ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Թուրքիայի ու Արևմուտքի գործերը չեն ստացվում

Թուրքիայի ու Արևմուտքի գործերը չեն ստացվում
02.06.2019 | 15:17

Որքան արմատական է դառնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը, այնքան խորանում է Թուրքիայի ու նրա արևմտյան գործընկերների միջև անդունդը: ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները դեռ երբեք այսքան օտարոտի չեն եղել, իսկ ՆԱՏՕ-ի հետ՝ այսքան խնդրահարույց: Ֆրանսիայի հետ կապերը ևս թուլանում են՝ գրում է Իզաբել Լասերը Le Figaro-ում: Ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնումը միայն յուղ է լցնում կրակին: Այս տարի ռուսական С-400-ները պետք է տեղակայվեն Հյուսիսատլանտյան ալյանսի հենակետերից մեկում, մի երկրի հրթիռները, որ ՆԱՏՕ-ին համարում է իր գլխավոր թշնամին: Այս սյուժեն մեծ լարվածության պատճառ էր ՆԱՏՕ-ի 70-ամյակի տոնակատարության ժամանակ, որ նշվեց ապրիլին: ԱՄՆ-ի կարծիքով՝ այս ձեռքբերումը անհամատեղելի է ՆԱՏՕ-ի անվտանգության հետ: Եվ՝ կարող է ռուսներին հնարավորություն տալ ռազմավարական տեղեկություններ հավաքել ամերիկյան F-35 կործանիչների մասին: Պենտագոնը ի պատասխան կասեցնում է F-35-ների մատակարարումը Թուրքիային և խոստանում «լուրջ հետևանքներ» երկու երկրների ռազմական հարաբերություններում, եթե Անկարան չհրաժարվի իր ընտրությունից: «Թուրքիան դարձել է ՆԱՏՕ-ի իզգոյ անդամ, որ ճնշում է գործադրում իր դաշնակիցների վրա և որոնց դժվարանում է կառավարելը, որովհետև ունի պաշտպանություն պահանջող ազգային շահեր»՝ ամփոփել է շաբաթը Le Figaro-ի փորձագետ. Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի (IFRI) փորձագետ Դորոթեա Շմիդը: Ցանկանու՞մ է Թուրքիան մնալ ՆԱՏՕ-ում: Այս հարցը ծագում է Մոսկվայի ու Անկարայի մերձեցումից հետո, որ հնարավորություն է տալիս Թուրքիային ու Ռուսաստանին չեզոքացնել արևմտյան պետությունների ազդեցությունը, հատկապես Մերձավոր Արևելքում: Սակայն հեռանալն այդքան հեշտ չէ: ՆԱՏՕ-ին անդամակցությունը Թուրքիային թույլ է տալիս իր դիրքերը պահպանել եվրոպական մայրցամաքում: Ալյանսը Թուրքիայի պաշտպանական քաղաքականության առանցքում է, անկասկած, և երկար տարիներ կմնա, որովհետև Ռուսաստանը չի կարող անվտանգության այնպիսի երաշխիքներ տալ, ինչպես ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն: Դրանով է բացատրվում Էրդողանի անվճռականությունը՝ նա պատրաստ չէ վերջնականապես հատել վտանգավոր սահմանը, որը С-400-ների գնումն է: Ամերիկացիներին դեռ պետք են թուրքական ռազմաբազաները, որ շարունակեն իրենց դերը խաղալ տարածաշրջանում, հատկապես ԻՊ-ի դեմ պայքարում: Նրանք Թուրքիայի կարիքն ունեն Իրանի դեմ պայքարում: Նույնը կատարվում է ԵՄ-ի հետ հարաբերություններում: ԵՄ-ն ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ մարդու իրավունքների խախտումների համար: Եվրահանձնաժողովը գտնում է, որ Թուրքիան «հեռանում է» Եվրոպայից: Փաստը, որ Թուրքիան ավելի ու ավելի ակտիվ է հայտարարում իր ազգային շահերի մասին, որ հաճախ հակասում են եվրոպացիների շահերին, բացատրում է Բրյուսելի հետ բանակցությունների անփոփոխ վիճակը: Պաշտոնապես Անկարան մնում է ԵՄ-ի անդամության թեկնածու, բայց ոչ ոք չի ուզում ռիսկի դիմել՝ խզելով կապերը, քանի որ բազում հարցերով ստիպված են թուրքերին դիմել՝ Սիրիա, փախստականներ, ահաբեկչության դեմ պայքար, տնտեսական հարաբերություններ: Եվրոպան հույս ունի, որ Թուրքիան փողի դիմաց կկատարի սահմանային անցակետի դեր՝ կանխելով 3 միլիոն սիրիացիների մուտքը, որ 2016-ից ապրում են Թուրքիայում: Ֆրանս-թուրքական հարաբերությունները ևս լավագույն ժամանակները չեն ապրում: Ֆրանսիան անհանգստացած է թուրքական իսլամի աճող ազդեցությունից իր տանը և ցանցից, որ հյուսում է Ֆրանսիայում ու եվրոպական մյուս երկրներում, Էրդողանի ԱԶԿ-ն, որպեսզի ներգործի Թուրքիայի ընտրությունների վրա: Էմանուել Մակրոնը ուզում է վերջ դնել երկվությանը: «Պետք է ձերբազատվել երեսպաշտությունից, որ նախատեսում է ԵՄ-ի հետ բանակցություններում նոր գլուխ բացելու հնարավորության մասին միտքը: Դա ճիշտ չէ»՝ ասել է նա 2018-ին և կոչ արել Անկարային «հարգել օրենքի գերակայությունը»: Թուրքիան մեկ ոտքով Արևելքում է, մյուս ոտքով՝ Արևմուտքում: Բոսֆորի վրայով նրա շպագատը հասել է իր սահմաններին:
Իզաբել Լասեր, Le Figaro


Հ.Գ. Թուրքիայի հետ ամեն ինչ հասկանալի է՝ Էրդողանը փորձում է Պուտինի գործոնը շահարկելով՝ օգուտներ քաղել ԱՄՆ-ից, Թրամփի գործոնը շահարկելով՝ ՌԴ-ից: Իսկ Ռուսաստա՞նը: Bloomberg-ը վերջերս հաղորդեց, որ Ռուսաստանը հրաժարվել է Իրանին С-400 զենիթահրթիռային համակարգեր վաճառել՝ պատճառաբանելով, որ դա կհանգեցնի լարվածության աճի Պարսից ծոցում: Եթե տեղեկությունը ճիշտ է, Պուտինը մերժել է մայիսի 7-ին Մոսկվա այցելած ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆին, Ռուսաստանը վարում է երկակի քաղաքականություն՝ Իրանին մերժելով այն, ինչ տալիս է Թուրքիային: Ստացվում է՝ Ռուսաստանի նպատակը ոչ թե Մերձավոր Արևելքում լարվածությունը չսրելն է, այլ՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները սրելը: Իրանն առանց այդ էլ ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների մեջ է: ԱՄՆ նոր պատժամիջոցներին ենթարկվելն այն սպառնալիքը չէ, որ Մոսկվային հետ կանգնեցներ շահավետ գործարքից:


Թեպետ Ռուսաստանն ու Իրանը վերջին տարիներին քաղաքական ու ռազմական սերտ կապեր ունեն, փաստացի մի կետում ՌԴ-ի ու ԱՄՆ-ի շահերը համընկնում են՝ Մոսկվան ու Վաշինգտոնը ձգտում են թուլացնել Իրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում, որ Մոսկվային խանգարում է սերտ հարաբերություններ զարգացնել Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի հետ: Իսրայելը խառն է Կնեսետի ընտրություններով, երեկ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը Մեքքայում միջազգային համաժողովում Պարսից ծոցի պետությունների ղեկավարներին ասել է. «Իրանի խափանարար գործողություններին հակազդող վճռական և հստակ քայլերի բացակայության հետևանքով մենք տեսնում ենք, որ իրադրությունը տարածաշրջանում էլ ավելի է սրվում: Մենք հորդորում ենք միջազգային հանրությանը, որ կատարի իր պարտականությունները և բոլոր հնարավոր միջոցներով վերջ տա Իրանի միջամտությանը հարևան պետությունների ներքին գործերին»: Փոխարենը՝ Սպիտակ Տունը հետաձգել է Իրանի նավթաքիմիական արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցների կիրառումը՝ լարվածությունը վերացնելու համար՝ գրում է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին: Հետո էլ ասում են՝ Պուտինի ու Թրամփի միջև կապ չկա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ