ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Այվազյանը մեզ ասելիք ուներ էսօր

Այվազյանը մեզ ասելիք ուներ էսօր
23.03.2024 | 22:33

Առավոտից մտքերով Աղասի Այվազյանի գրականության հետ էի էսօր։ Հազվադեպ, բայց իմ կյանքում հստակ կրկնվող իրականություն է, երբ կորցնում եմ ինքս ինձ հետ կապող բարակ թելերը, ինչ - որ մի անհասկանալի օրինաչափությամբ, մտքիս Աղասի Այվազյանն է գալիս` իր կերպարը, ձայնը, խարիզման ու գրականությունից ինչ -որ դրվագներ։

Բախտ ու պատիվ եմ ունեցել երկու անգամ հյուրընկալվել իր տանը, լինել անբացատրելի աուրայով իր աշխատասենյակում։

ՈՒսանող էի։

Սիրում էի այվազյանական գրականությունն ու ինձ թվում էր կամ, ավելի ճիշտ, այն ժամանակ ես համոզված էի, որ Աղասի Այվազյանը ոչ միայն սովորական գրող է, այլ նաև պայծառատես մագ, ում հաջողվել է ինչ-որ հրաշքով գտնել հայի կոդը։ Եվ այդպես էլ կար... Ինքը գտել էր։

Աղասի Այվազյանից անսպառ հայկականություն էր հորդում։

Խստապահանջ հայացքով, պահանջկոտ նատուրայով ԱՆՀԱՏ էր Աղասի Այվազյանը։ Չէր սիրում շատ խոսել, երկարաշունչ նախասադություններ չէր ասում, խոսքը մաքուր էր ամեն տեսակ ավելորդաբանությունից, խոսելու ընթացքում ձայնի մեջ մերթ ընդ մերթ ոգևորված և ոգևորիչ ինտոնացիաներ էին հայտնվում, բայց պաթոսից իսպառ զուրկ էր, ինչն իր անձն ավելի ու ավելի վեհ էր դարձնում իմ աչքերում։

Հիշում եմ` առաջին հանդիպման օրը (2003 թ. մայիսին), երբ հասա իր բնակարան, դուռը բացեց ու առաջին հարցը որ տվեց` «հեշտությա՞մբ գտար տունն» էր։

Ասացի.

- Այո՛, պարոն Այվազյան, մի քիչ փնտրեցի, բայց գտա։

Ակնոցների տակից շեղ հայացքով նայեց վրաս ու ասաց.

- Բա ինչու՞ ես շփոթված:

ՈՒզում էի ասել`

որովհետև Ձեզ եմ տեսել առաջին անգամ, Վարպետ ջան,

որովհետև Դուք ինձ համար ավելի քան ուղղակի հայ գրող եք,

որովհետև երբեք չէի կարծում, որ այս հանդիպումը կարող է տեղի ունենալ,

որովհետև Դուք այնպես տպավորիչ եք նկարագրել հայի կերպարը Ձեր հայտնի պատմվածքում, որ այստեղ գալու ամբողջ ճանապարհին մտածում էի` ես գնում եմ հանդիպելու իմ պատկերացրած ամենահայ Հային...

Բայց լռեցի։

Չհամարձակվեցի ոչինչ ասել այն ամենից, ինչ այդ պահին պտտվում էր գլխումս ու փոթորկում իմ երիտասարդ, անիմաց հոգին։

Միայն կմկմալով, հարցին հարցով ասացի` շփոթվա՞՞՞՞ծ…

Չգիտեմ` ինքը հասկացա՞վ, ի՞նչ էի զգում ես այդ պահին, թե՞ ոչ:

Բայց, ամենայն հավանականությամբ, հասկացավ: Ավելի քան հասկացավ։

Գլուխն օրորեց, քթի տակ քմծիծաղ տվեց ու ինձ ուղեկցեց իր աշխատասենյակ։

Այս գրառման մեջ ես չեմ նկարագրի այդ սենյակը։ Դա բոլորովին այլ թեմա է, այլ աշխարհ` «Աղասի Այվազյան» անունով մի մոլորակ, որի մասին գուցե մի օր պատմեմ։

Խոսեցինք այդ օրը բավական երկար, թեև թեմաները բազմազան չէին։ Խոսում էինք ՀԱՅԻ մասին` ո՞վ է հայը, ո՞վ է եղել հայը, ի՞նչ է դարձել հայը, ինչու՞ է այդպես դարձել հայը ու դեռ ինչե՞ր են սպասվում Հային։ Հարցրեցի.

- Պարոն Այվազյան, կարելի՞ է որոշ նախադասություններ մեր զրույցից գրառեմ բլոկնոտիս մեջ (որովհետև ձայնագրիչ չէի վերցրել հետս, այդպես էինք պայմանավորվել հանդիպումից առաջ):

Ասաց.

- Այո՛, որոշ նախադասություններ կարող ես գրառել,- բայց այնպիսի տոնով ասաց, որ ավելի նման էր` «Այ, միամիտ, ինչ ասում եմ պետք է ոչ միայն գրառես, այլ նաև վերլուծես ու հասկանաս»։

Այսօր շատ պատահական` գրապահոցս մաքրելուց գտա այդ բլոկնոտը, որտեղ, ի թիվս մի քանի նախադասությունների, իր բանավոր խոսքից սղագրել էի նաև այս միտքը.

«Մեր ամենածանրակշիռ հարցը հիմա պետք է լինի սեփական ազգային հոգեբարոյական կերտվածքի վրա հայացք գցելը, հասկանալու համար` ի՞նչ է մնացել հայի բուն էությունից, մեր նախեղակ, աստվածարյալ կերպից (այվազյանական գրականության ու խոսքի մեջ ինձ մշտապես խենթացրել են իր հատկապես անսովոր գեղեցկությամբ հայկական բառերը, որ չէի հասկանում` որտեղի՞ց էր գտնում այդ մարդը` զարդարելու համար իր խոսքն ու գրականությունը։ Պաշտում եմ այվազյանական հայերենը)։

Հարցը, որ արդեն երկար ժամանակ ինձ հուզում է` «Արդյոք մենք կարո՞ղ ենք սրբել մեր վրայի աղբը, որ դարերի ընթացքում թշնամին կուտակել է մեր սկզբնագոյի վրա, փաթեթավորել է մեզ՝ մեր էությանը բոլորովին անհարիր ծածկոցով։ Ընդունա՞կ ենք մենք արդյոք պատմակշիռ հայացքով վերլուծել մեր ներկան` այս դժվարին ու վճռորոշ ժամանակի մեջ»։

Մեր առաջին հանդիպմանը Այվազյանը շատ մտահոգ էր։ «Չգիտեմ»` ինչու՞ էր այդպես;

Նու ԱՐԴ (Նվարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ)

Հ.Գ.

Նույն «պատահականությամբ», որ գտա 20 տարվա վաղեմությամբ իր մտքերով սղագրված բլոկնոտը, քիչ առաջ իմացա նաև, որ այսօր իր ծննդյան օրն է։ Ես երբեք պատահականությունների չեմ հավատացել, երբեք։

Այվազյանը մեզ ասելիք ուներ էսօր, որը ես որոշեցի կիսել ձեզ հետ…

Դիտվել է՝ 1583

Մեկնաբանություններ