Իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» վերջին համաժողովը դարձել է լայն շրջանակների քննարկման առարկա։ Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում միշտ էլ իշխող քաղաքական ուժի համաժողովներին բավականին ուշադիր հետևել են։ Բացի հասարակության լայն խավերին բնորոշ զուտ ինտրիգային հետաքրքրություններից (ով ում կողքին էր նստած, ով ինչպես նայեց հարևանին և այլն), նման հավաքներն ունեն նաև լուրջ բաղադրիչ. ընդունվում են հայտարարություններ, արվում են ուղերձներ երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիրների շուրջ, որոնցով ղեկավարող քաղաքական ուժն իր միասնական դիրքորոշումն է ներկայացնում արտաքին, ներքին քաղաքականության, տնտեսության, երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի և այլ խնդիրների վերաբերյալ, ուրվագծվում են առաջիկա քայլերը։ Համենայն դեպս, մինչև վերջերս ՀՀ իշխող կուսակցությունները նման ոճով են հանդես եկել։
ՔՊ-ի համաժողովը, սակայն, այս առումով տարբերվեց նախկին բոլոր համագումարներից, քանի որ պաշտոնական փաստաթղթերի, բանաձևերի մակարդակով հստակ ուղենիշներ չգրանցվեցին, ամեն ինչ սահմանափակվեց կուսակցության առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի ելույթով։ Այդ ելույթում նորություններ առանձնապես չկային, սակայն այնուամենայնիվ, որոշակի ուղերձներ առկա էին, և հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի անկանխատեսելի բնույթը՝ պետք է ի գիտություն ընդունենք, որ ՀՀ վարչապետի մտքով նման բան անցել է։ Իսկ թե որքանով են դրանք խորքային, հիմնավոր, արդյոք պարունակում են վերլուծություն կամ ծրագիր, այլ հարց է։ Ինչպես ցույց է տվել վերջին մեկ տարվա գործունեության պրակտիկան, իրականում շատ բան հայկական իրականության մեջ սահմանափակվել է զուտ հայտարարությունների բնույթով։
Այնուամենայնիվ, ուսումնասիրենք վարչապետի ելույթը։ Կարելի է կենտրոնանալ մի հետաքրքիր թեզի վրա, որը պարբերաբար է կրկնվում իշխող քաղաքական ուժի առաջնորդի կամ ավելի փոքր տրամաչափի գործիչների խոսքում. քաղաքական նոր իշխանությունը զերծ է մնում իզմ-երից։ Այսինքն՝ գաղափարախոսության առումով ՔՊ-ն ո՛չ աջակողմյան ուժ է, ո՛չ ձախակողմյան, ո՛չ կենտրոնամետ, ո՛չ արմատական, ո՛չ պահպանողական։ Դասագրքային քաղաքագիտական կատեգորիաներից ոչ մեկին ՔՊ-ն, ըստ կառույցի ղեկավարների, չի հարում։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հերթական անգամ շեշտեց, որ թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխությունը չի ունեցել արտաքին հովանավորներ։ Այս միտքը չափազանց հաճախ է տիրաժավորվում, ինչը մտավախություն է առաջացնում, որ այս հայտարարության հիմքում կասկածելի որևէ բան կա, գուցե կա՞ն արտաքին քաղաքական ուժեր, որոնք ՀՀ իշխանություններից հաշվետվություններ են պահանջում կամ մեղադրում են, այդ իսկ պատճառով նա առիթը բաց չի թողնում ցանկացած ամբիոնից այդ մասին բարձրաձայնելու համար։ Նիկոլ Փաշինյանը փաստորեն այս կերպ ցույց է տալիս, որ «Քաղաքացիական պայմանագրի» գաղափարախոսությունը գաղափարախոսություն չունենալու մեջ է։
Իհարկե, ՀՀ վարչապետը ՔՊ համաժողովում իրեն բնորոշ հռետորական ոճով ներկայացրեց աշխարհում իբր տիրող գաղափարական քաոսը։ Մասնավորապես, լիբերալ համարվող Միացյալ Նահանգներում պահպանողական հայացքներն ու պրոտեկցիոնիզմն են գերիշխում։ Ըստ Փաշինյանի, ԱՄՆ-ում կաղում է ժողովրդավարությունը։ Օրինակ բերելով կոմունիստական գաղափարախոսությամբ Չինաստանը՝ նա իր ելույթում նշեց, որ այս երկիրը շուկայական տնտեսության թիվ մեկ ջատագովն է։ Եվ հիմք ընդունելով այս անօրինաչափությունները՝ նա հայտարարեց, որ բոլոր իզմ-երն այսօր շատ պայմանական են։ Եվ ՀՀ նոր իշխանություններն այդ պայմանականություններից իրենց զերծ են պահում։ Փաշինյանը հայտարարեց նոու-հաուի նման մի բան, որ դասական քաղաքագիտության մեջ չլսված երևույթ է. ըստ նրա՝ ՔՊ-ն քաղաքացիական-քաղաքական կազմակերպություն է։ Սա ակնհայտորեն նորություն է քաղաքական մտքի մեջ. նման եզրույթ պատմության մեջ դեռևս չի արձանագրվել։ Եթե այս հայտարարության հիմքում, հոդվածային վերնագրից բացի, կա որևէ իմաստ, ապա այն մեկնաբանման կարիք ունի։ Սակայն ելնելով այսօրվա իշխանության բնույթից և երկրի առաջնորդի տեսակից՝ շատ կասկածելի է, թե ասվածի հիմքում կա որևէ ծանրակշիռ իմաստ։
Դիտարկենք այն փաստը, թե ինչու է ՀՀ վարչապետը հետևողականորեն խուսափում տարատեսակ իզմ-երից։ Որոշ փորձագետների կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի գործելաոճի, վարքագծի, քաղաքական գործիքակազմի մեջ ամենագլխավոր գործիքն անորոշություններ թողնելն է, ընդ որում՝ բոլոր ոլորտներում։ Ինչպես ցույց տվեց մեկ տարվա կառավարումը, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ թողնում է անորոշ վիճակում։ Եթե նույնիսկ ինչ-որ բան սկսվում է, Փաշինյանն այն չի հանգուցալուծում՝ մանևրելու տեղ պահելով։ Այս խաղաոճի պարագայում նա մի կողմից փորձում է անձնապես իշխել, սակայն պատասխանատվությունը հարմար պահին իր վրայից գցել՝ այն տարածելով իր թիմակիցների և հասարակության լայն զանգվածների վրա։
Տվյալ պարագայում նույնպես Նիկոլ Փաշինյանը անորոշության հերթական ֆոնը ստեղծեց՝ չպատասխանելով հարցին, թե ինչ գաղափարախոսություն ունի իշխող քաղաքական ուժը, որ հոսանքի կրողն է։ Այդպիսով նա մանևրելու հնարավորություն է պահպանում առաջիկա ժամանակաշրջանի համար։
Իսկ ի՞նչ է տեղի ունենալու առաջիկայում։
Խնդիրն այն է, որ աշխարհում վերջին 7-8 տարվա ընթացքում բավականին կոշտ ուրվագծվեց երկու հիմնական քաղաքական ուղղությունների՝ ազատական և պահպանողական հոսանքների գաղափարախոսական բախումը։ Դրա դրսևորումը ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալն է։ Թրամփը, վերջին ընտրությունների ժամանակ հենվելով աշխարհի էլիտայի՝ նեոկոնսերվատիվ հոսանքի վրա, հաղթեց ընտրություններում։ Այսպիսով համարվում է, որ ջախջախիչ պարտություն կրեց լիբերալիզմը, և մինչ օրս շարունակվում է լիբերալիզմի և գլոբալիզմի նահանջը։ Ըստ էության, Թրամփի գործունեությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում, նրա ցուցաբերած արդյունքները վկայեցին, որ վերջինս հանրության շրջանում մեծ համակրանք ունի, նույնիսկ ամենաբարդ պայմաններում կարողանում է ջախջախել ազատականներին։ Այս վեճն ԱՄՆ-ում շարունակվում է, և հաջորդ տարի այդ վեճի մյուս փուլն է մեկնարկելու՝ նոր ընտրությունների տեսքով, որտեղ նեոկոնսերվատիվ թևը փորձելու է երկրորդ պլան մղել ազատականներին։
Նույնը Ռուսաստանի Դաշնությունում է։ Ինքնավար ժողովրդավարության գաղափարախոսություն ունեցող Ռուսաստանն ինքնին նեոկոնսերվատիզմի օրրան է։ Մյուս կողմից էլ նկատվում է Չինաստանի ակտիվությունը, և ինչ էլ այսօր ասեն վերլուծաբանները, միևնույն է, ուշ թե շուտ ԱՄՆ-ը և Չինաստանը Ռուսաստանի հետ միավորվելու են նեոկոնսերվատիզմի տանիքի ներքո։
Այս շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասկացրել են, որ համաշխարհային ներկա միտումներում լիբերալ տեսությունը բավականին ոչ շահավետ ու անհեռանկարային է։ ՈՒստի վարչապետ Փաշինյանը որոշել է սպասել իրադարձությունների զարգացմանը։ Այդ է պատճառը, որ նա ժամանակ է շահում՝ հնարելով քաղաքագիտական նոր տեսություններ։
Հայկական նոու-հաուն, սակայն, այնքան էլ ինքնատիպ չէ։ Նախ՝ այսօրվա համաշխարհային ամենահայտնի առաջնորդներից մեկը՝ Էմանուել Մակրոնը, մոտավորապես նույն տեսությունն է առաջ քաշում վերջին տարիներին։ Սակայն համաշխարհային էլիտային հայտնի է, որ Մակրոնը գերլիբերալ ֆինանսական կլաններից մեկը համարվող Ռոլտշիլդների դրածոն է։ Մակրոնն ակնհայտորեն չի կարող չլինել ազատական, սակայն Ֆրանսիայի նախագահը լիբերալ թիմին իր պատկանելությունը փորձում է քողարկել հակասական հայտարարություններով։ Այդ խաղաոճը փորձում է ընդօրինակել իրեն Մակրոնի բարեկամ համարող Նիկոլ Փաշինյանը։ Թեև վերջին շրջանում այնքան էլ հասկանալի չէ, որ եթե այս երկու գործիչներն իրենց բարեկամ են հռչակել, ինչպես են ֆրանսիական քաղաքները չեղարկում Արցախի քույր քաղաքների հետ բարեկամությունը։ Հասկանալի է, որ նման որոշումներն առանց Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության համաձայնության չեն ընդունվում։
Ինչևէ, Նիկոլ Փաշինյանը, ինչպես նշեցինք, գնում է Մակրոնի հետքերով։ Որքան էլ Փաշինյանը քողարկի իր իրական մոտեցումները, ակնհայտ է, որ Հայաստանում նրա վարած քաղաքականությունը տեղավորվում է դասական լիբերալիզմի տիրույթում։ Ընդ որում, շատերի կարծիքով, նրա կողմից սփռվող քաղաքականությունը լիբերալիզմ է՝ իր ամենավատ դրսևորումներով, որոնք բնորոշ են եղել հետխորհրդային երկրներին դեռևս 1990-ականների սկզբին։ Վայրի լիբերալիզմի տեսության հիմքում դրված է հետևյալ գաղափարը. պետությունը որևէ դեր չունի տնտեսության մեջ, շուկան կարգավորվում է ինքնիրեն։ Այս պարագայում ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի մոտեցումը։ Երբ ՀՀ վարչապետին հարցնում են տնտեսական քաղաքականության մասին, նա պատասխանում է, որ իշխանությունների դերը կոռուպցիայից զերծ միջավայր ապահովելն է։ Բոլորը պետք է հավասար լինեն տնտեսական դաշտում, մնացածը շուկան ինքը կկարգավորի։ Սա վայրի լիբերալիզմի մոդելի կրկնությունն է։ Բնականաբար, պետությունն այստեղ ոչ մի ռեալ դերակատարություն չի ունենում։ Ամեն ինչ մնում է հայտարարությունների մակարդակում, և կոնկրետ որևէ քայլ չի արվում նույնիսկ կառավարության կողմից առաջնահերթ համարվող ոլորտներում։
Ինչ վերաբերում է քաղաքական ոլորտին, ապա Փաշինյանը, ներկայացնելով քաղաքացիական-քաղաքական կազմակերպություն եզրույթը, չորսկետանոց բացատրություն տվեց, որից ամենակարևորներից մեկը թերևս մարդակենտրոնությունն էր, անհատի իրավունքները և այլն։ Լիբերալիզմի տեսության առանցքում ոչ թե հանրային շահն է, այլ անհատի իրավունքների պաշտպանությունը։ Դասական լիբերալիզմի հիմնադրույթներից մեկը հենց այն է, որ անհատի իրավունքը գերադասելի է ավանդույթներից, կրոնական դավանանքից բխող վարքագծից և այլն։ Այս համատեքստում զարմանալի չէ, որ Հայաստանում զարգանում են տարբեր կրոնական, սեռական փոքրամասնությունների շարժումներ։ Այնպես որ՝ նույնիսկ հպանցիկ հայացք ձգելով՝ տեսնում ենք, որ Փաշինյանի իշխանությունը կրում է լիբերալ գաղափարախոսության կնիքը։
Ինչպես ցույց է տալիս աշխարհաքաղաքական կենտրոնների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, վերջիններս լուրջ չեն վերաբերվում Նիկոլ Փաշինյանի գաղափարական պասաժներին։ Վերջապես դժվար թե պատահական լինի այն փաստը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդներից մեկը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իր զգացմունքային ելույթում հայտարարում է, որ այսօր Հայաստանն է համաշխարհային ժողովրդավարության բաստիոնը։ Եվ եթե հանկարծ Հայաստանի ժողովրդավարության հետ որևէ բան պատահի, ոտնձգություններ կատարվեն հայկական դեմոկրատիայի նկատմամբ, ապա դա կդառնա համաշխարհային ժողովրդավարության պարտությունը։ Արարատ Միրզոյանը, անկախ ամեն ինչից, խոստովանում է, որ Հայաստանը լիբերալ ժողովրդավարական հանրության համար այն կարևոր կենտրոններից մեկն է, որտեղ էքսպերիմենտալ կարգով փորձելու են կռիվ տալ համաշխարհային զարգացման միտումների դեմ։ Կդիմանա՞ արդյոք Հայաստանը այդ պայքարին, կամ որքանո՞վ է այդ փորձարկումը ձեռնտու Հայաստանի հանրությանը, և արդյո՞ք հայ հասարակությունն արժանի է նրան, որ ինչ-որ կենտրոններից փորձարկումներ կատարեն հայաստանյան լիբերալիզմի դրոշակակիրների միջոցով, ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ Հայաստանը նման փորձարկումների համար ռեսուրս չունի։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ