ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հունաստանը փակում է Ցիպրասի էջը

Հունաստանը փակում է Ցիպրասի էջը
08.07.2019 | 11:40

«Պոպուլիստի սալտոն» վերնագրով Le Figaro-ն խմբագրական է հրապարակել Հունաստանի առաջիկա ընտրությունների մասին: Վարչապետ Ալեքսիս Ցիպրասին Le Figaro-ն անվանում է աճպարար, որ ամբողջ Եվրոպան շոկի մատնեց: Ընտրությունից 4 տարի անց նա պատրաստվում է հրաժարական տալ՝ չկատարելով ընտրողներին խոստացված հեղափոխությունը: Կոլոտումբայի արքան՝ այսպես են հույներն անվանում իրենց վարչապետին: Կոլոտումբան հունարենից թարգմանվում է սալտո: Ալեքսիս Ցիպրասի ընտրությունը ոչ միայն սալտո որակվեց, այլև դարձավ պոպուլիզմի պատրանքների մարմնավորումը Եվրոպայում: Ալեքսիս Ցիպրասն իշխանության եկավ աննախադեպ տնտեսական ճգնաժամի, քաղաքական գործիչների նկատմամբ բնակչության անվստահության ու դեֆոլտի սպառնալիքի շրջանում: Ծայրահեղ ձախ քաղաքական գործիչը, որ բոլոր մեղքերի մեջ մեղադրում էր օլիգարխներին ու համաշխարհային ֆինանսիստներին, խոստացավ Բրյուոսելի ու Անգելա Մերկելի «թևերը ոլորել»: Բայց հենց ընտրվեց և հանրաքվեում իր քաղաքացիներից հրաժարական ստացավ խիստ տնտեսության պլանից, Ցիպրասը ամենագեղեցիկ կոլոտումբան գործեց՝ նա սկսեց վարել նեոլիբերալ քաղաքականություն, հարկեր սահմանեց միջին դասի համար ու հետևեց վարկատուների եռյակի (Եվրահանձնաժողով, Եվրոպական Կենտրոնական բանկ և ԱՄՀ) հանձնարարականներին՝ մեղադրելով նրանց հույն ժողովրդին ստորացնելու մեջ: Հունաստանը պատրաստվում է փակել Ցիպրասի էջը: Հարցումներում առաջատարը պահպանողական Կիրիակոս Միցոտակիսն է, որ խոստանում է բարեփոխումներ, դեֆիցիտի ու հարկերի իջեցում, իշխանության կլանային համակարգի կործանում: Այս կենտրոնամետ լիբերալին Le Figaro-ն անվանում է Էմանուել Մակրոնին ու Անգելա Մերկելին մերձ քաղաքական գործիչ: Նրան կհաջողվի նորացնել հույն աջերի կերպարը, Հունաստանը անվանում են առաջին երկիր, որտեց պոպուլիստներին կարող են փոխարինել պահպանողականները: Թեկնածուների համար նախընտրական արշավը դժվար էր անցկացնել և ընտրողներին համախմբել 40 աստիճան շոգին: Թվում է՝ «Նոր ժողովրդավարություն» պահպանողական կուսակցության նախագահ Կիրիակոս Միցոտակիսը հուզվելու պատճառ չունի: Ամիսուկես առաջ եվրոպական ընտրություններում նրա կուսակցությունը «Սիրիզայից» առաջ անցավ՝ ստանալով 33% նրանց 24%-ի դիմաց: Առաջիկա ընտրություններում, դատելով սոցցանցերով, կուսակցությունների միջև տարբերությունը կարող 13 տոկոս լինել: Չնայած կանխատեսվող հաջողությանը՝ Միցոտակիսին անհանգստացնում է հավանական ցածր մասնակցությունը, որ կարող է հարվածել խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստանալու հնարավորությանը (300 մանդատից 155-ը): Նա հնարավորինս փորձում է ընտրողներին համոզել, որ ընտրությունները «լողափից կարևոր են»:


Մեկնաբանելով իր կանխատեսվող պարտությունը, Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ «հույները չգնահատեցին իր աշխատանքը»: Հենց նրա կառավարման օրոք ճգնաժամի 8 տարիներից հետո Հունաստանը կարողացավ ռեցեսիայից դուրս գալ: Տնտեսական աճն այսօր ՀՆԱ-ի 1,2%ն է, գործազրկությունը կրճատվել է 9 տոկոսով, թեպետ դեռ 19% է: Հենվելով այս արդյունքների վրա՝ Ցիպրասը ջանում է ստանալ եվրոպացիների աջակցությունը, սակայն Le Figaro-ն հաստատում է, որ բոլորը նրան թիկունք են դարձրել: Բացառությունը Գերմանիայի ֆինանսների նախկին նախարար Վոլֆգանգ Շյոբլեն է:


«Այս ընտրություններից հետո իշխող կուսակցությունը կարող է կորցնել վականիշը և հայտնվել այն մակարդակում, որից սկսել է իր քաղաքական հաջողությունը 2011-ին»՝ ասում է վերլուծաբան Անդրեաս Դրիմիոտիսը՝ նշելով 4%-ը: Նրա խոսքով՝ Ալեքսիս Ցիպրասը լուրջ հարված հասցրեց ձախերին ու նրանց համար դժվար կլինի վերանվաճել համերկրացիների վստահությունը: «Ցիպրասը դարձավ ծաղրատեղի: Հետևելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականությանը՝ նա դավաճանեց ամբողջ գաղափարախոսությանը»՝ գտնում է փորձագետը: Le Figaro-ի գնահատականով՝ խորհրդարանական ընտրությունները, ինչպես եվրոպականը, կդառնան ինքնատիպ պատժամիջոց Ալեքսիս Ցիպրասի դեմ: Հույներն ավելի շուտ նրան դեմ կքվեարկեն, քան հօգուտ Կիրիակոս Միցոտակիսի: «Հաշվի առնելով՝ ինչ իրավիճակում է այսօր հայտնվել Հունաստանը, ցանկացած ընդդիմադիր գործիչ կարող է հաղթել Ցիպրասին» ՝ եզարափակում է Անդրեաս Դրիմիոտիսը:


Le Monde-ը Կիրիակոս Միցոտակիսի մասին հրապարակումը վերնագրել է «ժառանգորդ, որ ցանկանում է սովորական վարչապետ դառնալ»: Կիրիակոս Միցոտակիսը իր ընտրարշավը սկսեց մայիսի 26-ին՝ 200 փուլերով: Մեծ հանդիպումներ պահպանողական թեկնածուն շատ քիչ է անցակացնում, սկզբում նա ընդհանրապես անհարմար էր զգում տեսախցիկներից: Հարվարդի ու Սթենֆորդի շրջանավարտը ոչ միշտ է ամբոխի սիրելին եղել: Հիմա, ինչպես ասում է նրա մամլո քարտուղարը, նա ավելի քիչ է լարվում: Ներկայանում է սիրալիր ու մատչելի, նախընտրում է, որ իրեն անվանեն պարզապես Կիրիակոս: Բայց նրան դժվար է շարքային հույն համարել: Նրա հայրը՝ Կոնստանտինոսը, եղել է Հունաստանի վարչապետը 90-ականների սկզբին: Ավագ քույրը՝ Դորա Բակոյանիսը եղել է մշակույթի ու ԱԳ նախարար, Աթենքի քաղաքապետ: Հունիսի սկզբին Աթենքի քաղաքապետ դարձավ նրա զարմիկը՝ Կոստաս Բակոյանիսը: Նրա ընտանիքը Կրիտից է և առնչվում է 20-րդ դարակսզբի նշանավոր քաղաքական գործիչ Էլեֆտերիոս Վենիզելոսին հետ, ում անունով կոչվում է Աթենքի օդակայանը: Կիրիակոս Միցոտակիցը հայտարարել է, որ իրեն հաճախ են քննադատում քաղաքական գործիչների ժառանգ լինելու համար, բայց ինքն ապացուցել է հույներին, որ շարքային քաղաքացի է ու խոստացել է իր ընտանիքի անդամներին առանցքային պաշտոններ չտալ: Կյանքի առաջին տարիները Կիրիակոսն ապրել է Փարիզում, որտեղ տեղափոխվել էր նրա ընտանիքը՝ փախչելով գնդապետների վարչակարգ անունը ստացած ռազմական դիկտատուրայից (1967–1974): Լինելով «Նոր դեմոկրատիայի» լիդեր՝ նա ստիպված էր զիջումների գնալ իր կուսակցության ամենաձախ թևին և փոխնախագահ նշանակել Ադոնիս Գեորգիադիսին: Նա ծայրահեղ աջ «Ժողովրդական ուղաղփառ կոչ» կուսակցության նախագահն էր և քննադատում էր 2018-ին կնքված Ալեքսիս Ցիպրասի ու Զորան Զաևի համաձայնգաիրը՝ Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետության նոր անվան մասին:
«Կիրիակոս Միցոտակիսի դիրքորոշումը խանգարեց ծայրահեղ աջերին ձայներ հավաքել վերջին ընտրություններին»՝ ասում է նրա խորհրդականներից մեկը: Թեկնածուն առաջարկում է աջակողմյան ուղղվածության բարեփոխումների ամբողջ շարք: Խոսքը ոստիկանների թվի մեծացման մասին է, անարխիստների խմբերի վանդալիզմի դեմ պայքարի, անլեգալ միգրանտներին արտաքսելու: Տնտեսության մեջ նա առաջարկում է լիբերալ փոփոխություններ՝ ձեռնարկությունների հարկերի իջեցում, սեփականաշնորհման պարզեցված գործընթաց, վարչակազմի աշխատանքի բարելավում: Նրա գլխավոր խոստումը աշխատատեղերի ստեղծումն է:
RFI


Հ.Գ. Հուլիսի 7-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում
առաջատարն ընդդիմադիր «Նոր դեմոկրատիա»-ն է՝ 40.5 %-ով՝ էքզիթ-փոլերի տվյալներով: Իշխող ՍԻՐԻԶԱ-ն հավաքում է 27.5 %: Հունաստանը իսկապես հրաժեշտ է տալիս Ալեքսիս Ցիպրասին ու սկսում է Կիրիակոս Միցոտակիսի դարաշրջանը, բայց Միցոտակիսի տագնապն իզուր չէր՝ նախնական տվյալներով նա 300 մանդատից 155-ը չի ստանում և ստիպված կլինի կոալիցիա կազմել, եթե ընտրությունների վերջնական արդյունքներում իրավիճակը չփոխվի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ