ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ադրբեջանի ծրագրերի գաղտնազերծումը կամ պարտադիր No.2

Ադրբեջանի ծրագրերի գաղտնազերծումը կամ պարտադիր No.2
30.09.2023 | 22:22

Հիմա եկել է ժամանակը, որ գործով ու իրական քայլերով ապացուցենք շախմատային գերտերություն լինելու մեր կարգավիճակը։ Իսկ ավելի ճիշտ՝ կյանքի ու մահու հարց է դառնում Բաքվի հաշվարկներն ու ծրագրերը ճիշտ կռահելն ու չեզոքացնելը։

Այս պահին Բաքվի և Արցախում գտնվող ռուս զինվորականության (այլևս չեմ օգտագործում «խաղաղապահներ» բառը) համար լրջագույն հարց է դառնում էթնիկ զտումների, պատերազմական հանցագործությունների ու ցեղասպանական գործողությունների համար միջազգային պատասխանատվությունից խոսափելը։

Քանի դեռ Արցախում հայ չի մնացել, երկու կողմերի համար շատ կարևոր է ժամանակ շահել, վերադասավորվել ու կատարել հակաքայլեր։ Հենց այստեղ պետք է տեսնել Արցախի հանրապետության լուծարումը մինչև 2024 թ․ հունվարի 1 տեղափոխումը։ Ինչու՞ դա չեն անում հիմա, չնայած որ շատ լավ հասկանում են, որ դա ոչ մի նշանակություն չունեցող որոշում է։

Բաքվին պետք է Արցախի հայկական որևէ ներկայացուցչական մարմին, որի հետ ցանկացած բանակցության իմիտացիա կծախի արտաքին աշխարհին։

ՀԱԿԱՔԱՅԼ 1

Առանց հապաղելու, ՀՀ տարածքում ձևավորվում է Արցախի ինքնավարության լիազոր մարմին, որը հանդիսանալու է արցախահայության շահերը ներկայացնող միակ կառույցը: Միաժամանակ ստեղծվում է նաև Արցախի ինքնպաշտպանության հրամանատարություն, ստորև կմանրամասնեմ ինչու։

ՀԱԿԱՔԱՅԼ 2

Հիմա բացատրում եմ, թե ինչու՞ են Բաքվում հայ ձերբակալվածներին կալանում 4 ամսով։ Ամսաթվով դա համպատասխանում է 2024 թ․ փետրվարի վերջին, այսինքն, այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» օրվան։ Բաքուն ու Անկարան հաստատապես ձգտելու են այս ընթացքում հուշարձան կառուցել ու մեծ աղմուկով ամբողջ աշխարհով թմբկահարել իրենց զոհ լինելը։ Լրջագույն անելիք ունենք աշխարհի խորհրդարաններում ու միջազգային մամուլի հետ աշխատանքում՝ այդ շոուն տապալելու համար։

ՀԱԿԱՔԱՅԼ 3

2024 թ․ փետրվարի 19-ին լրանում է Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 20-րդ տարելիցը, այսինքն Խոջալուի ծրագրվող շոուից մեկ շաբաթ առաջ։ Այս պահին Բաքուն պատրաստվում է Հունգարիայի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր կնքել։ Դիվանագիտական դաշտում լուրջ անելիք կա։

ՀԱԿԱՔԱՅԼ 4

Հոկտեմբերի 5-ին, կառավարության նիստի ժամանակ, պաշտոնապես հայտարարվում է, որ հայկական կողմի համար 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը և դրա շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը դադարել է որևէ արժեք ունենալ և հայկական կողմը հետ է կանչում իր ստորագրությունը՝ հստակորեն հիմնավորելով այդ որոշումը հետևյալ ձևակերպմամբ․ «Ադրբեջանի և Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների գործողությունների արդյունքում տեղի է ունեցել էթնիկ զտում՝ ուղեկցված պատերազմական հանցագործություններով ու ցեղասպանական գործողություններով»։

ՀԱԿԱՔԱՅԼ 5

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանին դիմելը համարում եմ ճիշտ ու հրատապ, սակայն հայցադիմումի մեջ բացակայում էր ռուսական զինվորականության դերի ու հետևանքների մատնանշումը։ Պետք է ակտիվացնել ցեղասպանության կանխարգելման հարցերով զբաղվող անհատ գիտնականներին ու կազմակերպություններին։

ՀԱԿԱՔԱՅԼ 6

Արցախում գտնվող ռուս զինվորականության առաջ Հայաստանի Հանրապետությունը դնում է հետևյալ նախապայմանները․

- հոկտեմբերի 15-ի դրությամբ նախկին ԼՂԻՄ սահմաններից ներս գտնվող ադրբեջանական զինուժի ու քաղաքացիական անձանց բոլոր միջոցներով դուրսբերումն ու նրանց ներթափանցման կանխումը՝ հայ բնակչության ապահով վերադարձը կազմակերպելու համար:

- Ազատ են արձակվում Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներն ու ձերբակալվածները:

- Այս ընթացքում ռուս զինվորականությունը բացառում է Ադրբեջանի կողմից նախկին ԼՂԻՄ տարածքում որևէ շինարարական աշխատանքների իրականացում։

- Ռուս զինվորականությունը չեզոքացնում է Հակարիի կամրջի ադրբեջանական մաքսային ու զինվորական պահակակետերը, ապահովում է մարդկանց ու բեռների ազատ տեղաշարժ՝ Արցախի ինքնապաշտպանության ու ոստիկանության ուժերի մասնակցությամբ։

- Հայկական ինքնապաշտպանական ուժերին են վերադարձվում բռնագրավված զենքն ու զինամթերքը։

Այս կետերը նշված ժամանակում չիրագործելու դեպքում ՀՀ-ն իրավունք է վերապահում ոչ միայն Ադրբեջանին, այլև ռուս զինվորականությանը, պաշտոնապես մեղադրելու էթնիկ զտումներ, պատերազմական հանցագործություններ ու ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար։

Սա չափազանց թանկ ու ցավալի մեղադրանք է հատկապես ռուս զինվորականության համար, նամանավանդ որ միջազգային կառույցներն ու մեդիան խիստ հետաքրքրված կլինեն ձեռքի տակ ունենալ նոր փաստեր ու մեղադրանքներ՝ ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՔԱՅԼ

Արցախի հայության դեմ իրականացված էթնիկ զտումները և դրանցում ռուս զինվորականության ուղղակի ու անուղղակի մասնակցությունը լուրջ հիմք է հանդիսանալու պաշտոնական Երևանին դիմելու Մոսկվային՝ ՀՀ տարածքում ռուսական զինվորական ներկայության և ՀԱՊԿ-ի կազմում գտնվելու նպատակահարմարությունը քննարկելու համար։

Վերոնշյալ կետերը նշված ժամանակում չկատարելու դեպքում առջարկում եմ իրականացնել հետևյալ հակաքայլերը՝

- Զվարթնոց և Շիրակ օդանավակայաններում համատեղ հերթապահության դադարեցում։ Երևան ու Գյումրի ժամանող ՀՀ քաղաքացիները պետք է հրաժարվեն այլազգի սահմանապահների ծառայությւններից:

- 2020 և 2021 թթ․ Սյունիքի մարզում գտնվող ռուսական հենակետներում գտնվող անձնակազմը տեխնիկայով ուղեկցվելու են Գյումրիում գտնվող նախկին տեղաբաշխման վայր՝ ՀՀ ռազմական ոստիկանության ավտոմեքենաների ուղեկցությամբ։

- Հայ-իրանական սահմանի Մեղրու ուղեկալի կապակցությամբ սկսել բանակցություններ՝ այն ամբողջովին հայկական կողմին հանձնելու համար։

Որպեսզի հակառուսի կամ ռուսատյացի տպավորություն չթողնեմ, ստորև ներկայացնում եմ իմ առաջարկները ռուսական կողմին՝ անվերականգնելի կորուստներից խուսափելու և Հարավային Կովկասից վերջնականապես հեռանալու հեռանկարը չեզոքացնելու համար։

ա) Ադրբեջանի հետ միասին ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղսակցությունը ծանրագույն մեղադրանք է, լի լրջագույն հետևանքներով։ Այդ մեղադրանքն ու դրանից բխող հետևանքներն առ ոչինչ են դարձնելու Բաքվի հետ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական խոշոր հաշվարկները և ակնկալվող եկամուտները։

բ) ծանրագույն իմիջային հարված է հասցվելու ռուսական բանակին ու Ռուսաստանի Դաշնության միջազգային հեղինակությանը:

գ) Բաքվի հետ նման գործարքի մեջ ներքաշվելը և միջազգային ատյաններում նոր որակումների համար թիրախ հանդիսանալը կատալիզատորի դեր կկատարի տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման գործընթացում։

դ) Հայաստանի Հանրապետությունում ռուսական զինվորական ներկայությունը դառնում է ժամանակի հարց՝ հաշվի առնելով հայ հանրության ներսում հակառուսական տրամադրությունների բացարձակ ուժգնացումը։ ՌԴ-ն այլևս չի ունենա որևէ ապահով հենակետ Հարավային Կովկասում, իսկ ոչնչացվածները վերականգնելու համար տարիներ ու տասնամյակներ կպահանջվեն։

ե) Ռուսաստանաբնակ հայությանը ահաբեկելու միջոցով ՀՀ-ից զիջումներ կորզելը, կարելի է միամիտ ու վտանգավոր հաշվարկ համարել։

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ

Վերոնշյալ զարգացումները չեզոքացնելու համար, ըստ իս, Մոսկվային անհրաժեշտ է շատ արագ Ադրբեջանում կազմակերպել իշխանափոխություն, օգտագործելով լայն գործիքակազմ։ Դրանք են՝ ռուսաստանաբնակ ադրբեջանցիներն ու ծագումով Ադրբեջանից ռուսաստանաբնակ ազդեցիկ մեծահարուստները։ Բոլոր կարգի միջամտությունների համար իրավական հիմք կարող է ծառայել 2022 փետրվարի 22-ի ՌԴ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության պայմանագիրը։

Իլհամ Ալիևը տանուլ է տվել պարտիան ու որքան շուտ կհասկանան Մոսկվայում, որ այդ պարտիայից պետք է արագ դուրս գալ, այնքան ավելի կամրապնդվի խայտառակ կերպով խարխլված Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում։

Ընտրությունը շատ չի․ հանցակցություն ու կորուստներ, կամ նոր իրավիճակի ստեղծում Ադրբեջանում՝ ցանկալի է թավշյա հեղափոխության տեսքով։

ՀՀ փաստացի իշխանություններին՝ հապաղելն ու հրաժարումը կհամարվի ինքնաբացահայտում՝ պետական ու ռազմական հանցագործության հիմքերով։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 7200

Մեկնաբանություններ