Ականջներումս վարար ու վարակիչ ծիծաղն է, արագախոս ձայնը: 20 տարին ոչինչ է` մոռանալու պատմությունները, որ երբեք հաջորդ օրվա թերթում չէին հայտնվելու` բոլորովին պաշտոնական չէին ու չափազանց մարդկային էին, որ թերթում գրվեին: ՈՒ այդպես Վազգեն Սարգսյանը մնում էր նախարար ու վարչապետ, ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ պարտավոր ենք նաև մարդուն ներկայացնել` մեզ այնքան կարճ ժամանակ էր մնացել Վազգեն Սարգսյան ունենալու:
1999-ի մայիսի 31-ի ընտրություններում «Միասնություն» դաշինքի հաղթանակից հետո (այսօր չգիտեմ ինչու` ընդունված է համարել, որ Հայաստանում ամենաժողովրդավարական ընտրությունները 2018-ին էին ու «մոռացության» է տրվել 1999-ի ԱԺ ընտրությունների ժողովրդավարական լինելը, ժողովրդի վերելքն ու հավատը) հունիսին վարչապետ նշանակվելուց հետո` հուլիսի 25-ին Վազգեն Սարգսյանը գնաց …քրջի բազար: Մեկ առ մեկ` անհարթ, դարուփոս, կիսահող, կիսաասֆալտ գետնին իրենց ունեցած-չունեցածը փռած մարդկանց մոտեցավ, հարց ու փորձ արեց` ո՞նց են ապրում, թոշակը ստացե՞լ են, լույսի փողը տվե՞լ են, ինչքա՞ն պարտք ունեն… Ես հազիվ էի հասցնում նրա հետևից ու անընդհատ մտածում էի` եկել է քրջի բազար, որ ի՞նչ անի, ի՞նչ ասի, ի՞նչ լսի: Ասաց` կանգնեց մի թմբի վրա ու սկսեց պատմել` ինչ է արել վարչապետության մեկ ամսում, մեկ առ մեկ պատմեց` ո՞նց է աշխատավարձերի ու թոշակների պարտքերը փակում, ո՞նց է ամբողջ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը գույքագրել, պատմեց` ինչքան հարստություն կա երկրում, որ չի օգտագործվում, ինչքան գործ կա անելու ու ինչպես է անելու: Ինչ-որ պահից ես դադարել էի նրան լսել (մեկ է` ձայնագրում էի) ու նայում էի մարդկանց աչքերին, հետևում արձագանքին ու… լացս գալիս էր, որ Երևանի կենտրոնում, հուլիսի կիզիչ արևի տակ վարչապետը կանգնել է հողի ու ասֆալտի ինչ-որ թմբի վրա ու փայլուն աչքերով մարդկանց իր երազած երկրի մասին է պատմում: Երբ նա գնաց, ես շարունակեցի քրջի բազարում պտտվել ու մարդկանց ձայնագրել, մի ծերուկ ասաց` «Մեկ էլ Խանջյանն էր սենց ժողովրդի հետ խոսացել, Աստված տա, Խանջյանի պես գլուխը չուտեն, ախր շատ ա ճիշտը խոսում»: Ես այդ ծերուկի խոսքը չգրեցի:
Երբ հուլիսի 27-ին նորաբաց «Կանազ» գործարանում էինք ու աշխատող 2 թե 3 արտադրամասերում ամեն հաստոցի մոտ կանգնում ու նայում էր, ավելի շատ հարց էր տալիս գործարանի տնօրենին ու աշխատողին, քան բոլոր լրագրողներս միասին, անսպասելի աշխատողին ասաց. «Էդ ֆոլգադ իսկականի՞ց ամուր է»։ Տղան խառնվեց իրար. «Պարոն վարչապետ, հա, բարձր որակ է, փորձել ենք, շատ լավն է»։ «Դե մի կտոր պոկի»: Դեռ տաք փայլաթիթեղը պտտվում էր գլանի վրա… Պոկեցին մի մեծ կտոր ու տվեցին: Երկար շոշափեց, լույսի դիմաց պահեց, հետո… կիսեց ու. «Առ, կեսն` ինձ, կեսը` քեզ, պահի, թանգարանին կտաս»։ Ես ծիծաղեցի. «Ֆոլգայի թանգարան ենք բացելու՞»: «Չէ, կամ Հայաստանի պատմության թանգարանին կտաս, կամ` իմ»: Ես դա էլ չգրեցի:
Երբ օգոստոսի 13-16-ին Սյունիքի մարզ այցի ավարտին, Երևան վերադառնալիս` Շաքիի ջրվեժի մոտ գեներալ Ազոյանի ծնունդն էին նշում, վարչապետ Վազգեն Սարգսյանը հանեց հագուստներն ու մտավ ջրվեժի տակ: Որովհետև մենք` առանց բացառության բոլոր լրագրողներս, խիստ բարձրաձայն նախանձեցինք նրան, մեկ առ մեկ հայտնվեցինք ջրվեժի տակ` հագուստներով ու խիստ հոգատար ձեռքերում, որ չխեղդվենք` երբ այդ արագությամբ ու այդ բարձրությունից ջուրը հոսում է վրադ, շնչել չես կարողանում, Վազգենը ձեռքով ծածկում էր ջրի հոսքը, որ շնչենք, իսկ հետո մի գավաթ կոնյակ ստիպեց խմել` մինչև արևի տակ հագուստներիս չորանալը, որ չհիվանդանանք: Ես դա էլ չգրեցի: Ես չգրեցի, որ նախորդ օրը, երբ բոլորը նստել էին հացկերույթի, որոշեցի ծաղիկներ հավաքել, որովհետև դիմացի սարը խելահեղ ձգողականություն ուներ: Սկսեցի լանջից, հետո ինձ համար էլ աննկատ բարձրացել էի` այ էն վերևի կապույտ ծաղիկի համար, մի քիչ այն կողմը` դեղինի: Արդեն մեծ մի փունջ ծակծկում էր բաց թևերս, բայց ես պտտվում էի ու հանկարծ թիկունքից լսեցի. «Դե կանգնի, ի՞նչ ես խլացել, գոռում եմ, գոռում եմ, չես լսում»։ Շրջվեցի, որ տեսնեմ` Վազգեն Սարգսյանին իմ փնջից մեծ փնջով: «Դուք ի՞նչ գործ ունեք այստեղ»,- ուրիշ ոչինչ չգտա ասելու: «Ես դաշտային ծաղիկներ եմ սիրում, տեսա` գնացիր հավաքելու, հետևիցդ եկա: Արի փոխանակենք, էս ի՞նչ անպետք խոտեր ես հավաքել, սրանք թունավոր են, դեն գցի»: Երբ իջնում էինք սարից, նա ինձ պատմում էր կառավարության նոր կազմի ու 2000-ի` իր, իսկական, սեփական բյուջեի մասին: Ես դա էլ չգրեցի:
Ես չգրեցի` ինչպես էր կիսափակ, թե կիսաբաց աչքերով իր ու Վանո Սիրադեղյանի մասին պատմում` Նորավանքի (այն ժամանակ` ոչ ներկա տեսքով) խաչքարերից մեկին հենված, չգրեցի, որովհետև երբ ձեռքիս շարունակությունը դարձած ձայնագրիչն ուզում էի միացնել, զգացի, որ չի կարելի: Պարզապես չի կարելի ամեն ինչ ձայնագրել, ամեն ինչ նկարել: Զգացի, որ ոչ էլ կարևոր է, որ մենք էլ այդտեղ` գետնին, նստած ենք իր կողքին: Ինքը իր հետ էր ու իր հիշողությունների ու իր կարոտների, իր երազների ու իր մենակության:
Երբ հոկտեմբերի 6-7-ը գնացինք Յալթա` ԱՊՀ վարչապետների նիստին, հետդարձին ինքնաթիռում սրտներիս ուզածի չափ հարցազրույց տվեց մեզ ու պաշտպանության նախկին նախարարի հպարտությամբ պատմում էր քանի «Սու» է Գրաչովից պոկել և դեռ ինչեր է բերելու: Հետո հարցրեց` ծով գնացի՞ք, լողացա՞ք: Ես ասացի, որ ամեն երեկո գնացել եմ ծով, բայց ջուրը սառն էր, մենակ քարեր եմ հավաքել: «Քա՞ր ես հավաքել, տուր տեսնեմ»: Ստիպված էի պայուսակիցս հանել հավաքածս քարերը ու լցնել ինքնաթիռի սեղանիկին, իսկ վարչապետը… իմ հավաքած քարերից ընտրեց իրեն դուր եկածները ու լցրեց գրպանը. «Տալիս ես, չէ՞, չնայած իմ հավաքածն ավելի սիրուն է, բայց քոնն էլ ոչինչ»: Ես դա էլ չգրեցի:
Երբ հոկտեմբերի 22-ին գնացել էինք Գյումրի ու Շիրակի մարզպետարանում վարչապետ Վազգեն Սարգսյանը ներկայացնում էր նորանշանակ մարզպետ Ֆելիքս Փիրումյանին, պատմեց, թե ինչպես մի քանի ամսում լուծվելու է Ղարաբաղի հարցը («Ամեն օր աղոթում եմ Աստծուն, որ Հեյդարը չմեռնի, քանի պայմանագիրը չենք ստորագրել»), ինչպես է բացվելու հայ-թուրքական սահմանը, ինչքան փող է բերել Համաշխարհային բանկից ու Եվրաբանկից` ոնց է գործարանները բացելու: Մարզպետարանի դահլիճը փոքր էր, նախագահությունը մի սեղան էր, որի կողքին հին ու նոր մարզպետներն ու վարչապետն էին, մեկ մետրից էլ կարճ տարածություն էր մեզ բաժանում ու ես տարակուսած նայում էի ուղիղ Վազգենին` չկողմնորոշված` հիմա գրե՞մ, թե՞ չգրեմ` էս ինչեր է ասում, և հանկարծ, առանց ձայնի երանգը փոխելու, առանց գոնե կարճ դադարի` լսում եմ. «Ես ձեզ խոսք եմ տալիս, որ 3 ամիս հետո բոլորովին ուրիշ պայմաններում ենք ապրելու, գրելու ես, բա ինչ ես անելու, բոլոր ասածներս էլ գրելու ես, Ղարաբաղի հարցը, հայ-թուրքական սահմանի հարցը լուծելուց հետո սկսելու ենք արդյունաբերությունը վերականգնել»: Ես չգիտեի, որ վերջին անգամ եմ գրելու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ես չգիտեմ` ինչու՞ այսօր սա գրեցի, ինչու՞ չգրեցի բազում այլ պատմություններ: 1999-ի մարտի 5-ին «ՀՀ»-ում 40-ամյակի շնորհավորական խոսքը վերնագրել էի «Վճռական մենակը», հաջորդ օրը զանգահարեց, որ ասի` «Դու խառնել ես. ես վճռական եմ, բայց ես մենակ չեմ»: Իրականում ես ոչինչ էլ չէի խառնել: Ես հիմա էլ ոչինչ չեմ խառնում, երբ համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունը բոլորովին այլ պատմություն կունենար ու բոլորովին այլ երկիր կլիներ, եթե վարչապետ Վազգեն Սարգսյանը աշխատեր մինչև 2003-ը (ԱԺ-ն այն ժամանակ ընտրվում էր 4 տարով) և եթե 2003-ին (նախագահական ընտրություններում) նախագահ ընտրվեր` դա իրադարձությունների տրամաբանական զարգացումն էր: Այսօր նա 60 տարեկան է: Այսօր նա ինչ-որ տեղ, որտեղ բոլորս ենք լինելու, հանդիպել է անդավաճան ընկերներին ու մայրիկին, և իսկապես մենակ չէ: ՈՒ դա այն ճշմարտությունն է, որ ոչ բոլորս կարող ենք մեր մասին ասել: Բայց դա ես նորից չեմ գրի: