Երեկ Հայաստանի որոշ համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին: ԿԸՀ կայքում տեղադրվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները: Անկախ ընտրվածների կուսակցական պատկանելությունից՝ բոլոր ընտրատեղամասերում մեկ արդյունք ակնհայտ է՝ ընտրողների մասնակցության ցածր տոկոսը: Ոմանք կառարկեն, որ ՏԻՄ ընտրություններում Հայաստանում երբեք էլ ակտիվություն չի եղել: Չի եղել ՀՀԿ-ի իշխանության տարիներին, երբ առաջադրվում ու ընտրվում էր ՀՀԿ-ն՝ ընտրեին, թե չընտրեին: Մի քանի բացառություններով, որ նախընտրական պայմանավորվածություններով էր որոշվում, ոչ թե ընտրության արդյունքներով: Ու տրամաբանորեն՝ ընտրողները, որ նաև շաբաթը մեկ ճանապարհ են փակում ու բողոքում իրենց տեղական իշխանությունից, հիմա պիտի ակտիվ ու եթե ոչ 100, գոնե 60-70 տոկոսով մասնակցեին տեղական իշխանության ձևավորմանը: Տոկոսները դա չեն վկայում: Սա՝ մեկ:
Երկրորդ՝ դեռ ընտրություններից առաջ՝ կենտրոնական թեման դարձել էր Աբովյանի քաղաքապետի ընտրությունը: ՔՊ թեկնածուի օգտին հունիսի 5-ին անձամբ վարչապետն էր գնացել քարոզչության: Ինտրիգը անձերը չէին, այլ կուսակցական դիմակայությունը՝ ՔՊ-ն «կվերցնի՞» ԲՀԿ-ի «տարածքը»։ Չվերցրեց։ Հունիսի 9-ին Աբովյանում ԲՀԿ թեկնածուՎահագն Գևորգյանը ստացավ 8441 ձայն, ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8032 ձայն: 409-ի ձայնի առավելությունը Վահագն Գևորգյանին հիմք տվեց ֆեյսբուքում գրել. «Սիրելի՛ աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։ Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից։ Հաղթանակ!!! Շնորհավոր ընկերության միջազգային օրը»:
Մնում էր միայն ավելացներ՝ համբուրում եմ բոլորիդ, որ դառնար վարչապետի խոսքի պատճենը:
Երրորդ՝ սա ՔՊ-ի միակ պարտությունը չէ: Տավուշի Տավուշի Ազատամուտ համայնքում հաղթել է ՀՅԴ-ական թեկնածուն ու նա եղել է… միակ թեկնածուն: Վահագն Ալավերդյանին կողմ է քվեարկել 1046 ընտրող, դեմ՝ 36։
Չորրորդ՝ սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակն է կուսակցապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Հիմնականում՝ ակամա հաղթանակը: Ընտրություններն ազատ ու արդա՞ր են՝ շնորհակալություն վարչապետին: Ազատ ու արդար ընտրություններում ՔՊ-ն մրցակցության չի՞ դիմանում: Վարչապետի պարտությունն է:
Հինգերորդ՝ ՏԻՄ ընտրությունները արտացոլում են քաղաքական ու տնտեսական իրավիճակի գնահատականը և այդ գնահատականը այնքան էլ հուսատու չէ վարչապետի ու կուսակցապետի համար:
Վեցերորդ՝ ՔՊ համագումարից առաջ պետք է վերանայել տարածքներում ՔՊ-ի աշխատանքը ու, որ ավելի կարևոր է, ՔՊ քաղաքականությունը, որ այլևս միանշանակ «այո»-ով չի ընդունվում:
Յոթերորդ՝ ընտրությունը՝ ընտրություն: Հարցը հիմա տեղափոխվում է այլ հարթություն՝ իսկ կարողանալու՞ են նորմալ աշխատել ոչ ՔՊ-ական հաղթողները բոլոր մակարդակներում համատարած ՔՊ-ացող իշխանությունների հետ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մամուլը հիմա կհեղեղվի տարատեսակ գնահատականներով՝ հաղթանակ-պարտություն կարգախոսների տակ: Իրականում դա բովանդակություն չունեցող հարց է: Միջկուսակցական գզվռտոցը չի կարող ու չպիտի ազդի տեղական ինքնակառավարման վրա՝ սա պիտի աքսիոմա լինի: Իսկ ընդհանրապես սա ՔՊ ոչ առաջին, ոչ վերջին պարտությունն է՝ Կապանում ևս ՔՊ թեկնածուն պարտվեց, հետո ի՞նչ: Այն ժամանակ ՔՊ-ն պարտությունը ընդունեց, կընդունի՞ Աբովյանում: Համենայն դեպս՝ երեկ կային հայտարարություններ իրավախախտումների մասին ու չի բացառվում, որ մեղավոր հայտարարվեն իրավապահները, որ չկարողացան ապահովել համապատասխան ընտրական մթնոլորտ՝ այդպես և ավելի հեշտ է, և ավելի հարմար՝ բացատրելու՝ ինչու՞ ՔՊ թեկնածուն 410 ձայն ավելի չստացավ ԲՀԿ թեկնածուից: Չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանի դեմ տրամադրված ՔՊ-ականները, որ պահանջում են նրանից վայր դնել մանդատը, ավելի արմատական պահանջներ ներկայացնեն՝ սրելով քաղաքական հակասությունները: Ու դա կլինի ՔՊ հետագա պարտությունների հարթակը, որովհետև ՔՊ-ն այդպես էլ չի ընկալում իր խնդիրը՝ ոչ թե իշխանության գալ, այլ՝ կառավարել: Լավագույն ապացույցը ՏԻՄ ընտրությունների, որ կրկնեց 2018-ի թե Երևանի ավագանու, թե ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության պատկերն է: Ընտրողների կեսը մնում է տանը: Դա է ՔՊ-ի մեծագույն պարտությունը, ոչ թե այս ու այն քաղաքում թեկնածուի ձայներ չստանալը: Փաստացի՝ ՔՊ-ն քաղաքական չի դառնում, այլ մնում է իրադարձային-իրավիճակային խումբ, որ ցանկացած պահի կարող է առանց հետևանքների ցրվել: «Նախորդ հանցավոր ռեժիմը» կապ չունի, պատճառը հասարակության գունաբաժանումն է ու Նիկոլ Փաշինյանի քաղաքական դալտոնիզմը: Միջին վիճակագրական ոչ բոլոր հայերն են 100 տոկոսով ու հավերժական հեղափոխական, մարդիկ ուզում են նորմալ ապրել՝ առանց իրար միս ուտելու: Ու ժամանակն է, որ ՔՊ-ն ու ՔՊ իրական նախագահը դա հասկանան: Ապոկալիպսիսը կյանքի ձև չէ ու չի կարող լինել: Թավիշի փոխարկումը երկաթի այն բումերանգն է, որ երկաթ է կոտրելու: