Հանճարեղ պրոմոուտեր Դոնալդ Թրամփը վերջերս իր հաշվին գրանցեց աննախադեպ դիվանագիտական ձեռքբերում, եզակի «կաստինգ»: Մի՞թե որևէ մեկը կարող էր նման ներկայացում պատկերացնել՝ եվրոպացիները Իրանի հետ ընդդեմ ԱՄՆ-ի: Այնուհանդերձ՝ հենց այդպես է: Թեհրանի հետ Վաշինգտոնի ներկա կոնֆլիկտում ԵՄ-ն ջանում է պաշտպանել իսլամական պետությունն ԱՄՆ պատժամիջոցներից: Եվրոպական տնտեսական տերությունը սովորում է լինել այն, ինչ չէ՝ քաղաքական տերություն: Եվրոպան արդեն մեկ անգամ չէ իր տարաձայնությունները ի ցույց դրել Թրամփի դիվանագիտության հետ: ԵՄ երկրները (նաև Մեծ Բրիտանիան) կտրականապես համաձայն չեն Մերձավոր Արևելքի հարցում ԱՄՆ-ի հետ, կլիմայի ջերմացման հարցերում ու Իրանի միջուկային ծրագրի: Եվրոպան այս անգամ միասնություն է դրսևորում ու գործում է՝ ձգտելով չեզոքացնել ԱՄՆ քաղաքականությունը, խոսքից գործի է անցնում ու ուրվագծում է ԱՄՆ-ի դեմ իր ծրագրերը:
Վերջերս եվրոպացիները գործարկեցին բարտերային INSTEX մեխանիզմը, որ ԵՄ ձեռնարկություններին պետք է հնարավորություն տա շարունակել Իրանի հետ առևտուրը՝ շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցները: INSTEX-ն առաջին քայլն է էքստրավագանտ ու չափազանց արտոնությունների դեմ պայքարում, որ ինքն իրեն շնորհել է ԱՄՆ-ը՝ խոսքը արտատարածքային իրավունքի մասին է: Հենց այդ իրավունքի վրա է հենվում տնտեսական էմբարգոն, որի օգնությամբ Վաշինգտոնը փորձում է խեղդել իրանցիներին 2018-ից: Անցյալ տարի Դոնալդ Թրամփը դուրս եկավ Իրանի միջուկային ծրագրի վերահսկողության համաձայնագրից, որ ստորագրել էին 2015-ին ԱՄՆ-ը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը ու Գերմանիան (նրանց միացավ նաև ԵՄ-ն): Պատժամիջոցների վերականգնումով ու խստացումով ԱՄՆ նախագահը ցանկանում է Իրանին պարտադրել նոր պայմանագիր, որ կվերաբերի ոչ միայն միջուկային տեխնոլոգիաներին, այլև բալիստիկ հրթիռներին ու Թեհրանի տարածաշրջանային քաղաքականությանը: Այս պահին INSTEX-ն առավել սիմվոլիկ գործիք է: Ոչ մի խոշոր ընկերությունը չի փորձի շրջանցել էմբարգոն՝ ամերիկյան շուկան կորցնելու ռիսկի ենթարկվելով: Չինաստանն ու Ռուսաստանը՝ Իրանի գլխավոր դաշնակիցները ևս, իրենց այդպես են պահում: Պեկինը հայտարարել է, որ մտադիր է շարունակել Իրանից նավթ գնել, բայց չինական ձեռնարկությունները հեռացել են Իրանից արևմտյան ընկերությունների հետ ԱՄՆ պատժամիջոցները հայտարարելուց հետո: Վերջապես՝ ածխաջրածիններ արտահանող Ռուսաստանը ողբերգություն չի համարում ԱՄՆ էմբարգոյի հարուցած գնաճը:
Մեզ առաջին հերթին հետաքրքրում է՝ ինչպե՞ս պետք է դիտարկել Եվրոպայի արձագանքը: INSTEX-ը գուցե նշանակալից պահ է, երբ ԵՄ-ն սկսում է աշխարհը իրական լույսի տակ տեսնել՝ արթնանալ ու ռազմավարական ինքնավարություն ձևավորել: Այս իրավիճակը կարող է և լավատեսություն հարուցել, և հոռետեսություն: Եվրոպայի շրջապատը երբեք այսքան թշնական չի եղել, ինչպես հիմա: Դոնալդ Թրամփը ԵՄ-ն անվանում է «տնտեսական թշնամի», իսկ եվրոպացի «գործընկերները» ոչնչի վրա չեն կարող հույս դնել՝ ալյանսի հասկացությունը նրան խորթ է: Ռուսաստանը փորձում է վնասել Եվրոպային իբրև «լիբերալ գաղափարի» մարմնացում, որից վախենում է նախագահ Պուտինը: Չինաստանն այս ու այնտեղ դուրս է մղում Եվրոպային՝ չհետաքրքրվելով Բրյուսելի կարծիքով:
«Եթե դիմակայությունը նպաստում է զարգացմանը, Եվրոպայի համար ստեղծված են բոլոր պայմանները: Նրան կարող է սպասել «Գոլի պահը»՝ գրում է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի քաղաքագետ Զաքի Լաիդին: Իր էսսեում նա նկարագրում է «պահը, երբ ՆԱՏՕ-ի պաշտպանությամբ ձևավորված ԵՄ-ն տեսնում է, որ ԱՄՆ-ի տրամադրած պաշտպանությունը դառնում է անհուսալի ինչպես երբեք՝ ինչպես և կանխատեսել էր գեներալ Շառլ դե Գոլը»: Կարո՞ղ է Եվրոպան իր ընթացիկ սահմաններում, 28 կամ 27 անդամներով, շուկայից անցնել քաղաքականության, տնտեսությունից՝ ռազմավարության, առևտրից՝ պաշտպանության: Այս հարցը գլխավորներից մեկն էր դարձել հունիսի 29-30-ին Տրուվիի աշխարհաքաղաքական հանդիպումններում: Պարզ պատասխան չկա: Լաիդին գրում է, որ եվրոպական նախագիծը ձևավորվել է ընդդեմ ուժի գաղափարի: ԵՄ-ն երկար ժամանակ աշխարհակարգի պատրանքն ուներ, որ պետք է կառուցվի բազմաբևեռայնության վրա սառը պատերազմից հետո նույն հիմքերի վրա, ինչ ինքը, այլ ոչ թե բիրտ ուժի: Ինչ միամտություն: Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի, Սի Ձինպինի աշխարհը կառուցված է «գործարքների», այսինքն՝ ոչ թե կանոնների վրա, այլ մշտական առևտրի՝ կախված ուժերի հարաբերակցությունից:
INSTEX –ն առաջին հերթին հարված է դոլարին՝իբրև պահուստային տարադրամի ու արտաքին առևտրի արտոնյալ գործիքի: Եվրոն, որ տարադրամային ինքնիշխանության սկիզբ էր, դեռ պետք է երկար ճանապարհ անցնի: ԵՄ նորմատիվ ուժն արդեն իր հաշվին ձեռքբերումների շարք է գրանցել՝ ինչպես անհատական տվյալների պաշտպանության օրենքը: ԵՄ առևտրական ուժը թույլ չի տալիս Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին դուրս գալ Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրից, եթե չի ցանկանում, որ իր երկիրը զրկվի եվրոպական շուկա արտոնյալ մուտքից: Ինչ վերաբերում է Չինաստանին, ԵՄ-ն ընդունում է, որ իրեն պետք է արդյունաբերական քաղաքականություն և արտասահմանյան ներդրումների վերահսկողության միջոց: Սրանք քայլեր են ճիշտ ուղղությամբ: ԵՄ-ի վերածվելը իրական քաղաքական-դիվանագիտական կառույցի ենթադրում է աշխարհի ընդհանուր պատկերացումներ՝ այնպիսին՝ ինչպիսին պիտի դառնա, ներկա ողբերգության վրա համատեղ ներգործելու ցանկություն: Բայց եթե դատենք 2015-ի միգրացիոն ճգնաժամով, դա նվազագույնը սկեպսիս է հարուցում:
Ալեն Ֆրանշոն, Le Monde
Հ.Գ. Չինական պատն էլ մի օրում չի կառուցվել: ԵՄ-ն երբեք չի ունեցել այն խնդիրները, որ իր հետ 2016-ին բերեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, բայց այդ խնդիրները ինչ-որ ժամանակ ստեղծվելու էին և առանց Թրամփի: ԱՄՆ նախագահը ընդամենը աշխարհը տեսնում է այնպես՝ ինչպես կա, ու նրա պրագմատիզմը ուժեղ պետությունների համար բուժիչ է, թույլերի համար՝ վտանգավոր: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում եղել են այնպիսի փոփոխություններ, որ գործող աշխարհակարգը այլևս չի համապատասխանում իրական վիճակին: Թրամփը փոփոխությունների արագացուցիչ է, բայց ոչ հարուցիչ: Ու ԵՄ-ն արդեն 3 տարի կորցրել է դա հասկանալու համար: Անգամ բրեկզիտից հետո: Իսկ պատճառը նոր մտածողություն ունեցող քաղաքական գործիչների պակասն է: Փաստացի՝ այս պահին ԵՄ-ում կա միայն մեկ Մակրոն, որ ի վիճակի է այդ խնդիրը լուծել, բայց նրան նույնիսկ Ֆրանսիան ամբողջությամբ չի հասկանում՝ կառչելով ավանդապաշտությունից: Առաջիկա տասնամյակները լինելու են նոր սերնդի քաղաքական գործիչների ի հայտ գալու ժամանակներ, նաև՝ վտանգավոր ժամանակներ, եթե գլուխ բարձրացնեն պոպուլիզմն ու ազգայնականությունը: Եվրոպան արդեն Հիտլեր ունեցել է: Ունեցել է և Շառլ դե Գոլ: Մնում է պարզել՝ ու՞մ է նախապատվությունը տալու եվրոպացի ընտրողը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ