«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Բաց նամակ Երևանի փոխքաղաքապետ տիար Վահե Նիկոյանին

Բաց նամակ Երևանի փոխքաղաքապետ տիար Վահե Նիկոյանին
19.12.2017 | 10:06

Հարգարժան տիար Նիկոյան, դիմում եմ Ձեզ, քանի որ ներքոնշյալ տրանսպորտային խեղկատակությունը տեսանելի ապագայում սպառնում է վերածվել... Սակայն թողնենք հույզերն ու անցնենք անողոք փաստերին։


Դուք մայրաքաղաքի տրանսպորտի գլխավոր պատասխանատուն եք, այս գծով Երևանի քաղաքապետի տեղակալը։ Երեք ամիս առաջ մի իրողություն ներկայացվեց հոդվածի տեսքով, որը հրավիրում էր քաղաքապետ տիար Տարոն Մարգարյանի և քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ուշադրությունը խնդրո առարկայի վրա։ Երեք հոդված հրապարակվեց «Իրատեսում», երեքն էլ մնացին անպատասխան։ Սա, ի դեպ, եզակի և անըմբռնելի երևույթ է և՛ «Իրատեսի», և՛ տողերիս հեղինակի գործունեության ընթացքում, զի մեր հրապարակումները երբևէ անպատասխան չեն մնացել. կա՛մ խնդիրը լուծվել է, կա՛մ էլ պարտազանցները ներկայացել են մեղայագրերով։

Սույն տարվա սեպտեմբերին ահազանգեցի, որ մայրաքաղաքի 15 և 17 թաղամասերը Էրեբունի վարչական շրջանին կապող թիվ 67 երթուղու ավտոբուսների դռները իսկական պատուհաս են ուղևորներիս համար, զի դրանք բացվում և փակվում են ուղղակի վիշապային ֆշշոցով և հրանոթային դղրդոցով։ Միաժամանակ նշել էի, որ նշյալ երթուղում ուղևորներ տեղափոխող «Հոնդաի» մակնիշի շարժակազմերը, երթուղագծում հայտնվելուց հետո, երբևէ չեն լվացվել, ծածկված են փոշու շերտով (պատուհանները) և յուղաքսուքային աղտեղությամբ (հատակն ու առաստաղը)։ Մի ուշագրավ ուղերձ է փակցված նշյալ երթուղու մի քանի ավտոբուսների պատերին` «Աղբ թափելը խոզություն է»։

Մեծարգո տիար Նիկոյան, հայաստանաբնակ հանրության կյանքը վերին օթյակներում կարգավորվում է մի կողմից` արմատական կամայականությամբ, մյուս կողմից` նրբին հնարամտությամբ։ Այս դեպքում միտումն ակնհայտ է` գալիք 1 տարում ուղևորատար փոխադրամիջոցները հասցնել ողբալի վիճակի և արդարացնել ուղևորափոխադրումների սակագնի կրկնակի (գուցե նաև` ավելի) բարձրացումը։ Եթե սույնը տողերիս հեղինակի վառ երևակայության արգասիքն է, ապա թախանձագին պաղատում եմ, որ ինձ և «Իրատեսի» բազմահազար ընթերցողներին բացատրեք, թե ինչու մեր հրապարակումներն ու քաղաքապետին ուղղված նամակները անպատասխան են մնում։ Ի դեպ, չարաբաստիկ այս խնդրի լուծման նպատակով մեկ ամիս առաջ ահազանգեցի Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությանը։ «Թեժ գծից» խորհուրդ տվեցին խնդիրը ներկայացնել «Երևանտրանս» ընկերությանը։ Նշյալ ընկերությունը ուշի ուշով ունկնդրեց ինձ և խոստացավ զգուշացնել երթուղագիծը սպասարկող ընկերության տնօրինությանը։ Մինչ օրս զգուշացնում է։ Այսպիսով, խնդրի կարգավորումը միայն և միայն Ձեր ձեռքում է։ Ինքս էլ օգնության ձեռք եմ մեկնում Ձեզ, նշելով 67 երթուղին սպասարկող ընկերության հեռախոսահամարը` 091 67-67-67։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4329

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ