ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Բայց պոպուլիզմն էլ պիտի չափ ու սահման իմանա

Բայց պոպուլիզմն էլ պիտի չափ ու սահման իմանա
14.09.2019 | 12:59

Վերջին շրջանում խորանում է տպավորությունը, որ իշխանության միակ նպատակը սեփական վարկանիշը պահելն է և հասարակությանը դուր գալը: Բայց կտրվելով փողոցից ու փոխադրվելով իշխանական առանձնասենյակներ՝ հեղափոխական պաշտոնյաները, կարծես, դադարել են հասկանալ, որ պետության հետ կատակներ չեն անում: Բացի այդ՝ հասարակությունը սկսել են դիտարկել միայն խիստ ուտիլիտար տեսակետից՝ շեշտը դնելով լյումպեն հատվածի վրա, որին ամենահեշտն է փողոց դուրս բերել: Խաղալով պետության հիմքերի հետ՝ իշխանությունը ական է դնում ինքն իր տակ: Մեկը մեկի հետևից կառավարությունում ու խորհրդարանում ընդունվում են օրենքներ, որոնց գործունեությունը ուղղված է ընդամենը մի քանի հարյուր մարդու, բայց դեմ է ոչ միայն հայաստանաբնակ 3 միլիոնին, այլև՝ 10 միլիոն սփյուռքահայերին: Եվ ամենատարօրինակը, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կես բերան առարկություններով՝ կողմ կամ ձեռնպահ են քվեարկում ու իրենց հայտարարում են ընդդիմություն: Իսկ վարչապետը կատեգորիկ անցկացնում է իր ցանկությունները՝ նույնիսկ համարում հեղափոխության նվաճում: Ի՞նչ և ու՞մ է նվաճում Նիկոլ Փաշինյանը:


Սեպտեմբերի 12-ին կառավարությունը երկար-բարակ քննարկումից հետո՝ ընդունեց ՀՀ Բանկային գաղտնիքի մասին օրենքում և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում առանցքային փոփոխություն կատարելու օրենքի նախագիծ։ Գործող օրենսդրությամբ՝ բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել միայն քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձանց նկատմամբ։ Առաջարկվող փոփոխությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել ցանկացած անձի նկատմամբ, որ քննչական մարմինների ենթադրությամբ, կարող է ընդհանրապես որևէ կերպ առնչվել գործին, այսինքն՝ տասնյակ մարդիկ, եթե քննիչը «հիմնավոր» կասկած ունի։
Այդ օրենքի ընդունումը բանկային համակարգի համար տրոյական ձի է: Քաղաքակիրթ աշխարհում մարդիկ ֆինանսները պահում են բանկերում՝ վստահ, որ գաղտնիության օրենքը գործում է ու իրենց պաշտպանում կազմակերված հանցագործության, շորթողների, դեղին մամուլի հարձակումներից: Հայաստանում ստեղծված պայմաններում այդ օրենքը, ինչպես վկայեց կառավարության նիստի քննարկումը, դառնալու է դամոկլյան սուր մի քանի հարյուր մարդու գլխին, բայց վնասելու է հազարավորների շահերին: Եթե օրենքը ընդունվի, իսկ ԱԺ-ն հաստատ կընդունի, նույնիսկ եթե ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կեսբերան առարկեն, օրինապահ մարդկանց գործող օրենքով երաշխավորված իրավունքներն են խախտվելու, ու դա նրանց ստիպելու է բանկերից հանել իրենց ավանդները: Այսինքն՝ պետությունը քանդում է բանկային համակարգը, որ համեմատաբար կայացած ու գործուն համակարգ է Հայաստանում: Իսկ դա նշանակում է ոչ միայն այդ գումարների արտահոսք Հայաստանից դուրս բանկեր, այլև՝ ավելի թանկ վարկեր, դրամի անկայունություն և կենսամակարդակի անկում: Սա իսկապես տնտեսական հեղափոխություն է, բայց՝ հակառակ իմաստով: Տնտեսությունը քանդելը ևս հեղափոխություն է, բայց ո՞վ է կառուցելու: Հասկացանք՝ ստվերի դեմ պայքար, հասկացանք՝ լինում են վիճակներ, երբ անօրինական ճանապարհով ձեռք բերված ֆինանսները հնարավոր չէ օրինական ճանապարհով հետ բերել, բայց ինչու՞ պիտի դրա գինը վճարեն ՀՀ շարքային քաղաքացիները: Իսկ պատկերացնու՞մ եք՝ ինչ դրախտ կսկսվի գողերի համար, երբ մարդիկ ստիպված լինեն գումարները տանը՝ բարձի տակ պահել՝ շառից-փորձանքից հեռու:


Եվ վերջապես՝ փաստացի ամեն ինչ անում ենք, որ Հայաստանում չլինեն ներդրումներ: Եթե ներդրողը տվյալ պետությունում իր հասանելիք հարկերը մուծում է, պետք է կարողանա իր գումարները փոխանցել իր ուզած հաշվի վրա: Ու բոլորովին էլ նրա խնդիրը չէ, որ հայտնվելու են իրավապահներ ու հայտնելու են կասկածներ, թե դոլարներն ու եվրոները ի՞նչ կապ ունեն կոնկրետ այս ու այն անձի հետ: Ու ի՞նչ խնդիր ենք լուծում: Փաստացի՝ այս օրինագծով իշխանությունը խոստովանում է իր անզորությունը և իր հարցերը փորձում է լուծել քաղաքացիների հաշվին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ Կենտրոնական բանկը հայտարարեց՝ «Սեպտեմբերի 12-ի ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման գործող ռեժիմը:


Ինչպես գործող օրենքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ: Նախագծով ընդամենը սահմանվում է, որ բացառիկ դեպքերում կասկածյալի կամ մեղադրյալի բանկային հաշիվներից բացի, կարող են տրամադրվել հանցագործության հետ ուղիղ առնչություն ունեցող այլ հաշվի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստորև նշվող բոլոր պայմանների միաժամանակյա բավարարմամբ.
1. Բացառապես դատարանի պատճառաբանված և հիմնավորված որոշմամբ,
2. Սահմանափակ հանցագործություններով հարուցված քրեական գործերով, որոնք սպառիչ թվարկված են նախագծում,
3. Երբ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները ողջամտորեն այլ եղանակով ձեռք բերելը հնարավոր չէ,
4. Գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հաստատված միջնորդությամբ,
5. Միջնորդությունը պետք է պարունակի ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն անհրաժեշտ են գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար:


Բանկային գաղտնիքի ինստիտուտը եղել և մնում է ֆինանսական կայունության հենասյուներից մեկը, իսկ նախատեսվող կարգավորումը գործող կարգավորման համեմատությամբ մեղմացում չէ։
Կենտրոնական բանկը հաստատակամ է բանկային գաղտնիքի ինստիտուտի պահպանման, երկրում ֆինանսական կայունության ապահովման գործում՚: Այսինքն՝ ի՞նչ: Մենք էլ չենք ուզում, բայց ի՞նչ անենք: Զարմանալի է, որ լռում է Հայաստանի բանկերի միությունը: Լռում է այն դեպքում, երբ խնդիրը ուղղակի իր գործունեությունն է խոչընդոտում:

Դիտվել է՝ 2719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ