Մինչև Դոնալդ Թրամփի ընտրությունը ՆԱՏՕ-ի սամիթները առաջին հերթին տրանսատլանտյան միասնության տոն էին: Ամեն ինչ նախօրոք պայմանավորվում, միջոցառումների սցենարը մանրամասն պարզվում էր: Ոչինչ չպետք է փչացներ կազմակերպության տոնը, որ իրեն անվանում է «պատմության ամենահաջող ալյանսը»:
Վերջիվերջո՝ մի՞թե ՆԱՏՕ-ն չի հաղթել սառը պատերազմում՝ առանց կրակոցի: ԱՄՆ-ին ողջունում էին իբրև տնօրենների խորհրդի գլխավոր բաժնետիրոջ (նրանց պաշտպանական բյուջեն առայսօր 28 դաշնակիցների ռազմական ծախսերի 2/3-ը ծածկում է): Վաշինգտոնում Հյուսիսատլանտյան պայմանագրի ստորագրումից (1949-ի ապրիլի 4) 70 տարի անց առաջիկա սամիթը Լոնդոնում (դեկտեմբերի 3-4) պետք է նման սցենար ունենա: Ընդունող կողմի համար սամիթը կրկնակի կարևոր է: Խորհրդարանական ընտրություններից (դեկտեմբերի 12) մեկ շաբաթ առաջ Բորիս Ջոնսոնը կջանա ապացուցել, որ իսկական պետական գործիչ է՝ հիմա քչերն են դա ընդունում, նույնիսկ սեփական կուսակցությունում: Մեծ Բրիտանիայի համար այս սամիթը հրաշալի ապացույց է, որ նույնիսկ ԵՄ-ից հեռանալով, մնում է Եվրոպայի կյանքի ակտիվ մասնակից ՆԱՏՕ-ի շրջանակներում: Բրեկզիտի բանակցությունների սկզբից Լոնդոնը փորձում է իր բանակի ու հատուկ ծառայությունների փաստարկն օգտագործել, որ ԵՄ-ից առևտրական հարցերում ավելի զիջողամիտ կեցվածք ստանա: Դու՝ ինձ, ես՝ քեզ: Իրականում, ինչպես նախորդ երկու սամիթներում (2017-ի մայիս և 2018-ի հուլիս), կազմակերպության կուլիսներում մթնոլորտն այլևս տոնական չէ:
Այո, ՆԱՏՕ-ում եղել են ցնցումներ, երբեմն Ֆրանսիայի մեղքով, այնուամենայնիվ, դեռ այսօրվա նման չի եղել: 2017-ից սամիթ մեկնող պետությունների ղեկավարները չգիտեն՝ ինչ սոուսով են ներկայացվելու: Որ ալյանսի հիմնասյուն ԱՄՆ-ը, որից սպասում են անվտանգության երաշխիքներ (հատկապես Արևելյան Եվրոպայում), հրապարակավ կասկածներ է հայտնում ՆԱՏՕ-ի իմաստի մասին, արդեն մեծ հարված էր, իսկ նախագահի անկանխատեսելի ու քնահաճ վարքագիծը տագնապ է հավելում: Ոչ մի քաղաքական գործիչ անակնկալներ չի սիրում: Դոնալդ Թրամփը հիշեցնում է պապիկի, ում չի կարելի չհրավիրել հարսանիքի, որովհետև ծախսերն ինքն է փակում, թեպետ բոլորը գիտեն, որ ցանկացած պահի սկանդալ կարող է սարքել: Ճգնաժամի մասշտաբները գուշակել հնարավոր չէ: Վաշինգտոնում ոչ ոք չի կարող անհրաժեշտ հրահանգները տալ դեսպաններին, որ ուզում են իմանալ՝ ինչ կասի, կամ կանի Թրամփը: Մեկ պարզ պատճառով՝ դա միայն ինքը գիտի: 2017-ին ու 2018-ին նա դաշնակիցներին մեղադրում էր, որ չեն կատարում պաշտպանական բյուջեն մինչև ՀՆԱ-ի 2% մեծացնելու խոստումը: Թրամփը առիթը բաց չի թողնում կասկածելու ալյանսի օգտակարության մեջ ԱՄՆ-ի համար ու արտահայտում է իր կասկածները Եվրոպայի պաշտպանության ԱՄՆ պարտավորության մասին: «Ինչու՞ պիտի պաշտպանենք Չեռնոգորիան»՝ հարցնում է նա:
Այս իրավիճակում Էմանուել Մակրոնի հայտարարությունը ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին, լավագույն էֆեկտը չունեցավ և, մեղմ ասած, տհաճ զարմանք պատաճառեց դաշնակիցներին: Սկզբում նրանք հարձակվեցին հերետիկոսի վրա՝ դա ավելի հեշտ է, քան քննադատել Թրամփին: Բայց երբ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ ԱՄՆ նախագահի հետ ՆԱՏՕ-ի մասին լավ հեռախոսազրույց է ունեցել, զայրույթին փոխարինեց շփոթությունը: Մեր դաշնակիցները այսօր ուղեղի կանգ են ունենում մտքից, թե ինչ է բերելու Թրամփ-Մակրոն առանցքը: Մեկն ուզում է Եվրոպայից առանձնանալ, մյուսը ջանում է օգուտ քաղել դրանից:
Այստեղ կարող են լինել պայմանագրի հիմքերը, որ բնավ էլ ամերիկյան երաշխիքներին կապված դաշնակիցների սրտով չէ: Ոմանք երաշխիքների կարիքն ունեն ռուսական սադրանքների պատճառով, մյուսները հենվում են ՆԱՏՕ-ի վրա, որ չմեծացնեն իրենց պաշտպանական բյուջեն: Այլ կերպ ասած՝ Լոնդոնի սամիթում մեզ անակնկալներ կարող են մատուցվել: Լավագույն եզրակացություններից մեկը կլիներ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի փոխլրացման որոշարկումը: Թող ՆԱՏՕ-ն զբաղվի մեր արևելաեվրոպացի գործընկերների հավաքական պաշտպանությամբ, բայց ԱՄՆ-ից այլևս ոչինչ չպահանջի: Թող ԵՄ-ն միջոցներ ունենա մեր մայրցամաքի անվտանգությունն ապահովելու համար մնացած բոլոր դեպքերում, այդ թվում՝ ծայրամասերի: Դա նշանակում է, որ մեր գլխավոր գործընկերները՝ Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, պետք է իրենց ավանդն ունենան մայրցամաքի պաշտպանության մեջ, հույս ունենալով, որ Մեծ Բրիտանիան չի խզի սերտ կապերը եվրոպական պաշտպանության հետ: Դա է Էմանուել Մակրոնի գլխավոր խնդիրը Մակրոնի ու եվրոպացի գործընկերների հետ: Ամերիկացուն ավելի հեշտ է համոզել, քան մյուսներին:
Ժերար Արո, Le Point (Ֆրանսիա)
Հ.Գ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փոխադարձ դժգոհություններ են ներկայացրել միմյանց՝ Բեռլինյան պատի քանդման 30 ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ՝ գրում է The New York Times-ը: «Ես հասկանում եմ քայքայիչ քաղաքականության նկատմամբ ձեր ձգտումը: Բայց ես հոգնել եմ բեկորները հավաքելուց: Ամեն անգամ ես ստիպված եմ լինում սոսնձել ձեր կոտրած բաժակները, որպեսզի մենք կարողանանք նստել և միասին թեյ խմել», ասել է Մերկելը: Մակրոնը պատասխանել է, որ չի կարող գնալ Լոնդոն՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին և ձևացնել, որ ոչինչ տեղի չի ունենում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ