Փետրվարի 27-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մեկ ամիս առաջ ստորագրված և պատմական որակվող Ախենի համագործակցության պայմանագրի կատարումը և միջազգային հարցեր (առաջին հերթին` ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունների կատարումը), բրեկզիտը և Եվրոպայի խորհրդի առաջիկա նիստի օրակարգը: Մարտի 21–22-ի նիստում բացի եվրոյի գոտու և ԵՄ-Չինաստան (ապրիլի 9) սամիթը, նաև` ապատեղեկատվության դեմ պայքարը և «ԵՄ բոլոր երկրներում եվրոպական ու ազգային ընտրությունների ժողովրդավարական անձեռնմխելիության պաշտպանության անհրաժեշտությունը»: Ապատեղեկատվության տարածման և ընտրությունների արդյունքների վրա ներգործելու մեջ Եվրոպայի ղեկավարները, ներառյալ Էմանուել Մակրոնին, բազմիցս մեղադրել են Մոսկվային: Էմանուել Մակրոնի ու Անգելա Մերկելի Փարիզի հանդիպումը երկու մաս ուներ` նախագահն ու կանցլերը միասին ճաշեցին, հետո բանակցեցին երկու երկրների պատվիրակությունների հետ համատեղ: Ճաշից առաջ Մակրոնն ու Մերկելը մամլո ասուլիս տվեցին:
Ֆրանսիայի նախագահ իր 3 րոպեանոց ելույթը սկսեց Ախենի պայմանագրի հիշատակումից.
«Պայմանագիրը ստորագրվեց և մեկ տարում կվավերացվի, բայց արդեն հիմա մենք կանցլերի հետ մտադիր ենք մի քանի կոնկրետ նախագծեր իրականացնել` ֆրանս-գերմանական թվային տեղեկատվական-մշակութային պլատֆորմի ստեղծումը, ֆրանս-գերմանական հասարակական հիմնադրամի ստեղծումը, որ աջակցելու է ոչկառավարական կազմակերպություններին, տեղական իշխանություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Նաև` սահմանային համագործակցության հանձնաժողովի ստեղծումը, որ պետք է լուծի ամենօրյա կոնկրետ հարցերը տեղում: Նաև` ֆրանս-գերմանական կառույց է ստեղծվելու` աջակցելու արհեստական ինտելեկտի զարգացման նախագծերը: Իհարկե, մենք կքննարկենք և բրեկզիտը: Այդ հարցում մենք լիակատար համաձայնություն ունենք: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի վերանայվում: Եթե բրիտանացիներին ավելի շատ ժամանակ է պետք, մենք կքննարկենք այդ հնարավորությունը, եթե հիմնավորված լինի»` ասաց Ֆրանսիայի նախագահը: Բրեկզիտի հարցում «միասնական ուժեղ դիրքորոշումը» հաստատեց և Անգելա Մերկելը: Չնայած Ախենի համագործակցության պայմանագրի ստորագրմանը, որ կողմերի համաձայն` սկիզբ է դրել ֆրանս-գերմանական հարաբերությունների «նոր պատմական փուլին», Փարիզն ու Բեռլինը առայժմ չեն կարողանում պայմանավորվել ընթացիկ օրակարգի մի քանի կարևոր հարցերով: Տարաձայնությունները վերաբերում են տնտեսական խնդիրներին: Գերմանիայի իշխանություններն առարկում են թվային արդյունաբերության հսկաների ապրանքաշրջանառության վրա եվրոպական հարկ սահմանելու Փարիզի նախաձեռնությանը: Ֆրանսիայի իշխանությունները փետրվարի սկզբին անակնկալ մատուցեցին Բեռլինին` հայտարարելով, որ մտադիր են աջակցել գազատարների շահագործման եվրոպական նոր կարգերի հաստատմանը, որ ընդունման դեպքում կբարդացնեին «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը: Իվերջո, Գերմանիայի իշխանությունները հարկադրված էին ֆրանսիացի գործընկերներին համոզել` եվրոպական դիրեկտիվի կոմպրոմիսային տարբերակին: Դիրեկտիվի լրացումների վերջնական տեքստը դեռ համաձայնեցված չէ:
Գերմանիայի իշխանությունները, ի տարբերություն Ֆրանսիայի իշխանությունների, պատրաստ են լայն կոմպրոմիսի Դոնալդ Թրամփի հետ բանակցություններում` ԵՄ-ի ու ԱՄՆ-ի առևտրական նոր կանոնների կառուցման համար: Բոլոր այս խնդիրները Մակրոնն ու Մերկելը թվարկեցին մամլո ասուլիսում` հավելելով, որ մտադիր են շարունակել քննարկումը: Անգելա Մերկելն ընդգծեց, որ Գերմանիան զիջումների է գնացել մի քանի հարցերում և «դա արդեն օգնել է հարթել որոշ հակասություններ»: «Մեր հարաբերություններն ուժեղ ու արդյունավետ են և դա թույլ է տալիս վերացնել տարաձայնությունները, որոնց գոյությունը նորմալ երևույթ է նույնիսկ այնպիսի մերձավոր գործընկերների համար, ինչպես Գերմանիան ու Ֆրանսիան»` ընդգծեց նախագահ Էմանուել Մակրոնը:
RFI
Հ.Գ. Փաստացի` բրեկզիտի հարցում Բրյուսելը ԵՄ-ին նահանջի տեղ չի թողնում և պատրաստ է նույնիսկ իր ցանկացած ժամանակը տալ, միայն թե հեռանա: Փարիզի տեսակետը հասկանալի է` Մեծ Բրիտանիայի հեռանալուց հետո Ֆրանսիան դառնում է ԵՄ-ում առաջին ջութակ, եթե հաշվի առնենք, որ Մերկելը ևս հեռանալու է, իսկ դա որոշ ժամանակով թուլացնելու է Գերմանիայի դիրքերը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ