ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ուրախ եմ քեզ նորից տեսնել»՝ ասաց Դոնալդը Կիմին

«Ուրախ եմ քեզ նորից տեսնել»՝ ասաց Դոնալդը Կիմին
02.07.2019 | 12:22

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպեց ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ինին Հարավային ու Հյուսիսային Կորեայի ապառազմականացված գոտում: Թրամփը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որ ոտք է դրել Հյուսիսային Կորեա: «Ուրախ եմ քեզ նորից տեսնել»՝ ասաց Թրամփը Կիմին: Իսկզբանե հանդիպումը կարճատև պիտի լիներ, սահմանափակվեր ձեռքսեղմումով ու կարճ խոսակցությամբ: Ձեռքսեղմումից հետո Թրամփը հատեց ապառազմականացված գոտին ու հայտնվեց ԿԺԴՀ տարածքում: Նա մի քանի քայլ արեց ու նորից սեղմեց Կիմ Չեն Ինի ձեռքը, հետո վերադարձավ հարավային հատված: Լրագրողներին Թրամփն ասաց, որ սահմանի սիմվոլիկ հատումն իր համար «վիթխարի պատիվ է»: «Նախագահ Թրամփը հենց նոր անցավ սահմանային գիծը, որ նրան դարձրեց մեզ այցելած ԱՄՆ առաջին նախագահը: Դա արտահայտում է լավագույն ապագայի վրա աշխատելու նրա ցանկությունը»՝ հայտարարեց Կիմ Չեն Ինը: Լրագրողների հետ շփվելուց հետո նրանք ուղևորվեցին Ազատության տուն՝ բանակցելու: Որոշ ժամանակ անց լրագրողներին էլ այնտեղ թողեցին մտնել: «Ես ուզում եմ նրան շնորհակալություն հայտնել: Եթե նա սոցիալական ցանցերում իմ հրավերից հետո չգար, մամուլը ինձ շատ վատ լույսի տակ կներկայացներ»՝ հայտարարեց Թրամփը: Հանդիպումից հետո Թրամփն ու Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Կիմ Չեն Ինին ճանապարհեցին մինչև սահմանագիծ:


Մինչև վերջին պահը Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ինի հանդիպման փաստը հարցականի տակ էր: ԿԺԴՀ նախագահի հետ հանդիպելու ծրագրի մասին Թրամփը Թվիթերում գրեց Հարավային Կորեա այցի նախօրեին: Սկզբում հաղորդվում էր, որ այցի նպատակը միջուկազերծման հարցով Հյուսիսային Կորեայի հետ փակուղի մտած բանակցությունները փրկելն է: Արդեն Օսակայում ԱՄՆ նախագահը իր թվիթի իմաստը բացատրեց ու հայտարարեց, որ մտադիր է Կիմ Չեն Ինին «կարթ գցել»: «Եթե նա լսի, մենք երկու րոպեում հանդիպում կանցկացնենք ու դա բավական կլինի»՝ ասել էր Թրամփը լրագրողներին: Շաբաթ օրը Սպիտակ տունը հրապարակեց Թրամփի աշխատակարգը, որտեղ Կորեայի Հյուսիսն ու Հարավը բաժանող գոտի այցին հատկացված էր 15 րոպե: Ոչ մի հանդիպում չկար: Կիրակի օրը Թրամփը Փհանմունջոն սահմանային կետ եկավ ուղղաթիռով, բարձրացավ տեսահարթակ ու ուսումնասիրեց ԿԺԴՀ-ի դիրքերը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ: Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ հանդպումն արդեն երրորդն է: Առաջինը 2018-ին Սինգապուրում էր: Այն ժամանակ Թրամփն ու Ինը համատեղ փաստաթուղթ ստորագրեցին, որով Փհենյանը պարտավորվում էր Կորեական թերակղզու ապամիջուկայնացում՝ Վաշինգտոնի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց:


BBC-ի թղթակից Նիկ Բրայանտը հիշեցնում է, որ մի անգամ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան իր թիմին խորհուրդ է տվել ապրել այնպես, կարծես ամեն օրը ռեալիթի շոուի սերիա է: Նա գերադասում է անձամբ լինել իր նախագահության ռեժիսորը: Կիմի հետ հանդիպումը այդօրինակ ռեժիսուրայի դասական նմուշ է: Դիվանագիտական ներկայացում, որ սկսվեց վաղ առավոտյան Օսակայի սամիթում՝ անսպասելի թվիթից և ավարտվեց հանդիպումով, որ սովորաբար ամիսներ են կազմակերպում: Միջավայրը՝ երկու Կորեաների ապառազմականացված գոտին, առավելագույնս սիմվոլիկ է: Թրամփը հնարավորություն ստացավ անել իր ամենահիշարժան ու ցուցադրական ժեստերից մեկն ամբողջ կարիերայի ընթացքում: Նա հատեց 38-րդ զուգահեռականը և ոտք դրեց մի տարածք, որ մինչև հիմա համարվում էր թշնամական: Շեմ, որ չէր հատել ԱՄՆ ոչ մի նախագահ: Պատկերը տպավորիչ էր, բայց ո՞րն է կատարվողի իմաստը: Թրամփի ոչօրթոդոքսալ դիվանագիտությունն անկասկած նպաստել է լարվածության նվազմանը Կորեական թերակղզում, բայց չի խանգարում ԿԺԴՀ-ին մեծացնել իր միջուկային զինանոցը: Այս երկխոսության արդյունքը՝ անվերջ ժպիտներն ու ձեռքսեղմումները, բայց ոչ Կորեական թերակղզու միջուկազերծումը: Թրամփի այցը ԿԺԴՀ տևեց մեկ րոպեի չափ: Նրան քննադատողներն ասում են, որ այդքանն էլ բավական էր՝ լեգիտիմություն հաղորդելու տոտալիտար վարչակարգին՝ մարդու իրավունքների ամենամռայլ խախտումների պատմությամբ:


Երկկողմ հարաբերությունները փչացան, երբ Թրամփն ու Կիմը հանդիպեցին Հանոյում փետրվարի վերջին: Սինգապուրից հետո երկրորդ հանդիպումը անակնկալ ավարտվեց առանց համաձայնագրի: Թրամփը հեռացավ բանակցություններից՝ խուսափելով, իր խոսքով, վատ համաձայնագրից: Մինչ այդ նա հայտարարել էր, որ Փհենյանը պետք է միջուկային զենքից հրաժարվի մինչև տնտեսական պատժամիջոցները հանելը: Հանոյի հանդիպումից հետո ԿԺԴՀ-ն քանիցս ռիսկ է արել Թրամփի վարչակազմի զայրույթի առիթ տալ՝ փոքր հեռահարության հրթիռների փորձարկումներից հետո: Բայց պետության ղեկավարը, որ ժամանակին սպառնում էր Հյուսիսային Կորային «կրակ ու կատաղություն», վերջին ամիսներին առավել հաշտարար դիրքերում է ու բավականին ջերմ է արտահայտվում Կիմ Չեն Ինի մասին: Հունիսի 17-ին նա Կիմին անձնական նամակ ուղարկեց, որի բովանդակությունը Կիմը բնորոշեց «հիանալի»: Հունիսին Թրամփը լրագրողներին ասաց, որ Հյուսիսային Կորեան Կիմ Չեն Ինի գլխավորությամբ «ցնցող ներուժ» ունի: Մայիսին Ճապոնիա այցի ժամանակ նա Կիմին անվանեց «շատ խելացի տղա» և ասաց, որ Հյուսիսային Կորեայից սպասում է «բազում լավ նորություններ»:
BBC


Հ.Գ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը բեմադրված շոու էր և ոչ մի արդյունք չի տվել՝ գտնում է դեմոկրատ Ջուլիան Կաստրոն: «Ես կողմ եմ հակառակորդների հետ երկխոսությանը, սակայն այն, ինչ տեղի է ունեցել այնտեղ, նախագահի կողմից աջակցություն էր բռնապետի հեղինակությանը»,- ասել է նա ABC հեռուստաալիքին հարցազրույցում և հավելել, որ հանդիպումը ամերիկյան հասարակությանը նոր ոչինչ չի տվել: Դա արդեն եղել է Սինգապուրում: Այն ժամանակ Թրամփը հավաստիացրեց, որ ԿԺԴՀ-ն այլևս սպառնալիք չէ ԱՄՆ-ի համար, սակայն մի քանի շաբաթ անց Հյուսիսային Կորեան վերսկսեց միջուկային փորձարկումները:


Ջուլիան Կաստրոն չի նշել, որ նրանք պայմանավորվել են բանակցողների խումբ ստեղծել: Գուցե չի իմացել, գուցե համարել է ապարդյուն: Թերևս աշխարհում արդեն ընտելացել են Թրամփի դիվանագիտությանը, որից շոուն անպակաս է: Դա հետաքրքիր է դարձնում քաղաքականությունը՝ հավելելով անսպասելիության ու անկանխատեսելիության տարրը, բայց արդյունքներով են դատում ցանկացած գործ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ