Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Երբ առաջ մղվեցին «քաղաքական քիլլերներն» ու «քաղաքական բլոգերները

Երբ առաջ մղվեցին «քաղաքական քիլլերներն» ու «քաղաքական բլոգերները
03.05.2023 | 22:57

Ինչ պետք է արվեր ինստիտուցիոնալ մակարդակով և չարվեց:

«Հեղափոխություն»

Երբ 2018 թ. ապրիլի 26-ին ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում հայտարարեց, որ կա՛մ ինքը կընտրվի Հայաստանի վարչապետ, կա՛մ երկրում կառավարության ղեկավար ընդհանրապես չի ընտրվի, մեր երկրի համարյա ողջ իրավաքաղաքագիտական միտք ու հետագիծ ունեցող պլեյադան, կրելով պետության իրավաքաղաքական և ինստիտուցիոնալ հիշողությունն ու սկզբունքները, պետք է ձայն հաներ և ընդգծեր այսպիսի մտքերի անթույլատրելիությունն ու այսպիսի ներքին կոնստիտուցիա ունեցող անձին իշխանություն վստահելու ռիսկերը՝ չտրվելով շանտաժային և տեռորային ամբոխավարության էֆորիային:

Չարվեց, արդյունքում նրանց տեղը զբաղեցրին կատարյալ անգրագետ «քաղաքական քիլլերներն» ու «քաղաքական բլոգերները», բացահայտ թշնամահաճո թեզեր ներբեռնող ծակ մասնագետներն ու օտարածին- օտարասուն քաղմեկնաբանները և, վերջապես, լրագրիչից քաղանալիտիկ դարձած տեքստ կարդացողները:

Եկեղեցի

Երբ 2018 թ. հունիսին նորելուկ իշխանությունների բացարձակ թողտվությամբ, եթե ոչ՝ աջակցությամբ, մի շարք թմրամոլ գոծակալներ և ավանտյուրիստ աղանդավորականներ գրավեցին Մայր Աթոռի վեհարանը, հետո էլ ֆիզիկական ոտնձգությունների ենթարկեցին Կաթողիկոսին, Գևորգյան ճեմարանի սաները, Էջմիածնի միաբանության անդամները, քահանայաց դասը, հոգևոր սպասավորները պետք է պաշտպանեին վեհարանն ու կաթողիկոսին ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսի հարության տոնի ժամանակ են ուժով, կռվով, պայքարով ու նախանձախնդրությամբ տեր կանգնում Երուսաղեմի տաճարից կրակը դուրս բերելու իրենց իրավունքին:

Չարեցին, արդյունքում՝ Մայր Տաճարը հինգերորդ տարին է լուսանցքային կարգավիճակում է:

Դատական համակարգ

Երբ 2019 թ. մայիսի 20-ին շրջապատել տվեց դատարանները, դատավորների ողջ համայնքը իր ձեռամբ պետք է պարալիզացներ երկրի ողջ դատավարական համակարգը՝ պայքարելով իր սահմանադրական սուվերենության համար և ապագայում նաև ապահովագրեր իրեն գործադիրի ոտնձգություններից:

Չարվեց, արդյունքը կիսաքանդ և հնազանդ դատաիրավական համակարգն է, որն էլ դեռ գոյություն ունի ի հաշիվ մի քանի տասնյակի հասնող սկզբունքային ու ձիգ դատավորների:

Կառավարման համակարգ

Երբ 2019 թ. հունվարի 10-ից մեկնարկեցին կառավարության կառուցվածքի փոփոխությունները, որի նպատակը, իբր, պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումն էր, իսկ իրականում սփյուռքի և մշակույթի նախարարությունների լիկվիդացիան և երկու հենասյունային պետական ինստիտուների համահարթեցումը, այսպես կոչված մշակութային գործիչներն ու ինտելիգենցիան պետք է իրենց վստահ ու իմաստուն պրոտեստն ու նվիրականությունը ցույց տային այդ ոլորտների պահպանման և գերկարևորման առումով: Սփյուռքը պետք է ոտքի կանգներ՝ չհամաձայնելով Մայր հայրենիքում բարձր ինստիտուցիոնալ մակարդակով ներկայացված լինելու փոխարեն, ինչ-որ օտար միսիոների կամ հանձնակատարի ձևաչափի նվաստացուցիչ մակարդակի հետ, հենց այնպես, ինչպես համախմբվել էր հայ-թուրքական արձանագրությունների դեմ:

Չարեցին, փոխարենը մշակութայինները գնացին իրենց հին մաղձերի և կոմֆորմիզմի ճանապարհով, իսկ Սփյուռքը պատերազմի ընթացքում «Հայաստան» հիմնադրամի միջոցով վերջին անգամ լիակատար կերպով կթվեց և երես թեքեց:

ՍԴ

Երբ 2020 թ. հունիսի 20-ից փաստացի սկսվեց ՀՀ սահմանադրական դատարանի կուսակցաքաղաքական բռնազավթումը, որն ակնհայտ պայմանավորված էր սեփական իշխանության սահմանադրաիրավական դիրքերը ամրապնդելու մոլուցքով, ինչը փաստացի նշանակում էր ՍԴ-ի ուզուրպացիա, ընդամենը մի քանի տասնյակի էին հասնում հազարավոր իրավաբանական համայնքից այն ներկայացուցիչները, որոնք, իրենց մասնագիտության նվիրյալները լինելով, կանգնեցին ոչ թե քաղաքական կամքը հլու հնազանդ ընդունելու, դրան իրավական ֆեյք տեսք տալուն, այլ իրավագիտության հենասյունային սկզբունքների և իրավունքի փիլիսոփայության կողքին:

Չարվեց, հարյուրավորները գերադասեցին լռել ու հպատակվել, գտնել իրենց անձնական շահը, պետության իրավասահմանադրական բնույթը խեղվեց, ՍԴ-ն կուսակցաքաղաքականացվեց: Հետագայում ԲԴԽ կոչվածի հետ նույնն անելը դարձավ տեխնիկայի հարց:

Ընդդիմություն

Թե երբ և ինչ պետք է աներ ընդդիմությունը և ինչպիսին լիներ՝ ասել եմ տասնյակ անգամներ՝ թե՛ մասնագիտական, թե՛ քաղտեխնոլոգիական, թե՛ տեսական, թե՛, վերջապես, քաղաքական գրագիտության տեսանկունից, իսկ բազմաթիվ անգամ՝ հենց իրենց: Այսօր կասեմ մեկ բան:

Երբ 2022-ի մայիսի 5-ին Բաղրամյան պողոտայում շուրջ հիսուն հազարից ավել հայ մարդիկ, կազմ և պատրաստ յուրաքանչյուր գործողության, կանգնած սպասում էին և պատրաստ էին յուրաքանչյուր զարգացման, հենց այդ օրը «Դիմադրությունը» իր շանսը բաց թողեց և անցավ ազատ անկման ռեժիմի:

Նա հենց այդ օրը պետք է վերածեր ԱԺ-ն հայ մարդկանց կամքի իրացման վայրի՝ աննահանջ քաղաքական կամքով պարալիզացնելով ողջ ԱԺ-ն: Տարիներով հայկական բոլոր ընդդիմությունները փաստել են, որ իրենք ժողովրդի քթից թափվող արյան գնով որևէ բան չեն անի: Հենց մայիսի 5-ին կար շանս ԱԺ շենքի ներսում, սեփական պատգամավորական քթից եկող արյամբ և ջանքերով, դրսում մեջքին կանգնած ժողովրդով, որը կբազմապատկվեր՝ տեսնելով ԱԺ շենքում իրական պայքար ու ջանք, որն արվում և թափվում է հանուն սեփական երկրի ու ժողովրդի, ոչ թե իշխանության գալու, այլ երկրի կործանումը կասեցնելու համար:

Չարվեց:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4252

Մեկնաբանություններ