդ 138 մլն դոլար, ինչը նշանակում է, որ արտահանման ծավալները մեզանում գրեթե բացակայում են: Գուցե առաջին հայացքից թվա, թե խտացրինք գույները, բայց այդպես չէ: Ուստի այն, որ աշխատավարձերի միջին աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 22,9 տոկոս, մեզ բոլորովին էլ չի ուրախացնում: Ինչքա՞ն կարելի է ուրախանալ այն բանով, որ «աշխատավարձերի աճի» պարագայում ուսուցիչն ու մյուսը հաց ու կարտոֆիլի հետ մեկ-մեկ էլ պանիր առնելու հնարավորություն են ունենալու…

Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, քանի որ նյութում ակնարկ արինք Դիլիջանի մասին, նշենք, որ անցած ուրբաթ այստեղ տեղի ունեցավ Հայաստանի բանկերի միության տարեկան ընդհանուր ժողովը, որտեղ վարչապետ Տիգրան Սարգսյանը բավական «օրիգինալ սոուսով» ներկայացրել է Համահայկական բանկ ստեղծելու առաջարկը: Հանգամանք, ինչը, իհարկե, առնվազն հետաքրքիր է, հետևաբար նաև` արժանի անդրադարձի: Մի բան, որ առաջիկայում կփորձենք անել` համապատասխան մասնագետների օգնությամբ:

Դիտվել է՝ 10115

Մեկնաբանություններ