Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հիշատակի քայլե՞րթ, թե՞ քաղաքական «PR»

Հիշատակի քայլե՞րթ, թե՞ քաղաքական «PR»
26.02.2019 | 01:51

Մի քանի տարի առաջ, երբ նոր-նոր էր ձևավորվում քաղաքացիական գիտակցությունս, անդադար ցույցերի, հանրահավաքների ու երթերի էի մասնակցում: Կապ չուներ՝ ովքեր էին բողոքողները, ինչի դեմ կամ հանուն ինչի: Ինձ հետաքրքիր էր, թե ինչպես է հանրային դառնում ինչ-որ օրակարգ: Այն ժամանակ ես դեռ այդքան էլ լավ չէի պատկերացնում կամ գուցե ընդհանրապես տեղյակ չէի, թե ինչ բան են քաղաքական մանիպուլյացիան ու «PR»-ը: Հուզումնառատ ելույթներից հետո ինքս էլ բարկանում էի ու հավաքվածների և նրանց հրահանգներ տվող ամբիոնում կանգնածների հետ որոշում գնալ մինչև վերջ:

Բարեբախատաբար, նման հավաքներն այդպես էլ տեղ չէին հասնում, ես էլ մինչև վերջ գնալու փոխարեն հերթական անգամ կարողանում էի զատել թացը չորից: Այժմ, երբ ստացած գիտելիքներից ու մասնագիտական փորձից ելնելով վերլուծում եմ այդ հանրահավաք-ցույցերի ժամանակ հնչած ելույթներն ու տեքստերը, հասկանում եմ, թե ինչպես են տեխնոլոգիաներն ազդել ինձ վրա: Երբևէ չեմ մոռանա նմանատիպ հանրահավաքներից մեկի ժամանակ մի տիկնոջ արտասվաթոր ելույթը, թե ինչպես էր իր հարազատը դահճի զոհ դարձել, իսկ իշխանությունները մատը մատին չէին տվել այդ ողբերգությունը բացահայտելու համար: Նրա ելույթի ժամանակ տեսախցիկները ֆիքսել էին կնոջ հուզումն ու նրան կարեկցորեն փաղաքշող տղամարդու տեսարանը: Միջադեպն անմահացրած լուսանկարներն ու տեսանյութը նոր-նոր զարգացող սոցիալական ցանցերում ու կայքէջերում բուռն էմոցիաներ էին առաջացրել, ինչի արդյունքում հաջորդ հանրահավաքի ժամանակ մոտ երկու անգամ ավելի շատ մարդ էր հավաքվել՝ դիտելու տիկնոջ ողբերգական կյանքի հաջորդ «սերիան»:


Կարդալով մարտի մեկին հզոր երթ անելու, այնուհետ կոչով հանդես գալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ վերհիշեցի քաղաքացիական ակտիվ կյանքս ու վերոնշյալ դեպքը: Վստահ եմ՝ մարտիմեկյան այդ երթի ժամանակ վարչապետ Փաշինյանը հուզական մթնոլորտ կապահովի մասնակիցների համար: Մարդիկ կլսեն, կջղայնանան, կհիշեն եղելություններն ու ևս մեկ անգամ կմերժեն արդեն մերժվածներին: էմոցիաներ արթնացնող բոցաշունչ ելույթների, կեղծ տխրության, զեղումների պակաս չի զգացվի: Մարտիմեկյան զոհերի նկարների ֆոնին գրկախառնություններ ու համբույրներ կլինեն զոհերի հարազատների հետ, ինչը կորսան լավագույն ու այդ պահի համար հրավիրված լուսանկարիչներն ու օպերատորները:


Հարգանքի տուրքի քայլերթերը սովորաբար արարողակարգային են լինում՝ կազմակերպված, լուռ ու համեստ: Պետական այրերը ծաղկեպսակ են դնում ի հիշատակ զոհերի, հեռանում լռելյայն՝ խուսափելով անգամ լրագրողների հետ կարճ ճեպազրույցներից: Իսկ եթե նման երթերի ժամանակ հուզախառն ելույթներ, կոչեր ու հիշատակումներ են հնչում, մեջբերումներ արվում դասականների գործերից կամ էլ Աստվածաշնչից, նշանակում է քաղաքական մանիպուլյացիայի ու «PR»-ի հետ գործ ունենք:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ